воскресенье, 27 марта 2016 г.

ՀԱՅԵԼԻ



Հե՛շտ է ասել
- Մեծանո՜ւմ ենք…,-
Ասվածի մեջ ոչ ցա՜վ կա,
ո՛չ էլ ետին միտք,
Իրականում ծերանո՜ւմ ենք
Ու տարիները դառնում են չարիք…

Արդյո՞ք այդքան հեշտ է ասում
«Մեծանո՜ւմ ենք»
Իմաստուն, բայց անկարող մարդը…
(Բերքատու ծառի պտուղն է գրավիչ
Ոչ թե հարուստ  սաղարթը)

Ամեն դեպքում ծերանո՜ւմ ենք
Ավելի խորը տեսնում աչքի միջի ցավը,
Կսկիծ ու տանջանք է դառնում
Հայելու միջից մեզ նայող
Կնճիռների խաղը…

Տարիները հայելու միջից
Մեզ նայում են անթարթ
… Մեծանում ենք դանդա՜ղ,
Ծերանո՜ւմ ենք  արագ…

Հայելիներում կյա՛նքը՝ կյա՜նք չէ
Այլ հաղթելու միտում…
Իսկ տարի՞քը, ա՜խ չարիք է՝
Չարն էլ չունի՜ բուժում:

* * *
Հողը վրադ լինի թեթև
Հայելի ստեղծող վարպետ,
Համոզված եմ - ՄԱՐԴ ես եղել
Ու իրոք որ – Վարպե՜տ…

Վարպե՜տ…մի՞թե հնար չկար
Փառաբանվել
Այլ տեսակի հայելիով,
Որ նայողը իրեն տեսնե՜ր
Սիրող սրտի աչքով:

Որ երևար հեռուներից
Դե՜մքը - իր գիրկը կանչող
Կամ էլ չարից ու փորձանքից
Ձե՜ռքը - մեզ ետ պահող …

Որ չերևար մեր շուրթերին
Թախծի  ծունկը ողորկ,
Որ արծաթը մեր մազերին
Չդառնար ցա՜վ ու մորմոք:

Եվ որ կինը սանրվելիս
Հայելուն չասեր «Տխմա՜ր»
Տղամարդն էլ սափրվելիս
Իրեն նայեր վստահ…

* * *
Հայելիս հիմա չի՛ աշխատում
( Փչացե՜լ է երևի )
Հիմա հայելուց ինձ է նայում
Այլայլված մի ծերունի…

… Տարիները ցավերի հետ
Մեզ նայում են անթարթ,
Մեծանո՜ւմ ենք դանդաղ,
Ծերանո՜ւմ ենք արագ…



Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: