среда, 6 августа 2014 г.

Քո ճանապարհը



Անձրևը գովերգվում է աշնան և գարնան, նաև ամռան,  ինչպես և սիրո, բաժանման…հետ կապված կապված գրեթե բոլոր ստեղծագործություններում:
Անձրևից հետո սկսում են արագությամբ աճել սնկերը…
Հետաքրքիր է, այդ ինչպիսի՞ անձրև եկավ Երևանի վրա, որ քաղաքի ցանկացած հատվածում սկսեցին սնկերի նման աճել ատամնաբուժարաններն ու դեղատները ….

ՄԱՍ 1
Դեղատուն XXL

Կանգառի մոտ գտնվող դեղատուն է:
Ապակյա պատի հետևում սպիտակ խալաթով մի աղջիկ է նստած:
Սպիտակ խալաթից վախենում են երեխաներն ու տղամարդիկ:
- Բարև´ Ձեզ: Դուք քաշը ավելացնելու դեղ ունե՞ք:
Տղայի տեսքը լուրջ էր, ու դա զարմացրեց աղջկան:
- Ի՞նչ դեղ, չհասկացա: Դեղատոմս ունե՞ք:
- Ո´չ, չունեմ: Բայց ինձ պետք է դեղ, որ երկրի ձգողականության ուժը մեծանա, ինձ ավելի ուժեղ ձգի, թե չէ թռչում եմ անընդհատ…
Մոտեցավ մյուս աշխատակցուհին` տարիքով, ակնոցներով,  որովհետև աղջիկը չպատասխանեց ու զարմացած նայում էր տղային:
- Ա´յ տղա, բան ու գործ չունե՞ս: Գնա´ այստեղից, խանգարում ես:
Տանը երևի մի սենյակ ղժղժան թոռներ ունի, չաշխատող ամուսին, պորտը բաց` աշխատանքի գնացող հարս,  չամուսնացած լաչառ աղջիկ: Թե չէ  որտեղի՞ց այսքան չարություն այդ մոտ հարյուր կիլոգրամանոց մարմնում:
- Ես լուրջ եմ ասում, ուրախությունից թռչում եմ: Քիչ է մնում բոլորին համբուրեմ:
Կինը հանեց ակնոցները, գլուխը տարուբերեց, մտածեց . <Հիվանդ է խեղճը>:
- Տղա´ ջան, գնա´, քանի ոստիկան չեմ կանչել:
- Իսկ նրանց մոտ կլինի՞ այդ դեղից:
Աղջիկը, որ ուշադիր լսում էր, չկարողացավ անտարբեր մնար:
- Մեզ մոտ չկա, բայս ես Ձեզ դեղատոմս գրեմ, մի ուրիշ տեղ կգտնեք, լա՞վ:
- Ընթեռնելի´ գրեք:
Տղայի ձեռքում հայտնվեց թղթի վրա գրված հեռախոսի համար և անվան միայն առաջին ` <Ն> տառը:
- Բայց անունը ամբողջությամբ չեք գրել:
- Այնքան փորձիր, մինչև գտնես, պայմանավորվեցի՞նք:
Տղան ուրախ-ուրախ դուրս եկավ դեղատնից:
- Ի՞նչ գրեցիր, Նռանե´,- տարիքով կնոջ դեմքին զարմացախառն հետաքրքրություն էր :
- Ես հասկացա նրան: Գրեցի հեռախոսիս համարը և <Ն> տառը: Թո´ղ գտնի, եթե կարող է:
- Էս ջահելությունը գժվել է,- ասաց կինն ու նստեց աթոռին:
Ձեռքը վերցրեց գիրքը, որը ցուցադրաբար միշտ պահում էր աչքերի մոտ, իբր կարդում է:
Գիրքը <Խառատի տեղեկատու> էր: Երևի ուրիշ գիրք տանը չկար:
Նռանեն բարձրաձայն ծիծաղեց:

* * *
Փողոցի սկզբնամասում մի կին ծաղիկներ է վաճառում:
Երբեք ինձ առանց առիթի ծաղիկներ չնվիրեց:
- Մայրի´կ, կակաչն ի՞նչ արժե:
- Հինգ հատը` երեք հարյուր:
- Չէ´ ,մեկ հատ է հարկավոր:
- Վերցրո´ւ, առանց վճարելու:
Ժամն արդեն քսաներեքն է: Տեսնես եկած կլինի՞:
Նռանեն մտավ բնակարան ու միանգամից զգաց ծխախոտի ծխի հոտը:
- Վարդա՞ն:
Ձայն չկա: Փնտրեց ննջասենյակում: Քնած է:
Լավ, երևի հոգնած է եկել:
… Կակաչը դրեց բաժակի մեջ` մահճակալի կողքը:
Մտավ անկողին, այնպես, որ չարթնացնի:
Փոքրիկ լուսամփոփի լույսը կարմիր կակաչին տալիս էր մուգ արյան, խոր մայրամուտի մի խորհրդավոր գույն:
Զգույշ ձեռքը տարավ ու դրեց Վարդանի մազոտ կրծքին, համբուրեց ուսը:
- Եկա՞ր,- ձայնը կիսաքուն էր ու դժգոհ, որ արթնացրին:
- Ինձ կակաչ եմ  գնել, տե´ս ինչ լավն է:
Ձայն չկա:
Կիսամութի մեջ սկսեց լուսավորվել բջջային հեռախոսի էկրանի լույսը:
Չհասցրեց վերցնել` նախքան զանգը  կսպաներ լռությունը:
- Նարինե՞:
- Սխալվել եք:
Հիշեց մի քանի ժամ առաջ դեղատուն մտած տղայի ձայնը:
Նորից զանգ:
- Նաիրա՞:
- Սխալվել եք:
Հետո նորից զանգ:
- Նունե՞:
- Սխալվել եք:
Վարդանը շրջվեց դեպի կինը:
- Ո՞վ է այդքան զանգում:
- <Ն> տառով անուն են փնտրում, - ժպտաց մթության մեջ:
- Նռանե´, անջատի´ր, միևնույն է չի կարող գտնել: Թո´ղ քնեմ, հա՞:
- Իսկ դու ինչպե՞ս գտար:
- Ես մի շոկոլադե սալիկ գնեցի ու քեզ հետ աշխատող այն կնոջը տվեցի: Կարծեմ տիկին Օֆիկ, չէ՞: Հա´մ անունդ ասաց, հա´մ ամբողջ կենսագրությունդ պատմեց: Թո´ղ քնեմ, հա՞:
Զանգ:
- Նելլի՞, Նանե՞, Նարե՞….
- Կրկի´ն փորձիր, -ասաց Նռանեն` անջատելով հեռախոսն ու լուսամփոփը:

Կակաչի գույնը փոխվեց բաց երկնագույնի, հետո` ավելի մուգ, հետո դարձավ ստվերագույն:
Նռանեն աչքերը փակեց ու տեսավ, թե ինչպես է ինքը մերկ, ձեռքերն ու ոտքերը տարածած, պառկած մի կապույտ օվկիանոսի մեջտեղում` փոքր ալիքների վրա:
Մենակ է, ու ալիքներն իրեն դադնաղ քշում, տանում են:
Հետո մոտեցավ մի փոքրիկ շնաձուկ: Նռանեն չհասկացավ, թե ինչու, չվախեցավ:
Շնաձուկն ատամներով բռնել էր մի կարմիր կակաչ, որը զգույշ դրեց կրծքերի արանքում ու հեռացավ:
Արևը տաքացնում էր ալիքների վրա համաչափ օրորվող Նռանեին:
Նա մենակ չէր:
Նա էր, կարմիր կակաչը, կապույտ օվկիանոսն ու  արևը:




Մաս 2
Ատամնաբուժարան NOVA DENT

Տղամարդիկ ատամի,ատամնացավի նման մի բան են, երբ ցավեցնում են, պետք է հանել- գցել:
Բուժում չկա:
Հանելուց էլ անզգայնացնել պետք չէ, միևնույն է անզգա են:

