воскресенье, 23 марта 2014 г.

Թափվող տերևներ


Ընկնող տերևի ահավոր ձայնը զրնգաց ականջներում:
Ձեռքերով փակեց ականջներն ու նայեց ներս մտնող կնոջը:
«Աստված իմ, ինչպես համոզել մարդկությանը, որ աշխարհի ամենագեղեցիկ բանը դա կնոջ ժպիտն է»:
- Դրսում ցուրտ չէ, իսկ դու դեռ բավական չէ որ բրդյա գլխարկը քաշել ես մինչև ականջներդ, դեռ ափերով էլ փակել ես: Լսում ես ինձ:
- Թատրոն եմ նայում, անձայն:
- Ի՞նչ թատրոն, դրսում ձյուն է գալիս:
- Այո, հենց դա, տեսնո՞ւմ ես լաց լինող ճնճղուկին, տեսնո՞ւմ ես ինչպես է երևում իմ մաս լինելը տիեզերքին:
- Հիմարություններ դուրս մի տուր, շուտով կհավաքվեն հյուրերը:
- Ես շատ ծեր եմ հյուր ընդունելու համար, թող ինձ խնդրում եմ, զբաղվիր քո գործերով:
- Դու քեզ դրել ես Դոն Կիխոտի տեղը, իսկ ես…
- Դու գիտե՞ս, որ բառերը վախենում են աղմուկից ու վեճերից: Դու գիտե՞ս որ բառերը շատ նեղացկոտ են ու նրբազգաց:
- Վերջացրու, հարկավոր է սեղան պատրաստել, օգնիր ինձ ու ջնջիր հիմար մտքերը, այսօր դու վաթսուն տարեկան ես դառնում:
Ժպտաց:
- Ուզում եմ պառկել, լավ չեմ զգում, օգնիր:
- Դու ի՞նչ է ձեռք ես առնում, քեզ ի՞նչ եղավ:
Ձեռքը դրեց սրտին ու նստեց անկողնու վրա:
Աչքերը փակեց:
Տեսավ արեգակի շողերն ու այդ շողերի մեջ վազող մի փոքրիկ տղայի, որն անպայման ցանկանում էր հասնել գնդակին:
«Կհասնի, անպայման կհասնի»,- մտածեց ու երբ տեսավ, որ գնդակը գլորվեց անդունդը, տնքաց ցավից ու ավելի սեղմեց կոպերը:

Չէր զգում ոչինչ, ձեռքերը, ոտքերը, կոպերը… բայց լսում էր ամեն ինչ:
Կնոջ ծղրտոցը, դստեր լացը, փեսայի հազը, տղայի անօգնական հոգոցները, բուժքրոջ ձայնը…
- Կարդիամին…
Բառերը ձյան ժամանակ հնչում են այլ կերպ, անձրևի ժամանակ այլ, արևի ժամանակ այլ…երբ քեզ իրականում զգում ես որպես տիեզերքի ամբաժանելի մաս, բառերը գժվում են, դառնում անկապ, դաժան, բայց իրական…դառնում են արձակ, դառնում են բանաստեղծություն, պատմվածք, նովել…ուժ են տալիս քեզ…
Մի կերպ բացեց շուրթերն ու շշնջաց.
- Լաց չլինեք, ամեն ինչ բնական է ու ժամանակին, սա էլ իմ ժամանակն է, իսկ դրսում թատրոն է, ավելի լավ է նայեք պատուհանից:

Կյանքը մի վիճակից անցնում է մի այլ վիճակի և այդ նոր վիճակը միգուցե ավելի հաճելի վիճակ է, ավելի ցայտուն զգացողություններով…բայց բոլոր վիճակներում էլ գործող անձը օդն է, որն այդ պահին լուծվեց ու չքացավ նրա համար…

Գերեզմանաքարի վրայից հին ու մաշված ավելը արդեն ուշացած մաքրում էր ծառից թափված տերևները, տերևները, որոնք թափվելուց ահռելի ձայնով են ընկնում գետնին՝ ավետելով մի նոր ժամանակ, մի նոր վիճակ, միգուցե ավելի լավ…

Տիեզերքից պակասեց մի փոքրիկ-փոքրիկ մասնիկ, որը շատ էր ուզում բոլորի համոզել, որ աշխարհի ամենագեղեցիկ բանը դա կնոջ ժպիտն է:

Ս.Ումառ

Խաչի փոխարեն (բանաստեղծություն)

* * *
Խաչի փոխարեն
կանգնում եմ քո դեմ,
ուզում եմ խաչվե՜լ,
խաչվել հենց քեզ հետ…
… ափերիցս թող արյունը կաթի
հողին, որ մարմինս է հոգնած…
… քո պարանոցին գլուխս հանգչի
ու հավերժ մնամ խաչված քո խաչին…

Կխաչակնքեմ
ոչ թե ձախից աջ,
այլ քո գժվեցնող մարմնին համաչափ…
… աղոթք կկարդամ իմ խաչը գրկած,
երեսս ողորկ ծնկներիդ դրած…

Չեմ կախի քեզ պատից,
այլ կրծքիս վրա,
երկու ձեռքերով անընդհատ սեղմած
կձուլվեմ քեզ հետ-
քո մեջ կլուծվեմ…
… թող որ ներծծի հողն հավերժ սոված…
արյունս,
անունով քո ներկված…

Կունենամ առանձին
իմ Աստվածն ու խիղճը,
ու հող կդառնամ ես հանգիստ խղճով,
ո՞վ և ինչքա՞ն էլ խանգարի նինջս,
ես միշտ կլինեմ խաչված քո խաչով…

Ս.Ումառ


Հիշում եմ... (բանաստեղծություն)

Հիշում եմ,
որ ապարդյուն էին
կոպերովս փակել կոպերդ,
հիշում եմ,
որ համաչափ չէին
սրտիդ, մարմնիդ տրոփյունները…

Ձգվում էր դեպի վեր՝
մարմնիցդ գոլորշի բարձրանում,
հիշում եմ...
ինչ որ ծիտիկ էր
անհանգիստ թպրտում…

Հիշում եմ...
արև լցվեց քո մեջ,
դիմացա այդ շոգին,
հիշում եմ...
հոգիս ցնորվեց,
երբ սուլում էր անամոթ քամին…

Հիշում եմ,
որ համոզում էիր,
թե ամեն ինչ սուտ է ու սին,
հիշում եմ,
որ դանդաղ մոտենում էին
կոպերս կիսաբաց կոպերիդ…

Քո մեջ իմ ներկան էր շեշտվում,
քո արտացոլանքը՝ իմ մեջ, 
խանդում էի նույնիսկ Աստծուն,
որ ճանաչում է քեզ…

Վախճան դեռ չկա, ուստի
հիշում եմ…
Հրդեհ էր պարում ստինքերումդ զույգ,
այրվում էին նույնիսկ մեր զգեստները,
մեզանից այդքան հեռու…

Ս.Ումառ


Սերը Արվե՞ստ է, թե՞ Արվեստն է Սեր…


Սիրվելու համար էակ արարվածը
սիրողի առաջ կարող է դողալ,
այսպիսին է կյանք – առեղծվածը,
գիշերով,
գիշերով սրբանալ …

* * *
Ծնվե՛լ ես,
Արարվե՛լ,
Տրվե՛լ ես սիրուդ,
բայց տե՛ս,
արցունքներդ ես մաքրում,
նույնիսկ քո թանձր, փակ վարագույրը,
քեզ նման նուրբ է արտասվում…

Արվե՞ստ է սերը,
լուռ հեռանա՞լը,
բյուր տանջանքնե՞րը՝ վախճան չունեցող,
արվե՞ստ է կարոտը հեռվից զսպելը,
արվե՞ստ է մթով ծերանալը…

Արվե՞ստ է,
թե՞ Սեր է,
կայմին փաթաթված կարմիր առագաստը սիրո,
թե՞ քո գեղեցիկ ոտքերը գրկած
մեռնող կապտագույն երեկոն…

Սերը  Արվե՞ստ է,
թե՞ Արվեստն է Սեր…
Օտար հարցեր են հիմա իմ աչքում,
Տե՛ս,
արցունքներս ես էլ եմ սրբում,
որ հետո խաղաղ մտնեմ հավերժ քուն…

… Հողը արբե՜լ է,
գժվե՜լ է ցավից,
երկնե՜լ զարմանքից,
կատաղե՜լ կրքից,
ինձ չի ընդունում իր գիրկը
- Հոգիդ խաղաղ չէ,
հարցեր են բազմած ուղեղիդ,
դեռ չի՛ չորացել ,
չի՛ գոլորշիացել
թափանցիկ թացը կյանք-տերևներիդ …

Մա՞հն էլ է արվեստ…
անվերջ կաթացող ցավերի խոսքով
անձրև՞ը – արվեստ…
… քամին էլ հիմար քշում տանում է
այն հին, մոռացված,
վաղուց թոշակի անցած վարկածը,
որ արվեստ է… նաև մեռելահացը:

* * *
Դե բարձրացնում եմ գավաթս ճաքած,
Լցված Արվեստի սիրո լուծույթով,
Տե՛ս, ձեռքս դողաց,
Հոգիս կռացավ ու
Մինչ  դողալը…
Սողաց դեպի քեզ՝
Կին,
Քո սրբանալը…

Ս.Ումառ 
Երևան 2014թ.





Ընդամենը երեք տառ…



Ընդամենը երեք տառ: Բայց իմաստը….
Ընդամենը մեկ բառ, երեք տառ ու …սկսվում է ամեն ինչ:
Հետաքրքիր է, քանի՞ բառ կա երեք տառով. սուտ, մահ, գեն, որբ, ձագ, բոթ, սեր, թուր, սուր, հաբ, բիբ, աղբ,  գութ, տղա, քար, դար, կար, սար…
Չէ~, այդ բառն այստեղ չկա: Այն գտնվելու մեկ վայր ունի միայն`
<Հոգի> ինքնավար հանրապետության մայրաքաղաք՝  <Սրտի>  կենտրոնից  36 աստիճան  դեպի հյուսիս-արևմուտք:
Այդ բառը կարող է ընդամենը մեկ վայրկյանում փոխել ամբողջ կյանքի ընթացքը:
Կախարդական բառ է: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ թաքնվել է սրտի մեջ, քանի որ հենց սրտից էլ դուրս են գալիս բոլոր, բոլոր բառերն իրենց նշանակությամբ:
Սրտից է դուրս գալիս ժպիտը, երբ ուզում ես լաց լինել:
Սրտից է դուրս գալիս լացը, երբ շատ երջանիկ ես:
Սրտից է դուրս գալիս ծիծաղը, երբ շատ ես անհանգստանում:

* *  *
Երբ միացավ ինտերնետային կրիչը, էկրանին երևաց գովազդային շարժապատկեր, փակվեց  ու հաջորդեց ինչ- որ սոցիալական ցանցի ծանոթությունների կայք:

* * *
Արդեն երկու ամիս  է, ինչ նամակարգական  կոչվող կապով    <կախված> եմ ինտերնետ-սարդոստայնի թելերից:
Անունը Քրիստինա է, տարիքը` քսանչորս, եթե, իհարկե, ճիշտ է ասել:
Նկարներ չենք փոխանակել, չենք հանդիպել:
Շփվել ենք առանց մտերմական արտահայտությունների, առանց քնքուշ բառերի, բայց միշտ գտել ենք անհանգստացնող  թեմաների ու մտքերի ընդհանուր պատասխաններ:
Չէի կարող հանդիպել: Այսօր բժիշկն ասաց, որ ոտքիս ոսկորն արդեն կպել է, կարելի է քայլել:
Որոշեցի հանդիպել:
Երբ միացրեցի համակարգիչս, տեսա հաղորդագրության թարթիչ աչքը:
< Ողջույն, սիրելի´ս,  ի´մ սեր: Այսօր քո սիրած զգեստն եմ հագել, հիշո՞ւմ ես` սպիտակը, կապույտ գծերով: Ձեռքիս ափերը մեկնել եմ քեզ ու սպասում եմ…>
Բայց մենք երբեք չենք հանդիպել: Սա ի՞նչ նամակ է…
Ուրիշին ուղղվա՞ծ ու պատահականորեն ի՞նձ ուղարկված:
<Մենք չենք հանդիպել, ինչպե՞ս պետք է հիշեմ… դու երևի շփոթել ես հասցեն >:
Նամակն անհայտացավ իմ համակարգչի էկրանից հենց այն ժամանակ, երբ  բնակարանում անջատվեց էլեկտրական  հոսանքը:
Երկու ամսվա իմ անկեղծությունը ցնդեց սենյակի մթության մեջ:
Դե,  իսկ նա, ում հասցեագրված է նամակը, արդեն շատ հեռու է գնացել շփումների մեջ:
Երբ նորից միացավ համակարգիչս, նոր հաղորդագրություն էր.
<Դրանք իմ երկու ամսվա չուղարկված տողերն , որ քեզ համար էի պատրաստել… Ուղարկեցի` իմանալով, որ ապաքինվել ես  և էլ չես գրի>:
<Ես այնքան շնորհակալ եմ քեզ`այս ընթացքում ինձ հետ լինելու համար, որ չգիտեմ, ինչպես պետք է… Դու ինձ անչափ օգնեցիր: Չէ՞ որ, իմանալով իմ վիճակը`ինձ լքեց ընկերուհիս, իսկ դու…>

  <Ես գիտեմ, որ չես ցանկանա հանդիպել: Ես էլ չեմ ցանկանա, քանի որ ինձ տեսնելուց հետո, միևնույն է, դո´ւ  ես հետ կանգնելու>:
<Ինչո՞ւ: Ինձ համար արտաքինը նշանակություն չունի, չե՞ս հավատում>:
<Չգիտեմ: Դու ուզո՞ւմ ես հանդիպել>:
<Անպայմա´ն: Ես կարող եմ վաղվանից քայլել, ճիշտ է դանդաղ բայց…>:
<Լա´վ, երեկոյան կխոսենք>: 

* * *
Ինչքան գեղեցիկ նամակներ եմ ստացել քեզանից` ինձ համար դժվար պահերին:
Շատ տողեր անգիր գիտեմ: Ոչ թե այն պատճառով, որ անգիր եմ արել, այլ, որ կարդացել եմ բազմաթիվ անգամ:
Քո ամեն մի նամակից ես ուզում էի թչկոտել իմ կոտրված ոտքով: Դու ինձ այնքան  հույս տվեցիր, որ…

* * *
< Քեզ հարմա՞ր է ուրբաթ օրը, ժամը 18.00 >:
< Այո, միայն թող մոտ լինի իմ տանը, շատ չեմ կարող քայլել >:
< Ինքդ որոշիր >:
< Տերյանի արձանի մոտ: Կգա՞ս >:
< Ես կլինեմ ինչպես նկարագրել էի. զգեստս`սպիտակ` կապույտ գծերով, ձեռքիս կլինի կարմիր վարդ: Բայց մի պայմանով: Հակառակ դեպքում չեմ գա: Եթե քեզ դուր չգամ, չմոտենաս: Պայմանավորվեցի՞նք >:
< Այդպես ճիշտ չէ >:
< Ուրեմն չեմ գա >:

* * *
Տերյանի արձանի մոտ տեղ չկար նստելու:
Ձեռնափայտին հենված տղան մոտեցավ ու նստեց մի նստարանի ծայրին, որտեղից և´ ինքն էր երևում, և´ արձանը: Մացառուտներին հենած  ձեռնափայտը վայր ընկավ, բայց տղան չնկատեց:
Անցավ տասը րոպե:
<Ես չեմ կարող անտարբեր մնալ, անպայման կմոտենամ>:

Դանդաղ քայլերով մոտենում էր մի կին`հագին` կապույտ գծերով սպիտակ զգեստ:
Հայացքը սահեց-անցավ բոլոր նստարանների մարդկանց վրայով ու…. կանգ առավ:
Կանգ առավ նաև տղայի սիրտը:
Պարզ երևում էր, որ կինը տղայից տարիքով մեծ էր:
Ձեռքին կարմիր վարդ չկար:
Անհանգիստ էր: Ու կարծես անօգնական աչքերով փնտրում էր ձեռնափայտով տղային:
 Տղան ասես կռահելով`շտապեց կռանալ ու վերցնել մացառուտների միջից երևացող ձեռնափայտը: Չկարողացավ:
Մտածեց, եթե հապաղի, կինը կգնա, ու ինքը հաստատ չի հասնի նրա հետևից:
Կանգնեց մի կերպ ու կաղալով` մոտեցավ:
- Քրիստինա՞:
- Չէ´, ես Լուսինեն եմ, անունս ուղղակի….
- Նշանակություն չունի, իսկ վարդը՞, չկա՞…
- Վարդն ինձ մոտ է: Ես եմ Քրիստինան:
Մի կերպ շրջվեց: Տեսավ իրեն հասակակից  մի աղջկա` ձեռքին կարմիր վարդ:
Գեղեցիկ էր, ժամանակակից, սպիտակ վերնաշապիկով ու  կապույտ ջինսով:
- Ուզում էի ճշտել, կմոտենաս, թե՞… Լուսինեն իմ հարևանուհին է: Ես էի խնդրել: Քեզ ամեն ինչ կպատմեմ: Լուսի´ն ջան, քե´զ էլ շնորհակալություն: Երեկոյան կխոսենք:
Լուսինեն գլուխը կախ հեռացավ: Մոտեցավ նստարանին, կռացավ վերցրեց ձեռնափայտը, բերեց, լուռ տվեց տղային և երբ փորձ արեց հեռանալու, վերջինս բռնեց նրա թևը.
- Մի րոպե, խնդրո´ւմ եմ:
Հետո շրջվեց դեպի Քրիստինան ու հարցրեց.
- Դու կարո՞ղ ես կրկնել, թե որքա՞ն է կյանքի երկարությունը: Դու ինձ գրել ես:
- Դե, այնքան, որքան ի վերուստ է տրված: 
- Կյանքի երկարությունը կյանքի վերջին պարի տևողության չափ է: Ե´ս եմ գրել,- պատասխանեց Լուսինեն:

* *  *
Ընդամենը երեք տառ:
Կախարդական բառ: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ թաքնվել է սրտի մեջ, քանի որ հենց սրտից էլ դուրս են գալիս բոլոր, բոլոր բառերը:
Սրտից են դուրս գալիս ժպիտը, լացը, երջանկությունը, ծիծաղը, ցավը, անհանգստությունը, հոգատարությունը:
Սրտից է դուրս գալիս նաև այդ կախարդական բառը:
- Դո՞ւ ես ինձ այս երկու ամիս գրել նրա փոխարեն,- հենվելով Լուսինեի ձեռքին` հարցրեց տղան:
Կախարդական բառ…
Ընդամենը երեք տառ…
- Այո:

* *  *
Նստարանին երկուսով են:
Լուռ նայում են  կանաչ թփերի վրա թռվռացող մի զույգ թիթեռի:
Թիթեռները պարում էին:
Արևի ճառագայթների տակ իսկական մեկ սիրո համերգ էր:
Մի անխոս պատմություն, որ ցույց էր տալիս, թե որքա~ն գեղեցիկ է սերը:
Նրանք սիրում էին արևը, ջերմությունը, շրջապատող կանաչը և մեղմ շոյող զեփյուռը, որը մասնակիորեն խանգարում էր թիթեռների զուգապարին:
Թիթեռները լուծվում էին սիրո մեջ, գնահատում իրար հպվելու յուրաքանչյուր ակնթարթը, որովհետև գիտեին, որ իրենք շատ քիչ ժամանակ ունեն ապրելու:
…Որովհետև գիտեին, որ երեկոյան գեղեցիկ պտույտներով նրանք կընկնեն գետնին, միասին… և դա նրանց կյանքի վերջին պարն է:

- Գեղեցիկ են պարում, չէ՞,- Լուսինեն գրկեց տղայի մեջքը:
- Այո, շատ: Եթե մենք մի քանի ժամ էլ նստենք, կտեսնենք նրանց մահը: Ավելի լավ է, գնանք:
- Գնանք մեր տուն: Կգա՞ս: Ընդամենը երկու կանգառ է:Ես քեզ կօգնեմ:
- Գնանք:

* * *
Առավոտյան տղան զգույշ, առանց ձեռնափայտի մի կերպ մոտեցավ պատուհանին, այնպես որ չարթնացնի նրան:
Արևի շողերը կարծես դիտմամբ սավանի վրա ընդգծել էին Լուսինեի մարմինը:
Չարչարանքից փքված շուրթերը կիսաբաց էին, ու արևի շողերից փայլում էին մանր գեղեցիկ ատամները:
Այդպես հանգիստ ու խաղաղ քնում են միայն երեխաները:
Չէր ցանկանում արթնացնել նրան իր ձեռնափայտի ձայնով:
Լուսինեն կարծես զգաց նրա ներկայությունը:
Արթնացավ, տեսավ պատուհանից դուրս նայող տղային:
Սավանը վրայից սահել էր, ու երևում էին նուրբ կրծքերը:
Սպիտակ մարմնի վրա աչքի էին  զարնում կրծքերի մուգ կարմիր կոճակները:
Մահճակալի մոտ` գետնին  ընկած էր կապույտ գծերով սպիտակ զգեստը:


* * *
Առավոտյան Տերյանի արձանի մոտ գտնվող նստարաններից մեկի մոտ ընկած էր մի թիթեռ: Կողքին զուգընկեր թիթեռն էր, որ չէր հեռացել:
Նրանց վերջին պարը ընդհատվել էր, չէր վերջացել:
Շուրջը ծագող արևն էր: Մեղմ քամին էլ հանդարտ տատանում էր կանաչ խոտը և հանգած թիթեռի թևերը:
Թվում էր, թե թիթեռը կենդանի էր: Բայց այդպես չէր:
Նա իր վերջին պարն  էր պարել զուգընկերոջ համար:
Մինչև վերջ նրանք չլքեցին միմյանց:

* * *
Սերն է գեղեցկացնում ամբողջ կյանքի ընթացքը:
Մեզ տրված է հնարավորություն առավոտյան համբուրելու սիրո լուսաբացը, երեկոյան սիրագորով գրկելու սիրո մայրամուտը, գիշերը վայելելու սիրո կարմիր պտուղները… գնահատելու քայլերն  այն մարդու, որը պատրաստ է քեզ հետ պարելու կյանքի երկարության չափ տևող  սիրո պարը:

Ընդամենը երեք տառ: Բայց իմաստը….