понедельник, 13 июля 2015 г.

Խորհրդավոր վարդագո՜ւյնը

Խորհրդավոր վարդագո՜ւյնը
Ծնվում է պարզ կապույտից՝
Կապույտ երկի՜նք,
Կապույտ աչքե՜ր,
Կապույտ «բարի երեկո»
Մի ձա՜յն կապույտ,
Մի կապույտ բո՜ւյր,
Կապույտ բերկրա՜նք,
Կապույտ կի՛րք…

Սակայն այսօր վարդագույնը՝
Նման սաթի ու խնկի,
Չի վերածվում կապույտի,

Այսօր չկա՜ս, քեզ չե՛մ տեսել,
Վարդագույնն է ծավալումով անսահման
Կո՛ւրծքս, ճակա՜տս ծեծել…

…Հաշվենք այսօր որ իմ Մուսան
Հիվանդացել,
Աշխատանքի չի եկել …

Ս.Ումառ-Հարությունյան

13.07.2015 Երևան

воскресенье, 12 июля 2015 г.

Քո բույրը

* * *
Իմ ձեռքի մեջ այս ծաղիկը
Քո աչքերի գո՜ւյնն ունի…

…Բայց բո՜ւյր չունի…

Քո բույրն ուրի՜շ է՝
Բո՛ւյր է արբունքի,
Արարողակա՛րգ մեկ
այլ զգացմունքի:

Իմ ձեռքի մեջ այս ծաղիկը
Քո աչքերի գո՜ւյնն ունի…

Դանդաղ խոնարհում է գլուխը
Ձեռքիս-
ձեռքս այրվում է նրա թերթերից…
Ձե՜ռքս  բույր չունի…

Աչքերս է բացում լուսնի մահիկը,
Անձրևը վարագուրում  դո՛ւռը հեքիաթի,
Ձեռքիցս ընկած անբույր ծաղիկը,
Ցրիվ է գալիս հատակին:

Ե
րազներս
Դառնում են գինի


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 11 июля 2015 г.

Դու ոչ Լիլի՛թ ես և Ո՛չ էլ Եվա,

* * *
Դու ոչ Լիլի՛թ ես և
Ո՛չ էլ Եվա,
Ես քեզ տալիս եմ մեկ ուրիշ անուն և…

Անունդ տալիս շո՜ւնչս է կտրվում,
Արյունս է վազում, ո՞ւր,  ինքն էլ չգիտի,
Բանականությունս ցնորք է դառնում
Ու մնում կախված անդունդի եզրից…

Դու ոչ Լիլի՛թն ես և
Ո՛չ էլ Եվան,
Ո՛չ կրակից ես ո՛չ էլ ոսկորից
Դու ա՜յլ նյութից ես
Ա՜յլ տեղից ծնված՝
Խելագար Կրքի այլ մոլորակից…

Քեզ «Մերժում» ասե՞մ թե՞ «Անխոս բախում»
Աղմուկով լցված լռության մարմի՞ն,
Եվ պատերա՜զմ  ես և խաղաղությո՜ւն
Քո արթուն և նույնիսկ քնած պահերին:

Դու՝ ճերմակ կեսգիշե՜ր,
Ա՜լ այգաժամեր,
Մե՛կ բաց պատուհան,
մե՛կ փակված դռներ,
Քամու ձեռքերում կոտրատվող մարմի՜ն…
Իրոք նման չես ոչ նախամորը
Ոչ էլ Լիլիթին:

Ես էլ այն Ադամը չեմ հիմա՝
Ստերջ ուղեղով, խղճալի՜,
կծած խնձորը ձեռքին…
Պատմությունը մեռա՛ծ է,
Քե՛զ եմ գալիս ես կրկին
Ու խնձորի փոխարեն իմ ձեռքում է
Քո ծնունդի բանալին…
                                                                      
Ո՜չ,
Դու ո՛չ Լիլիթն  ես և
Ո՛չ էլ  Եվան
Այն հերոսուհին սրբազան գրքից,
Ես էլ այն Ադամը չեմ, վտարված դրախտից
Ու կարողանում եմ արդեն տարբերել
Ադամակողը -
Ադամոսկորից…

Ս.Ումառ-Հարությունյան


воскресенье, 5 июля 2015 г.

Քեզ համար...

Ես մի սիրտ ունեմ,
Չգիտեմ կաթոլի՞կ,  թե՞ ուղղափառ,
Բայց մի բան գիտեմ,
Որ սիրտս լցված է
Ու աշխատում է միայն քեզ համար…

Երբ ամեն առավոտ աշխարհն է բացվում-
Մի թզաչափ է աչքերիս առաջ,
Կարծես քո աչքն է աչքիս մեջ բացվում,
Կարծես ա՜րևն է ժայթքում կատաղած:

Մեկ փոթորի՛կ ես,
Մեկ դողացո՜ղ ծառ,
Մեկ հանդարտ ծո՛վ ես,
Մեկ գե՛տ կատաղի,
Մեկ թփին կառչած տերև ես համառ,
Մեկ լռությո՜ւն ես,
մեկ ճիչ՝ ցանկալի:

Սիրտս շողո՜ւմ է, բաբախո՛ւմ արագ
Գիտե՜մ, որ դու ես սրտիս մեջ պարում,
Խնդրո՜ւմ եմ ընտրիր մեղեդի մի դանդաղ
Սիրտս  շա՜տ է նուրբ,
Էլ չի դիմանում:

Անսե՜ռ,
Բազմանուն մի երևո՜ւյթ ես,
Մի թզաչափ՝ ինձ հասնող Աշխարհից,
Սե՜ր ես
Թախի՜ծ
Կի՜րք…
Գիտեմ, որ կյա՜նքն ես…
Ու խնդրում եմ քեզ մի քիչ հանդարտվիր…

Ս.Ումառ-Հարությունյան



Որտեղի՞ց եկար

* * *
Մի՞թե երկիրն է ծննդավայրդ,
չէ՞ որ երկնքից ես ընկել ցած,
այս մոլորակում չկա նման մարդ
միրա՜ժ ես, տեսի՜լք հորինված…

Հետաքրքիր է թե որտեղի՞ց եկար
և ի՞նչու էր կանգառդ սիրտս,
քեզ մի՞թե քամին բերեց բարկ
ու գցեց խելագար գիրկս:

Ընկեր կլինես թե անխոս ուղեկից,
ի՞նչու ես կույսի պես շփոթված  նայում
եվ մազափունջն էլ կախված աչքերիդ
ի՞նչու է այդքան երկա՜ր օրորվում…

Քեզ անծանոթ է սիրտս, սովորի՜ր
գուցե սրտումս դու հավերժ մնաս,
հիշողությունդ էլ քեզ մի օր կօգնի,
եթե դու հանկարծ նորից չքանաս:

Եթե հյուր ես ինձ կամ ժամանակին՝
մնա ինչքան որ սիրտդ ցանկանա
միայն թե թույլ տուր սիրտս քո սրտին                  
հանդարտ օրորի իր մանկան նման…                        

Ս.Ումառ-Հարությունյան