суббота, 5 апреля 2014 г.

Ինձ կոչում են տղամարդ


Ավտոբուսի ապակիներն անլվա են, գրեթե անթափանց:
Շարժվում է դանդաղ, ասես` մտածելով:
Իրար թև-թևի մտած ու կարծես <Քոչարի> պարող շենքերն արագ անցնում են ու հուշում, որ ավտոբուսը դեռ դուրս չի եկել Երևանից:
Ավտոբուսի հետևի դուռը ներսից փակ է ժանգոտ, կախովի կողպեքով:
Առջևի դռան մոտ,կողպեքի փոխարեն նստած է մի ենթասպա,  <ա լա Մյունհաուզեն> բեղերով, կարմիր այտերով ու հողի հետ շատ գործ ունենալուց ճաքճքած ձեռքերով:
Վարորդն էլ ասես մի բարեխիղճ ճարտարապետի ձեռքերով գծված մեծ ու փոքր քառակուսիների միակցություն  լինի ու անտարբեր սուլում է ինչ-որ ծորուն մեղեդի:
Ինչ-որ մեկի չարակամ շուրթերն են ասել, որ մեղեդին զուտ հայկական է:
Ուղևորները նորակոչիկներ են….
Նախավերջին նստարանին`պատուհանի մոտ նստած նորակոչիկներից մեկի ձեռքին <Հաֆեզ>-ի նարնջագույն փոքրիկ հատորյակ է: Կարճատես լինելու պատճառով գիրքը շատ է մոտեցրել աչքերին:
Հետևի նստարանին չորս հոգով <Բլոտ> են խաղում:  Խաղաթղթեր բաժանողն ինքնավստահ է, ու ասես իմիջիայլոց` բարձրաձայն հարցնում է.
- Կանգառ լինելո՞ ւ է, պարո´ն սպա:
- Ես սպա չեմ, ադա´, ես պրապորչիկ եմ, գլխի ե՞ս: Եղեգնաձորն անցանք, թե չէ , էդ կառտերը լուսամուտից դուրս, գլխի ե՞ս:
Ասաց ու ձեռքը տարավ բեղերին:
- Խի՞,  պապայիդ փողերն եմ կրում, գլխի ե՞ս :
Համընդհանուր ծիծաղի մեջ ինքնավստահ նորակոչիկը գրավում էր առաջնորդի իր դերը:
<Այդպես էլ պետք է լիներ>,- մտածեց հատորյակ կարդացողը, ու գիրքը խնամքով դրեց զինվորական գրքույկի մոտ` ծոցագրպանը: Հանեց ակնոցները, շուռ եկավ դեպի տղան, կարծես ինչ- որ բան էր ուզում ասել….
- Դո՞ւ խի  ես նայում, կազյո´լ,առաջին անգամ ես տեսնո՞ւ մ:
Տղան գլուխը կախեց:
Իհարկե առաջին անգամ չէ…
*
* *
Մեկ ամիս կլինի, որ հենց այդ նույն տղան`Չարխի Գուգոյի տղա Համոն, մոտեցավ իրեն.
- Մի անգամ էլ քեզ քրոջս հետ տեսա, չնեղանա´ս, հասկացա՞ր, արա´..
- Բայց մենք սիրում ենք իրար, դու…
Բռուցքի հարվածը չուշացավ: Քթից սկսեց արյուն գալ: Ակնոցներն ընկել էին ասֆալտին, չէին կոտրվել: Ձախ ձեռքով քիթը բռնած` փորձեց կռանալ ու աջ ձեռքով վերցնել ակնոցները: Մի բռուցք էլ իջավ գլխին, ու շաղված աչքերով հազիվ նշմարեց իր ակնոցների վրա իջած Համոյի կրունկը:
Երեկոյան զանգեց Տաթևիկը:
- Ինչպե՞ս կարող ես ինձ սիրել, երբ ինքդ քեզ չես կարող պաշտպանել: Եղբայրս քեզնից տարիքով փոքր է,  բայց…
Տղան ակամայից ձեռքը տարավ քթին:
- Կզանգես, երբ կզգաս, որ արդեն տղամարդ ես:
Քամին աղմուկով բացեց պատուհանի փեղկերը ու շշնջաց տղայի ականջին. <Բանակը քեզ տղամարդ կդարձնի>: Հետո պտտվեց տղայի շուրջը,ն որից իր դավաճան շուրթերը մոտեցրեց տղայի ականջին. <Թող այդ կենսաբանականը,  ավելի թանկ չէ,  քան Տաթևիկի կորուստը>: Ու հեռացավ:
Հեռանալիս չմոռացավ շուռ տալ ու գրասեղանի վրայից գցել Տաթևիկի նկարը:
Նկարը պտտվեց օդում ու հակառակ կողմով ընկավ հատակին:
* * *
Ավտոբուսը, ոտքից կաղ մարդու նման օրորվելով, հողե ճանապարհով մտավ զորամաս:
Նորակոչիկներին այստեղ սպասում էին:
Մի խումբ սպաներ հեռու կանգնած ծխում էին:
Նորակոչիկներին շարքով կանգնեցրին ավտոբուսի մոտ:
Բեղ-ենթասպան <Զգա´ստ> հրամանից հետո շարային քայլերով մոտեցավ սպաներից մեկին.
- Պարո´ն կապիտան..
- Ազա´տ: Բոլորը հանեն զինգրքույկներն ու մեկ-մեկ մոտենան ,- ձեռքով ցույց տվեց ծառի տակ դրված սեղանի մոտ նստած լեյտենանտին:
Բոլորի ձեռքում հայտնվեցին զինվորական գրքույկները, իսկ մեկի` զինգրքույկի հետ նաև նարնջագույն մի փոքրիկ գիրք:
- Արա´, դո´ւ, աչկարի´կ, էդ ի՞նչ ա ձեռքիդ, մի ե´կ ստեղ:
Տղան մոտեցավ սպային: Կարծես քնի մեջ լիներ: Ու զինգրքի հետ մեկնեց նաև հատորյակը:
Սպան նայեց, շուռումուռ տվեց հատորյակը, ու շպրտեց կանաչների մեջ:
Դեղնականաչավուն խոտերի մեջ հատորյակը համարյա չէր երևում:
- Սրանից հետո ես ձեր հա´մ Հաֆեզն եմ, հա´մ Օմար Խայամը: Ես ու կանոնագիրքը, գլխի ե՞ք:
Տղան ոչինչ չասաց, դանդաղ մոտեցավ գետնից բարձրացրեց հատորյակը, ստուգեց: Տաթևիկի նկարը տեղում էր:
- Մո´տ արի,- բղավեց սպան:
Տղան մոտեցավ:
- Արա´, քեզ ո՞ վ թողեց առանց հրամանի:
Շառաչեց ապտակը:
Տղան օրօրվեց, բայց մնաց կանգնած:
Համարյա ոչինչ չէր լսում: Նորակոչիկների հռհռոցն էր ու հեռվից շատ հեռվից քամու խոսքերը, թե բանակը քեզ տղամարդ կդարձնի:
Տղան սթափվեց այն ժամանակ, երբ զգաց, որ տաբատը թրջվել է: Վախի՞ց էր, ամոթի՞ց, անկարողությունի՞ց, իրենից տարիքով փոքր նորակոչիկների՞ց, թե՞ Չարխի Գուգոյի տղա Համոյի` <Շալվարդ հանի´, կմրսես, փեսա´ ջան> խոսքերից:
Երեկոյան բոլոր նորակոչիկներն ստացան համազգեստ:
Կեսգիշեր էր:  Զորամասի ննջարանի դռնից դուրս եկավ մի ստվեր, անցավ օրվա հերթապահ զինվորի կողքով: Զ ինվորը քնած էր` գլուխը պահարանին դրած ու կարծես դեռ քնի մեջ էլ ծիծաղում էր իր վրա:
Ստվերը մոտեցավ բակում չտաշված,  մի կերպ իրար մեխած տախտակներից պատրաստված զուգարանին, մտավ ներս, հանեց տաբատի գոտին…
Քամին անաղմուկ ու դանդաղ,վայելելով գիշերվա հանգիստը, մոտենում էր:
Քամու աչքն ինչպես միշտ սուր էր ու մթան մեջ տեսավ գետնին ընկած հատորյակը:
Թերթեց, գտավ ընդգծված տողերը, կարդաց`
<Քեզ տեսնելու հույսն է, որ ինձ դեռ պահում է կենդանի,
Թե չէ վաղուց ես կտայի կյանքս մահին, որ տանի…>
Քամին զուգարանի հրավիրող ճեղքերից սուրաց ներս, տեսավ տղային`իր վաղեմի ընկերոջը, մի քիչ խաղաց ոտքերի հետ:
Տղան գոտուց կախված սկսեց օրորվել:
Քամուն արդեն հետաքրքիր չէր տղան, նորից դուրս եկավ ավելի մանրամասն սկսեց թերթել հատորյակը ,գտավ մի աղջկա նկար, շուռումուռ տվեց,  իր թեթև ձեռքերով վերցրեց ու…տարավ:
Ո՞ւր….
Երևի տղամարդկանց ցույց տալու:


Ճակատագի´ր իմ (բանաստեղծություն)



* * *
Ճակատագի´ր  իմ,
Քե´զ ապավինել՝
Հավատացել եմ գոյությանը քո,
Բայց կարոտներս
Արդեն ծերացել,
Ու ծնկել են քո ճանկերի ներքո:

Ճակատագի´ր  իմ,
Բա´խտ իմ անարժան,
Վազվզում եմ քո փողոցներով ցած,
Վախով նայում եմ 
Աչքերիդ  դաժան,
Ուսերիս վրա թախիծս բարձած:

Ճակատագի´ր  իմ,
Հույսի´ս սպանդանոց ,
Նորի´ց եմ ճեղքում քո կուրծքը  մրմունջ,
Նորի´ց եմ փորձում
Գտնել նոր փողոց,
Որտեղ ծխում է դեռ մի սուրբ անուրջ:

Ճակատագի´ր  իմ,
Բա´խտ իմ դիվահար,
Քո  ճանապարհը վերջ ունի՞ արդյոք,
Սկիզբը ես գիտեմ՝
Ցա´վ  էր ինձ համար,
Ու երկա~ր երկա~ր կսկիծ էր մորմոք:

Ճակատագի´ր իմ,
Իմ երա´զ մրսած ,
Թափառո´ ղ  կարոտ,
Հո´գս ուրվագծված,
Ես ինչպե՞ս քնեմ, երբ դեռ վազում եմ ,
Երբ խարխափում եմ,
Սայթաքում եմ քո թանձր մշուշում,
Չգրված տողս էլ  արև է հուշում:


Ս.Ումառ

Ուզում եմ համբուրվել (բանաստեղծություն)

* * *
Թույլ տուր խնդրում եմ,
այսօր քո երազում,
խաղաղ ու զգույշ հայտնվել,
միթե չգիտես որ ինչ որ մեկի համար
հունվարը կարող է գարուն լինել:

Նորից կլինենք մենք միասին,
կարծես երբեք չենք բաժանվել,
այսօր գտել եմ կորած մի ժպիտ
անընդհատ ուզում եմ համբուրվել:

Ինչո՞ւ ես լռում,
Ի՞նչ որ ձայն ես լսում,
Ոչ, դա ես չեմ, ճիշտն ասած
ինչ որ հիմար մի հրեշտակ է հորանջում,
մարմնավաճառի ծնկները գրկած:

Տես ինչ դանդաղ է իջնում արցունքի
կաթիլը անագե աչքից,
տես, թե ինչպես է դուստրը զգացմունքի
ազատվում թախիծի զգեստներից …

Դե լավ, լռո՞ւմ ես, ի՞նչ արած,
Մնում է իմ աշխարհում առանց քեզ լինել,
մնում է համբուրել երազս երազած…
Անընդհատ ուզում եմ համբուրվել…


Ս.Ումառ

Ստվերդ

* * *
- Դո՞ւ ես ծանր,
Թե՞ ստվերդ,
Թե՞, սիրտ մաշող մի հառաչ,
Թե՞ թարթիչիդ մի սուր մազն է,
Սրտիս պատի մեջ ցցված:
- Շատ դյուրին է ինձ ապրելը սրտիդ մեջ,-
Հոգիս գրկած շշնջում են
Շրթունքներդ կարմրաթերթ:
Ես կուռքի պես աղոթում եմ միայն քեզ,
Պատառոտում մի կողմ գցում
Համբերության իմ շորերը աներես:
Սվաղում եմ հոգիդ կրծքիս,
Սիրտս՝ սրտիդ հետ զոդում,
Դո՞ւ ես ծանր, թե՞ ստվերդ,
Ես ոչինչ չեմ հասկանում:


Ս.Ումառ

Բանաստեղծություն

Դու պոռիկ էիր, երբ սիրեցի քեզ:
(Մ՞իթե սիրտը կարիք ունի կառավարման)
Բնության դեմ, դեմ հանդիման…
Ես սիրեցի
Ոչ մի բան:
Դու պոռնիկ էիր, բայց շատ սիրելի,
Կյանքս թողած մտա քո կյանքն անվարան,
Առանց վախի ու ամոթի բարձրաձայն
Ես սիրեցի
Ոչ մի բան:
Դու պոռնիկ էիր, բայց հետքերդ այրող հուշ,
Վայրի աղմուկ, քաղցր մոլուցք,
գողտրիկ կտոր բնության,
Կարող էիր դևին սարքել հրեշտակ,
Կույսին սարքել անամոթ,
Հրեշ սարքել քահանայից սրբազան,
Փախարենը չպահանջել ոչ մի բան:
Հենց այդպես էր, հենց այդպես էլ,
Ես սիրեցի
Ոչ մի բան:
Դու պոռնիկ էիր, իսկ ես քո մեջ պարփակված,
Քո մեջ ապրում, չէր մահանում  քո  ներկան,
Կարելի է մի՞թե, երբ վսեմ է սերն այդքան,
Մարդկանց ատել, քինոտ, նախանձ,
Ու անկողին մտնել միայն լույսը մարած:
Միթե սերն էլ կարիք ունի կառավարման,
Եթե այո, ինչ որ մի տեղ սխալ կա արված,
Ես սիրել եմ…
Ու սիրել եմ ոչ մի բան: