четверг, 27 марта 2014 г.

Լռության ձայնը


- Լսիր ինչ հաճելի ձայն ունի լռությունը:
Այգու դատարկ նստարանին ընկած դեղին տերևին փախցնելու քամու ձայնը:
Անցորդների ժպիտի ձայնը:
Համբուրվել չիմացող տղայի հայացքի ձայնը:
Երկար սպասված հանդիպման ձայնը:
ճակատագրի ձեռքի ուսիդ իջած ձայնը:
Կամակոր բնության ձայնը:
Դժբախտ աշնան ձայնը:
Կուրծքդ հաճելի այրող խոստովանության շրթունքների ձայնը:
Համաձայնության սոպրանոյի աչքերի փակ ձայնը…
Եվ այսքանից հետո դու նորի՞ց կասես, որ լռությունը ձայն չունի:
- Ոչ, չեմ ասի, խոսի՛ր,

ես ուզում եմ լսել լռության ձայնը…

Ս.Ումառ

Ծաղկած նռենի

Դու չսովորեցիր լռել, երբ ես եմ խոսում :Դու չսովորեցիր համաձայնել ինձ հետ , երբ ինչ-որ բան եմ որոշում:
- Այս ի՞նչ արեցիր,- ծղրտում ես դու: - Ինչո՞ւ այդքան խմեցիր:

* * *
Երեկ մի քիչ խմեցի, ինչ-որ բառեր էի ասում կիսահանգերով, հետո արմունկիս դրած թեյի բաժակով օղի խմեցի:
Պահը դուրեկան էր: Բոլորը սպասում էին, որ այդքան խմելուց հետո չեմ կարողանա ոչինչ անել կամ ասել:
Միտքս պայծառ էր, բայց…
Իսկ Նա, ում ծննդյան օրն էր, և ում վաղուց հավանում էի, մոտեցավ ինձ:
- Կարո՞ղ ես մի բան նվագել ինձ համար, որ քո աչքերի նման ծովագույն լինի, նվիրածդ թրաշուշանների նման` մանուշակագույն և իմ երազների նման`վարդագույն:

* * *
Դու կարճ տարածություն դուրս եկած մարզիկի նման շտապում ես հասնելու վերջնագիծը նշող կարմիր ժապավենին`կրծքով հատելու համար: Շտապում ես բղավել, որ հասար վերջնագծին առաջինը, չնայած վազքուղում երկուսով ենք`ես ու դու`իմ սիրտը:

* * *
Չկարողացա բացատրել, որ ես ընդամենը մի ապահովագրական գործակալ եմ և բացի ապահովագրելուց ուրիշ ոչինչ չեմ կարողանում:
- Իսկ գեղեցիկ խոսքե~րդ, փիլիսոփայե~լդ, կրոնի մասին հատուկ կարծիք ունենա~լդ, իսկ նման ձևով օղի խմե~լդ: Դու գիտես, թե ո՞վ ես: Դու ուղղակի փուչիկ ես` անգիր արած բաժակաճառերով և զինվորականի կոշտ ու կոպիտ շարժումներով:

* * *
Անբացատրելին ինձ պատուհանի մոտից տարավ ու թաղեց բազկաթոռի մեջ: Աչքերս կիսաբաց` ինձ թվաց, թե ինձնից ձեռք քաշեց: Բայց միտքս քչփորում է, թաքնված տեղերից հանում ու սենյակում խառնիխուռն թափված կանացի ներքնաշորերի վրա նետում մեկօրյա հիշողության  պատառներ:
Որտե՞ղ եմ:
Ամբացատրելին համր է:
Իսկ իմ ակնջներում ջրի կաթիլների վայր թափվելու քաոսային ձայնն է..
* * *
Դու չսովորեցիր, որ որպես զրուցակից` իմ սիրտն ես` անբացատրելի ու նեղացկոտ: Ես էլ չսովորեցի կամաց-կամաց հարմարվել քո լեզվի ու ցանկություններ հետ:
Մա՞րդ էլ վիճի իր իսկ սրտի հետ:
* * *
Մոտեցավ մի անծանոթ` կապույտ շրջազգեստով ու հետաքրքիր աչքերով աղջիկներից մեկը, որին մինչ այդ չէի նկատել:
-Դու չես կարող չնվագել, ես չեմ հավատում:
Ես անձայն մոտեցա դաշնամուրին: Ճիշտ է ,վաղուց չէի նվագել, բայց անբացտրելին ձեռքիս մատները դրեց դաշնամուրի սպիտակ ստեղներին, ու Շոստակովիչի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար հորդաց ներկաների երակներում:
Ես նվագում էի, իսկ անբացատրելին ինձ պատմում էր, որ ինչ-որ մի տեղ մեղու է խճճվել դիակի մորուքի մեջ, որ ինչ-որ մի տեղ նստած ու իրար են նայում երկու սևազգեստ կին`<պղինձ դեմքերով>, որ ինչ-որ մի քաղաքում հայտնվել է Անհամատեղելին,պառկել քնած ամուսիններ միջև ու մինչև առավոտ շրթհարմոն նվագել, որ…որ…
Երբ անբացատրելին իմ աջ`խաչակնքող ձեռքով նվագեց վերջին ակորդը, ես արդեն հարբած էի:

* * *
Դու չընդունեցիր, որ քո վարպետ ձեռքերով ծեփել ես դեմքիս մի դիմակ`ծիծաղ դիմակ, դիմացիններից ցավս ու վիշտս թաքցնելու համար:
Ինչո՞ւ:
Որովհետև անբացատրելի ես:

* * *
-Այո, գերմանական մեծ կոմպոզիտորին լավ ես հասկացել:
Գերմանական:
Ես արագ շուռ եկա, որ նայեմ մինչ այդ հրաշալիք համարած նրա աչքերին, բայց նա դեմք չուներ , դատարկություն էր, կամ իմ աչքերն էին դատարկություն:
Ոչ, իմ աչքերը չէին, որովհետև ես պարզ տեսա իմ ձախ ուսին իջած, ինձ նվագել համոզող աղջկա ձեռքը:
Անձայն գնացի խոհանոց, իսկ որոշ, շատ կարճ ժամանակից հետո դուրս եկա աստիճանավանդակ:

* * *
Դու ինձ չսովորեցրեցիր տարբերել սուտ սիրո զգացողության համը: Ու հիմա անսեր համբույրներից թքի պղպջակները հերթով պայթում են բերանիս կիսածռված անկյունում:

* * *
Աստիճանավանդակում`աստիճանների վրա կապույտ շրջազգեստով աղջիկն էր նստած մի մեծ շան թոկը ձեռքին, շունն էլ հանգիստ պառկած էր:
Շունն ինձնից վախենալու պատճառ չուներ, դրա համար էր հանգիստ: Իսկ շան տիրուհին ինչու էր հանգիստ, չհասկացա, քանի որ կիսաբաց էին թե´ կուրծքը, թե´ ոտքերը: Աղջիկը անտեսում էր ձմեռը կամ իմ աչքերը:
Ես ցանկացա ծխել, ու ձեռքս տարա գրպանս: Շունն ալարկոտ նայեց ու գլուխը շրջեց:
-Տարօրինակ է,- ասաց աղջիկը,-շ ունս չարձագանքեց, դեռ այսպիսի բան չէր պատահել:
Անձայն վառեցի ծխախոտս:
-Ի~նչ լավ էիր նվագում,- հաստատուն տոնով փաստեց աղջիկը, այնպիսի չարաճճի աչքերով, ինչպիսին նրա կիսաբաց կրծքերն էին ու ոտքերը:
Իմ աչքերը դասվում են ամենաչարաճճի աչքերի շարքին, ուստի չկարողացան չմտնել նրա կիսաբաց կրծքերի մեջ, բայց, ա´յ, կիսաբաց ոտքերի մեջ աչքերս միայն մութը տեսան:
Աղջիկը գիտեր, որ նստած է անհարմար, բայց չգիտեր երևի, որ կարելի է նստել ավելի անհարմար ու չտանջել ուրիշի աչքերին: Նստել այնպես, որ ուրիշի աչքերն ինչ ցանկանան, այն էլ տեսնեն…

* * *
Ներսի կողմից քո պատերին քերծված են բառեր
<Վերցրո´ւ, վերցրո´ւ, քո´նն են>:
- Ո´չ, ե´ս չէի նվագում, այլ` կապույտ շրջազգեստով մի աղջիկ:
Ես հասկացա, որ աղջիկը մոտերքում է ապրում, քանի որ այդ ընթացքում չէր կարող գնալ շան հետևից ու վերադառնալ:
-Չի կարող պատահել, նվագողը տղամարդ էր, քանի որ կանայք հավաքույթներում Շոստակովիչ չեն նախընտրում:
-Իսկ ո՞ւմ են նախընտրում կանայք:
-Ոչ թե ո՞ւմ, այլ` ի՞նչ: Կանայք նախընտրում են կապույտ աչքեր, վարդագույն խոսքեր, մանուշակագույն ծաղիկներ, իսկ տղամարդիկ..՞
-Դե´, համարձա´կ:
-Տաք սև սուրճ`առանց շաքարի, կարող եմ հյուրասիրել:
Ձեռքով ցույց է տալիս կողքի դուռը:
Աաա~, հարևանուհին է:

* * *
Դու չընդունեցիր, որ նուռը ճաքում ու իր հյութը ձյան վրա է թափում երկու անգամ`
առաջին անգամ, երբ դառնում են կին,
երկրորդ անգամ, երբ կին են դառնում:
Դու այդպես էլ չսովորեցիր, որ մաշված ու տանջված բառերին`<Ես քեզ սիրում եմ>, եկել են փոխարինելու <Դու ինձ պետք ես>բառերը:

* * *
Սենյակն անբացատրելի է,անծանոթ, անհասկանալի:
Ո՞րտեղ եմ:
Ինչ-որ մեկի սառած մատները խառնեցին միտքս, մազերս, հետո բռնեցին ձեռքս ու ինձ անծանոթ մահճակալից տարան դեպի պատուհանը, որտեղից պետք է որ երևար դեռ նախնադարից աճած ու չորացած նռենին:
Դրսում ցուրտ է ու անծանոթ փողոց:

* * *
Դու չսովորեցիր հաշտվել այն մտքի հետ, որ հեքիաթները դրանք կյանքի պայծառ էջեր են , որ պետք է կարդալ դանդաղ, առանց շտապելու վայելել միայն հաճելին ու իրականալին, որովհետև դու իմ սիրտն ես, այլ ոչ թե հոգին:

* * *
Ցուրտ է:
Անմբացատրելին ձեռքս բռնած տարավ դեպի մահճակալը:
Քաշեցի վերմակն ու պառկեցի արդեն բացատրելի սենյակում`կապույտ շրջազգեստով աղջկա սենյակում:
Ազդրերիս խոնավություն զգացի: Նորից քաշեցի վերմակն ու ոտքերիս արանքում տեսա լճացած, ամնեղ սիրո` ահավոր հաճելի նռան գույնը:

* * *
Դու` կյանքիս նման սարսափելի ձեռքերի ափերով հավաքեցիր ու նռան մեջ լցրեցիր իր իսկ հյութը:
Նուռը ճաքեց հաճույքից:

* * *
Մոտենում եմ լոգարանին:
Նռենին թափանցիկ շղարշով ցանկապատված` լոգանք է ընդունում:
Շղարշի անձեռնամխելիությունը հսկում է շունը:
Քաշում եմ շղարշը: Շունը գլուխը շրջում է:
Ամոթխածության սավանը գետին է ընկնում, ու ամբողջական մի մեծ ժպիտ կուլ է տալիս ինձ, ինձ, ոչ թե քեզ:
Շունը հսկում է իմ` բերանները բաց կոշիկները:
Անբացտրելին ինձ հրում է նռենու ճյուղերի տակ:
Նռենին փաթաթվում է ինձ:
Թափվող տաք ջրի կաթիլների տակ ես արդեն տարբերում եմ իսկական սիրո համը` նռան համը:

* * *
Ի՞նչ, դու նո՞րից ուզում ես խոսել, վիճել:
Ինչո՞ւ նորից լսել քեզ ու հեռանալ:

* * *
Փակ աչքերով ականջիս շշնջում է.
-Դու չես կարող հեռանալ: Դու կմնա՞ս, չէ՞:
Աչքերս կիսաբացում եմ, լողասենյակի փոքրիկ հայելու մեջ տեսնում եմ ինձ`նռան հատիկներով զարդարված:
Հայելու միջից իր ահռելի երախով ինձ ծամում ու կուլ է տալիս իդեալիս կարմիր գերեզմանը:
Կարմիր, որովհետև իդեալի գերեզմաններից միայն իմ գերեզմանին է դեռ նախնադարից աճած ու նորից ծաղկող նռենին:


Ս.Ումառ

среда, 26 марта 2014 г.

Առնետների որջը


Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս, պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
Ինչո՞ւ ենք մենք այդպես անտարբեր կյանքի նկատմամբ, բայց միաժամանակ` կառչած նրանից:
Կարճ ասած` ատում ենք կյանքը, բայց ցանկանում ենք ապրել…

* * *
Խմբագրի ձեռքը մեկնվեց սեղանի հեռախոսի կոճակին:
- Լարիսա´, արի´ ինձ մոտ:
Երբ Լարիսան մտավ ներս, խմբագրի աչքերն ուրախացան: Միշտ էլ մեծ հաճույքով էր ընդունում այդ գերժամանակակից աղջկան:
- Նստի´ր: Դու, ճիշտ է, արտահաստիքային ես, բայց այսպես ասած` լավության կարգով քեզ մի առաջադրանք եմ ուզում տալ: Արդեն երրորդ ամիսն է, չէ՞, որ հոնորար չես ստացել:
- Այո´, դե, գիտեք իմ դրությունը…
- Գիտեմ, գիտեմ,- խմբագիրը մի թուղթ վերցրեց ու ուշադիր նայելով`շարունակեց:
- Մի կարգին հոդված է պետք անտունների, այսպես ասած` <բոմժերի> մասին: Զգայացունց հոդված: Սա լուրջ պատվեր է, հոնորարդ կլինի չպատկերացրած չափի: Եթե համաձայն ես, կարող եմ ձևակերպել:
- Ես, իհարկե,  համաձայն եմ: Հենց այսօրվանից կսկսեմ…
- Չէ´, դու չհասկացար: Դու պետք է նրանց մեջ լինես, հասկանո՞ւմ ես: Մի քանի խմբագրություններ են նույն պատվերը ստացել: Այնպես որ, պետք է լինի չափազանց անկեղծ ու իրական: Հոնորարը այնքան մեծ է, որ պետք է կիսվի իմ և քո միջև: Հուսով եմ` հասկացար: Մենք պետք է անպայման հաղթենք: Միգուցե հոդված չլինի, լինի պատմվածք կամ…. Հուշելու համար ասեմ, որ կարող ես նրանց գտնել որևէ գերեզմանոցի տարածքում, մոտակայքում,  չգիտեմ, իմ ունեցած տվյալները դրանք են: Ունես երկու օր:
- Հասկացա, - Լարիսան վեր կացավ ու դուրս եկավ սենյակից:

* * *
Ինչպես կարգն է՝ գերեզմանոցում մեռելային լռություն էր:
Սպիտակ ձյունն այնքան խնամքով էր տարածվել բոլոր գերեզմանաքարերին, որ ասես մի հոգատար ձեռք էր ծածկել մոմե դեմքերով, սև , դասական ոճի կոստյումներով ննջեցյալներին:
Ոչ մի ոտնահետք չկար ձյան վրա:
Կիսամերկ, քրքրված շորերով կինը` թևի տակ սեղմած մի սև պայուսակ, կարծես նպատակամղված քայլում էր որոշակի գերեզմանի ուղղությամբ:
Գերեզմանային լռությունն այքան էր ազդել նրա վրա, որ չէր կարողանում նկատել տարբեր կողմերից հեռվից իրեն հետևող, ցնցոտիավոր երեք մարդկանց:
Ընտրեց պատահական մի գերեզման, որի մուտքը հաղորդալարի կտորով էր փակած, բացեց դռնակը, մոտեցավ տապանաքարին` նախապես ձեռքի պայուսակը կախելով ցանկապատի սրածայր ցցերից մեկին:
Սառած ձեռքերով փորձեց մաքրել ձյունը տապանաքարի վրայից, նստեց մեջքով դեպի դռնակը:
< Պայուսակումս լուցկի ու խունկ կա: Մի՞գուցե նաև փորձեմ վառել, համ էլ` կարող է ծուխը հեռվից երևալ>, - մտածեց ու շուռ եկավ դեպի դռնակի կողմը:
Պայուսակն արդեն չկար:
Դռնակից դեպի գերեզմանների խորքը ձգվում էին ոտնահետքեր:
Վախից դողացող ոտքերով փորձեց քայլել դեպի գերեզմանից դուրս տանող դռնակը, բայց չկարողացավ:
Հասկացավ, որ ցուրտը թույլ չի տա երկար ժամանակ մնալ այդպես անորոշ վիճակում:
Վեր կացավ, սկսեց քայլել ոտնահետքերի ուղղությամբ` մտքում անիծելով այն պահը, երբ համաձայնեց խմբագրի առաջարկած գործարքին, բայց, դե, փող է հարկավոր…
Հետքերը տարան գերեզմանոցի պարսպին կպած մի հին, առանց պատուհանների ու դռների շինության մոտ: Պարզ երևում էին դեպի նկուղ տանող ոտնահետքերը, բայց սիրտ չարեց մտնել ներս:
Նստեց մի անտաշ քարի վրա ու սկսեց դողացնել:
Ներսից լսվում էին խուլ ձայներ:
Երբ սկսեց կամաց-կամաց մթնել, ներսից երևաց կրակի լույսը: Ու անկարող դիմադրելու վախին` մի կերպ բռնվելով քանդած պատերից` իջավ նկուղի ուղղությամբ:
Մոտ տասը զույգ աչքեր չռվեցին անծանոթ ստվերի վրա: Հետո մեկը, որի ոտքերին թելով կապած նախկին կոշիկի տակացուներ էին, մի քիչ քաշվելով` տեղ տվեց կրակի մոտ:
- Արի´, տաքացի´ր, Կամբալա´, Կամբալա´:
- Ի՞նչ, - մի կերպ ատամները ցրտից չխչխկացնելով` հարցրեց Լարիսան:
- Ոչի´նչ, ուշադրություն մի´ դարձրու: Նրա սովորությունն է: Նա էլ է նորերից, - ասաց քիչ տարեց  մի կին ու մոխրոտ կարտոֆիլը մեկնեց Լարիսային:
- Կամբալա´, Կամբալա´, առնետներին չսպանե´ս: Է´ն խաչը վկա, նրանք մարդկանցից  լավն են, մեզ նման են… Մենք մարդկային առնետներն ենք ու ապրում ենք առնետների օրենքով…
- Իսկ ի՞նչ է նշանակում Կամբալա:
- Չգիտեմ: Գեղեցիկ է հնչում, ականջ շոյող:
Մի պահ Լարիսային թվաց, թե այդ տղամարդը երիտասարդ է, ուղղակի մազածածկ ու անխնամ դեմքը ծերացնում են: Հետո շրջեցվեց մյուսներին նայելու ու մոռացավ նրան:
Աչքերով հաշվեց: Ութ հոգի էին՝ երեք կին և հինգ տղամարդ: Ինքն իներորդն էր:
Մտքում ապագա հոդվածի նախաբանն էր:
< Այստեղ մահանում են հաճախ և անսպասելի, բայց հիվանդանում են հազվադեպ, որովհետև դա նրանց համար համարվում է շքեղություն: Բնական է, որ այստեղ <Շտապ օգնություն> կանչելու մասին մտածելն անիմաստ է…>:
Չգիտես ինչու, զույգ-զույգ սկսեցին մի կերպ տեղավորվել կրակին մոտիկ:
Մնացին ինքը, Կամբալան ու մի տղամարդ, որը մոտեցավ` ընդհատելով մտքերը:
- Դու այսօրվանից իմը կլինես: Ես զույգ չունեմ: Գրկած կքնենք ու չենք մրսի: Կամբալան նոր մարդ է, նրան չի հասնում, իմ հերթն է:
Դեղին, կոտրված ատամները, կիսածածկ մարմինն ու վրայից եկող անտանելի միզահոտը զզվանք առաջացրեցին, ու դեմքը մի կերպ շրջելով` փորձեց ինչ-որ բան ասել…
- Ինձ չի կարելի, խնդրում եմ,- չհասցրեց վերջացնել, և տղամարդը, ձգելով մազերից, փորձեց քաշել դեպի իրեն:
Տղան, որին Կամբալա էին կոչում, վեր թռավ տեղից, ու սկսվեց մի տուրուդմփոց: Մարդկային առնետների  պայքար էր` իր բաժինն առնելու, խժռելու:
Հաղթեց երիտասարդությունը: Կամ էլ` վեճ սկսած տղամարդը, կռվից տաքանալով, մի կերպ հետ քաշվեց:
- Դեռ ցո´ւյց կտամ ձեզ:
Կամբալան մոտեցավ, բռնեց ձեռքից ու քաշելով դեպի իրեն` պառկեցրեց կրակին մոտիկ` իր տեղում, իսկ ինքը տեղավորվեց նրա հետևում, ձեռքը գցեց ուսին ու ծանր շնչելով` վառեց արդեն` երևի երեք անգամ հանգցրած մի ծխախոտ:
<Ոչի´նչ, թող մնա ձեռքը, այսպես ավելի լավ է, քան…>:
Կարծես խաղաղվեց նկուղում:
Սակայն սկսվեցին ձայներ ու հոգոցներ լսվել, ասես մի խմբակային սեռական  համերգ լիներ: Բայց Լարիսան առանց ուշադրություն դարձնելու սկսեց իր մտքերը դասավորել:
Քիչ հետո ջրի ձայն լսեց: Գլուխը շրջեց ու կիսամութի մեջ տեսավ, թե ինչպես է իր համար կռվող տղամարդը նկուղի անկյունում ընդամենը երեք մետր այն կողմ կանգնած միզում:
Հետո մոտեցավ նրան, մեկնեց մի կիսատ կեղտոտ գինու շիշ ու.
- Ազի´զ, ուզո՞ւմ ես խմես:
Լարիսան փակեց աչքերը: Սիրտը խառնում էր:
<Աստվա´ծ իմ, ինչքա՞ն կարող եմ դիմանալ այսպես: Ես էլ եմ զուգարան ուզում, բայց ինչպե՞ս, որտե՞ղ, մի՞թե հենց սրանց աչքի առաջ… >
Մեջքի հետևից գլուխը բարձրացրեց Կամբալան, ու փորձ արեց վեր կենալ:
Գինու շիշը բերանը դրած, մարդը հեռացավ իր տեղը:
- Առնետների որջին բարի գիշե´ր, Կամբալա´, Կամբալա´: Վերջացրե´ք սեռական արշավանքները, իսկ, եթե հանկարծ գիշերը մեկն ու մեկը փորձի իմ կնկան մոտենալ, Կամբալա´, Կամբալա´, կմորթեմ առանց  մտածելու:
Լարիսան շուռ եկավ դեպի նա ու շշուկով ասաց.
- Զուգարան եմ ուզում, որտե՞ղ…
- Արի´: Ժամանա՞կ գտար:
Վեր կացավ, բռնեց ձեռքն ու համարյա ուժով քաշեց դեպի կողքի կիսաքանդ սենյակը:
- Այստեղ կարող ես, Կամբալա´, Կամբալա´:
- Դու գնա´, ես ամաչում եմ:
- Երբ հեռանամ, մեկ է` ուրիշն է գալու նայի, արագացրո´ւ:
Երբ արդեն ճարահատյալ բարձրացրեց կիսաքրքրված շրջազգեստը, Կամբալան զարմանքով տեսավ ժանեկավոր գեղեցիկ նեքնազգեստը, որ հատուկ չէր այստեղ բնակվող կանանց:
Առանց ոչինչ ասելու շուռ եկավ ու սպասեց:
Երբ նորից պառկեցին կրակի մոտ` իրենց տեղը, Լարիսան զգաց նրա շունչը ծոծրակին:
<Ահավոր է, կամաց-կամաց սովորում եմ այս դրությանը, սարսափելի է>:
Մտքերը նորից գնացին հեռու` դեպի իր առջև դրված խնդիրը:
<……Հաճախ ինքս իմ մեջ սկսում եմ չբարկանալ ամենակարող Աստծո վրա, որ չի կարողացել ստեղծել կատարյալ աշխարհ ու համարյա ամեն մի արարածի համար  սահմանել է որոշակի անիմաստ վիշտ ու  անվերջանալի թվացող տանջանքներ: Բայց ինչպիսի ողորմությամբ է Նա կարողացել  սփոփել այն մարդկանց, որոնք բարեգութ ճակատագրի մասին գաղափար իսկ չունեն…ապրում են առնետների կյանքով, առնետների օրենքներով>:

Հանկարծ զգաց, հասկացավ, որ տղամարդու ձեռքը շոյում է կուրծքը: Փորձ արեց ձեռքը հետ վանել, բայց ականջին շշուկ լսեց.
- Եթե ես չլինեմ, ապա նրանցից մեկն ու մեկին բաժին կհասնես: Մի՞թե դա ես ուզում:
Հետույքին զգաց տղամարդու պիրկ անդամն ու  թուլացած` բաց թողեց տղամարդու ձեռքը:
Շուռ եկավ: Հասկացավ, որ այլևս ոչինչ չի կարող անել ու լաց լինելով` փակեց աչքերը:
Տղամարդն արդեն բացել էր կուրծքը ու ևս մի անգամ զարմանքով նայում էր թանկարժեք կրծկալին:
Հետո գլխով մտավ կրծքերի արանքն ու  ծածկեց  մերկ, անուշահոտ մարմինը…
Դիմադրելն անօգուտ էր, սակայն փորձ արեց: Ոտքերը սեղմեց, շրթունքները փակեց, գլուխը շրջեց, բայց մի քանի վայրկյան հետո տեղի տվեց, մտածելով, որ եթե դիմադրի կարող են մնացածը հարձակվել իր վրա:
Ժանեկավոր ներքնազգեստը շպրտվեց մի կողմ…
Կյանքում մտքով չէր անցել, որ այսպես կարելի է թքել մարդկային արժանապատվության վրա: Տղամարդու վավաշոտ բերանը փսլինքախառը լորձով լղոզում էր կուրծքը, փորը…
Շարունակելով անձայն լաց լինել`զգաց, որ մի պահ տղամարդն անշարժացավ… <Բոմժը> թքում  էր ոչ միայն հոգու, այլ նաև` մարմնի մեջ:
Գլուխը մի կերպ շրջեց` չկարողանալով պահել սրտխառնոցը:
<Մի՞թե այսպես հնարավոր է ապրել: Բայց ապրում են, չէ՞>:

<Ես վաղը կփախչեմ այստեղից անվերադարձ: Կարող եմ գրել այդ չարաբաստիկ հոդվածը: Կստանամ այն գումարը, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Գրողի ծո´ցը այս առնետների որջը: Ամբողջ մարմինս թաց է: Զզվում եմ ինձնից, իմ մարմնից, խմբագրից, այս մարդ կոչված առնետներից, կողքս կենսական պահանջմունքները վայրենաբարո բավարարված ասպետ կոչվածից, թյո´ւ…>
Ոտնաձայներ լսեց: Վախից անմիջապես շուռ եկավ ու թևերով գրկեց կողքը պառկած տղամարդուն:

* * *
… Վախ` կյանքի նկատմաբ, վախ` վաղվա օրվա նկատմաբ, վախ` մոխրագույն, անիմաստ, անապագա գոյության նկատմամբ: Ի՞նչ ունենք ամեն օր: Ո´չ դրամ, ո´չ աշխատանք, ընտանեկան բազմաթիվ խնդիրներ, քրեածին կենցաղ ամեն քայլափոխում, մարդիկ, որ թվում է` անհոգ ապրում են աղբակույտերում, քանդված շինությունների նկուղներում, սոված, անլվա, կիսահագնված` աղբամաններում հաց որոնում, բայց հույսով, որ կարող են արժանանալ Նրա մեծահոգի հովանուն ու նրա վերջին ողորմածությանը` ամեն ինչ վերափոխելու…

* * *
Երբ աչքերը բացեց, արդեն լուսացել էր: Մենակ էր նկուղում:
Կողքի կիսաքանդ սենյակից դուրս եկավ կանանցից մեկն ու նախկինում շրջազգեստ եղած փալասը վրան քաշելով` մոտեցավ:
Մի պահ Լարիսայի աչքին  նա երևաց իր կորցրած ժանեկավոր ներքնազգեստով:
Ձեռքով շոշափեց կոնքերը: Մերկ էր:
- Պետք  է գնալ հաց, մթերք, գինի հայթայթելու, թե չէ գիշերը կմնաս սոված, կրակի կողքը տեղ չես ունենա, ու քո այդ Կամբալան էլ չի կարող օգնել քեզ: Կմնաս դրսում: Այստեղ այդպես է ընդունված:

* * *
Խմբագիրը կարծես ուրախությամբ չընդունեց նրան:
- Ի՞նչ է, երկու օրում վերջացրեցի՞ր:
- Այո, ես ընդամենը մեկ գիշեր եմ մնացել այնտեղ: Մի ամբողջ օր մաքրվում էի այդ դժոխքից: Ո՞ւր ուղարկեցիք ինձ: Սա էլ` ձեռագիր նյութը: Բավականին լավ է ստացվել` իմ կարծիքով:
- Հասկանո՞ւմ ես, Լարիսա´, մեկ ժամ առաջ արդեն տպագրության ներկայացվել է այդպիսի հոդված: Հիմա հեղինակը կբերի ստորագրության:
Առանց դուռը թակելու ներս մտավ մի տղամարդ:
Լարիսային ուշադրություն չդարձնելով`խմբագրին մեկնեց թղթերի մի կապոց:
- Ահա´ <Առնետների որջը>`վերջնական տարբերակը, ստորագրե´ք խնդրեմ: Մնացածը, ինչպես պայմանավորվել ենք, Կամբալա´,Կամբալա´: 
Այդպես էլ առանց նրա կողմը նայելու` դուրս եկավ սենյակից:

* * *
Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս , պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
… Շնորհակալությո´ւն քեզ, Տե´ր Աստված, ամբողջ Մարդկության անունից: 
Իմ ծանրագույն խոնարհումը Քեզ այս անմոռանալի հոգատարության համար…որ կանք ու ապրում ենք հենց այսպես…

Ս.Ումառ


Հ.Գ. Ընթերցողների մեկնաբանությունները  ցանկալի են



Փորձի՜ր… սիրելիս (բանաստեղծություն)



Համբույրս գետ է՝
սարերի մաքուր հալված ձյուներից,
քամու բերանն ընկած
անտառի թախծոտ չոր տերևներից,
կարոտ հույզերից…
սրտիս զարկերից…
և դու փորձում ես դրա դեմն առնե՞լ,
բերա՞նս փակել…

Արդյոք եղե՞լ է մեկը աշխարհում,
որ կարողանա դեմն առնել ջրի,
փորձի՛ր, թող փոխվի հունը համբույրիս,
ո՞ւր պիտի գնա,
չքվի աշխարհի՞ց:

Աշխա՞րհը…
աշխարհը  դո՛ւ ես, դո՜ւ ես…
կրծքերդ էլ բուրում են թարմ լավաշի պես,
փորձի՛ր, թող փոխվի հունը համբույրիս,
կո՛ւրծքդ չլինի,
շո՛ւրթդ կլինի,
մազե՛րդ,
ո՛ւսդ,
ո՛տքդ,
գլո՛ւխդ…

Համբույրս գետ է՝
սարերի մաքուր հալված ձյուներից,
… քո պահեստավորված անփույթ խոսքերից:
- Գլուխս է ցավում  ու հանգի՛ստ թող ինձ…

Ձա՜յնդ…
Գինի – լռությո՜ւն,
մեռո՛ն շուրթերի,
երաժշտություն՝ գնչուական թափառ ցեղերի…

Պա՛հն է վայնասուն, որ ստիպում է ինձ,
ստիպում համբույրիս,
նայել քո փակված դռան դիտանցքի
հակառակ կողմից,

Արդյո՞ք եղել է մեկը աշխարհում,
որ կարողանա դեմն առնել ջրի …
Փորձիր թող փոխվի հունը համբույրիս…


Դաշնակահարը



Արյունոտվելու աստիճան քսվելով արդեն մերկացած ծառի ճյուղերի կատարներին, տանիքներին, քերծվելով ու ցավից ձայն չհանելով` լուսաբացը մոտենում էր պատուհաններին:
Ֆրանսիական լուսաբացն իր բոլոր էլևէջներով տարբերվում էր հայկականից, որը միշտ ավելի հարուստ էր գույներով ու ավելի զգայելի:
Վերջապես իրականացավ երազանքը:
Արդեն տասնհինգ տարի է, ինչ այստեղ է ու դեռ չի կարողանում ցանկացած պարագայում համեմատություն չանել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև:
Վաղուց էր երազում լինել պատմական հայրենիքում, և հիմա կարծես իրականացավ երազանքը:
Հաղթելով դաշնակահարների մրցույթում` նվաճել էր Հայաստանում համերգներով հանդես գալու հնարավորություն:
Արսեն Թաշչյանը` արդեն անվանի դաշնակահարը, նայում էր աստիճանաբար  լուսավորվող պատուհաններին:
Երեկ էր, երբ ուսուցչուհին` Սիսիլ Լենդրյուն վերջին ցուցումներն էր տալիս նրան:
- Այս ակորդը վերցնելիս անպայման շունչդ կպահես, դաստակդ պետք է մի քիչ իջնի:
Այս պահը ամենագլխավորն է, ժյուրին հիմնականում դրան է ուշադրություն դարձնելու:

Դեռ երեք տարի առաջ էր, երբ մի անգամ ինչ-որ ակորդ ճշտելու համար Սիսիլն այնքան մոտեցավ, որ փորը կպավ Արսենի ձեռքին, իսկ լանջաբացվածքր  հայտնվեց ուղիղ աչքերի դիմաց, ու Արսենն իրեն չկորցրեց: Համբուրեց շրջազգեստից երևացող կուրծքը: Սիսիլ Լենդրյուն չկարողացավ կամ չցանկացավ դիմադրել ցանկությանը, ու խախտելով աշխատանքային կանոնները` հանձնվեց անփորձ Արսենին:
Այդ օրվանից էլ սկսվեց ոչ միայն դաշնամուրի, այլև սեռական դասերի մի երկար ու հաճելի ժամանակահատված:

* * *
- Արսե´ն, վե´ր կաց, սուրճի ժամն է: Հիմա Պերճուկն էլ կգա,- մայրն է` տիկին Վարդուհին:
Պերճուկն էլ հարևանի աղջիկն է` Պերճուհին, որին չգիտես ինչու, և´ հայրը՝ պարոն Սարգիսը, և´ մայրը անպայման ցանկանում են տեսնել որպես  իրենց հարս:
Պերճուհին անտանելի թափանցիկության հասնող սպիտակ մարմին ունի, ու ծիծաղելիս էլ` երևում են կարմիր լնդերը:
Ճիշտ է, նա երտասարդ է` ընդամենը քսանմեկ տարեկան, բայց Արսենի աչքում մի քանի տասնյակ անգամ զիջում է իր Սիսիլին:
Սիսիլը երեսունհիգ տարեկան է, բայց ավելի կենսուրախ ու ձգող:
- Նորի´ց Պերճուկ: Ի՞նչ է, առանց նրա սուրճ չի՞ խմվի: Մա´մ, իմ սուրճը բեր այստե´ղ, լա՞վ:
- Լա´վ ընտանիքի աղջիկ է, եզակի` ազնիվ, աչքը` բաց, ինչո՞ւ չես հավանում, չեմ հասկանում:
Ես և հայրդ երեկ գիշեր որոշեցինք, որ իմ փոխարեն քեզ հետ հայրենիք պետք է գա Պերճուհին: Չեմ կարող հորդ մենակ թողնել, իսկ Պերճուկը կլինի քո գործավարուհին ու նվագելիս կլինի կողքիդ, գոնե նոտաներդ կշրջի: Համ էլ իր հայրենիքում չի եղել երբեք:
- Մա´մ, իմ փոխարեն դո՞ւք եք որոշել: Ես չեմ ցանկանում…
- Լավ էլ կցանկանա´ս, - սուրճի բաժակը ձեռքին`Արսենի ննջարան մտավ հայրը:
Երբ մայրը դուրս եկավ ննջարանից, հայրը տեղավորվեց  փոքրիկ բազկաթոռին, հանեց ակնոցներն ու…
- Քո այդ Սիսիլը քեզ ապագա չէ: Ի՞նչ է, քեզ թվում է` ես չե՞մ հասկանում: Մորդ կխաբես, բայց ո´չ ինձ: Վերջացրո´ւ , համարյա մորդ հասակակիցն է: Ա´յ, Պերճուկը…
- Արսե´ն, հագնվի´ր, արի´, Պերճուկը եկավ, քեզ նվեր է բերել:
Երբ Արսենը մտավ հյուրասենյակ, Պերճուհին վեր կացավ բազկաթոռից, չգիտես ինչու` կարմրած դեմքով  Արսենին մեկնեց մի դրամապանակ:

* * *
Ինքնաթիռում, ինչքան էլ փորձեց ուսով հետ մղել քնած Պերճուկի գլուխը, չհաջողվեց:
Հետո մտքերը տարան Հայաստան: Հիշեց իր դպրոցը, դասարանը, դասարանցիներին, հատկապես` երգի ուսուցչուհուն, որն ամենանորաձևն էր համարվում դպրոցում, ամենակարճ շրջազգեստն էր հագնում,  ու բոլոր տղաները սիրահարված էին նրան:

* * *
Երևանն ընդունեց իր մառախլապատ երկնքով ու ժամանակակից օդակայանով, որն Արսենին շատ դուր եկավ:
Դիմավորելու էին եկել Մշակույթի նախարարության աշխատակիցներ` ծաղիկներով ու ժպտացող դեմքերով:
Առանձնանում էր հասակակից մի տղամարդ, որը բոլոր ծաղիկները Պերճուհուն տալուց հետո մտավ Արսենի թևն ու մի կողմ տանելով` ասաց.
- Ձեզ տեղավորելու ենք Օպերայի և բալետի շենիքին շատ մոտ`<Հին Էրիվան> հյուրանոցում,  որ հարմար լինի: Մի հարց կարելի՞ է: Ձեզ երկուսիդ մեկ ընդհանո՞ւր համար է անհրաժեշտ, թե՞ առանձին-առանձին: Ասացեք, որ մինչ տեղ հասնելը ես զանգեմ, զգուշացնեմ:
- Իհարկե, առանձին-առանձին: Ի՞նչ հարց է:
- Արսե´ն, մենք դեռ խոսելու շատ բան ունենք` համերգներիդ առնչվող, -  միանգամից դու-ի անցավ նախարարության աշխատակիցը:
- Կլինեն բազմաթիվ առաջարկներ` օրակարգից դուրս: Հուսով եմ` ինձ կվստահես քո ֆինանսական հարցերը, դեմ չես լինի: Իմ անունը Մեսրոպ է:
- Դե, ո´չ, իհա´րկե, Մեսրո´պ,- Արսենը միանգամից հասկացավ դիմացինին:
- Ցանկացած պահի կարող ես զանգել,- Արսենին մեկնեց այցեքարտը:

* * *
Հյուրանոցի համարներն իրար կողքի էին:
Տեղավորելով իրերը` Արսենը ոտնաձայներ լսեց: Պերճուհին էր:
- Առանց թակելու մյուս անգամ չմտնե´ս ներս, մի՞թե չես հասկանում:
- Եկա անկողինդ դասավորեմ, Արսե´ն, ինչո՞ւ այդքան կոպիտ: Եվ հիշի´ր, միշտ դուռդ փա´կ պահիր:
Նորից երևացին կարմիր լնդերը, որոնք ազդում էին Արսենի նյարդերի վրա:
- Զբաղվի´ր քո գործերով, հասկացա՞ր: Դու միայն իմ նոտաներին կհետևես:

* * *
Համերգներն անցնում էին անկանխատեսելի հաջողությամբ:
Ամեն համերգից հետո երկրաչափական պրոգրեսիայով ավելանում էին դոլարների տեսքով հոնորարները ,որոնք խնամքով հավաքվում էին Պերճուհու կողմից նվիրած դրամապանակի մեջ:
Ավելանում էին նաև կանանց ու աղջիկների այցեքարտերը` շարժելով Պերճուհու անիմաստ ու անցանկալի խանդը:
Մեսրոպին և Արսենին հաջողվում էր բարձրացնել  տոմսերի գները և  ավելացնել համերգների քանակը:
<Վերջապես  մի բնակարան կգնեմ Փարիզում, որտեղ կարող եմ  ընդունել Սիսիլին այնպես, ինչպես ես եմ երազել>:
Արսեն Թաշչյանը գոհ էր իր ճակատագրից, ինչպես երբեք:
Այնքան կլանված էր գործով, հատկապես` չնախատեսված համերգներով, որ չկարողացավ մի կարգին տեսնել իր` երբեմնի այդքան սիրած Երևանը:
Որոշել էր, որ վերջին համերգից հետո երկու օրվա ընթացքում գոնե կշրջի մի քիչ:
 …Վերջին համերգը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում էր: Ավարտից հետո, երբ մտավ տնօրենի մոտ ու մի անգամ էլ հարստացրեց իր դրամապանակը, համարեց, որ կատարել է իր առջև դրած խնդիրը:

* * *
- Նորից դուռը չես փակել, Արսե´ն,- Պերճուհին մտավ Արսենի համարը:
<Ավելորդ է սրան բան հասկացնել>,- մտածեց Արսենն ու տեղից վեր կացավ:
- Մենք վաղն առավոտյան վերադառնում ենք: Մնաց մեկ գիշեր, հավաքի´ր իրերդ կամաց-կամաց: Ես դուրս եմ գալիս մի վերջին անգամ գիշերային Երևանը տեսնելու:
- Ես էլ եմ ուզում, Արսե´ն…
- Ոչ, դու հո իմ ստվե՞րը չես: Հանգիստ նստի´ր տեղդ, ի՞նչ ես կպել ու պոկ չես գալիս:
Իջավ առաջին հարկ, նայեց բազկաթոռների մեջ նստածներին, որոնցից շատերըին արդեն ճանաչում էր, բարևեց գլխով և, երբ ցանկանում էր դուրս գալ, տեսավ ներս մտնող մի աղջկա:
Ճանապարհ տվեց ու հետո կարծես փոշմանելով` հետևից կանչեց.
- Ընկերուհի~, դուք լա՞վ գիտեք Երևանը:
Աղջիկը գլխով արեց ու մոտեցավ:
Դուրս եկան փողոց:
- Ի՞նչ է պետք, իհա´րկե գիտեմ, ուզո՞ւմ եք ուղեկցեմ:
- Ինձ հարկավոր է մի լավ խանութ`կանացի հագուստի, մորս համար նվեր եմ գնելու:
- Մեզ մոտ լավ խանութներում ամեն ինչ թանկ է, եթե …
- Ունեմ, իհարկե,- Արսենը ծոցագրպանից հանեց ու ցույց տվեց ցմփոր դրամապանակը:
Երկար շրջեցին: Սրճարանում աղջիկը պատմեց, որ ապրում է հիվանդ մոր և փոքր քրոջ հետ և ստիպված է ընտրել հին մասնագիտությունը, ուրիշ աշխատանք չկա:
Լաց եղավ` զարմացնելով Արսենին, որ Հայաստանում էլ կա  նման խնդիր:
Հետո մի քիչ խմեցին:
Երկուսն էլ գինովցած էին, երբ մոտեցան շքեղ ցուցափեղկով մի խանութի:
Արսենն աղջկան առաջարկեց միասին ընտրել կանացի հագուստ:
<Նույն Սիսիլի կազմվածքին է, նրա հագով էլ կառնեմ>:
Երբ մի մեծ տոպրակով պատրաստ էր Սիսիլի համար գնված նվերները, որոնց մեջ կային նաև կանացի թանկագին ներքնաշորեր, աղջիկը` Աննան, կասկածանքով հարցրեց.
- Քո մայրն իմ կազմվածքի՞ն է:
Արսենն առանց ձայն հանելու դրամապանակից հանեց ու նրան մեկնեց հարյուր դոլարանոց թղթադրամ:
- Գնի´ր, ինչ կամենում ես, քեզ կամ քրոջդ համար, ես այստեղ կսպասեմ:
Դրամարկղում վճարելուց  հետո աղջիկը բռան մեջ սեղմած դրամի մանրը մեկնեց Արսենին:
- Թո´ղ, դա քոնն է:
Մտան հյուրանոց: Դեպի վեր տանող աստիճաններին կանգնած էր Պերճուհին ու եղունգներն էր կրծում:
Զարմացած նայեց իր կողքով անտարբեր անցնող զույգին ու անօգնական ձեռքերն իջեցրեց:

* * *
Համարում երկուսով էին:
- Ես քեզ այնպե´ս կսիրեմ, ինչպես` ո´չ ոք, Արսե´ն:  Դու երևի չգիտես, թե ինչ կարող եմ ես անել տղամարդուն: Ես կարողանում եմ շնորհակալ լինել: Միայն հարկավոր է խմիչք գնել: Ուզո՞ւմ ես, ես կգնամ բերելու:
- Ո´չ, լողասենյակն այնտե´ղ է, - ձեռքով ցույց տվեց Արսենը, - ես հիմա կգամ:
Երբ հրեց դուռը դուրս գալու համար, հասկացավ, որ ինչ- որ մեկին հրեց:
Պերճուհին էր:
- Դու ի՞նչ է, լրտեսո՞ւմ ես: Զզվեցի´ր արդեն, ինչո՞ւ չես քնել, ո՞ր մեղքիս համար ես ծնվել:
- Արսե´ն, այդպես չի կարելի: Դրանք թեթևաբարո աղջիկներ են: Դու ի՞նչ է…
- Քո գործը չէ, կորի´ր աչքիցս:

* * *
Աննան կիսամերկ պառկած էր անկողնում, երբ Արսենը մի շիշ  <Աշտարակ>  ձեռքին մտավ ներս:
Նստեց անկողնուն, բացեց  գինու շիշը, լցրեց բաժակները…
- Լողասենյա´կ, Արսե´ն, արա´գ, մինչև ես էլ սուրճ պատվիրեմ:
… Առաջին բաժակից հետո Արսենը զգաց, որ գլուխն անսովոր  պտտվում է, ու կոպերը ծանր կապարների նման իջնում են աչքերին: Փորձ արեց գրկելու Աննային, բայց բերանքսիվայր ընկավ անկողնուն:

….Առավոտյան, երբ բացեց աչքերը, գլուխն անտանելի ցավում էր, սենյակում խառնիխուռն թափված էին իրերը:
Աչքերով փնտրեց ու չգտավ Սիսիլի համար գնված նվերների այն մեծ, գեղեցիկ տոպրակը, որ դրել էր բազկաթոռին:
Արագ վեր կացավ, մի կերպ քայլեց դեպի հատակին ընկած բաճկոնը, փնտրեց ու  գրպաններում չգտավ դրամապանակը:

* * *
Արյունոտվելու աստիճան քսվելով արդեն մերկացած ծառի ճյուղերի կատարներին, տանիքներին, քերծվելով ու ցավից լուսային ձայներ  հանելով` Երևանյան լուսաբացը մոտեցել էր պատուհաններին:
Դուռը բացվեց ու ներս մտավ Պերճուհին:
- Սուրճ պատվիրե՞լ ես: Մեկ ժամից շարժվելու ենք:  Ի՞նչ է այստեղ կատարվում, Արսե´ն:
- Դո´ւրս այստեղից, դո´ւրս,- բղավեց Արսենը, ու ձեռքով սկսեց ինչ-որ բան փնտրել, որ շպրտի դեպի նա:

* * *
Ինքնաթիռում, ինչքան էլ փորձեց ուսով հետ մղել քնած Պերճուկի գլուխը, չհաջողվեց:
Հետո մտքերը Փարիզում էին: Պատկերացրեց, թե ինչպես է նայելու հորը, մորը, որոնց Պերճուհին անպայման կպատմի եղածը:
Պետք է ինչ-որ կերպ համոզել Պերճուհուն, որ լռի:
Պերճուհին տեղում շարժվեց, բացեց աչքերը, ժպտաց` ցույց տալով կարմիր լնդերը:
Արսենի ջախջախված հայացքն այս անգամ զզվանքով չթեքվեց նրանից,  այլ զարմացած՝ ավելի ուշադիր նայեց չգիտես ինչու ժպտացող այդ թյուրիմացությանը:
Պերճուհին բացեց ծնկներին դրած պայուսակը, միջից հանեց դոլարների մի խուրձ ու մեկնեց Արսենին:
- Երբ նա լողարանում էր, դու էլ իջար գինի գնելու, ես քո դրամապանակը լցրեցի այցեքարտերով, իսկ դրամը վերցրեցի: Քանի անգամ էի ասել, որ դուռը փակ պահես:
Իսկ դրամապանակ` ես քեզ նորը կնվիրեմ, հիմա´ր Ռոմեո…