Տատիկին, որը երկար էր ապրել աշխարհում, խոհանոցից ննջարան ճանապարհը թվաց շա՜տ երկար:
Գիտե՜ր, որ թոռնիկը դեռ չի՛ քնել, բայց պարտադիր համարեց մե՛կ անգամ էլ ստուգելու:
- Արմինե՞, չե՞ս քնել, ասացի չէ՞ մայրիկը կբարկանա:
- Մայրիկին եմ նայում, դու ասել ես, որ երկնքո՜ւմ է, բայց միայն Լուսին եմ տեսնում:
- Ամպերում է, չե՛ս տեսնի, բայց ինքը քեզ նայում է, կբարկանա, քնի՛ր:
- Ուզում եմ գրկել մամայիս նոր քնել:
Տատիկն անզոր էր որևէ բան ասելու:
Նորից ուղղեց վերմակը, շոյեց աղջնակի գլուխը:
- Տատի՜կ, Լուսինե անունը Լուսին բառից է, չէ՞:
- Այո՜, Լուսին բառից:
- Իսկ Արև բառից Արևինե՞:
- Չկա՛ նման անուն, քնի՛ր, ասացի չէ՞, մայրիկդ վերևից տեսնում է քեզ:
- Բայց ամպեր չկա՜ն, չե՛ն երևում: Ե՞րբ կերևան:
- Ա՜յ. մի գեղեցիկ օր կլինի, անձրև չի՛ լինի, քամի չի՛ լինի, արևոտ կլինի ու կերևան ամպերը:
- Չէ՜, թող քամի լինի, քամի բառից էլ Քամինե՜, ես կլինեմ Քամինե՜, կթռչեմ դեպի ամպերը՝ մայրիկիս մոտ, կգրկե՜մ: Կամ գոնե՜ զգույշ ձեռք կտամ:
- Քո անունն ի՞նչ վատ անուն է, Արմինե՜, շա՜տ լավն է:
- Չե՛մ ուզում, ես Քամինե՛ եմ ուզում:
- Լա՜վ, թող լինի Քամինե, քնի՛ր: Գիտե՞ս ժամը քանիսն է արդեն:
- Ես ժամ չգիտե՜մ, ինչի՞ս է պետք: Տատի՜կ, իսկ երբ գեղեցիկ օր լինի դու ինձ կասե՞ս:
- Իհարկե՜ կասեմ, քնի՛ր:
Գիշերն անձրև էր եկել, իսկ առավոտյան ջրափոսերի տեսքով թողնելով իր հետքերը- կտրվել:
Արևն իր ճառագայթներով խաղում էր ջրափոսերի հետ ու երևի հրճվանքից ուրախանում:
Արմինեն իջել էր բակ ու զարմանքով նայում էր ջրափոսերից անդրադարձող ճառագայթներին:
Մոտեցավ մի ջրափոսի և ուախությունից ճչած:
Ջրափոսի մեջ պարզ երևում էին սպիտակ ամպի քուլաներ:
Պպզեց, զգույշ ձեռքը մեկնեց ու դիպավ ամպերից ամենագեղեցիկ ամպին:
Ամպիկից տարածվեցին օղակներ առավել հրճվանք պարգևելով:
- Մա՜մ ջան, ե՛ս եմ՝ Քամինեն, - շշնջաց աղջնակը:
Ջրի օղակները վերջացան և նորից պարզ երևաց ամպիկը՝ սպիտակ ու այնքան գեղեցիկ, ինչքան որ պատկերացնում էր իր մայրիկին:
Աղջնակին՝ փոքրիկ տղայի ձեռքը բռնած մի կին մոտեցավ:
- Արմինե՛, տատիկդ գիտի՞ որ մենակ բակ ես իջել, ինչո՞ւ ես այդ կեղտոտ ջրի հետ խաղում, հազա՜ր ու մի վարակ կա: Քաշի՛ր ձեռքդ ու տուն գնա:
- Տատիկս քնած է, ես Արմինեն չե՛մ, Քամինե՜ն եմ, մայրիկիս եմ սիրում:
Փոքրիկ տղան բաց թողեց կնոջ ձեռքն ու մոտեցավ աղջկան:
- Մա՜մ, ինքը ամպերին է ձեռք տալիս, ե՛ս էլ եմ ուզում, խնդրո՜ւմ եմ:
- Ռաֆուլի՛կ, այստեղ արի, աննորմալ երեխա է, ի՞նչ գործ ունես նրա հետ:
Կինը բռնեց տղայի ձեռքն ու քաշելով դանդաղ հեռացավ:
…միգուցե գեղեցիկ օրը կորցներ իր հմայքը,
…միգուցե արևն արդեն չհրճվեր,
…միգուցե տատիկը, որը երկար էր ապրել աշխարհում, արթնանար ու բարկացած տուն կանչեր Արմինեին,
…միգուցե ամպերը նեղանային ու չցանկանային արտացոլվել ջրափոսերից,
բայց… այդպես չեղավ, քանի որ կար իրական Քամինեն, որը շոյո՜ւմ, խոսո՜ւմ էր իր համար աշխարհում ամենաթանկ էակի հետ ու օրն իրոք գեղեցիկ էր…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий