суббота, 19 ноября 2016 г.

Տխրամած աշուն (Հ.Մ –ին)



Է՜հ, ի՞նչ իմանայի, որ աշնան գույները
Քանի գնո՜ւմ,  դաժանանո՜ւմ են,
Որ ցավ են դառնում՝
Հեղուկի տեսքով կարմիր ու դեղին բաժակների մեջ
Լո՜ւռ տեղավորվում:

Ի՞նչ իմանայի,
Որ երբ դատարկում ես բաժակը ցավից՝
Ինքդ դատարկվում ես
Ու
Հեռվի՜ց, շա՜տ հեռվից
Քեզ ունենալը
Ա՛յլ  ցա՜վ է տալիս
և ուրիշ  ոչինչ…
*
Ամառվա այրող շո՜ւնչն եմ կորցրել,
Այրվել են օրերս հին կոճղի նման
Ո՞ւմ են տաքացրել
Կամ թե ո՞ւմ  այրել -
Հիմա դարձել են մոխի՛ր՝
Անպե՜տք, անօգուտ մի բան:
*
Ինձ հասկանում են միայն շուրթե՜րս
Ու աշնան դեղին տերևին նայող
աչքերս անպատկառ,
(Որ մի ժամանակ քեզ էին տնտղում
Միայն ու միայն)
Թե ո՞ւմ են գերել,
Ումո՞վ զմայլվել՝-
Հիմա դատա՜րկ են՝
Անպե՜տք, անօգուտ տակառի նման:
*
Կատաղած գարունը
Ցնդած ամռան հետ,
Որ մի ժամանակ սիրտս էին պատռում,
Հիմա լքե՜լ են,
Թողե՜լ, հեռացել,
Թողնելով մի տխրամած Աշուն…

Մեկ էլ՝ ամենացավոտը - գրկումս
Քեզ ունենալու անիրականալի
Մի մեծ ցանկություն:
*
Դե տե՛ս, սիրելիս
Քեզ չունենալս քանի՞ անգամ է շատ իմ ունեցածից՝  
Լցված անպե՜տք ու դատարկ բաներով,
Հենց դրանից եմ ես հիվանդացել
Մի հիվանդությամբ՝
«Կարոտ» անունով…
*
Արի բաժանե՜նք,
Բաժանե՛նք արդար-
Իմ աչքերը քե՛զ,
Իսկ քո սի՛րտը ինձ…

Համարժեք են, սիրելիս, հավատա,
Երկու դատարկ բան -

Մի տխրամած աշո՜ւն,
Մի հեռավոր կա՜նչ…

Հեռվի՜ց, շա՜տ հեռվից
Քեզ ունենալը
Միայն մորմո՜ք է -
Տխրամած Աշնան դեղին ու կարմիր
Աչքերի նման…

Ս.Ումառ-Հարությունյան

Երևան    նոյեմբեր    2016

Комментариев нет: