суббота, 23 апреля 2016 г.

… Լուռ Զանգակատուն



* * *
Զանգակատունդ լո՛ւռ է…
Վաղո՜ւց,
Արդեն քանի՜ տարի:
Ժամհարդ արթո՞ւն է, թե՞ քնած՝
Գլուխը  տապանաքարիդ…

Լսո՞ւմ ես, Պոե՛տ,            
Աշխարհում հո՛ւր է…
Ժամհարդ խո՛ւլ է,
Հոգի՛ն է ավեր,
Զանգիդ լեզվակին վայրկյանն է մեռել…
Զանգակատանդ ճաքած տանիքին,
Աղավնու փոխարեն -
Ագռավ է թառել:

Գլուխդ բարձրացրո՛ւ, սիրելի՜ Պոետ,
Զանգակատունդ չի՛ կարող լռել,
Պոետին վայել մատներով քո նուրբ
Հիշատակարժա՛ն,
Շուրթերով քո սուրբ
Բանաստեղծակա՜ն,
Մկրտիր ժամհար
Նո՛ր Զանգակատան:

* * *
Զանգի ղողանջից ականջ չի՛ ցավում.
Ականջ ցավում է մահվան լուռ լացից,
Մոր անօգնական խաչված ձեռքերից,
Քրոջ կամ  եղբոր, դստեր կամ թե հոր
Մի կետի նայող սառա՜ծ հայացքից,
Ականջ ցավում է այրու արցունքից,
Դագաղը ձգող պտուտակների անխի՜ղճ ճռինչից…

Զանգի ղողանջից ականջ չի ցավում …

Ղողանջը զանգի
Նո՛ր կյանք է կոչում,
Մի նո՛ր զարկերակ,
Նո՛ր շնչառություն,
Մի նոր աղմուկ է երակով վազում,
Կարծես թե սիրտդ վերանորոգված
Նոր թափ է առնում՝
Ելնում է վե՛րև՝ ամպերին հեծած,
Արևը սանձած…
Հետո ընկնում ցած՝
Երգեր է երգում վաղո՜ւց մոռացված…

Զանգի ղողանջը
Նո՛ր բառ է ծնում շրթունքի եզրին,
Մի նոր հնչյուն է մխրճում հողին,
Որ հետո ծիլ տա,
Բողբոջի՜, ծաղկի՜…

Զանգի ղողանջից ականջ չի ցավում …

Զանգի ղողանջից  հո՛ղն է բղավում…
Տարագիր որդուն իր տուն է կանչում,
Փոքրիկ առվակը դառնում է գետակ,
Սիրո պոետը դառնում է կոչնակ:
Զանգերի ձայնի՜ց…
Ջերմ խլրտոց է ծնվում սրտիդ տակ:

Խո՜ւլ, համր զանգը նմա՛ն է մահճի,
Հանո՛ւն մարդկության,
Հանո՛ւն Արարչի,
Ժամհա՛ր արթնացի՛ր,
Զա՛նգդ Զարկի՛ր,
Ձե՛ռքդ հավետ լինի Զանգին..
Քո ձեռքն ուրիշ է՝ Ձե՛ռք է Ժամհարի…

Ձե՜ռք…

 «Ձե՞ռք» պետք է ասի իր վերջույթներին,
Արնահամ կաթով սնված, մեծացած
Այն վայրագ ցեղի լպիրշ լամուկը,
Որ մագաղաթ էր գցում խարույկը,
Որ սուր բարձրացրեց` փորձեց լռեցնել
Ոսկեղենիկը…
… «Հայրի՛կ, հայրիկ քո Հայրենիք»-ը,
«Անտունի՜ն»,
«Կաքավի՜կ»-ը…

Ձե՜ռքդ կոտրվի…

Իր վերջույթներին  «Ձե՞ռք» պետք է ասի…
«Ձե՞ռք», որ
… սրով ստինքերն էր կտրտում հարսի,
որ հետո կանգնի իր կեղտոտ լեզվով  աշխարհին ասի.
- Ես մեղավո՜ր չէի, պաշտպանվու՜մ էի…

Ձե՜ռքդ կոտրվի…
Լեզո՛ւդ պապանձվի:

Լեզո՜ւ…
Ցանկացած լեզվով կարող ես
Գրե՛լ,
պատմե՛լ,
համոզե՜լ ,
Ինչպես զոհվեցին Ռոմեո՛ն,
Ջուլիե՜տը,
Ինչպես սաստեցին հողմաղացներին
Սանչո՛ն,
Ասպե՜տը,
Ցանկացած լեզվով կարող ես
Գրե՛լ,
Թե ինչպե՞ս  էր հոր ուրվականի հետ
Խոսո՜ւմ – զրուցո՜ւմ
Ազնիվ  Հա՜մլետը…

Այդ լեզուներով կարո՞ղ ես գրել
Ի՞նչպես խենթացավ սուրբ Վարդապետը,
Թե՞ ինչպես Աստծո աչքերի առաջ,
Առանց պատանքի հողին  խառնվեց.
Հո՜ւյսը,
Հավա՜տը,
Սե՜րը:

Ո՞ր լեզվով կարող ես գրե՛լ, բացատրել,
Թե բնությունն ինչպե՞ս էր  սարսա՛փ կուլ տվել,
Աչքե՛րը չռել…
Ի՞նչպես էր հույսը ձգված հյուսիսին
Սառե՜լ, մնացե՜լ…
Հավատը ուղղված դեպի արևմուտք
Ճաքե՜լ, չորացե՜լ…

Ո՞ր լեզվով կարող ես գրե՛լ, բացատրել,
…Հողը ի՞նչպես էր արյունով ջրվել –
… Սուրը դարձել էր խաչ -
Անտեր ընկել էր թշնամու առաջ…
Լռությունը  իր ծնկները ծալել -
Բերանն էր խոթել…
… Ինչո՞ւ լաց չկար…
Շուրջը ցնո՜րք էր… ու
Աշխարհն էր  լո՜ւռ…
Աշխարհը լափում էր ցա՜վ…
Խմում էր արյո՜ւն… 


Լո՜ւռ Զանգակատուն
Լռած զանգակը շուրջը սփռում է
Ցա՛վ, կսկի՛ծ ու ճի՛չ՝ 
Լռությա՛ն  ճիչ…
Սրանից ավել ազգիս ի՞նչ պատիժ…

Զանգը անտե՜ր…
Ժամհարն ավե՜ր…

Վե՛ր կաց, Ժամհա՛ր,
Ո՞վ  կփորձի քեզ խանգարել…

* * *
Ի՛ր Ժամհարն ունի ամեն մի սերունդ …

Բայց Զանգը մեկն է՝ մի սուրբ երևույթ,
Որ փոխանցվում է ՝որպես սովորույթ -
Սերնդի՜ց սերունդ,
Անկախ նրանից
Կաթոլիկ է նա, Ուղղափառ է հեզ,  թե Բողոքական…
Զանգը, մնո՛ւմ է Զա՛նգ՝
Զա՛նգ – Զանգակատան…

Հարվածի՛ր զանգիդ,
Նորօրյա՛ Ժամհար – Նո՛ր Զանգակատան,
Թող որ իմանան գայլերն աշխարհի,
Որ կեր չի եղել,
Որ կեր չի՛ դառնա
Հայը օտարին…

Ժամհա՛ր, արթնացի՛ր, արթնացի՛ր արագ,
Սկսվում է մի Նոր՝ մի Նո՛ր ժամանակ:

Ժամհա՛ր, ե՛լ ոտքի…

Զանգակատունը չպե՛տք է լռի…

Ս.Ումառ-Հարությունյան
Երևան 2014 թ


Զինվորի Սիրտը


Զինվորին սիրելը - Հպարտություն է,
Զինվորին սպասելը՝ Պատիվ,
Զինվորը քո Խի՛ղճն է, քո Տո՛ւնը
Զինվորին մոռանալը՝ Պատիժ…

*
Սսկվել էին հրանոթները բոլոր,
Դադա՜ր  էր, գուցե կա՛րճ կամ երկա՜ր,
Հողե ակոսում նստած մի զինվոր
Կարդում էր սիրային մի նամակ:

Կարդալիս դողում էին շուրթերը,
Մատները շոշափում  ամեն տառ,
… Դաժան են կռվի օրենքները,
Ընդմիջումները՝ առավել դաժան:

Երբ հասավ «Համբուրում եմ…» բառին
Մոտերքում մի տանկ հռնդաց.
- Տղե՜րք, վե՛ր կացեք, թշնամի՜ն…
Նամակը ձեռքից ընկավ ցած:

Իր հո՛ղն էր պաշտպանում,
Իր սե՛րը,
Իր կրծքո՛վ էր պահում թշնամուն,
… Այսպես են ապրում զինվորները
Այս դաժա՜ն, արնախում աշխարհում…

*
Չէր հազում երկաթն օրվա ավարտին,
էլ չէր բաբախում սիրտը Զինվորի,

Քամին մեղավոր թևերին
Մի նամակ էր տանում սիրային …

Ս.Ումառ-Հարությունյան
22.04.16  Երևան


четверг, 21 апреля 2016 г.

ՀԱՅԱՍՏԱՆ



Մի  Հայաստա՛ն, մի Գաղափա՜ր
Ու սիրտ մաշող մի հառա՜չ,
Քանզի արքան թո՜ւյլ է, տկա՜ր
Ու մի քիչ էլ մտագար:

Ո՞ւմ մտքով է տեսնես անցել
Հողը զիճել   ուրիշի,
Ասել կուզի թե արյունդ
Նվիրում ես ոսոխին:

Մե՞ղք չէ՝ արդյոք սպանել մի բան,
Որը քե՛զ է պատկանում,
Լավ չէ՞ արդյոք լուռ հեռանալ
Քան թե պարել կրակում:

Ով ասում է թե մենք քի՜չ ենք
Հայի ոգին չգիտի,
Մեր վշտերի չափ անթիվ ենք՝
Վիշտը հաշվել չի լինի

Ով ասում է թե մենք թո՜ւյլ ենք
(Ծիծաղելի մի կատակ)
Մոռացել է թե հայ կինը
Ինչերի է ընդունակ:

Ամեն մի այր-հայի մեջքին
Մի մա՛յր, մի քո՛ւյր և մի դո՛ւստր կկանգնի,
Սա լավ գիտի մեր թշնամին,
Ցավո՜ք, արքան չգիտի:

Հայոց կանայք տանկի նման
Անեծքից չե՛ն վախենում,
Աստված չտա, որ տեղը գա…
Խոսք չեմ գտնում ասելու:

Ժամն է արդեն պապանձվելու
Հայաստանս մասնատող
Լեզուներին չարակամ,
Էլ ի՞նչ Արցախ, Սյունիք…կամ Սփյուռք
Մի  Հայաստա՛ն,
Մի Գաղափա՜ր:

Ս.Ումառ-Հարությունյան




вторник, 19 апреля 2016 г.

Այսուհետև «Զինվոր» բառը Մեծատառով պիտ գրվի:

Հայրենիքը չի լինում Մեծ
Չի լինում Փոքր,
Հարազատ կամ խորթ
Հայրենիքը մե՛կն է  ու իր եզերքով
Այն պահպանվում է ո՛չ թե աղոթքով
Այլ սահմանը չափող Զինվորի ոտքով,
Չափվում է սրտո՛վ,  հոգու ամրությա՛մբ,
Չափվում է կյա՛նքը նրան զոհելու
Քո  կարողությամբ…

* * *
Շատ ներեցիր հողիդ վրա
Ծունր իջած թշնամուն,

Չհասկացար մինչև հիմա
Հոգիդ ո՞ւմ է պատկանում…

Չձանձրացա՞ր աղոթքներից,
Բարեկամից նենգ ու դավ,

Չհոգնեցի՞ր կռիվներից
Խաչը դարձրած պահապան…

Մինչև հիմա խելքի չեկա՞ր՝
Հո՛ղ չեն պահում աղոթքով,

Լավ է լինել անմեղսունակ
Քան ապրել կյանք մուրալով…

Մահով հերոս չի՛ մահանում,
Լացով երկիր չի՛ պահվում,

Դուք մեր հերոս Հայ Զինվորներ
Անմահացաք մեր սրտում:

Դո՛ւ ես Զինվոր մեր Հավա՛տը,
Հո՛ւյսը, Սե՛րը մեր երկրի,

Այսուհետև «Զինվոր» բառը
Մեծատառով պիտ գրվի:

* * *
Հայրենիքը չի՛ լինում Մեծ
Չի լինում Փոքր, Հարազատ կամ խորթ
Հայրենիքը մե՛կն է
Ու չափվում է
Զինվորի ոտքով…

Ս.Ումառ-Հարությունյան


воскресенье, 3 апреля 2016 г.

Իմ հողը սուրբ է ու միայն իմը...


Արյո՞ւն ես ուզում,
Խմի՜ր,  քեզ համար այն դա՛ռն է
(Արյուն խմողը արյուն կլացի)
Արցախը քեզ համար այն  «Ղարաբաղն» է
Որը դեռ շատ բան քեզ կապացուցի…

Դեռ չհասկացա՞ր, որ հայի Հողը
Մոր կրծքի նման Սո՜ւրբ է,
Հոր սրտի նման տա՛ք,
Քրոջ ձեռքերի նման նո՜ւրբ ու կանացի,
Եվ քեզ նման պիղծ շուրթեր ունեցողը
Ուրիշի մոր կաթը երբեք չի մարսի…

Դու քո՛նը խմիր, գայլի այլ վիժվածք,
Քո արյան ծարավ վայրի ախորժակը
Քեզնո՛վ հագեցրու,
Քանզի ամեն մի կորցրած կաթիլի համար
Հայի վրեժը մա՛հ է դառնալու:

Արյո՞ւն ես ուզում,
Արյա՞ն ես ծարավ,
Մորդ արյունոտ լաթո՛վ սրբվիր,
Քեզ նման վայրի գազանի համար
Ո՛չ մի սրբություն գոյություն չունի:

* * *
Շա՜տ բան ենք տեսել,
Շատ ցա՛վ համտեսել,
Այս մեկն էլ կանցնի՜,
(Պա՛հ է անիծված)
ՀԱՅ ԶԻՆՎՈ՛Ր, ՀԱՅ ՍՊԱ՛
Ձեր ցավը մերն է,
Չընկճվեք վախկոտ չախկալի առաջ…


Ս.Ումառ - Հարությունյան