Ցավը…
Երբ ցավդ
կիսո՜ւմ է ընկերդ -
Թվում է թե
ցավը կիսվե՜ց,
Փոքրացա՜վ,
Բայց
իրականում կրկնապատկվում է՝
Դառնո՛ւմ
երկու ցավ…
Հետո՜
Սեփական
ցա՛վդ ընկերոջդ մեջ
Կիսում ես
դու -
Եռապատկո՞ւմ
ես ցավը,
Թե՞
քառապատկում՝
Հաշվել չի
լինում:
Ցա՛վն ազգ
չունի,
Չունի՛ հայրենիք,
Ոչ աթեի՛ստ
է, ո՛չ հավատացյալ,
Արքայական
թագի նման
Հարմարվում
է ցանկացած էակի…
(Այդ ո՞ր
արքան է երբևէ բողոքել,
թե թագը փոքր
է կամ մեծ իր գլխին)
Սրբապատկեր ունենաս գրպանում,
Թե բանկում հաշիվդ լինի հինգ-վեց զրոյով,
Թիկունքիդ դաշույնով հարվածող մարդու
Աչքերի նման անպատկառ
Ցա՛վն իր գործն
է անում քո ներսում:
Ամենաուժեղ ցավը ժպիտով լինելն է,
Երբ սրտիդ թփթփոցը լսում ես
կրունկերիդ տակ,
Ամենասարսափելին՝
Ընկերոջ հեռախոսի համար ջնջելն է,
Այն պատճառով, որ նա այս կյանքում
այլևս չկա…
Ցավ
ունեցողները
Մեկուսանո՜ւմ
են,
Դա՜ռը
ժպիտով
Դառնում
լռակյաց,
Հետքրքի՜ր է
-
Մարդուն
որտեղի՞ց այդքան ուժ,
Որ ցավը
կրծքում
Ժպտում է
դարձյալ…
Ս.Ումառ-Հարությունյան
13.02.16 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий