воскресенье, 26 июля 2015 г.

Խնդրո՜ւմ եմ, ինձ դատեք,


Ինձ դատեք քանզի ես չգիտեմ հաշվել
Փորձեցի հաշվել կանանց քանակն աշխարհում
Ինչպես հաշվում եմ՝
Միշտ մեկն է ստացվում…

Եվ այդ մեկը -
վայրկյանը մեկ
Պտտվում է ծայրին  լեզվիս,
Մե՛կ քաղցրահամ ինչպես  գինի,
Մե՛կ դառնահամ ինչպես խինին,
Մե՛կ այրո՛ւմ է,
Մե՛կ սառեցնո՜ւմ…
Ո՞վ կպատկերացներ, որ դժոխքը
Այսքան մոտ է մարդուն…

Արևը միստի՜կ, անքո՜ւն,
Լուսավորում է սառը քրտինքս՝
Դարձնում արծաթագույն…
Ես հաշվել չգիտեմ և ինձ համար
Միշտ մի կի՛ն է արթուն…

«Մի դատեք, որ դատված չլինեք»
Բայց…
Խնդրո՜ւմ եմ, ինձ դատեք,
Որ հաշվել չգիտեմ….

Ս.Ումառ-Հարությունյան



Սատանայի ականջը խո՜ւլ



... Մի օր Աստծո Գործերը
Կառավարվող սենյակում
Տեսա թե ինչպես էր Նեռը
Իմ հույզերը  խմբագրում…

Բնական է, որ վեճ սկսվեց,
(Նեռը խախտել էր պատշաճը)
Սատանան իմ քիթը կծեց
Ես էլ նրա ականջը…
---------------------------------
Ինձ թվում էր թե ես ոչի՜նչ չգիտեմ,
Չե՛մ ընկալում այս աշխարհի գոյությունը անհեթեթ,
Եվ այդպես էլ չիմանալով վեճ եմ սկսել
Սատանայի  տոհմի հետ:

Ցա՜վ եմ տարել, բե՜ռ եմ տարել ամեն օր,
Չիմանալով վաղը ո՞վ
կամ ովքե՞ր են ինձ դատելու,
Քայլ եմ արել սիրո ծանր ոտքերով,
Որը վաղն ինձ ուժ ու եռանդ էր տալու…

Ո՞վ կլինի դատավորս,
Խի՞ղճս,
Հոգի՞ս,
Մարմի՞նս,
Թե՞ անապակ թղթին հանձնած
Հուշե՜րս կամ խոհե՜րս…

Ես չգիտեմ պատասխանը
Ո՛չ խելացի, ո՛չ էլ տխմա՜ր հարցերի,
Բայց վստահ եմ,  որ երբեք
Գլուխս չե՛մ խոնարհի…

Դա է պատճառն եղել արդյո՞ք
Թ՞ե պատճառի հետևանքն իմ եթերային երազի,
Այսօր երազում մի կին իր սեթևանքը
Թամբում էր աստծո ձիերին…

Խոսքե՜ր, խոստումնե՜ր իրանին փաթաթած,
Խոստումների ցոլանքներ էր ցանում աչքերիս,
Իր կանացիության մոլուցքը շրթին
Վայրի՜ ծիծաղում էր հեռվից…

Սատանայի քրոջ աղջիկն էր՝
Արգամուհին գեղեցիկ,
Չհասկացա փորձությո՞ւն էր
Երա՞զ էր,
Թե՞ մի պատկեր  արթմնի….

Ու  թվում էր թե ես ոչի՛նչ չգիտե՜մ…
Եվ այդպես էլ չիմանալով վեճ եմ սկսել
Սատանայի  տոհմի հետ:

Ս.Ումառ-Հարությունյան









понедельник, 20 июля 2015 г.

Խոսիր ինձ հետ

* * *
Խոսի'ր,
ասա՛ ինձ բառերն այն,
որ ալեկոծումներիդ պահին
հուշում է միտքդ

Տո՛ւր իմ արյանը
մեղմությունը խոսքի,
Գտի՛ր սրտիս թաքստոցը բոսոր,
ինձ հանդարտեցրո՜ւ,
Ինձ փախցրո՜ւ
ստվերից պարկեշտության,
Ինձ խաղաղեցրո՜ւ փոթորկումներից,
և խնդրիր իմ ձեռքը
բարեհաճ գիշերից:

Խոսի'ր,
Խոսի'ր քամու լեզվով,
զեփյուռների պես, շշունջների,
Ծառերի ըմբոստ համբերությամբ
ձգտիր գագաթը իմ երկինքների:

Ինձ հպվիր
անապատի ջերմությամբ-
տաք ավազների,
Ծովի փրփուրը կերած`
աղի ավազների ծարավի պես,
Ինձ հպվիր երազի պես՝
երբևէ չմեկնաբանված:
Խոսիր բարության լեզվով
Խոսի՜ր…

Ս.Ումառ-Հարությունյան

Քեզ…



Առավոտը՝ իմ երգ-երգոցը,
Հեռացավ
Քեզ հետ միասին,
Հարբած գիշերվա հոգոցը,
Թառեց իմ դատարկ ձեռքերին…

Լուսինն էլ նեղացավ ինձնից,
Միայնակ եմ -
դատարկ աշխարհում,
Արթնանում եմ հիմար հույսերից
Ոտքերով երեկոն տրորում…

Մանկական բարի հեքիաթ էր՝
Գիշերը քեզ հետ միասին,
Հիմա շուրթերիս սարդոստայն է
Ու …
դառը չորացած գինի:

Հիմա խելակորույս է ներկաս,
Երազներս՝ անգո՜ւյն, սի՜ն.
Մի՞գուցե նորից կգաս,
Խենթանանք միասին:

Գիտեմ, որ չե՜ս գա,
Չքացա՛ր
Ինչպես տեսլիքն է չքանում,
Ե՜ս էի,
Դո՜ւ էիր՝ մի Աշխարհ…
Անցյալը ներկա չի դառնում

… Ամեն մի տողս լցված է ցավով,
Մտքերս՝
Ոռնոցներ գայլի,
Լվացվում եմ արյունով…
Ծիծաղում եմ վայրի:

Ս.Ումառ-Հարությունյան


воскресенье, 19 июля 2015 г.

Մուսա սիրելի՜ս



Քո մանրի՜կ ու մի քիչ էլ օրորվող քայլերը
Արդյո՞ք կբերեն քեզ ինձ մոտ,
Կքերծի քո ոտքի նուրբ մատները
Շիրմարահետը դեպի  ինձ բերող…

Չե՛ս կարդա դու անո՜ւն, ազգանո՜ւն,
Ո՛չ էլ նկարս կժպտա աչքերիդ,
Մի քանի բառ և ընդամե՜նը
«Ա՛ստ… հանգչո՜ւմ է մի սիրտ»:

Կլինեն միայն համբույրիդ նման
Կարմիր ու կապույտ ծաղիկներ,
Ժպտացող շուրթերդ կշոյեն հիմա
Օտար ձեռքերից ընկած ստվերներ…

Ե՛ս քեզ ասել եմ, որ լաց չլինես,
Աչքերիդ ներկը կկաթա հողի՜ն,
Իմ հողաթմբին սևը հարգի չէ՝
Սպիտակն եմ սիրել խառնած կապույտին…

Ների՜ր ինձ Մուսա,  դե՜ ստացվեց այդպես…
Դո՛ւ էիր միշտ լքո՜ւմ
Հիմա լքե՜լ եմ ե՛ս…
Դա էակա՛ն չէ, էական է ա՜յն
Թե ինձնից հետո ո՞ւմ ձեռքը կընկնես…

Ո՞վ քեզ կսիրի ինձ նման վայրի…
Ո՞վ քեզ կգրկի ինձ նման դաժան…
Քո արցունքներից ո՞վ երգ կհյուսի,

Մեն մի համբույրից հարություն առած …
Մուսա՜…սիրելի՜ս:

Ս.Ումառ-Հարությունյան