понедельник, 8 сентября 2014 г.

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈւՆ





Բանականությունս սրիկայի մեկն է, դաժան, անողոք, միշտ դանակը ձեռքին պատրաստ սպանելու ցանկացած իրեն դուր չեկող բան:
Բնավորությունս խոզի մեկն է, անվերադարձ սիրահարված է Մտքերիս ու ոչ մի գնով չի կարողանում ապրել առանց նրանց:
Մտքերս  նազելի ձիու նման գեղեցիկ են ու վրնջյուն, հիանալի կարողանում են կողմնորոշվել ցանկացած պարագայում, նույնիսկ ինձ թվում է թե իգական սեռի են, քանի որ իրոք գեղեցիկ են: Այստեղ պետք է հասկանալ Բնավորությանս վերաբերմունքը, ճաշակով է, ինչ խոսք:

Մտքե՜րս…
Մտքերս այսօր իրենց  լավ չեն զգում, մի տեսակ թույլ են, կարծես անկամք, ոչնչի կարիք չունեն, անփայլ աչքերով նայում են առաստաղին…
Չափում եմ մտքերիս տաքությունը՝ 38.6:
Հիմա հասկանալի է թե ինչու եմ արդեն երկու օր այս վիճակում:

Բանականությունս կատաղած քայլերով մտավ ներս, ես հասկանում եմ որ իրեն էլ պետք է հասկանալ, բայց ինչ կարող ես անել, հիվանդությունը ժամանակ է պահանջում:
- Ես ինչքան պետք է տանջվեմ առանց ձեզ, ինչու եք հիվանդացել, որտեղ է տեսնված որ Բանականությունը առանց մտքերի լինի:
- Մենք մեղավոր չենք, դե երևի վիրուս է, համատարած:
- Ինձ չի հետաքրքրում ես էլ իմ կյանքն ունեմ, ինչ է ուզում եք ինձ ժամանակից շուտ գերեզման իջեցնել:
- Ներեղություն, - ասաց  Բնավորությունս,- պատահում է բոլորի հետ, պետք է համբերել:
- Իսկ դու սուս մնա, ես քեզ ձայն չեմ տվել,- հետո Բանականությունը շրջվեց դեպի մտքերս ու շարունակեց.
- Ձեզ տալիս եմ մեկ գիշեր, լսեցիք, մեկ գիշեր, եթե ոտքի չկանգնեք, ես կմորթեմ ձեզ, այ այս դանակով,- հեռացավ վստահ քայլերով:

Գիշերվա երկուսն էր երբ Բնավորությունս զգույշ, հուշիկ քայլերով մոտեցավ, նստեց Մտքերիս անկողնուն ու ասաց.
- Խնդրում եմ, ձեզ, առողջացեք, ես շատ կվշտանամ եթե Նա ձեզ մորթի, ես կօգնեմ, աղաչում եմ, գիտեք թե որքան են աղոթել ձեզ համար:
Հետո էլի բառեր, բառեր, բառեր…
Մտքերս կամաց կամաց ոտքի էին կանգնում Բնավորությանս Խոզ աչքերի առաջ:
Վերջապես, երբ առավոտյան ժամը 8-ն էր, Մտքերս կազմ ու պատրաստ, առողջ տեսքով դիմավորեցին սուրճ բերող դաժան Բանականությանս:
Բանականությունս ցնծում էր:
Բնավորությունս հոգնած գիշերն ինձ տված ջերմ բառերից՝ ննջում էր անկյունում:
- Այդպես, քանի որ արդեն լավացաք, պետք է խնջույք կազմակերպենք, քեֆ ենք անելու, ու դրա համար մենք կմորթենք Բնավորությանն ու խորովածով կնշենք ձեր առողջանալը:
- Ինչու ինձ, - Բնավորությունս վախեցած նայում էր Բանականությանս:
- Որ քիթդ ամեն տեղ չխոթես, վերջ, ես իմ ասածի տերն եմ:

Ս.Ումառ

Հոգեբանը




- Անհագստանալու ոչինչ չկա, տիկին, ես հիմա կզրուցեմ ձեր տղայի հետ:
Իմ բազմամյա փորձը, ինձ երբեք չի խաբել:
Ընդամենը մեկ թեստ ու ես կասեմ…այ տեսեք սա սպիտակ թղթի վրա կաթեցրած թանաքի երկու մեծ կաթիլներ են, կախված նրանից թե ձեր տղան ինչ կտեսնի, ես ունեմ դրանց պատասխանները, գիտականորեն հիմնավորված: Պա՞րզ է:
- Այո բժշկուհի ջան, ես անհանգստանում եմ, մեկ մեկ անյպիսի համեմատություններ է անում որ կարծես մեծ մարդ լինի, մեկ մեկ էլ ռոմանտիկ մի բան որ նույնիսկ ես չեմ կարող…
- Վաղը ժամը 12.00 եկեք նրա հետ:Անհանգստանալու ոչինչ չկա, այս թեստի հեղինակը աշխարհահռչակ հոգեբան է՝ Լեժի Պոխաբչեկը, որը գրի է առել հնարավոր բոլոր պատասխանները այնպես որ…

Հոգեբանը միջին տարիքի, կոկիկ հագնված այդ հաճելի կինը բացեց իր կաբինետի դուռն ու ներս հրավիրեց կնոջը իր տղայի հետ:
- Քանի տարեկան ես:
- Հինգ:
- Անունդ:
- Գառնուկ:
- Միգուցե Գառնիկ:
- Ոչ, ես լավ գիտեմ իմ անունը:
- Լավ, թող լինի Գառնուկ: Այ տեսնում ես այս թուղթը, կարող ես ասել թե ինչ  ես տեսնում, նայիր ուշադիր, մի շտապիր, լա՞վ:
- Լավ:

Բժշկուհու դիմաց բոլոր հնարավոր պատասխաններն էին:
Ակնոց, մեքենայի հանգցրած լույսեր, թանաքի լաքա, սև աչքերով սմայլիկ, երկու թունել, կատվի աչքեր…128 պատասխան և բոլորի դիմաց իրենց պատասխանները:
Երեխայի մայրը հագավ ակնոցներն ու տեղափոխվեց բժշկուհու մոտ, որ անձամբ կարդա պատասխանը:
Բժշկուհին լուռ աչքերով հավանություն տվեց:
- Դե Գառնիկ ինչ ես տեսնում, - բժշկուհին էլ երեխայի մոր նման անհամբեր էր:
- Ես Գառնուկ եմ:
-  Լավ, թող լինի Գառնուկ, ինչ ես տեսնում, լավ մտածիր:
- Տեսնում են սպիտակ թուղթ…
Բժշկուհին ու մայրը երկար ման եկան նման պատասխանի, բայց այդպես էլ չգտան, իսկ տղան ժպտում էր, անմեղ երեխայի մի հաճելի ժպիտով:


Ս.Ումառ

ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ





Սենյակում կարծես թե օդը գաղջ է, ծխով լի՝ ծխախոտի ծխով:
Թվում է թե իրականում այդպես է, անհասկանալի է:
Ամեն ինչ հավաքված է, ամեն ինչ իրենց տեղերում ինչպես կուսանոցի սենյակներում է լինում:

- Ի՞նչ է կատարվում այստեղ, ամեն ինչ տակնուվրա:
Ծխախոտի մոխիրը ամեն տեղ, սալահատակին, մանրահատակին, համակարգչի ստեղների վրա, քանի՞ անգամ եմ խնդրել ծխել միայն պատշգամբում:

Ավելով մաքրում է երևակայական մոխիրը:

- Ի՞նչ է կատարվում քեզ հետ, զուգարանի լուսը միացրած ես թողել, ատամի խոզանակդ անլվա ընկած է լվացարանի մեջ: Աստվա՛ծ իմ, ո՛չ հանգիստ ունեմ, ո՛չ էլ…

Խնամքով հավաքած մազեր, ոչ հափշտապ վրան գցած տնային խալաթ:
Ձեռքի լաթի կտորով մաքրում է պահարանի փոշին:

- Երեխայի մանկապարտեզի տեղը չգիտես, բա դու հա՞յր ես: Լսի՛ր, մի բան հարցնեմ, ի՞նչպես կարողացար երեխայի զուգագուլպան հագցնել թարս, այնպես որ հետևի մասն ընկավ առաջ, բայց կրունկն ու թաթերը մնացին իրեց տեղում: Ֆոկուսնիկ ես հո ամուսին չես…

Ավլելով հասավ միջանցք, նայեց հայելուն, գոհ էր իր տեսքից, իսկ ավելի տակ ոչինչ չկար:

- Ի՞նչ հիմարություններ ես ասում, եթե մեր տանը ատամի և կոշիկի խոզանակներն առանձին առանձին են նշանակում է լա՞վ ենք ապրում, միայն քո նման ամուսինը կարող էր նման մտքեր արտահայտել, ի՞նչպես եմ հոգնել խոսելուց…

« Աստված իմ, լինեի՜ր իրական, ինչպիսին որ ցանկանում ես, ծխի՛ր որտեղ կամենում ես, երեխային, որին չգիտեմ կունենա՞մ արդյոք երբևէ, հագցրու քո՛ ձևով, թափի՛ր, խառնի՛ր ամեն ինչ, բղավի՛ր, նայի՛ր քո ֆուտբոլը, երբ ցանկանաս, միայն թե եղի՛ր, ես արդեն կարծես թե կորցնում եմ  ինձ միայնությունից, ես գժվում եմ ու տարօրինակ չի լինի, որ շուտով կհայտնվեմ հոգեբուժարանում»:

Լացակումած աչքերով, հոգնած փլվեց բազմոցին:


Ս.Ումառ

Վախենո՜ւմ եմ….



Դրսում ամառը դեռ պայքարում է իր գոյության համար…
Չհեռանալու համար
Ներկայության համար
Ամառն իր շոգ ձեռքերով
կախված աշնան կոկորդից փորձում է երկարացնել
իր տիրապետության ժամանակը
Կծում է, հարվածում,
անձրևի տեսքով թափում է իր վերջին տաք արցունքներն ու
այնպիսի բղավոցներով է հարվածում ասֆալտին,
որ նորածին,
դեռ իրեն շատ թույլ զգացող աշունը, ամռան հարվածներից
մի կերպ ծածկելով դեղնականաչավուն դեմքը՝
ցածրաձայն  լաց է լինում,
անընդհատ կրկնելով.
- Վախենո՜ւմ եմ….

* * *
Հարգելի պատճառներով, ձեռքդ ձեռքիս մեջ է
Այլ կերպ լինել չի կարող, քանի որ ես հովանոց չունեմ ու
քո հովանոցի տակ եմ
Քո ձեռքը բռնել է հովանոցը,
իսկ անձրևն անընդհատ անհաջող փորձեր է անում մեզ թրջելու
Զգում եմ զարկերակդ
Զգում եմ քո շուրթերից
դեպի իմ շուրթերն ընկած այն ահռելի հեռու ճանապարհը,
որը փողոցում չի կարող կարճանալ ու
համբերությամբ սպասում է իր ավարտին տաք ու կոկիկ քո սենյակում,
որտեղ արդեն քանի հազար տարի է չեմ եղել…
Քամին պտտվում է մեր շուրջը,
 հովանոցի տակ մազերդ բարձրանում ու հարվածում են դեմքիս:
- Սիրո ձաղկումներ
Հայացքդ հարցական բարձրանում է ուսիս վրայով հասնում աչքերիս:
- Ի՞նչ:
- Մազերիդ հետ եմ:
- Ա՜
Անձրևախառը քամին կարծես իր անճարակությունից կատաղում է ու
մի նոր խաղ սկսում շրջազգեստիդ հետ:
 Այլ խոսքեր շշնջալու համար աշխարհ եկած շուրթերդ
ներողամտորեն շշնջում են.
- Ապո՛ւշ…
- Ի՞նչ:
- Քամու հետ եմ, բարձրացնում է շրջազգեստս:
- Թո՛ղ խաղա, ես էլ լինեմ չեմ դիմանա:
Հեռվից՝ մի երեսուն քայլի վրա երևում է քո շենքի շքամուտքը՝
այնքա՜ն հեռու,
այնքա՜ն մոտ,
մի ամբողջ հավե՜րժ ճանապարհ:
- Դու չե՞ս հեռանա, անցած անգամվա նման:
- Ո՜չ:
- Իրո՞ք, վախենո՜ւմ եմ…

* * *
Գիտեմ, որ քնած ես ձևանում…
մատներիդ բարձիկները գիշերվա նուրբ շուրթերի փափկությամբ
ուսս ձգել հպել են  կրծքերիդ:
Մազերիդ ավելի համարձակ մի փունջ
հանգստանում է ականջիս վրա:
Արտաշնչածդ գոլ ու դուրեկան օդը
զարնվում է պարանոցիս:
Դեմքդ թաղել ես բարձին ու չեմ կարողանում հասկանալ թե ի՞նչ ես տեսնում:
Ոտքերդ փաթաթվել են ոտքերիս ու
չեմ կարողանում հասկանալ, թե որոնք են իմ ոտքերը,
որ մի կերպ, զգույշ, ցույց տալով,
 որ հավատում եմ քո քնած լինելուն, վեր կենամ անկողնուց ու
մոտենամ գրասեղանին…
Անհրաժեշտ է վեր կենալ,
հասկանում ես,
անհրաժեշտ է…
Բայց հանկարծ մի անզգույշ բառ կարող է սպանել  մի ամբողջ գիշեր ու
առավոտյան ստիպել հեռանալու…
այլևս երբեք չվերադառնալու պայմանով…
ու դրանից ես իրոք
վախենո՜ւմ եմ…

* * *
Գիտեմ, որ քնած ես ձևանում…
Շնչառությունդ համաչափ չէ,
զգում ես մատներս,
շնչառությունս,
կրծքերիս անհանգիստ վիճակը…
Գիտեմ, որ ցանկանում ես վեր կենալ,
Մի՞գուցե ծխել ես ուզում…
Գիշերը իմն է, ես կարող եմ խանգարել գիշերվա անդորրը,
իմ շշնջոցով,
իմ քնաթաթախ ձեռքերով…
Ես գիտեմ հմայելու արվեստը…
Բայց եթե ցանկանում ես դուրս գալ անկողնուց, փորձի՛ր…
ես չեմ առարկի…
Դու իմ փափուկ խաղալիքն ես,
բայց հաճախ այնպես ես բռնկվում, որ ես,
ես իրոք
վախենո՜ւմ եմ…

* * *
Ժամանակը, որը երբեք չի եղել, այս անգամ էլ չկար,
չէր երևում, բայց գիշերվա սոպրանոյով
երգում էր.
- Հագնվելու ժամանակ չունես,
մոտեցի՛ր, ի՞նչ միտք էր քեզ տանջում,
հանձնի՛ր թղթին ու…եթե ցանկանում ես
ես քեզ անցած անգամվա նման կտանե՜մ…
նա քնա՛ծ է, մի՛ անհանգստացի:

Մարմինս մերկ ու հոգնած մի կերպ բարձրանալով մահճակալից,
բռնվելով գիշերվա կրծքից, մոտեցավ գրասեղանին:

Գիշերն իմ մերկությունի՞ց անհանգիստ շարժվեց,
թե՞ իրոք լսեցի քայլերի ձայն:
Դիմացկուն գիշերն անշարժ,
հետաքրքրասեր աչքերով նայում էր դեպի ինձ մոտեցող,
ձեռքերում մուգ կարմրավուն քառակուսիներով ծածկոց բռնած
մի այլ մերկության…
- Գցի՛ր վրադ, կմրսե՜ս…



Ս.Ումառ


суббота, 6 сентября 2014 г.

2164 թվական




Լոս – Անջելոս
Քանդված, ավերված քաղաքի փլատակների միջից մի չինացու գլուխ երևաց:
Ձեռքին գրքի նման մի բան բռնած բղավում էր.
- Նյու դո դայ դձյո դամա, նյու դո դայ դձյո դամա…
Նրա ձեռքին Լոս- Անջելեսցի մի աշակերտի օրագիր էր:

* * *
Իմ անունն է Անդ Միք
(Պապիկս մահանալուց առաջ ասաց, որ իմ լրիվ անունն է Անդրանիկ Միքայելյան, հայրս այն ժամանակ ասաց, խելքը գցել է ծերուկը, մի հավատա:)
Ես ծնվել եմ Ամերիկայում, երկիր,  որի շուրջը պտտվում են արևն ու մնացած մոլորակները:
Ազգությունս՝ ամերիկացի:
Տասնչորս տարեկան:
Հասակս 197 սմ, քաշս 148 կգ:

14 Սեպտեմբեր

Այսօր շուտ եմ արթնացել, նախաճաշել հայրիկիս հետ, վիճել ,թե ով կարող է ավելի բարձր չփչփացնելով ուտի նախաճաշը և հաղթել եմ:
Հիմա հայրս ինձ պարտք է 12 դոլլար:
Դպրոցը իմ տանից հեռու է 500 մ:
Լավ է, որ մեքենա ունեմ, կհասնեմ մեկ ժամ հետո, խցանումները այսօր քիչ են:
… Առաջին դասը պատմության դաս էր: Անցավ տխուր ու միապաղաղ:
Ուսուցիչn ասաց, որ Ամերիկան հայտնաբերել է Կոլումբոսը՝ հիմարություն: Ամերիկան հայտնաբերել ենք մենք՝ ամերիկացիներս, դրա համար էլ կոչվում է Ամերիկա:
Որտեղի՞ց են գտնում անգրագետ ուսուցիչների – չեմ հասկանում:
Հաջորդ թեման նախնադարի մասին էր, պատմում են մի անհանգիստ ազգի մասին, որին կոչել են հայեր:
Նորից հերթական հիմարությունը:
Երկրի մոլորակի պատմության մեջ եղել են երկու ազգ, շեղաչք՝ չինացիներ և մենք ազատ ամերիկացիներս, հայրս է ասել:
Դպրոցում տխուր է:
Երեկոյան հավաքվելու ենք Ջիմի տանը, աղջիկների հետ լկստվելու:

16 Սեպտեմբեր

Այսօր կիրակի է, ցանկանում էի երկար քնել, հայրս չքողեց:
- Վեր կաց, Ամերիկայի նախագահն է ելույթ ունենալու, հարկավոր է լսել:
Օրն անցավ հիասքանչ:
Հորս հետ կերանք պոպ-կորն ու լսեցինք նախագահին:
Իմ մեջ տպավորվեցին նրա խոսքերը.
- Զարմանալ կարելի է, որ մնացած մանր մունր ժողովուրդները բողոքում են, որ իրենց մենք ռմբակոծում ենք, դա մեր ազատ Ամերիկայի արդար իրավունքն է:
Աստված պահպանի Ամերիկային, որը պատրաստ է երջանկացնելու մնացած ժողովուրդներին, իսկ եթե ինչ որ ազգ չի ցանկանում երջանկանալ, մենք կստիպենք, դա մեր իրավունքն է:
Երեկոն անցկացրեցի ինտերնետում,  www. pentagon.com и www. whitehouse.org պոռնոսայթերում:
Հետո ինքս ինձ հանգստացրեցի ու պառկեցի քնելու

19 Սեպտեմբեր

Մաթեմատիկայի դասին սովորում էինք հաշվել մինչև 10:
Ես հաշվեցի մինչև 7, ուսուցիչն ինձ գովեց, ես էլ նրան և ստացա գերազանց գնահատական:
Հայրս հիմա արդեն ինձ պարտք կլինի 20 դոլլար:
Հաջորդ դասը ֆիզկուլտուրա էր:
Քանի դեռ իմ համադասարանցիները պատի անցքից նայում էին թե ինչպես են աղջիկները լոգարանում ցայվում, ես հակառակ պատի անցքից նայում էի թե ինչպես է ցայվում ֆիզկուլտուրայի ուսուցիչ միստր Լեսլին:
Մեծ դասամիջոցին Պիտն ինձ ցույց տվեց հորից գաղտնի թռցրած ատրճանակն ու  սկսեց կրակել աղջիկների վրա:
Որոնք կիսակենդան էին Պիտը կրկնում էր կրակոցը, որ շատ չտանջվեն:
Հետո եկան ոստիկանությունից ու առանց բացատրություն տալու տարան Պիտին:
Ինչո՞ւ, ոչ ոք չկարողացավ բացատրել, չէ՞ որ նա ընդամենը զվարճանում էր:
Երեկոյան Պիտին բաց թողեցին տուն:

24 Սեպտեմբեր

Այսօր դասերից հետո մեզ երկհարկանի ավտոբուսով տարան պատկերասրահ:
Պատերին՝ նկարներում մերկ կանայք էին:
Ինտերնետում ավելի լավերը կան, ինքս եմ տեսել:
Նկարներից մեկի տակ գրված էր «Ռենուար, Մերկ Մախան»:
Ես այդ Մախայի ոտքերի արանքում կպցրեցի ծամոնս:
Հոյակապ ստացվեց:
Պիտը ծամոնի վրա խրեց գրիչը:
Խոստովանեմ, որ հաղթողը նա էր, ես նրան պարտք մնացի 8 դոլլար:
Երբ մեր ավտոբուսը շարժվեց մի տարիքով կին էր վազում ու բղավում:
- Չէ որ դա միլիոնից ավել արժեն, ես կգժվեմ:
Մենք Պիտի հետ իրար աչքով արեցինք:
Մենք վարվել էինք ինչպես իսկական ամերիկացիներ ու հպարտ էինք:

1 Հոկտեմբեր

Հայրս այսօր ստիպեց դպրոց գնալուց առաջ անպայման գոլֆ խաղալ:
Թե այդ հիմարի մտքով ինչ է անցնում ամեն առավոտ, ես չեմ հասկանում:
Իմ հարվածը գնդակին կարծես ստացվեց:
Ուղիղ հորս ճակատին:
AMBULANCE- ի մեջ նայում եմ ուշակորույս հորս ու մտածում, որ լավ բան չստացվեց, եթե ուշքի չգա իմ պարտքերն ո՞վ է վճարելու:
Հոսպիտալի բժիշկն ուշքի բերեց հորս ու ասած.
- Մի տես է, նույնիսկ ուղեղի ցնցում չի ստացել, կարծես ուղեղ չկա, այ քեզ պինդ մարդ, իսկական ամերիկացի:
Ես հպարտ եմ որ այդպիսի հայր ունեմ…

* * *
Փլատակների միջից փրկարար չինացին ինչ որ բան էր բղավում:
- Կան թինգ, ջին ժի քու անգ, կան թինգ, ջին ժի քու անգ:
Թարգմ. (Այնտեղ շարունակությունն էլ կա)