суббота, 19 марта 2016 г.

Աչքը…



Թա՜ց է,
Բայց օձի խայթոցի նման
Կարող է այրե՜լ,
Կարող է ժպտա՜լ,  արտասվե՜լ,
Կարող է ուշաթափ հիշողությանը
Ոտքի՛ կանգնեցնել,
Կարող է խանդե՜լ,
Կարող է քանդե՛լ,
Կարող է սաստե՛լ,
Կարող է իր մեջ ձևե՜լ ու չափել…

Չի՛ լինում անգույն -
Սև՜,  կանա՜չ,  կապո՜ւյտ…
Ո՛չ կրոն ունի, ո՛չ էլ ազգություն,
Ունի իր գիրկն առնելու
Մի սովորություն -
Երբ քեզ գրկում է,
Էլ բաց չի՛ թողնում:

Մայրական սրտի նման ունի ջերմություն,
Նախանձի նման ունի սառնություն,
Ոչ տա՛ռ ունի,
Ո՛չ էլ բառ,
Ո՛չ սեռ ունի,
Ո՛չ հոլով,
Բայց կարողանում է հանգիստ զրուցել
Քեզ հետ՝ քո լեզվով:

Մե՛կ ցնծո՛ւմ է մանկան նման,
Մե՛կ արտասվում կնոջ պես,
Մե՛կ էլ փակված կոպերի տակ
Հեռուներն է տանում քեզ …

Մութ չի՛ սիրում
Սրտում Լույս է՝
Պա՜րզ, թափանցիկ հատակով
…Հին հուշերից մեկ ամպում է
Մե՛կ էլ փայլում ժպտալով…

Եվ ինչպիսի՜ բերկրանքներ է հաճախ բերում
Թե փա՜կ, թե բաց վիճակում,
Ասես Աստծո հետ ես խոսում
Կամ էլ անխոս աղոթում:                        

Ասես քո մեջ բնակվում է
Լո՜ւռ  ու խոնարհ մի էակ,                 
Կոպերի տակ թաքցնելով
Մի ողջ աշխարհ բովանդակ:

Ս.Ումառ-Հարությունյան

17.03.16   Երևան   

Комментариев нет: