среда, 9 ноября 2016 г.

Պատուհաննե՜րը


Նայե՞լ եք արդյոք պատուհաններին,
Տեսե՞լ եք արդյոք պատուհաններից
Ձեզ նայող աչքեր՝
Փնտրումի, Հավատի ,
Սպասմա՜ն ու Հույսի…

Դա՜ռն են,
Դաժա՜ն են պատուհանները
Որբանոցների …
*
Դե ե՛կ բացատրիր անմեղ մանկանը,
Որ նաև ծիծա՜ղ կա  աշխարհում դաժան,
Որ նաև սե՜ր կա՝
Մայրակա՜ն,
Հայրակա՜ն,
Որ  իրեն գրկո՜ղ, գուրգուրող Ձեռք կա,
Որ Սի՜րտ կա բաբախող իր համար…
*
Լսե՞լ եք արդյոք որբանոցներում
Երազում խոսող երեխաներին՝
Լույսի լեզուն է,
Հույսի լեզուն է  նրանց բերանում,
Որ այդ կյանքի մեջ առանց գիտակցել
Մա՜հ է աղերսում…
*
- Մի՛ խփիր, ցավո՜ւմ է , մամայիս կասեմ:
- Տե՞ս, պապաս կգա՛ քիթդ կջարդի:
- Ես երբեք տիկնիկ չեմ էլ ունեցել:
- Տատի՜կ, պապի՜կ ջան, շա՜տ եմ կարոտել…
*
Կյանքը մահաշեղբ դանակի նման
Ասես կտրել է երակը բախտի,
Ու ցփնվել է արյունը մանկան
Որբանոցների պատուհաններին…
*
Ուր մա՛հ են կարծես անցնող օրերը…
Ուր մորթոտվում է հույսն հավատի հետ…
Ուր մանկան մաքո՜ւր, ջինջ աչուկները
Տխրո՜ւմ են, դառնում մո՜ւթ պատուհաններ…
*
Թե սա մա՛հը չէ,
Էլ ո՞րն է մահը՝
Հողին հանձնվող մարմի՞նը անշունչ,

Մա՛հն աչքե՛րում է  որբ մանուկների- 
…Սպասումից կաթացող արցունքում աղի,
…Փնտրումից հոգնած փակվող կոպերում,
…Որբանոցների պատուհաններին…

Ս.Ումառ-Հարությունյան
08.11.16 Երևան


Комментариев нет: