вторник, 3 февраля 2015 г.

Քայլում էիր

Քայլում էիր:
Կյանքն էր կծկվել -
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:

Քայլում էիր…
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտում էիր,
Ինչպես կապույտ երազում
Արև խայտացող:

Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ՝ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող

Մայրամուտին:

Գիշերային...

* * *
Ծառերը՝ մերկացած փերիներ,
Պարում են գրկում գիշերվա,
Դանդա՜ղ ու ցավո՜տ գիշերը
Ճանաչում է իմ ներկան…
Ամպերը անձրևոտ շապիկով
Վազում են խելագար աջ ու ձախ,
Լալի՜ս են, ընկնո՜ւմ կարոտով
Գիշերվա կրծքին լուսնաշաղ:
Աստղաթափը տխուր մի երգ է,
Կարծես թե` սառած արցունքներ,
Շշուկն է՝ լռության այդ մահերգը
Գիշերվա աչքերում ծվարել:
… Գիշերն անարև,
Անաղմո՜ւկ, խաղա՜ղ
Իբրև մարգարե իջնում է ծնկի…
…Գիշերն ուժասպառ է եղել…
Ծխում է օրվա
Ծխախոտն իր վերջին…
…Գիշերն արտասվում է
Իր մերկության վրա…
Լուսնաթովն է գիշերվա այտերին..
…Գիշերը ցավերով երկունքի,
Արարում է
Այս թավշյա՜ ու քնքո՜ւշ մեղեդին:
Ս.Հարությունյան (Ումառ)

Դու լա՜ց ես լինում

* * *
Ծաղկի քնքշությո՞ւն,
Դու լաց ես լինում ու
Քեզ թվում է - ես  չկամ հիմա,
Բայց ես ապրում եմ և քո հուշերում
Փոքրիկ մի նավակ է հեռանում դանդաղ…

Տանում է իր հետ շշուկից ծնված
Մի խոր լռություն,
Մի առագաստ՝ սպիտակ ու անբիծ,
Կլանվում է, կորում ինչ որ տեղ հեռվում
Նավակի հետքը
Բյուր ալիքներից…

Դու լա՜ց ես լինում,
Ինչո՞ւ, չգիտե՜մ,
Չգիտեմ նույնիսկ թե քո աչքերով դու ո՞ւմ ես դիմում,
Հավատացած չեմ, բայց կռահում եմ -
Տողերս վերքերդ էլ չեն ամոքում…

Թող գնա հուշի նավակն այդ փոքրիկ,
Հասնի ինչ որ տեղ՝
Դառնա մի ինչ որ կղզի,
Ու սիրահոժար թող գերի ընկնի
Ուրիշ մի հուշի…

Ծաղկի քնքշությո՞ւն,
Դու լաց ես լինում ու քեզ թվում է - ես չկամ հիմա,
Բայց ես ապրում եմ դեռ քո հուշերում
Փոքրի՜կ, օրորվո՜ղ նավակի վրա…


ԹԱԽԻԾ



Հեշտ ճանապարհ է անցնում Թախիծը,
Ու հեշտությամբ էլ դառնում է Կարոտ,
Ինչպես շուրթերից ակամա  թռած
Մեկ անմիտ բառն է լինում շատ ցավոտ…

Հեշտ է Թախիծը դառնում տխուր երգ
Սպասումի սառա՜ծ, թափանցիկ հայացք,
Երբ որ լեզուն է սրտի փոխարեն,
Խոսո՜ւմ, բողոքո՜ւմ անընդհատ…

Հեշտ չի հագենում Թախիծը ագահ,
Հիշողության պես կյանքդ է ուտում,
Ու թվում է թե քո մեջ անդադար-
Հորդում է մեկ այլ, օտար մի արյուն…

Մարմնովդ մեկ Թախիծն է ձգվո՜ւմ,
Թո՜ւյլ, անօգնակա՜ն, բայց մի՛շտ կենդանի,
Առաջացնելով մի տարածություն,
Որը ոչ ավա՜րտ, ոչ էլ սկիզբ ունի…

Մեկ բարկանում ես Թախիծի վրա,
Մեկ է՝լ նրանից ներումներ հայցում,
Քանզի դու գիտես, որ առանց նրա
Անհեթեթ է կյանքն այս մոլորակում

Եվ փայփայում ես քո մեջ Թախիծին,
… Եվ գերի մնում նրա մեղեդուն,
….Եվ երակներդ արյուն են մղում
Որը քո ներսում
Կարոտ է դառնում…


Ս.Ումառ



ԹԱԽԻԾ



Դու եկա՞ր, Թախիծ,

Իսկ գի՞տես,
Որ երբեք չեմ սպասել ես քեզ…
Չգիտեի՜, որ կարող ես գալ ինձ մոտ,
Չգիտեի՜, որ դու այսքան գեղեցի՜կն ես…
Այսքան փխրո՜ւն,
Նեղացկո՜տ…

Ինձ թվում էր անտարբեր ես ու անփույթ…
Քո աչքերի գույնը - մեկ դեղին է,
Մեկ կապո՜ւյտ…
Մեկ փոխվում է սևից-սպիտակ,
…Դարչնագո՜ւյն,
Մեկ դառնում է մաքո՛ւր սպիտակ,
Մեկ էլ դառնում արնագույն…

Իսկ ինչո՞ւ ես այսքա՜ն տխուր,
Այսքա՜ն հեզ,
Չգիտեի՜, որ կարող եմ
Չսիրելով հպվել քեզ…
Նստել ծնկիդ ու լաց լինել գրկիդ մեջ…
Անձրևոտել քո վարսերը
Արցունքներով  լալագին,
Սիրտս պատռել ու կատաղած
Շպրտել չոր հատակին:

…Հիմա սև ես, տաղտկալի՜,
Ո՛չ խոսում ես,
Ո՛չ  լալիս,
Շատ նման ես ճաքեր տված մի խեցու,
Իսկ շուրթերիդ միայն բողոք մահացու…

Դու երկա՞ր ես մնալու,

Չե՛մ առարկում,
Մնա ինչքա՜ն կամենաս,
Դու շատ լա՛վն ես,
Շատ զգայո՛ւն ու կրքոտ
Թող համբուրե՜մ լանջաբացդ…
Մի՞թե դու էլ ինձ նման
Նեղացկոտ ես, ամաչկոտ…

Ի՞նչ, ծարա՞վ ես,
Խնդրե՜մ Թախիծ,
Ինչ կամենաս…

Նայիր աչքիս կոպի վրա արցունքի
Մի կաթիլ է մնացել,
Խմի՛ր, քո՛նն է, կհագենա՛ս…
Չհասկացա՛, խտությունը ջրից բա՞րձր է,
Ունեցածս միայն դա է
Կներե՜ս, …

Լա՞վ է ինձ հետ, գիտե՜մ, գիտե՜մ,
Չե՛ս հեռանա…
Չե՜ս առարկում…
Ես քո համար վաղուց արդեն
Տեղ եմ բացել,
Արցունքներից թրջված
անկողնուս մի հատվածում…

Ս.Ումառ