- Ո՞ր ատամն է, սա՞:
- Բժշկուհի´ ջան, կարծես բոլորն են այդ կողմում ցավում:
- Չէ´, այդպես չի լինում: Լա´վ, սա´ է, տեսնում եմ: Ցավը փոխանցվում է բոլորին:
Ատամնաբուժական բազկաթոռին կիսապառկած տղան բավականին հաճելի արտաքին ունի ու շատ խնամքով հագնված է:
- Այսպես հետևում եք Ձեր սանրվածքին, հագուստին, իսկ ինչո՞ւ ատամներին նույն կերպ չեք հետևո՞ւմ:
Պատասխանը գիտեր: Դե, տղամարդն ի՞նչ պետք է պատասխանի որ:
Զբաղեցնում է մինչև ներարկելը:
- Հիմա կներարկեմ, մի 10-15 րոպեից կհանենք: Սա բուժվող ատամ չէ:
- Չի՞ ցավի:  Ձեր անունն ինչ է՞:
- Ռիտա: Մի փոքր, մի ծակոց է ընդամենը: Որ ցավի, սեղմեք բազկաթոռի թևը, լա՞վ:
Երբ ասեղը մտավ լնդի մեջ, տղան ձայն արձակեց ու ակամա մի ձեռքով գրկեց Ռիտայի մեջքը:
Ռիտան խիստ հայացքով նայեց… Զգաց, որ տղային չի խաբի իր խիստ հայացքը:
Հաճելի էր:
Վահեն պատկանում էր տղամարդկանց այն դասին, որոնց կանայք անվանում են <սրտակեր>:
- Դրսում սպասեք ,կկանչեմ,- հանգիստ տղայի ձեռքը պոկեց իր մեջքից, դրեց բազկաթոռի թևակին:
… - Հիմա կհանեմ: Ցավ չեք զգա, խոստանում եմ:
- Չէ, չեմ կարող, կարող եմ միայն այսպես,- Վահեի ձեռքը գրկեց Ռիտայի մեջքը:
Դե, թո´ղ գրկի, ինչ արած: Վաղուց այսպես զգույշ մեջքս չեն գրկել:
Աքցանով պահել է հանած ատամը  և նայում է տղայի շագանակագույն աչքերին:
Բալզակյան տարիքի ցանկացած կին հոգով մի քիչ արկածասեր է:
Թեև, ավելի ստույգ` տարիքն այստեղ կապ չունի:
Ինչպես ասում են` որքան ավելանում են տարիները, այնքան կինն ավելի հստակ է գիտակցում, որ իրենից <կարգին պառավ>  դուրս չի գա:

- Սա իմ այցեքարտն է, երբ զգաք, որ վերքն անհանգստացնում է, զանգեք ցանկացած ժամի:
Երեք ժամ հաց չուտեք:

* * *
Երբ Ռիտան մտավ տուն, հասկացավ, որ նա իրենից առաջ արդեն տանն է:
Ամբողջ բնակարանը տակնուվրա էր:
Նարեկը` թիկնած բազկաթոռին` անշարժ, դատարկ աչքերով նայում էր մի կետի:
- Այս ինչ ես արե՞լ, սրիկա´: Ե՞րբ պետք է ազատվեմ քեզնից: Կյանքս կերար, բավական չէ՞:
- Ասա´ փողերիդ տեղը, կգնամ:
- Ես հիմա ոստիկան կկանչեմ…
Նարեկը բռնեց Ռիտայի մազերից ու քաշելով` գցեց գետնին:
- Դու հասկանո՞ւմ ես, ինձ փո´ղ է հարկավոր, փո´ղ: Ես չեմ դիմանում…
- Չունեմ, հասկացի´ր, ինչ ունեի, տվեցի քո բուժման համար: Բոլորը քո պատճառով երես են թեքել ինձանից: Կերա´ր կյանքս, հեռացի´ր ընդմիշտ….
Նարեկը ոտքով հարվածեց փորին:
Ցավում է…
- Իմ վերջին ականջողերն են մնացել, վերցրո´ւ , միայն չտեսնեմ էլ քեզ, չտեսնեմ ասեղներից քրքրված թևերդ, քո հիմարացած աչքերը: Աստվա´ծ իմ, ո՞ր մեղքիս համար…
Ռիտան ականջներից հանեց ականջողերն ու շպրտեց հատակին…
- Սա երկու օր, բա հետո՞:
Հերթական ոտքի հարվածը կպավ երեսին: Քթից ու բերանից սկսեց արյուն գալ:
Հասկացավ, որ ատամներից մեկն էլ կոտրվել է:
Նարեկը մոտեցավ զգեստապահարանին ու հանեց Ռիտայի միակ ձմեռային մուշտակը:
- Ձմռանն ի՞նչ եմ հագնելու: Նարե´կ, մի´ արա, խնդրում եմ…
Բերանը լցվող արյունը խանգարեց շարունակել:

Ցավոտ  է…
… երբ աչք ես փակում բոլոր արարքների վրա, ներում ես, որովհետև սիրել ես:
… երբ ամիսներով հիվանդանոցի դռներն ընկած համոզում ես, որ թմրամոլ չէ, այլ ժամանակավոր թուլություն է: Ու գիտես, որ խաբում ես ինքդ քեզ:
… երբ Քո տղամարդուն թողած, նայում ես ուրիշի տղամարդու աչքերին:
… երբ հասկանում ես, որ դարձել ես լաթե կտորներից սարքած մի տիկնիկ` ապակե աչքերով:
… երբ հասկանում ես, որ քեզանով արդեն խաղացել են, էլ պետք չես ու շուտով կհայտնվես շենքի մոտ գտնվող որևէ աղբամաններից մեկում:
… երբ արթուն գիշերներ լուսացնելուց հետո , նա հանկարծ առավոտյան հայտնվելով` հայտարարում է, որ զզվել է քեզնից, որ էլ իրեն չես հետաքրքրում: 
… երբ հասկանում ես, որ էլ չես սիրում, չես կարող սիրել, չես կարող սպասել, չես կարող նրա համար արդուկել, լվանալ, ճաշ պատրաստել:
Ցավոտ  է…
…երբ, այն ինչ  ունեիր, հիմա քեզ լքել է ու թողել օտար, անծանոթ  մի աշխարհում:
Ցավոտ  է…որ  քեզ միայնակ ես զգում:

Զանգն ընդհատեց  մտքերը:
- Ռիտա՞: Կներեք , ուշ ժամ է, բայց ատամս, որ այսօր  հանեցիքանհանգստացնում է:
- Հեռո՞ւ եք ապրում: Հեռախոսով չեմ կարող:
- Ինչ-որ բա՞ն է եղել, լա՞ց եք լինում:
- Չէ´, ամեն ինչ լավ է:
- Ռիտա´, ասա´ հասցեդ, ես հիմա կգամ:
- Գրիր …

Կգա՞ս:
Կկանգնես այնպես, որ կարողանամ աջ ձեռքով հենվել ձեռքիդ ու ձախով ձեռքով հագցնեմ ոտքիցս դուրս եկած կոշիկը:
Կգա՞ս, որ մեջս կուտակված հոգատարության ներուժն ինձ  չայրի:
Կգա՞ս, որ սև օրերս քո ներկայությունից ամաչեն ու դառնան ճերմակ հեքիաթներ:
Ես կսպասե~մ…




вторник, 5 августа 2014 г.

Գնացած տղաներին


Մերկ ցանկապատեր,
Մենք՝ հևասպա՜ռ…
Հաղորդալարերին նստած ճնճղուկներ՝
Կիսատ ճանապարհներ,
Օրը պակաս  տարի -
Մեր ուսերին ծանր բեռ:
Քանի՞ ուղղակյուն արկղեր՝ փայլուն, խաչադիր,
քանի՞ ընդհատված կյանքեր…
քանի՞ կաթացող տանիքների տակ, 
հիմա չկան նույնիսկ
անտեր կատուներ…
Կիսատ ճանապարհներ, որ
Հասել են միայն դարչնագույն գրքի
առաջին էջին՝
Լուսանկարնե՜ր…
Դեպի աստղերը քայլող հոգիներ,
Թաքնվա՞ծ թե՞ չասված խոսքեր,
երդումներ…
Ու շողում են Ձեր աստղերը
Գնացած տղաներ…


Ս.Ումառ

понедельник, 4 августа 2014 г.

Թե ինչպես ծնվեց մի Բանաստեղծություն



Սրտի ցավը ատամնացավի նման չէ, երբ ընդամենը մի դեղահաբով կարողանում ես լուծել հարցերդ:
Սրտի ցավը դա տարածության ցավն է, երբ դատարկ է սիրտդ ու Անպայման զգում է իր դատարկ լինելը…
… տարածություն, որը հարաբերական դատարկ է, այսինքն բացարձակ դատարկ չէ,
… տարածություն, որտեղ փոքրիկ թռչունի նման մի տձև արարած՝ ծնված թռչելու համար, սողում է, քանի որ իր թևերը դեռ չեն ամրացել այն հայացքից, որը կոչվում է Սեր…
…հարվածում է սրտիդ պատերին, ընկնում սրտիդ հատակին ու նորից իր փոքրիկ տոտիկներով փորձ անում վազելով թափ հավաքել թռչելու համար- նորից ընկնում,
բազմաթիվ փորձերից հետո հոգնած, անհույս փակում է իր դեռ չձևավորված աչքերն ու փորձում քնել, ուժ հավաքելու համար:  
Տարածությունն  այդ պահին վեր է ածվում մի երևույթի, որը կոչվում է Միայնություն:
Միայնությունը դա մարդկային ձայների ու աղմուկների պակասը չէ, դա ներքին միայնությունն է, որը կապված սրտի մի անկյունում, հավատարիմ շան նման ոչ մեկին մոտ չի թողնում…շնչում է անկանոն ու շնչելու-արտաշնչելու հաճախականությունը հասնում է այն աստճանի երբ ոչ մեկը չի կարողանում այն ընդունել…
Այդ պահից  սկսվում է Ցավը…
Ցավը շատ նման է աշնան սառը քամուն, երբ ոտքերիդ տակ  տերևներն են խշխշում մահվան ձայնով, ծառերը տերևների կորստից կորցնում են իրենց իմաստը, ամպերը կարծես ճնշում են ներվահագույցներդ, փնտրում ու չես գտնում մի որևե տաք բան, փաթաթվելու ու կծկվելու մի անկյունում…
Ականջներումդ զանգի ձայներ են, միալար ու տխուր…
Քունքերումդ կոշտ ու կոպիտ մատների հարվածներ են…
Հոգիդ անձայն բղավում է…
Լռությունը լաց է լինում դատարկ սրտիդ մեջ…
Աչքերիդ առաջ մի պառավ ջադու՝ մատը մեկնած քեզ անիծում է…
Ժամանակը սողում է դեպի արևամուտ…

Աչքերիդ տեսանելիության սահմանում հանկարծ երևում է մի շրջազգեստ, չես հասկանում շրջազգեստը շրջելու համար է թե շրջվելու…
Շրջում է աչքերիդ առաջ, արթնացնում սրտիդ տարածության մեջ ուշաթափ եղած թռչնանման էակին, քայլերը համընկնում են քո սրտի զարկերի հաճախականությանը, ծփում է կիսալույսի շողերից ու…
Շրջվում է դեպի քեզ…
Ձեռքերդ զգում են կապանքներց ազատվելը, մատներովդ հոսում է մի տաք ու հաճելի հոսանք, կենդանանում են, շփում են քունքերդ հալեցնում սառցե ուղեղդ…

Վերցնում ես գրիչդ ու…գրածդ դառնում է Բանաստեղծություն


Քայլում էիր:
Կյանքն էր կծկվել -
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:

Քայլում էիր…
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտում էիր,
Ինչպես դիակի
Կապույտ շուրթերին
Արև խայտացող:

Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ՝ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող
Մայրամուտին:


Ս.Ումառ

воскресенье, 3 августа 2014 г.

Կապույտն ու Սևը



Սենյակը մութ էր ու դատարկ, այն աստիճանի, որ միջանցքում նայելով հայելու մեջ՝  ոչինչ չտեսավ…
Դատա՜րկ…
« Երևի սրտումս էլ նույն պատկերն է», անցավ մտքով ու առանց լույսը միացնելու առաջացավ:
Ինչ որ բան էր խանգարում, չէր հասկանում ի՞նչ, հետո մտածեց ու դա երեք թույլ առակայծող լույսերն են, երկուսն իր աչքերից մեկն էլ համակարգչի էկրանի թույլ լույսը:
« Երևի կամաց կամաց գժվում եմ», անցավ մտքով ու մեքենայորեն սեղմեց ինչ որ կայքի վրա:
Մի պահ ուժեղացավ էկրանի լույսը, կարծես ճնշեց ու…
Ինչ որ բան էր խանգարում, չէր հասկանում ի՞նչ, անհանգիստ էր, աչքե՜րը մթության մեջ, էկրա՜նը…զգաց, որ խանգարողը կարճ, իրեն ամուր գրկած շրջազգեստն է, փորձ արեց վրայից հանելու, մերկանալու ու վազվզելու մթության մեջ, ազատվելու ինչ որ բանից, որը տանջում էր…
Երբ կիսահանված էր, սենյակում երևացին երկու զույգ աչքեր՝ նրա Կապույտ աչքերը և մի ինչ որ կնոջ Սև աչքեր, հետաքրքրասե՜ր ու ծակո՛ղ…
Նրա աչքերը, որոնք կրկնում էին. «Մենք իրար չե՜նք հասկանում» և կնոջ աչքերը որոնք ասում էին «Ես կլինեմ ձեր  թարգմանիչը…դո՛ւ չհասկացար նրան, ե՛ս հասկանում եմ…»

Ձեռքերով ակամայից ծածկեց կրծքերն ու նստեց բազմոցին, նրանք էլ տեղավորվեցին իր դիմաց:
Կապույտ աչքերն ասացին
- Մի՞գուցե հագնվես:
Չհասկացավ ինչ էր ասում, հարցական նայեց Սև աչքերին, որոնք թարգմանեցին:
- Կարող ես չհագնվե՛լ, ինձ քո մերկությունը չի՛ հուզում:
- Ինչո՞ւ ես եկել, ի՞նչն է քեզ բերել, բավակա՞ն չէ տանջես ինձ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Հեռացի՛ր, ես ատո՛ւմ եմ քեզ:
Կապույտ աչքերը լցվեցին ինչ որ հեղուկով:
- Ես միշտ սիրել եմ քեզ, հիմա էլ չեմ կարողանում առանց քեզ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Ես ուղղակի սովորել էի քեզ, հիմա ինձ հանգիստ եմ զգում:
Դեմքը դանդաղ իջավ, մազերը կախվեցին կրծքի վրա:
« Չեմ հասկանո՜ւմ, չեմ հասկանո՜ւմ, մի՞թե իրոք ճիշտ էր, երբ ասում էր, որ իր լեզուն չեմ հասկանում…»
Կապույտ աչքերն ինչ որ բան էին խնդրում, նայելով նրան:
- Մեկ ժամից ինքնաթիռս է, մի՞գուցե մի խոսք ասես, մի կերպ պահես ինձ, ես կմնամ, հավատա՛, ես քեզ սիրում եմ ու ոչինչ չեմ կարող անել, եթե դու ինձ չօգնես:
Սև աչքերը թարգմանեցին:
- Ինչպես որ ցանկացար, ես հեռանո՜ւմ եմ, եկել եմ հրաժեշտ տալու, մնա՜ս բարով:
- Մնա՛, խնդրո՜ւմ եմ, մնանք երկուսով, ես քե՛զ, քո՛ լեզուն կհասկանամ, խոստանո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ, դեռ ամեն ինչ կորած չէ, հասկանո՞ւմ ես ինձ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Դե քանի որ հեռանում ես, քեզ հաջողությո՜ւն, այդպես ստացվեց, ուրեմն թող լինի այդպես…
Կապույտ աչքերը իջան ծնկի ու ծնկաչոք մոտեցան, գրկեցին ոտքերը, նայեցին աչքերի մեջ:
Սև աչքերը մոտեցան, բարձրացրեցին Կապույտ աչքերին ու հանգիստ տարան նստեցրեցիր նախկին տեղում:
Հասկացավ, որ ինչ որ բան այնպես չէ, որ սիրո լեզուն ենքակա չէ թարգմանման, ենթակա չէ մի երրորդ անձի ներկայության, հասկացավ, որ պետք է մի բան անել, լարել իրեն, սթափվել…ոչի՜նչ չգտավ:
- Ես չե՛մ կարող առանց քեզ, նույնիսկ արդեն քանի օր է չեմ կարողանում վառել լույսը, մնում եմ մթության մեջ, փնտրում եմ քեզ իմ սենյակի ամեն մի անկյունում, ձեռքերով շոշափում եմ վերնաշապիկներդ, հոտոտում, նույնիսկ չեմ դատարկել մոխրամանդ, մի՞թե չես հասկանում ինձ, խոսի՛ր, խոսի՛ր իմ լեզվով, քո՛ լեզվով, պետք չէ թարգմանչուհի, ես հաստատ կհասկանամ…

Լացը խեղդում էր, բերանի անկյուններում թախիծն իր սարդոստայնն էր սկսել հյուսել, ձեռքերն համաչափ դողում էին կրծքերի վրա ու կարծես ուսերի հետ մտած ռեզոնանսի մեջ բարձրանում ու իջնում էին…
Սև աչքերը թարգմանեցին:
- Գնա՛, քեզ բարի ճանապարհ, ես նույնիսկ արդեն քանի օր է լույսս չեմ վառում, որ դու տեսնես դրսից ու հասկանաս, որ տանը չեմ, քո թողած ամեն իր իմ մեջ առաջացնում է կարեկցանք, դու տղամա՛րդ չես ու ես երբեք քո լեզուն չե՛մ հասկանա: Հեռացի՛ր…

Կապույտ աչքերը ոտքի կանգնեցին, հարցական նայեցին ու փորձ արեցին հեռանալու:
Սև աչքերն էլ ոտքի կանգնեցին, բռնեցին Կապույտ աչքերի թևը, գլուխը հենեցին ուսին ու պատրաստվեցին հեռանալու…
Մնում էր մի վերջին, մի հուսադրող փորձ անել հասկացնելու կամ հասկանալու կատարվածը… ոչինչ չէր ստացվում:
Ձեռքերը բարձրացան սրբելու աչքերն ու բացեցին կուրծքը:
Կապույտ աչքերը փայլեցին, փորձ արեցին սլանալու ու…
Սև աչքերի ձեռքերը փակեցին Կապույտ աչքերը ու շշնջացին.
- Տղամա՛րդ եղիր, նա քեզ ատո՛ւմ է, իսկ ես պաշտում եմ, սթափվի՛ր, գնալու ժամանակն է, այստեղ դու ոչինչ չունե՛ս:

Անճարությունից սկսեց հանվել, մերկացավ, փորձ արեց մոտենալու Կապույտ աչքերին, որոնք փակված էին Սև աչքերի ձեռքերով…
Կապույտ աչքերը չէին տեսնում իրեն, բայց զգում էր, որ անհանգիստ են, ալեկոծ, փորձ են անում դուրս պրծնել, ազատվել ինչ որ կապանքներից, չէր ստացվում…
Իսկ Սև աչքերի մոտ ստացվեց Կապույտ աչքերին փակ, դանդաղ իր ետևից դեպի դուռը տանել:
- Ես կվերադառնա՜մ, սպասի՜ր,- բղավում էին Կապույտ աչքերը:
- Քեզ հաջողությո՜ւն, մոռացի՛ր ինձ, մենք չենք հասկանում միմյանց,- թարգմանում էին Սև աչքերը…


Սենյակը մութ էր ու դատարկ, այն աստիճանի, որ միջանցքում նայելով հայելու մեջ  ոչինչ չտեսավ…
Դատա՜րկ…
« Երևի սրտումս էլ նույն պատկերն է», անցավ մտքով ու առանց լույսը միացնելու իր մերկությամբ ճեղքելով մութը՝  առաջացավ դեպի պատուհանը:

Բակում իրար հետ վիճելով հեռանում էին Կապույտն ու Սևը…
Կապույտը հաճախակի գլուխը շրջում էր ու նայում իր պատուհանին, որը լուսավորված չէր ու հուշում էր որ տանը մարդ չկա:
Սևը՝ ձեռքերով ինչ որ բան էր հասկացնում, բացատրո՜ւմ, համոզո՜ւմ…
Հասկացավ, որ ինչ որ բան այնպես չէ, որ սիրո լեզուն ենքակա չէ թարգմանման, բայց Սև աչքերի ձեռքերի լեզուն հեռվից հասկացավ  ու անօգնական նստեց հատակին…
Ձեռքում ինչ որ շորի կտոր էր հայտնվել, որը մոտեցրեց աչքերը սրբելու համար, բայց մի ծանոթ ու հաճելի բույր թուլացրեցին ձեռքերն ու մատների արանքից հատակին գցեց Նրա վերնաշապիկը…

- Կվերադառնա՜, անպայմա՛ն կվերադառնա:
Նա հասկացավ ինձ, իսկ ե՞ս, ես չէի հասկանում նրա լեզուն, չեմ էլ ուզում հասկանալ, ես Վերադարձի լեզուն գիտեմ, ես քայլերի լեզուն գիտեմ, ես ետ շրջվելու լեզուն գիտեմ, ես կարոտի լեզուն գիտեմ…ես սիրո լեզուն գիտեմ…


Ս.Ումառ 

пятница, 1 августа 2014 г.

Տե՜ս, ծնկել եմ քո առաջ...(Բանաստեղծություն)

* * *
Տե՜ս, ծնկել եմ քո առաջ,
Գրկել ոտքե՜րդ, Հպվե՜լ ծնկներիդ,
Որ երբեք չհեռանաս…
այսպես մնամ քեզ գրկած
Սե՜ր իմ…կարո՜տ իմ
Լռակյաց…

Դու մի գիրք ես ինձ համար
Սրբազա՜ն, անընթեռնելի,
Ցանկալի,
Ես թերթելով կուլ եմ տալիս
քո էջերը բաղձալի…

Դու այն գեղեցիկ ձմեռն ես,
Երբ նուրբ փաթիլներդ կրծքիդ,
Ինձնից փախչո՜ւմ, հեռանում ես
Ի՞սկ ես…
կարոտում եմ քայլերիդ…

Խոսում եմ սրտիդ հետ, ասես
Ինքս ինձ հետ զրուցում կիսաձայն.
Սեր իմ ի՞նչու ես այդպես
Ոչ երկրային ու դաժան:

Տե՜ս, արցունքի երկու կաթիլ
Կաթում են քո նուրբ՝  ոտքերի մատներին,
Կարծես Քե՛զ եմ գտել,
Սե՜ր իմ…
Որպես վշտի փրկագին:

Աղոթքի երկու տող են շուրթերս
Երգում,
Սահո՜ւմ, բարձրանում քո մարմնով,
Տե՜ս, մի մեղու է զարմացած նայում,
Հորանջում ծույլ բերանով:

Ծնկե՜լ եմ, գրկե՜լ,
Հպվե՜լ աղոթքիս,
Չե՛մ ցանկանում հեռանալ,
Սե՜ր, հիմա
քո լուսե շողն է ընկել մազերիս,
Որ հետո պետք է  չքանա…

Ս.Ումառ 

09.05.14 Երևան