понедельник, 24 марта 2014 г.

Մի ճնճղուկ է պատուհանին (բանաստեղծություն)

* * *
Բրդյա շորերս խեղդում են ինձ…
դրսում ցուրտ է ու խավար,
Մերկ, մոլորված,
Մի ճնճղուկ է պատուհանին,
տիեզերքից
մոռացված…

Օդը քաղցր է,
ինձ համար
և նրա …
Դիմացի շենքի մի մոխրագույն պատուհանից
Ժպիտ է նայում,
Ի՞նձ…
Թե՞ ճնճղուկին…
Անհասկանալի է…
Օ՞դն է քաղցր, թե՞ կանացի ժպիտը…
…Ձեռքով եմ անում ճնճղուկին,
Ժպտում պատուհանի աչքերին օտար,
Բրդյա շորերս խեղդում են ինձ…
դրսում ցուրտ է ու խավար...

Ս.Ումառ

Անունդ... (բանաստեղծություն)

Ստիպված,
Պարտադիր մտքեր սրսկված:
Ալեհավաքին կանգնած
Սև ագռավ:
Հուշերումս Անունդ դողաց:

Սեղանին մարմին՝
Լափվելու պատրաստ:
Հերթի են կանգնած
Կարմիր ճիճուներ՝
ջահել ու պառավ:
Հրմշտոց՝ Առաջ
Ընկնելու համար:
Անունդ մարմինս տարավ:

Մի Կսկիծ
Դրոշմ լուսանկարիս:
Ոսկորից մատներ
Կրծքերին դաջած,
Դալկագույն դեմքով պառավ վհուկներ
Փորձեր են անում մահը մեծարել:
Փորձում են Անունդ այրել:

Մի ծեր քահանա:
Լքված վանքի պատ:
Վանքի պատերին մեխերով քերծված
Աղոթքի բառեր…
… Այնքա~ն եմ անունդ գրել,
Որ իմ անունն եմ անգամ մոռացել:

Նորից սեղան:
Գինի…
Հաց…
Չմոռացված հոգեհաց:
Սև թամադա,
տերտեր Հայր:
Անձեռոցիկ, ձկնաման…
Կեղծ արցունքներ,
կեղծ մորմոք
Ախորժակից սուտ բողոք…

Սե~ր իմ,
լու~ռ  ես,  
մտահո~գ:
Անունս տալի՞ս ես արդյոք:


 Ս.Ումառ

Գինին ուժ է (բանաստեղծություն)

«…քանի իմ սրտիս վերքեն մշտաբաց
Դու կհոսիս նույնպես, հեղուկ երկնային,
Ով, սեր, որ զիս ըրիր այրող իր գերին…»

                           Լեքոնտ Դը Լիլ XIX դար 

* * *
Գինին ուժ է,
վստահություն ու հավատ:
Բարձրացնում եմ գինով լցված մի գավաթ,
Կո՜ւմ եմ անում…
Թարթիչներիս երանություն,
ուրախություն,
ցայող մատներ թախիծի… 
Հա՛մն ուրիշ է – Աստվածայի՜ն, կանացի՜…

Գինու երկրորդ կումից հետո,
հողի տակ եմ տեսնում ինձ …
Մարմինս ու ոսկորներս վաղուց լափած որդերի
Ցոփ խնջույքի սեղանին:
Վրդովված է սքեմ հագած որդերի չաղ թամադան.
- Ո՞վ է խորհուրդ տվել քեզ,
 գինի խմել Իգական,
 դու չգիտե՞ս, որ աշխարհում
Գինիներ կան Արական…

Գինու երրորդ կումից հետո,
Սթափվում եմ, հասկանում,
Որ Իգական այս խմիչքը
Եռացել է…
Ավիշ քամող ներշնչանքի հնձանում,
Որ այս գինին տրորել են
Նուրբ ոտքերը կանացի:
(Ճիշտ էր ասում հողաբնակ
Որդ-թամադան փաստացի…)

Ու մի շնչով դատարկում եմ
Շշի գինին,
Աստվածայի՜ն
Կանացի՜…


Ս.Ումառ

Անանուն կայարան



 -Արի~…
Ո՞վ է կանչում,ես չգիտեմ:
Չգիտեմ,բայց հաստատ դա քո ձայնը չէ:
Քո ձայնը ես կտարբերեմ հազարավոր ձայներից:
Բայց իրոք ինչ որ մեկը կանչում է:
-Արի~…
Գնա՞մ, թե ոչ՞: Շուրջս գիշեր է, ոչինչ չի երևում: Երկար ժամանակ է սպասում եմ, որ աչքերս սովորեն մթությանը, միևնույն է ոչինչ չեն տեսնում:

Եթե դա դու լինեիր, գիշերվա խավարի հետ կբերեիր լույս, որ կարողանայի տեսնել քեզ, որ ես հնարեի խոսքեր ու դու այդ հնարած խոսքերի վրայով  առանց խարխափելու մոտենայիր ու լսեիր խոսքեր ՄԻԱՅՆ քեզ ասելու համար:

-Արի~…
Չէ՞ որ մեր անցյալը դա Մերն է եղել, դու այն սկսել ես բաժանել, բաժանել այնքան պարզ, անթաքույց ու չար, կարծես անցյալը Մերը չի եղել, այլ քոնը միայն:
Սիրտս չափից ավելի արագ է բաբախում:
Բայց այն այսպես արագ միշտ բաբախել է միայն քեզ համար:
Առավոտը տվել ես մեկին,
Մյուսին երեկո կամ գիշեր,
Ու կարծես հերիքել է բոլորին,
Այն ինչը մեզ չի հերիքել:
-Արի~…
Ձայնը մոտեցավ:
Ինձ պառկած տեղից բարձրացնելու համար պարզեց ձեռքերը:
Ձեռքե՜րը…

Քո ձեռքերը քանի քանի անգամ են դողալով գրկել ուսերս ու խոսել մարմնիս հետ ասելով, որ աշխարհին տիրել են Սերն ու  Սովը: Ու ձեռքերդ սոված մարդու ախորժակի ագահությամբ սկսել են ուտել մարմինս:
Ես հլու քո շուրթերից քամու արագությամբ դուրս եկող խոսքերին, սպասել եմ քո ձեռքերի հագենալու հաճելի ավարտին:
Այս ինձ մեկնած ձեռքերը անվերջանալի սարսափով ինձ բարձրացնում են ու ականջիս բղավում.
-Արի~… վե՛ր կաց:

* * *
-Վե՛ր կաց, Արսեն, ուշանում ես:
Քույրս է՝ Մերին:
Չեմ ուշանում, ուշացել եմ:
Հիմա դու երևի փորձում ես քո հարսանեկան սպիտակ զգեստը, գլխադիրը, կոշիկները, սպիտակ ձեռնոցները: Այդ սպիտակ ձեռնոցներով էլ երևի գրկես ու համբուրես շվեդ նորափեսային` այդ Նորմանին, որը չգիտեմ ինչու անպայման կգա ոչ թե սև, այլ սպիտակ կոստյումով:
Մերին սուրճ բերեց:
-Արագ խմիր ու վեր կաց, ես վարսավիրանոցում հերթ եմ պահել, իսկ դու դեռ պետք է սափրվես:
-Մերի ես չեմ գալիս, գնա մենակ:
-Արսեն իջիր ամպերից: Աննան հո քեզ հետ չէր ամուսնանա՞: Եթե չգաս դա պարտություն կլինի: Այդ շվեդը ասում են իր հայրենիքում ժամացույցի գործարան ունի, առանձնատուն, մեքենա:
Ես չեմ բարկանում քրոջս վրա:
Եթե կանանց բոլոր խոսքերը դրանք արևելյան տաք քամիներ են, ապա Մերիի խոսքերը միշտ եղել են սառը միջանցահովիկներ ու աննկատ ցրտահարել են:
Աննայի հետ ինձ Մերին է ծանոթացրել:
Նորմանին էլ է Աննայի հետ Մերին ծանոթացրել:
Ես չեմ բարկանում քրոջս վրա:
* * *
-Արի~…
Ձայնը հիմա էլ լողարանից է կանչում:
Ձեռքս քսում եմ դեմքիս ու զգում անցյալի սուր ծակոցներ:
Գնա՞լ թե ո՞չ:
Կարծես մի երկար գնացքի մեջ եմ: Գնացքի անիվները թկթկում են ու ինձ տանում դեպի լողարան:
Լողարանի հայելին գնացքի պատուհանն է ու փակ է կարծես:
Ես շնչահեղձ եմ լինում:
Պատուհանից ձայնն ավելի աղեկտուր է դառնում:
-Արի~…
Մինչև Մերին իր մազերի բախտը հանձնած վարսահարդար Հրանտի “հրաշագործ ձեռքերին” վերադառնա, պետք է մի բան մտածել:
Ձեռքս մեքենայաբար մեկնում եմ ածելուն, բացելով գնացքի պատուհանը բղավում եմ.
-Գալի՜ս եմ, գալի՜ս…
* * *
Մարդն իր կյանքի որոշակի հատվածներից բացարձակապես տեղյակ չէ, որտե՞ղ է եղել, ե՞րբ է եղել, ի՞նչ է եղել..
Կյանքը քո հետ երբեք հաշվի չի նստում, արհամարում է քեզ բայց ստիպում, որ իրեն սիրես այնպես ինչպես կա:
Դու շարունակում ես փորձեր անել դիմադրելու կյանքի գծերով արագ ընթացող գնացքի ընթացքին խառնվելու, արյունոտվելու աստիճան չանգռվում է հոգիդ, մաքառում ես, մաքառում ու մի կերպ հասնելով կյանքի անանուն մի կայարանի ցանկանում ես ազատ շնչել ու բղավել, որ եկար, հասար..բայց այս անգամ արդեն մի ուրիշ կայարանից քեզ կանչում են.
-Արի~…
Դու գնում ես:
Չգնալ չես կարող:

