четверг, 4 февраля 2016 г.

ՃԱԿԱՏԱԳԻՐ



Ճակատագի´ր  իմ,
Քե´զ ապավինե՜լ՝
Հավատացել եմ գոյությանը քո,
Բայց կարոտներս արդեն ծերացել,
Ու ծնկել են քո ճանկերի ներքո:

* * *
Մաքո՜ւր,
Չգրված թղթերս վկա՛,
Երդվո՛ւմ եմ, որ էլ չեմ գրի,
Եթե ճակատագիրս մեկ վայրկյանով գա՝
Թղթերս վերցնի որպես սևագիր:

Օրերը  կյանքիս սևագիր անի -
Ցո՛ւյց տա ինձ, կարդա՜մ,
Սրբագրե՜մ
Տե՛րը ես դառնամ իմ ճակատագրի -
Ինչպես ուզո՛ւմ եմ, ինչպես որ ճի՛շտ է՝
Այնպես էլ ապրեմ…

Սաղարթներին տրվող քամու
Ձայնը սարքեմ մեղեդի,
Որ կյանք առնեն ողջ աշխարհում
Շիրիմները
Անպատասխան սերերի…

Որ չլինեն աշնան նման
Օրերը կարճ ու սադրիչ,
Լուռ ու խաղաղ պատվար դառնա   
Ժամանակը`
Բռնազավթող ամեն ինչ…

Որ չլինեն կեղծ մուսաներ
Պոետներին այցելող,
Պոետներն էլ չզբաղվեն
Տարեգրությամբ ստույգ ու չոր…

Որ հնձանից Ճակատագրի
Չքամելով ոչ մի կում,
Դատարկաձեռն  չհեռանան
Տարիները լավագույն:

Ճակատագիր
Հիմա չունեմ այն հարվածը քո մոլի,
Որ կործանել կարողանամ
Օրենքները,
Ավանդույթներն աշխարհի…

Սակայն գիտե՜մ,
Որ դու ստո՛ր ես ճակատագիր,
Թշվառության նման սև ու ավերիչ,
Դու Կայենի աչքերի պես խույս ես տալիս
Արդարության հայացքից:

Ճակատագի´ր  իմ,
Բա´խտ իմ դիվահար,
Քո  ճանապարհը վերջ ունի՞ արդյոք,
Սկիզբը ես գիտեմ՝
Ցա´վ  էր ինձ համար,
Ու երկա՜ր, երկա՜ր կսկիծ էր՝ մորմոք:

* * *
Ճակատագի´ր  իմ,
Ես քեզ ստրուկ չե՛մ եղել
(Եվ երբեք էլ չե՛մ լինի)
Խոստովանե՜մ, -  վախենո՜ւմ եմ,
Որ Աբելի նման ազնիվ
Մի օր զոհդ կլինեմ…

Ս.Ումառ-Հարությունյան
04.02.16 Երևան





Комментариев нет: