вторник, 5 августа 2014 г.

Գնացած տղաներին


Մերկ ցանկապատեր,
Մենք՝ հևասպա՜ռ…
Հաղորդալարերին նստած ճնճղուկներ՝
Կիսատ ճանապարհներ,
Օրը պակաս  տարի -
Մեր ուսերին ծանր բեռ:
Քանի՞ ուղղակյուն արկղեր՝ փայլուն, խաչադիր,
քանի՞ ընդհատված կյանքեր…
քանի՞ կաթացող տանիքների տակ, 
հիմա չկան նույնիսկ
անտեր կատուներ…
Կիսատ ճանապարհներ, որ
Հասել են միայն դարչնագույն գրքի
առաջին էջին՝
Լուսանկարնե՜ր…
Դեպի աստղերը քայլող հոգիներ,
Թաքնվա՞ծ թե՞ չասված խոսքեր,
երդումներ…
Ու շողում են Ձեր աստղերը
Գնացած տղաներ…


Ս.Ումառ

понедельник, 4 августа 2014 г.

Թե ինչպես ծնվեց մի Բանաստեղծություն



Սրտի ցավը ատամնացավի նման չէ, երբ ընդամենը մի դեղահաբով կարողանում ես լուծել հարցերդ:
Սրտի ցավը դա տարածության ցավն է, երբ դատարկ է սիրտդ ու Անպայման զգում է իր դատարկ լինելը…
… տարածություն, որը հարաբերական դատարկ է, այսինքն բացարձակ դատարկ չէ,
… տարածություն, որտեղ փոքրիկ թռչունի նման մի տձև արարած՝ ծնված թռչելու համար, սողում է, քանի որ իր թևերը դեռ չեն ամրացել այն հայացքից, որը կոչվում է Սեր…
…հարվածում է սրտիդ պատերին, ընկնում սրտիդ հատակին ու նորից իր փոքրիկ տոտիկներով փորձ անում վազելով թափ հավաքել թռչելու համար- նորից ընկնում,
բազմաթիվ փորձերից հետո հոգնած, անհույս փակում է իր դեռ չձևավորված աչքերն ու փորձում քնել, ուժ հավաքելու համար:  
Տարածությունն  այդ պահին վեր է ածվում մի երևույթի, որը կոչվում է Միայնություն:
Միայնությունը դա մարդկային ձայների ու աղմուկների պակասը չէ, դա ներքին միայնությունն է, որը կապված սրտի մի անկյունում, հավատարիմ շան նման ոչ մեկին մոտ չի թողնում…շնչում է անկանոն ու շնչելու-արտաշնչելու հաճախականությունը հասնում է այն աստճանի երբ ոչ մեկը չի կարողանում այն ընդունել…
Այդ պահից  սկսվում է Ցավը…
Ցավը շատ նման է աշնան սառը քամուն, երբ ոտքերիդ տակ  տերևներն են խշխշում մահվան ձայնով, ծառերը տերևների կորստից կորցնում են իրենց իմաստը, ամպերը կարծես ճնշում են ներվահագույցներդ, փնտրում ու չես գտնում մի որևե տաք բան, փաթաթվելու ու կծկվելու մի անկյունում…
Ականջներումդ զանգի ձայներ են, միալար ու տխուր…
Քունքերումդ կոշտ ու կոպիտ մատների հարվածներ են…
Հոգիդ անձայն բղավում է…
Լռությունը լաց է լինում դատարկ սրտիդ մեջ…
Աչքերիդ առաջ մի պառավ ջադու՝ մատը մեկնած քեզ անիծում է…
Ժամանակը սողում է դեպի արևամուտ…

Աչքերիդ տեսանելիության սահմանում հանկարծ երևում է մի շրջազգեստ, չես հասկանում շրջազգեստը շրջելու համար է թե շրջվելու…
Շրջում է աչքերիդ առաջ, արթնացնում սրտիդ տարածության մեջ ուշաթափ եղած թռչնանման էակին, քայլերը համընկնում են քո սրտի զարկերի հաճախականությանը, ծփում է կիսալույսի շողերից ու…
Շրջվում է դեպի քեզ…
Ձեռքերդ զգում են կապանքներց ազատվելը, մատներովդ հոսում է մի տաք ու հաճելի հոսանք, կենդանանում են, շփում են քունքերդ հալեցնում սառցե ուղեղդ…