* * *
Նորմանն իրոք բաց գույնի կոստյումով է, սպիտակ փոքրիկ մորուքով:
Բաժակը բռնել է ձախ ձեռքով, ժպտում եմ, ես էլ եմ ձախլիկ:
Մազերը մի քիչ թափված են, ինչից չի կարող բողոքել կողքը նստած Աննան, ի՛մ Աննան:
Աննան բոլորին ժպտում է, բայց դա Իմ Աննան չէ, դա ուղղակի լռությունն է իմ և Աննայի ատամների տակ թաքնված, բանտարկված ու սեղմված լռությունը:
Այդ լռությունը նայելով ինձ,մի ումպով դատարկում է բաժակում լցված կարմիր գույնի քաղցր սուտը:
Իմ բաժակն էլ է լցված կարմիր գինով, մեջն էլ սառույցի  մի կտոր: Սառույցը գուցե ինձ հանդարտեցնելու համար է, չգիտե՜մ:
Մինչև չհալվի չեմ խմի:
Հարսանիքն ուրախ հարսանիքներից չէ, զուսպ է մի քիչ:
Աննան բոլորին հրավիրում է պարի:
-Արի~...
Բաժակիս սառցե կտորը կամաց-կամաց հալչում է:

...Նորմանի բաժակաճառը երկար չէ, բայց խորթ է մեզ համար:
Հարգելով մեր սովորությունները ներեղություն է խնդրում, որ իրենց սովորության համաձայն ինքն ու նորահարսը պետք է մեկ ժամով հանգստանան: Այ քեզ սովորություն:
Աննայի կարմիր հայացքը կանգ առավ իմ վրա:
Նորմանի ձեռքերը գրկեցին ու տարան սպիտակ շղարշով ոտքից գլուխ փաթաթված իմ հիշողությունը, իմ մարմինը հոշոտող ձեռքերը, ինձ կանչող ձայնը, աչքերը, որոնք անընդհատ անսխալ գտել են իմ տեղը...
Աննային տանում էր մի օտար գնացք, կյանքի օտար գծերով և հաստատ գնացքը ոչ մի պայմանով կանգ չէր առնի:
Աննան միայն մի ձեռքով էր գրկել Նորմանի հաստ պարանոցը, իսկ մյուս ձեռքը կախված է օդում ու կարծես հենց այդ ձեռքն է  ինձ կանչում.
-Արի~...
Ես կում-կում խմում եմ Աննայի դառը, կարմիր հայացքը:
Սառույցի կտորը կանգնեց կոկորդիս:

* * *
Գնացքը կանգ առավ:
Գնացքի առջև կանգնել է պատառոտված շորերով մի փոքրիկ աղջիկ ու գնացքավարին ցույց է տալիս, որ չշարժվի, որ ինքն ասելու բան ունի, որ…
Հետո այդ աղջիկը վերածվեց մի փոքրիկ արևի, արևիկի, մտավ գնացքի տակ ու գլորվելով եկավ հասավ իմ պատուհանին:
Ես գրկեցի այդ փոքրիկ աղջկան ու մխիթարեցի:
Նա ընդամենը մեկ օրական էր, մաքուր ու անլեզու: Ինչ իմանարր փոքրիկը, որ մի օր կսովորի խոսել կդառնա մի կայարան - Անանուն ու կկանչի կյանք կոչվածին լցվելու իր մեջ, քանի որ հոգին էլ մարմնի նման պահանջ ունի հաճույք ստանալու..

* * *
Սառույցի կտորը մի կերպ հաղթահարելով կոկորդիս բոլոր արգելքներն իր սառնությամբ սթափեցրեց ինձ:
Ես զարմանքով նկատեցի, որ գնացք կանգնեցնող պատառոտված շորերով աղջիկը կողքս նստած Մերիի ընկերուհիներից է`Սիրանույշը,Սիրը, ինչպես բոլորն են նրան կոչում:
Չէի նկատել, ինչո՞ւ:
-Արսեն, կպարե՞ս ինձ հետ,-մեկնում է ձեռքը:
-Արի~…
Մեկնած Սիրի ձեռքերը գամակի նման ինձ գրկում են ու տանում մի այլ կայարանի կառամատույց:
Ես գրկած Սիրի բարակ մեջքը գնում եմ, գնում եմ հասնելու մի այլ կայարանի:
Ես արդեն  Գիտեմ, որ եթե նույնիսկ այնտեղ էլ լսեմ  “Արի~…”  կշարունակեմ գնալ  վստահ ու արագ, առանց երկմտելու:
Կյանքի գնացքի կայարաններն անուններ չեն ունենում:
Կյանքի գնացքի կայարաններից վերադարձ չկա:
Երբ կանչում են՝ պետք է գնալ:
Կգնա՜ս,
կգնաս, որովհետև չգնալ չե՛ս կարող:

Ս.Ումառ
30.04.04


Անհանգիստ լուսաբաց


- Բժի~շկ …
- Ծննդաբերության մասին ոչ մի խոսք:
Սիրտը ծանրաբեռնող ցանկացած ազդակ կարող է ճակատագրական լինել: Նույնիսկ խորհուրդ կտամ հրաժարվել սեռական հարաբերություններից:
-Որքա՞ն կարող է տևել այս վիճակը:
-Դե, դուք բժշկուհի եք, ինքներդ եք հասկանում, որ գուցե 10 տարի, գուցե տարի, գուցե ամիս:
Ոչինչ հաստատ ասել չեմ կարող:
<Գուցե մե՞կ օր>,- մտքում շարունակեց կինն ու վեր կացավ աթոռից`հիշելով այն ծարավ աչքերը, որոնք արդեն երեք ամիս է` տխրում են: Ինչպե՞ս է նրան բացատրելու այս ամենը:
Այսօր վեցերորդ ամսվա քսանութերորդ օրն է: Ու նա պետք է հենց այսօր վերադառնա:
* * *
Տխուր էր ուսուցիչը:
Անհանգիստ հետ ու առաջ էր շարժվում այն լսարանի առջև,որտեղ իր տասներկու աշակերտներից ընտրելու էին մեկին`ամենալավին` իր հետ Երկիր մոլորակ գնալու,մարդկային հոգի բերելու համար: Եվ, եթե ընտրված աշակերտը բերեր հոգին,ապա ինքը`ուսուցիչը, վայր էր դնելու  ուսուցչի պաշտոնը:
Նա ակամա հիշեց, որ դեռ 399 տարի առաջ, երբ ինքն առաջին անգամ գնաց Երկիր կոչված մոլորակ,  բերեց մի հռչակավոր աստղագետի հոգի ու այդ օրվանից էլ դարձավ Ուսուցիչ համայն Տիեզերքի:
Այդպիսին են այստեղի օրենքները:
Միլիոնավոր անգամ նա եղել էր տարօրինակ Երկիր մոլորակում: Գիտեր այն բոլոր տեղերը, որտեղից նրան կանչում էին.
-Ե՞րբ պետք է հոգիս առնես..
-Ե՞րբ պետք է մեռնեմ պրծնեմ..
-Ու՞ր ես, Գաբրիե´լ, ի´նձ էլ տար..
Բայց այս անգամ ուրիշ է լինելու: Կա´մ կշարունակի իր գործը կա´մ կդառնա այստեղի ստրուկը:
Այդպիսին են այստեղի օրենքները:
… Օդը լցված էր հալած մոմերի ,սուրճի սև մրուրների, պատռված խաղաթղթերի կտորներով, որոնք սակայն չէինր խանգարում իր ու աշակերտի նպատակասլաց, սրընթաց շարժմանը:
Կամաց-կամաց նրանց էր մոտենում Երկիր մոլորակի յուրահատուկ հոտը:
Երբ հասան Երկիր, արդեն մութ էր:
* * *
Շենքի ոչ մի պատուհանում լույս չէր վառվում, բացի մեկից:
Լուսավորված սենյակում ձեռքերը կրծքին ծալած հետ ու առաջ էր քայլում մի կին:
Ուսուցիչը ժպտաց: Աշակերտը ճիշտ էր ընտրել հասցեն:
Հին ու նոր սերնդի մահվան հրեշտակները տեղավորվեցին հենց այդ պատուհանի պատշգամբում:
- Ո՞վ է ուսուցիչ, ի՞նչ արարած է:
- Կին է`աշխարհում արարված ամենագեղեցիկ էակը:
-Գեղեցիկ է, իսկ ի՞նչ է անում:
-Անհանգիստ է:
-Ինչո՞ւ:
-Որովհետև Կին է:
Աշակերտն իր մատյանում գրեց բացատրությունը`
ԿԻն-նշանակում է անհանգստություն:
* * *
Հանկարծ կնոջ դեմքի մկանները լարվեցին ու մի ակնթարթ ստվերներ անցան հայացքի վրայով ու անէացան օդում: Սեղմված շուրթերը բացվեցին`գծելով մի ժպիտ`լեցուն անհասկանալի ուրախությամբ:
Դուռը բացեց դողացող մատներով ու մի քայլ հետ գնաց: Դռների մեջ սկզբում երևաց դաշտային ծաղիկների մի փունջ,  հետո նոր` Նա: Կինը ծաղիկները մոտեցրեց դեմքին, շնչեց դաշտերի բույրն ու նորից ժպտաց: Երկու ձեռքերով գրկեց տղամարդու պարանոցն ու շուրթերը մոտեցրեց նրա շուրթերին:
* * *
-Սա էլ Տղամարդն է:  Ի տարբերություն կնոջ` ´ խորամանկություն ունի, ո´չ հոտառություն: Կինն էլ հենց նրա կողոսկրից է արարվել:
-Իսկ ի՞նչ տվեց կնոջը:
-Դրանք կոչվում են ծաղիկներ: Տղամարդու կողմից չասված գեղեցիկ բառերի փոխարինողներն են:
Աշակերտը գրի առավ բացատրությունը.
Ծաղիկներ- տղամարդու կողմից չասված գեղեցիկ բառեր:
Համբույրը այնքան երկար տևեց որ նույնիսկ ուսուցիչը, որ կյանքից շատ բան գիտեր, ինքն էլ անհանգստացավ:
* * *
Տղամարդու ձեռքերը կամաց-կամաց սկսեցին քանդել կնոջ զգեստի կոճակները:
Մերկացած Կինը տղամարդու ձեռքերում էր:Կնոջ շրթունքները, կրծքերը, ազդրերը պարուրված էին այնպիսի մի մթնոլորտով, որ կարող էին 10-15 մետր հեռավորությունից անգամ մագնիսի նման ձգել ցանկացած էակի:
Եվ տարօրինակ էր, որ շրջապատի մարդիկ`պատերից այն կողմ`հանգիստ քնած էին:
* * *
Աշակերտը քայլ արեց դեպի կինը: Ուսուցչի ձեռքի հարվածն իջավ նրա գլխին` սթափեցնելով նրան:
Դա առաջին դեպքն էր, որ ուսուցիչը ձեռք էր բարձրացնում աշակերտի վրա:
-Սա ի՞նչ էր, ուսուցի´չ:
Քրտնախառը դեմքը դեռ պահպանել էր կարմրությունը:
-Ուսուցի´չ, ես տեսնում եմ պակասող կողոսկրը, որը դուրս է եկել տղամարդու ոտքերի միջտեղից: Մի՞թե մի նոր կողոսկր է զոհաբերում նոր արարածի համար:
Ուսուցիչը ժպտաց:
- Դա սերն է` գերագույնը, որ երբևիցե գոյություն է ունեցել այս մոլորակում: Բայց մեր ժամանակը սպառվում է: Մնացել է 20 րոպե, շուտով կլուսանա: Ընտրի´ր զոհին, որին ես ընտրում:
-Տղամարդո´ւն իհարկե: Կինը շատ գեղեցիկ է մահանալու համար, թո´ղ ապրի:
Եթե ես էլ ունենայի կողոսկր, ես էլ կզոհաբերեի Նրա համար: Արժանի է…
Աշակերտը մի տող էլ ավելացրեց իր բացատրագրքում.
Կողոսկր- գերագույն հաճույք, որ չունենք մենք`հրեշտակներս, բայց ունեն բոլոր նրանք, ում գրկում հանգչում են գեղեցկությունը, թպրտոցը, հանգիստն ու փոթորիկը:
* * *
Կինն ու տղամարդը գրկախառնված քնել էին: Տղամարդու ձեռքը հանգչում էր կնոջ կրծքի վրա:
Կնոջ հանգիստ ,բավարարված դեմքը շրջապատին հաղորդում էր անդորր, խաղաղ լուսաբաց: Ու տարօրինակ չէր, որ շրջապատի մարդիկ հանգիստ քնած էին:
Կինն անհագիստ շարժվեց: Բացեց աչքերը: Տղամարդը հանգիստ քնած էր, գլխավերևում էլ` Ասվածամոր նկարը: Կնոջ մերկությունն ավելի էր ընգծում նրա գեղեցկությունը, որն արագ ծածկվեց ծաղկավոր խալաթով: Կինը ծնկի եկավ Աստվածամոր նկարի առջև:
Նրա շուրթերը ինչ -որ բան էին մրմնջում: Կրծքի մոտ միացրած ձեռքերի ափերը հաղորդում էին ջերմություն:
Կիսաբաց աչքերից վառ մանուշակագույն ճառագայթ էր ուղղված դեպի Աստվածամայրը:
* * *
-Ուսուցի´չ…
-Աղոթում է, երկար կյանք խնդրում տղամարդու համար, խնդրում է իր կյանքի հաշվին ավելացնել տղամարդու կյանքը:
-Երկարը դա 20 րոպե՞ն է…,- ծիծաղեց աշակերտը:
-Դու դեռ շատ բան չես հասկանում:
Նորից ժպտաց ուսուցիչը:
Աշակերտը մտածում էր, թե ինչպե՞ս վերցնի տղամարդու հոգին, ի՞նչ դիրքից:
Նրան ուշադիր հետևում էր Ուսուցիչը: Հետո Ուսուցիչը ձեռքը թափ տվեց: Մտածեց, որ կինը շատ գեղեցիկ է երկար ապրելու համար:
Կնոջ հոգին տեղավորեց փոքրիկ զմրուխտե տուփի մեջ ու…անհետացավ:
* * *
Կինն աղոթքը վերջացրեց, վեր կացավ մտավ խոհանոց, դեղատուփից դեղահաբ հանեց, բաժակից մի կում ջուր խմեց ու միչև մահճակալ հասնելը գլխապտույտ զգաց:
Մի կերպ մոտեցավ մահճակալին, փլվեց տղամարդու կողքին, թևերով գրկեց. <Տեսնես առավոտյան կհասցնի՞ սուրճ խմել>:
Ու փակեց աչքերը` այլևս չբացելու պայմանով:
* * *
Աշակերտը նման վերջաբանի պատրաստ չէր: Տետրում դեռ մնացել էին չլրացված բառեր, որոնց իմաստն ինքը չգիտեր…
Տղամարդ-…
Կնոջ կողմից չասված բառեր-…
Կնոջ կողոսկր-…
Աշակերտն ինքնուրույն էր լրացնում դրանք
Տղամարդ- հանգիստ քուն, երբ կողքին կինն է
Կնոջ կողմից չասված բառեր- աղոթք տղամարդու համար
Կնոջ կողոսկր- գերագույն հաճույք, որ չունեն հրեշտակները, բայց ունեն բոլոր նրանք, որոնց գրկում հանգչում են վայրի գեղեցկությունը, շատ արագ հանգչող փոթորիկները…
* * *
Տղամարդը քնի մեջ շարժվեց, ձեռքով փնտրեց ու գտավ կնոջ մարմնի հետ սառչող կուրծքը, քնի մեջ ինչ-որ բան քրթմնջաց ու ոտքը գցեց կնոջ վրա:
Լուսանում էր:
* * *
Աշակերտը չգիտեր, որ երբ կնոջ մարմինը հանձնեն հողին, իր հետևից կգա Ուսուցիչը, բայց արդեն Աշակերտին տանելու որպես ստրուկ: Ուսուցիչն այդ մասին չէր զգուշացրել աշակերտին:
* * *
Քաղաքում մահն էր:
Քաղաքում վխտում էր մահվան անկարող հրեշտակը:
Շրջապատի մարդկանց վիճակված չէր լուսաբացն ընդունելու խաղաղ: