понедельник, 20 июля 2015 г.

Խոսիր ինձ հետ

* * *
Խոսի'ր,
ասա՛ ինձ բառերն այն,
որ ալեկոծումներիդ պահին
հուշում է միտքդ

Տո՛ւր իմ արյանը
մեղմությունը խոսքի,
Գտի՛ր սրտիս թաքստոցը բոսոր,
ինձ հանդարտեցրո՜ւ,
Ինձ փախցրո՜ւ
ստվերից պարկեշտության,
Ինձ խաղաղեցրո՜ւ փոթորկումներից,
և խնդրիր իմ ձեռքը
բարեհաճ գիշերից:

Խոսի'ր,
Խոսի'ր քամու լեզվով,
զեփյուռների պես, շշունջների,
Ծառերի ըմբոստ համբերությամբ
ձգտիր գագաթը իմ երկինքների:

Ինձ հպվիր
անապատի ջերմությամբ-
տաք ավազների,
Ծովի փրփուրը կերած`
աղի ավազների ծարավի պես,
Ինձ հպվիր երազի պես՝
երբևէ չմեկնաբանված:
Խոսիր բարության լեզվով
Խոսի՜ր…

Ս.Ումառ-Հարությունյան

Քեզ…



Առավոտը՝ իմ երգ-երգոցը,
Հեռացավ
Քեզ հետ միասին,
Հարբած գիշերվա հոգոցը,
Թառեց իմ դատարկ ձեռքերին…

Լուսինն էլ նեղացավ ինձնից,
Միայնակ եմ -
դատարկ աշխարհում,
Արթնանում եմ հիմար հույսերից
Ոտքերով երեկոն տրորում…

Մանկական բարի հեքիաթ էր՝
Գիշերը քեզ հետ միասին,
Հիմա շուրթերիս սարդոստայն է
Ու …
դառը չորացած գինի:

Հիմա խելակորույս է ներկաս,
Երազներս՝ անգո՜ւյն, սի՜ն.
Մի՞գուցե նորից կգաս,
Խենթանանք միասին:

Գիտեմ, որ չե՜ս գա,
Չքացա՛ր
Ինչպես տեսլիքն է չքանում,
Ե՜ս էի,
Դո՜ւ էիր՝ մի Աշխարհ…
Անցյալը ներկա չի դառնում

… Ամեն մի տողս լցված է ցավով,
Մտքերս՝
Ոռնոցներ գայլի,
Լվացվում եմ արյունով…
Ծիծաղում եմ վայրի:

Ս.Ումառ-Հարությունյան


воскресенье, 19 июля 2015 г.

Մուսա սիրելի՜ս



Քո մանրի՜կ ու մի քիչ էլ օրորվող քայլերը
Արդյո՞ք կբերեն քեզ ինձ մոտ,
Կքերծի քո ոտքի նուրբ մատները
Շիրմարահետը դեպի  ինձ բերող…

Չե՛ս կարդա դու անո՜ւն, ազգանո՜ւն,
Ո՛չ էլ նկարս կժպտա աչքերիդ,
Մի քանի բառ և ընդամե՜նը
«Ա՛ստ… հանգչո՜ւմ է մի սիրտ»:

Կլինեն միայն համբույրիդ նման
Կարմիր ու կապույտ ծաղիկներ,
Ժպտացող շուրթերդ կշոյեն հիմա
Օտար ձեռքերից ընկած ստվերներ…

Ե՛ս քեզ ասել եմ, որ լաց չլինես,
Աչքերիդ ներկը կկաթա հողի՜ն,
Իմ հողաթմբին սևը հարգի չէ՝
Սպիտակն եմ սիրել խառնած կապույտին…

Ների՜ր ինձ Մուսա,  դե՜ ստացվեց այդպես…
Դո՛ւ էիր միշտ լքո՜ւմ
Հիմա լքե՜լ եմ ե՛ս…
Դա էակա՛ն չէ, էական է ա՜յն
Թե ինձնից հետո ո՞ւմ ձեռքը կընկնես…

Ո՞վ քեզ կսիրի ինձ նման վայրի…
Ո՞վ քեզ կգրկի ինձ նման դաժան…
Քո արցունքներից ո՞վ երգ կհյուսի,

Մեն մի համբույրից հարություն առած …
Մուսա՜…սիրելի՜ս:

Ս.Ումառ-Հարությունյան





суббота, 18 июля 2015 г.

Մարդկային կյանքի չափման միավորը


 Ագահությունը
Չափանիշ չո՛ւնի,
(Չունի միավոր չափման)
Ո՞վ է տեսել, որ լավը լինի շա՜տ
Կամ էլ բավարար:

Կի՛րքը չափվում է լիտրերով,
Սերը՝ բիթերով (ութ բիթը մեկ բայթ)

Համբերությունը չափվում է օրերով,
Հոգին էլ չափվում է սառած կամ
Դատարկ աչքերի ծավալով…

Վիրավորանքի չափման միավորը
Գրածդ ու հետո ջնջածդ բառերի քանակն է,
Անիմաստ անցկացրած օրն էլ՝
Արհամարանքն է:

Հպարտությունն ու ամոթը
Չափվում են աստիճաններով -
Հպարտության մեկ միավորը 80 աստիճան,
Ամոթինը 120 ու անպայման իրար
Հակադարձ համեմատական….

Ո՞րն է միավորը մարդկային կյանքի,
Ոչ ոք չգիտի,՜

Մի՞գուցե
Ագահությա՜ն, կրքի՜,
Համբերությա՜ն, հոգո՜ւ,
Վիրավորանքի՛ ու արհամարանքի՛,
Հպարտությա՛ն ու ամոթի…
Մի խիտ խառնուրդ է, որը
Կոչվում է
Տարի՜ ու
Հպարտանո՜ւմ ենք կամ էլ ամաչո՞ւմ, որ
Ապրեցինք հարյո՜ւր կամ
Հարյուր տա՜սը
Տարի…

Ո՜չ, ու նորից ո՛չ
Կյանքը չափվում է մե՛կ
և ընդամենը մե՛կ միավորով՝
Աչքերի տեսա՜ծ,
Սրտի ըզգացա՜ծ ու
Ի կատար ածված
Բարի գործերով…



Ս.Ումառ-Հարությունյան

Գարնան անձրև




Խայտառակ արևը
այս ո՞ւր է մտել
Եվ ջերմացնո՜ւմ է և խաղո՜ւմ,
Կեսօրն էլ ամոթից իր դեմքն է ծածկել,
Գարո՜ւն  է…
Անձրև է մաղում…

Քամին մերսում է սիրո հիշողությանը,
Իր անեղծ շուրթերով համբուրում,
Անամոթ երեկոն բարձրացրել է փեշերը՝
Գարո՜ւն է,
Անձրև է մաղում…

Գարունը լողանում է իր իսկ արցունքով,
Գարունը տրվում է տերևի՜ն,
Հողի՜ն
Գարունն աչքերով հագուստ է փնտրում
Ու
Անձրև մաղում…

Գիշերն իր ճպռոտ աչքերն է բացում
Լռության խայտառակ ձեռքերով,
Մանկամարդ մի կին է գարնան հետ խոսում
Աչքերում երկու հույզի մոմ.

- Ասում ես ո՞ւր էի,
Գնացել էի հույսի ետևից,
Հեռո՜ւ, շա՜տ հեռու…

Գարո՜ւն էր
Անձրև էր մաղում…

Ս.Ումառ-Հարությունյան