Վերցնում ես գրիչդ ու…գրածդ դառնում է Բանաստեղծություն


Քայլում էիր:
Կյանքն էր կծկվել -
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:

Քայլում էիր…
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտում էիր,
Ինչպես դիակի
Կապույտ շուրթերին
Արև խայտացող:

Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ՝ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող
Մայրամուտին:


Ս.Ումառ

воскресенье, 3 августа 2014 г.

Կապույտն ու Սևը



Սենյակը մութ էր ու դատարկ, այն աստիճանի, որ միջանցքում նայելով հայելու մեջ՝  ոչինչ չտեսավ…
Դատա՜րկ…
« Երևի սրտումս էլ նույն պատկերն է», անցավ մտքով ու առանց լույսը միացնելու առաջացավ:
Ինչ որ բան էր խանգարում, չէր հասկանում ի՞նչ, հետո մտածեց ու դա երեք թույլ առակայծող լույսերն են, երկուսն իր աչքերից մեկն էլ համակարգչի էկրանի թույլ լույսը:
« Երևի կամաց կամաց գժվում եմ», անցավ մտքով ու մեքենայորեն սեղմեց ինչ որ կայքի վրա:
Մի պահ ուժեղացավ էկրանի լույսը, կարծես ճնշեց ու…
Ինչ որ բան էր խանգարում, չէր հասկանում ի՞նչ, անհանգիստ էր, աչքե՜րը մթության մեջ, էկրա՜նը…զգաց, որ խանգարողը կարճ, իրեն ամուր գրկած շրջազգեստն է, փորձ արեց վրայից հանելու, մերկանալու ու վազվզելու մթության մեջ, ազատվելու ինչ որ բանից, որը տանջում էր…
Երբ կիսահանված էր, սենյակում երևացին երկու զույգ աչքեր՝ նրա Կապույտ աչքերը և մի ինչ որ կնոջ Սև աչքեր, հետաքրքրասե՜ր ու ծակո՛ղ…
Նրա աչքերը, որոնք կրկնում էին. «Մենք իրար չե՜նք հասկանում» և կնոջ աչքերը որոնք ասում էին «Ես կլինեմ ձեր  թարգմանիչը…դո՛ւ չհասկացար նրան, ե՛ս հասկանում եմ…»

Ձեռքերով ակամայից ծածկեց կրծքերն ու նստեց բազմոցին, նրանք էլ տեղավորվեցին իր դիմաց:
Կապույտ աչքերն ասացին
- Մի՞գուցե հագնվես:
Չհասկացավ ինչ էր ասում, հարցական նայեց Սև աչքերին, որոնք թարգմանեցին:
- Կարող ես չհագնվե՛լ, ինձ քո մերկությունը չի՛ հուզում:
- Ինչո՞ւ ես եկել, ի՞նչն է քեզ բերել, բավակա՞ն չէ տանջես ինձ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Հեռացի՛ր, ես ատո՛ւմ եմ քեզ:
Կապույտ աչքերը լցվեցին ինչ որ հեղուկով:
- Ես միշտ սիրել եմ քեզ, հիմա էլ չեմ կարողանում առանց քեզ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Ես ուղղակի սովորել էի քեզ, հիմա ինձ հանգիստ եմ զգում:
Դեմքը դանդաղ իջավ, մազերը կախվեցին կրծքի վրա:
« Չեմ հասկանո՜ւմ, չեմ հասկանո՜ւմ, մի՞թե իրոք ճիշտ էր, երբ ասում էր, որ իր լեզուն չեմ հասկանում…»
Կապույտ աչքերն ինչ որ բան էին խնդրում, նայելով նրան:
- Մեկ ժամից ինքնաթիռս է, մի՞գուցե մի խոսք ասես, մի կերպ պահես ինձ, ես կմնամ, հավատա՛, ես քեզ սիրում եմ ու ոչինչ չեմ կարող անել, եթե դու ինձ չօգնես:
Սև աչքերը թարգմանեցին:
- Ինչպես որ ցանկացար, ես հեռանո՜ւմ եմ, եկել եմ հրաժեշտ տալու, մնա՜ս բարով:
- Մնա՛, խնդրո՜ւմ եմ, մնանք երկուսով, ես քե՛զ, քո՛ լեզուն կհասկանամ, խոստանո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ, դեռ ամեն ինչ կորած չէ, հասկանո՞ւմ ես ինձ:
Սև աչքերը թարգմանեցին:
- Դե քանի որ հեռանում ես, քեզ հաջողությո՜ւն, այդպես ստացվեց, ուրեմն թող լինի այդպես…
Կապույտ աչքերը իջան ծնկի ու ծնկաչոք մոտեցան, գրկեցին ոտքերը, նայեցին աչքերի մեջ:
Սև աչքերը մոտեցան, բարձրացրեցին Կապույտ աչքերին ու հանգիստ տարան նստեցրեցիր նախկին տեղում:
Հասկացավ, որ ինչ որ բան այնպես չէ, որ սիրո լեզուն ենքակա չէ թարգմանման, ենթակա չէ մի երրորդ անձի ներկայության, հասկացավ, որ պետք է մի բան անել, լարել իրեն, սթափվել…ոչի՜նչ չգտավ:
- Ես չե՛մ կարող առանց քեզ, նույնիսկ արդեն քանի օր է չեմ կարողանում վառել լույսը, մնում եմ մթության մեջ, փնտրում եմ քեզ իմ սենյակի ամեն մի անկյունում, ձեռքերով շոշափում եմ վերնաշապիկներդ, հոտոտում, նույնիսկ չեմ դատարկել մոխրամանդ, մի՞թե չես հասկանում ինձ, խոսի՛ր, խոսի՛ր իմ լեզվով, քո՛ լեզվով, պետք չէ թարգմանչուհի, ես հաստատ կհասկանամ…

Լացը խեղդում էր, բերանի անկյուններում թախիծն իր սարդոստայնն էր սկսել հյուսել, ձեռքերն համաչափ դողում էին կրծքերի վրա ու կարծես ուսերի հետ մտած ռեզոնանսի մեջ բարձրանում ու իջնում էին…
Սև աչքերը թարգմանեցին:
- Գնա՛, քեզ բարի ճանապարհ, ես նույնիսկ արդեն քանի օր է լույսս չեմ վառում, որ դու տեսնես դրսից ու հասկանաս, որ տանը չեմ, քո թողած ամեն իր իմ մեջ առաջացնում է կարեկցանք, դու տղամա՛րդ չես ու ես երբեք քո լեզուն չե՛մ հասկանա: Հեռացի՛ր…

Կապույտ աչքերը ոտքի կանգնեցին, հարցական նայեցին ու փորձ արեցին հեռանալու:
Սև աչքերն էլ ոտքի կանգնեցին, բռնեցին Կապույտ աչքերի թևը, գլուխը հենեցին ուսին ու պատրաստվեցին հեռանալու…
Մնում էր մի վերջին, մի հուսադրող փորձ անել հասկացնելու կամ հասկանալու կատարվածը… ոչինչ չէր ստացվում:
Ձեռքերը բարձրացան սրբելու աչքերն ու բացեցին կուրծքը:
Կապույտ աչքերը փայլեցին, փորձ արեցին սլանալու ու…
Սև աչքերի ձեռքերը փակեցին Կապույտ աչքերը ու շշնջացին.
- Տղամա՛րդ եղիր, նա քեզ ատո՛ւմ է, իսկ ես պաշտում եմ, սթափվի՛ր, գնալու ժամանակն է, այստեղ դու ոչինչ չունե՛ս:

Անճարությունից սկսեց հանվել, մերկացավ, փորձ արեց մոտենալու Կապույտ աչքերին, որոնք փակված էին Սև աչքերի ձեռքերով…
Կապույտ աչքերը չէին տեսնում իրեն, բայց զգում էր, որ անհանգիստ են, ալեկոծ, փորձ են անում դուրս պրծնել, ազատվել ինչ որ կապանքներից, չէր ստացվում…
Իսկ Սև աչքերի մոտ ստացվեց Կապույտ աչքերին փակ, դանդաղ իր ետևից դեպի դուռը տանել:
- Ես կվերադառնա՜մ, սպասի՜ր,- բղավում էին Կապույտ աչքերը:
- Քեզ հաջողությո՜ւն, մոռացի՛ր ինձ, մենք չենք հասկանում միմյանց,- թարգմանում էին Սև աչքերը…


Սենյակը մութ էր ու դատարկ, այն աստիճանի, որ միջանցքում նայելով հայելու մեջ  ոչինչ չտեսավ…
Դատա՜րկ…
« Երևի սրտումս էլ նույն պատկերն է», անցավ մտքով ու առանց լույսը միացնելու իր մերկությամբ ճեղքելով մութը՝  առաջացավ դեպի պատուհանը:

Բակում իրար հետ վիճելով հեռանում էին Կապույտն ու Սևը…
Կապույտը հաճախակի գլուխը շրջում էր ու նայում իր պատուհանին, որը լուսավորված չէր ու հուշում էր որ տանը մարդ չկա:
Սևը՝ ձեռքերով ինչ որ բան էր հասկացնում, բացատրո՜ւմ, համոզո՜ւմ…
Հասկացավ, որ ինչ որ բան այնպես չէ, որ սիրո լեզուն ենքակա չէ թարգմանման, բայց Սև աչքերի ձեռքերի լեզուն հեռվից հասկացավ  ու անօգնական նստեց հատակին…
Ձեռքում ինչ որ շորի կտոր էր հայտնվել, որը մոտեցրեց աչքերը սրբելու համար, բայց մի ծանոթ ու հաճելի բույր թուլացրեցին ձեռքերն ու մատների արանքից հատակին գցեց Նրա վերնաշապիկը…

- Կվերադառնա՜, անպայմա՛ն կվերադառնա:
Նա հասկացավ ինձ, իսկ ե՞ս, ես չէի հասկանում նրա լեզուն, չեմ էլ ուզում հասկանալ, ես Վերադարձի լեզուն գիտեմ, ես քայլերի լեզուն գիտեմ, ես ետ շրջվելու լեզուն գիտեմ, ես կարոտի լեզուն գիտեմ…ես սիրո լեզուն գիտեմ…


Ս.Ումառ 

пятница, 1 августа 2014 г.

Տե՜ս, ծնկել եմ քո առաջ...(Բանաստեղծություն)

* * *
Տե՜ս, ծնկել եմ քո առաջ,
Գրկել ոտքե՜րդ, Հպվե՜լ ծնկներիդ,
Որ երբեք չհեռանաս…
այսպես մնամ քեզ գրկած
Սե՜ր իմ…կարո՜տ իմ
Լռակյաց…

Դու մի գիրք ես ինձ համար
Սրբազա՜ն, անընթեռնելի,
Ցանկալի,
Ես թերթելով կուլ եմ տալիս
քո էջերը բաղձալի…

Դու այն գեղեցիկ ձմեռն ես,
Երբ նուրբ փաթիլներդ կրծքիդ,
Ինձնից փախչո՜ւմ, հեռանում ես
Ի՞սկ ես…
կարոտում եմ քայլերիդ…

Խոսում եմ սրտիդ հետ, ասես
Ինքս ինձ հետ զրուցում կիսաձայն.
Սեր իմ ի՞նչու ես այդպես
Ոչ երկրային ու դաժան:

Տե՜ս, արցունքի երկու կաթիլ
Կաթում են քո նուրբ՝  ոտքերի մատներին,
Կարծես Քե՛զ եմ գտել,
Սե՜ր իմ…
Որպես վշտի փրկագին:

Աղոթքի երկու տող են շուրթերս
Երգում,
Սահո՜ւմ, բարձրանում քո մարմնով,
Տե՜ս, մի մեղու է զարմացած նայում,
Հորանջում ծույլ բերանով:

Ծնկե՜լ եմ, գրկե՜լ,
Հպվե՜լ աղոթքիս,
Չե՛մ ցանկանում հեռանալ,
Սե՜ր, հիմա
քո լուսե շողն է ընկել մազերիս,
Որ հետո պետք է  չքանա…

Ս.Ումառ 

09.05.14 Երևան

Սիրուց չեն մահանում



Արևի մի երես առած շող անցնելով վարագույրների արանքից` թափանցեց ու ծակեց աչքերը:
Չէր ուզում վեր կենալ անկողնուց:

Ասում են երջանկությունը թաքցնել հնարավոր չէ:
Երջանիկ մարդիկ հատուկ մարդիկ են: Նրանց կարելի է տարբերել հազարավորների մեջ` աչքերից թափվող լույսի շողերից, հոգուց եկող ժպիտից:
Նրանք ուղղակի երջանիկ են  և պատրաստ են կիսվելու իրենց ուրախությամբ:
Նրանք ցանկանում են, որ շրջապատն էլ երջանիկ լինի իրենց նման:

Իր շրջապատը կողքը քնած ընկերն էր, որին չէր ցանկանում արթնացնել:
Զգույշ տեղաշարժվեց Արմանի ձեռքի վրայով, մի անգամ էլ նայեց` համոզվելու համար, որ քնած է ու չի նայում,  վեր կացավ :
Ինչո՞ւ նայեց, միևնույն է գիտեր, որ քնած է: Ու գիտեր նաև, որ իր` մերկ քնելու սովորությունն  ամեն առավոտ  ստիպում է նայել`  քնա՞ծ է, թե՞ ոչ, նայո՞ւմ է, թե՞ ոչ:
Կյանքը հետաքրքիր է, քնում ես նրա հետ ու, չգիտես ինչու, ամաչում, որ նայում է քեզ:
Արդեն մեկ ամիս կլինի, ինչ խորթ մայրը գնաց  արտասահման, ու Արմանն իր տանն է:
Աստվա~ծ իմ, մի՞թե այսքան փոքր բան է  երջանկությունը (սուրճ պատրաստելով մտածում էր), ու երեսուն տարի պետք է սպասեի:
Այդ երջանկության անունը Արման է, որն ամեն անգամ անկողնում  ինձ գրկելիս, երբ ասում եմ, որ կմեռնեմ սիրուց, սովոր է պատասխանել. «Սիրուց չեն մահանում…»:
- Սուրճ ես պատրաստո՞ւմ, Նա´ռ, - ձայնը տիրական է ու միաժամանակ խնդրող:Ո՞վ կարող է նրա նման…..
- Բերում եմ, համբերի´ր:
- Ես քեզ եմ ուզում, ոչ թե սուրճը:
«Ես կմեռնեմ, եթե նա չլինի:»
- Այսօր մամային ենք դիմավորում, չէ՞:
- Ո՞ր ժամին, ցերե՞կը, թե՞ գիշերը:
- Ցերեկը, մոռացե՞լ ես:
- Ցերեկը չեմ կարող, գործ ունեմ, համ էլ, բա որ նրան դուր չգամ:
- Դու չես կարող դուր չգալ:
- Լավ, մեքենան կթողնեմ քեզ, ինձ այսօր հարկավոր չէ:
- Արմա´ն, ես լավ չեմ վարում, չնայած օդակայան կարող եմ:
- Կարող ես, զգույշ կքշես, և վերջ:

* * *
«Շրջադարձնորից շրջադարձև նորից խաչմերուկմեր կյանքում ինչքան կան շրջադարձեր ու խաչմերուկներչես կարող հաշվել
Լուսաֆորի կարմիրդեղինկանաչև որպես կյանքի չգրված կանոն` խաչմերուկում հայտնվում է ՆԱ : Բախումն անխուսափելի է:
Բայց Սիրուց չեն մահանում»:
Հիմար բաներ եմ մտածում, պետք է ուշադիր լինել ճանապարհին:

* * *
Հոր` հիվանդանոցում գտնվելու վերջին օրերին Ալիսան խոստացել էր, որ մանկատնից կվերցնի իրեն:
Հոր մահվանից հետո Ալիսան կատարեց իր խոստումը: … Ու մեծացան միասին քույրերի նման, բայց այնքան տարբեր` բնավորություններով:
Ալիսան զիջող էր, ու թեթև էր նայում կյանքին: Չէր թաքցնում, որ հոր հետ ամուսնացել էր հանգամանքների բերումով ու վարում էր անհոգ կյանք:
Իսկ, երբ իր նոր տնօրենից ստացավ առաջարկ` միասին գնալ հանգստանալու, շատ մեծ խանդավառությամբ ընդունեց:
Այժմ վերադառնում է ու չգիտես ինչու` մենակ:

* * *
- Օհո~, սա ո՞ւմ մեքենան է:
- Արմանի, ես քեզ ասել էի հեռախոսով:
- Լա՞վն է իր մեքենայի նման:
- Չփորձե´ս, Ալի´ս, ես շատ եմ նրան սպասել:
- Լա´վ, լա´վ, քո նման մի դեղնակտուց ռոմանտիկ կլինի:
- Ո´չ, քո տարիքին է, համ էլ` վերջացրու: Նա մեզ մոտ է ապրելու:
- Ինչո՞ւ տուն չունի,- տեղավորվելով մեքենայի նստարանին` Ալիսան չփորձեց նույնիսկ շրջազգեստն ուղղել` ցուցադրելով գեղեցիկ սրունքները:
- Ունի, մոր և չամուսնացած քրոջ հետ են ապրում, այնտեղ հարմար չէ: Քեզ կխանգարի՞:
- Ո´չ, ո´չ, ավելի ուրախ կանցնի, չէ՞:

* * *
«Շրջադարձ…նորից շրջադարձ…և… նորից խաչմերուկ…Մեր կյանքում ինչքան կան շրջադարձեր ու խաչմերուկներ…Չես կարող հաշվել…
Ինքնապաշտպանության օրենքների համաձայն` պետք է արգելակել բախումից խուսափելու համար, բայց կնոջ տրամաբանությունն այլ է, և արգելակելու փոխարեն վստահ սեղմում է արագացման ոտնակը` ավելի արագ բախվելու ճակատագրի քմահաճույքին:

***

Երբ մեքնան կանգնեց բակում, ու բեռնախցիկից իջեցնում էին իրերը, Ալիսան զարմացավ:
- Բա այն կապույտ ճամպրո՞ւկը, մոռացե՞լ ենք: Իմ բոլոր շորորն այնտեղ են:
- Լա´վ, արի´ բարձրացնենք, Արմանը գա` կուղարկենք օդակայան:
- Ուշ կլինի,- ճամպրուկները բարձրացնելով` ասաց Ալիսան:
Մտան բնակարան:
- Ես կգնամ, կարծես սովորեցի մեքենային ու  ինձ դուր եկավ քշելը: Տո´ւր ճամպրուկի կտրոնը:
- Մինչև լոգանք ընդունեմ կգա՞ս: Ի~նչ լավ է, երբ տանն ես, ասես մի ամբողջ հավերժություն չեմ եղել այստեղ:

* * *
Բակում մեքենան չկար:
«Միթե՞ դեռ չեն եկել, պետք է, որ արդեն տանը լինեին»:
- Նա´ն, որտե՞ղ ես: Ես բակում եմ, դեռ չի՞ եկել:
- Սպասի´ր ինձ բակում, ես մի կես ժամից կգամ, վերադառնում եմ, Ալիսը տանն է:
- Ինչո՞ւ բակում, տանը կսպասեմ:
- Չէ´, ինձ սպասիր բակում: Ուզում եմ իրար հետ մտնենք տուն: Բերածդ ծաղիկներն էլ կտաս ինձ, չէ՞:
- Ի՞նչ գիտես, որ ծաղիկներով եմ….
- Գիտեմ:
- Լավ, հիմարություններ մտքովդ չանցնի, ես քեզ տանը կսպասեմ:
Անջատեց հեռախոսը:
«Այդ պառավի՞ն պետք է խանդի, ինձ ո՞ւմ տեղն է դրել»:
Երբ բանալիով բացեց դուռն ու մտավ, ներսում ասես երկրաշարժ էր եղել կամ շտապ պատրաստվել էին մեկնելու:
Ամեն տեղ շորեր են թափված ու աչքին անսովոր անկարգություն:
Շամպայնը դրեց սեղանին` ծաղիկների հետ, տեղավորվեց բազկաթոռի մեջ, վառեց մի ծխախոտ:
- Նա՞ռ, դո՞ւ ես,- լսվեց լողասենյակի կողմից:    
- Չէ´, Արմանն է,- քիչ բարձր ձայնով ասաց ու երևի փոշմանեց, որ չլսեց Նարինեին:
Սենյակ մտավ  Ալիսան` կիսահագնված, թարմ, պիրկ մարմնով, սրբիչը գլխին փաթաթած:
Արմանը գլուխը թեքեց դեպի պատուհանը:
Հետո վեր կացավ, մոտեցավ` աչքերը չկտրելով չկոճկած խալաթի տակից երևացող Ալիսայի` գլուխները ցցած կրծքերից:
- Ես Արմանն եմ, Նառան երևի….
- Գիտեմ, ինչո՞ւ կարմրեցիր, այդքան ամաչկո՞տ ես: Դե, մինչև Նառան գա, բացի´ր շամպայնը:
- Միգուցե սպասե՞նք…
Ալիսան մոտեցավ ու երկու ձեռքերով փաթաթվեց Արմանին…

* * *
Կյանքը հետաքրքրիր բան է: Կյանքը փողոցներով քայլում է գաղտագողի`ձյան նման ճռճռացնելով ոտքի տակ ընկած սառնությունը:
Մեկ մոտենում է ու մեկ էլ կարծես ինչ-որ բանից վախենալով` թաքնվում ինչ-որ տեղ:
Բայց չէ՞ որ ամեն ինչ ավելի  քան պարզ է. ոչ թե նա է վախենում, այլ մենք ենք վախենում նրանից:
Մենք չենք թողնում, որ մեր կյանք մտնի անսովորը կամ իդեալականացնում ենք, հետո հիասթափվում, որ չի համապատասխանում մեր պատկերացումներին:
Լուսավոր տխրությունը դառնում է տխուր ու մութ սպասումների մի կծիկ` գլորվելով դեպի մեզ:

* * *
«Շրջադարձ…նորից շրջադարձ…և… նորից խաչմերուկ…Հարկավոր է շրջվել, փախչել բախումից, բայց երբ կինը շտապում է փրկելու իր Երջանկությունը, տրամաբանությունն անջատվում է և սկսում է ղեկավարել… սիրտը…
Հիմար, վիրավորվող, վստահող, այնքան անպաշտպան…
Արցունքներ…
Անտանելի ցավ, որը մղում է դեպի մի խոր անդունդ, որտեղ ոչինչ չի երևում, չես էլ ցանկանում տեսնել…
Հարկավոր է ընդամենը արգելակել կամ շրջվել մի այլ կողմ, բայց ոչ…
Ավելի լավ է փակ աչքերով, բոբիկ ոտքերով վազելով սուր սայրի վրայով` արագ օգնության հասնել հեռացող Երջանկությանը` հանուն նրա, հանուն  քեզ…
Առանց հասկանալու, որ Նա պատահմամբ հայտնվեց քո կյանքում` չնկատելով, որ դու նայում ես նրան շունչդ պահած, որ ապրում ես նրա սրտի բախումներին համաչափ:
Չնկատելով, որ գլուխդ պտտվում է նրա ամեն մի հայացքից:
Չնկատելով, որ գտնվում ես Նրա ժամանակի մեջ…
Ժամանակի…
Որը քոնը չէ…

Ինքնապաշտպանության օրենքների համաձայն` պետք է արգելակել բախումից խուսափելու համար, բայց կնոջ տրամաբանությունն այլ է, և արգելակելու փոխարեն սեղմում է արագացման ոտնակը` ավելի արագ բախվելու ճակատագրի քմահաճույքին, վստահ, որ միևնույն է` սիրուց չեն մահանում:
Բախումն  անխուսափելի էր…

* * *

- Ո´չ, քեզ չեմ տա ոչ մեկին, ի~մն ես, ի~մն ես… ես կգժվեմ, Արմա´ն……սպանո՞ւմ ես, սպանի~ր, թո´ղ մեռնեմ ու մնամ քո գրկում այսպես` ոտքերով ու ձեռքերով քեզ գրկած …. Արմա~ն, մեռա~:
- Սիրուց չեն մեռնում, Ալի´ս, ավելի ամո´ւր գրկիր…

Հեռախոսի զանգն ընդհատեց սիրո սիմֆոնիայի վերջին ակորդը…
- Այո, Արմանն է, ի՞նչ, մեքենա՞ս, իսկ…որ հիվանդանոց, հասկացա, հիմա կլինեմ:

Երբ Ալիսայի հետ հասան հիվանդանոց, վիրահատությունը սկսվել էր:
Տևեց երկու ժամ:
Նարինեն աչքերը բացեց, տեսավ Արմանին` նստած իր մահճակալի եզրին ու առանց նայելու զգաց քիչ այն կողմ աթոռին նստած Ալիսայի ներկայությունը:
- Արմա´ն, ես կմեռնե՞մ,- հազիվ շշնջաց Նարինեն կիսաբաց շուրթերով: Շուրթերով, որոնք այդ հարցական նախադասությունը բազմիցս արտաբերել էին ոչ հարցական:
- Սիրուց չեն մահանում, Նա´ռ ջան, ամեն ինչ լավ կլնի, - ասաց Ալիսան:
- Ուրեմն չհասցրեցի՞:
Արմանի ու Նարինեի հայացքները հանդիպեցին:
Արմանը կարմրեց:
Նարինեն դառը ժպտաց ու  փակեց աչքերը:

* * *
Սիրո բեկորը, ընկնելով սիրտը, վերք չի առաջացնում, ընդամենը վիրավորում է: Սիրտն այունոտվում է, իսկ դու ապրում ես, ապրում ես ցավով, տանջվում ես, բայց չես մահանում:

Ժանամակի ընթացքում ցավը կամաց- կամաց հետ է քաշվում…բայց միայն միառժամանակ, հետո գալիս է նոր ալիք, որը բեկորին սեղմում է ավելի խոր, ու կիսվում է սիրտը: Թվում է, թե ավելի ուժեղ ցավ չկա, բայց…
… Դիմանում ես, ելք չկա, որովհետև սիրուց չեն մահանում, մահանում են մենակությունից, երբ ոչ մեկին պետք չես,նույնիսկ` ինքդ քեզ:

* * *
Երբ Նարինեի դագաղը իջեցնում էին փոսի մեջ, ու լսվում էր Ալիսայի լացը, Արմանի գլխում խառնաշփոթ էր:
“Լավ, իսկ  որտե՞ղ է երջանկությունը:
Միթե՞ մարդու կյանքն իմաստավորվում է, երբ զգում է, որ ինքը պետք է ինչ-որ մեկին:
Կա՞ն մարդիկ, որոնք ներում են դավաճանությունը:
Կա՞ն, որ դրանից դառնում են անտարբեր:
Կա՞ն մարդիկ, որ ուղղակի լռում են ու լուռ կուլ տալիս արդեն ոչ այնքան մաքուր ու ոչ այնքան ամուր դարձած հարաբերությունները:
Սիրուց չե՞ն մահանում:
… Մահանում են»:

Ս.Ումառ