Աշնան եղանակին գարնան մի օր
Չեմ կարողանում
կողմնորոշվել, թե այսօր տարվա ինչ եղանակ է:
Չգիտեմ ինչ հագնել:
Օրացույցով աշուն է, բայց
օրը` արևոտ ու արևոտ:
Այնքան արևոտ օր է, որ
անկախ քեզնից ցանկանում ես դուրս գալ ու…թռչել:
Մեր տան հայելին ֆիզիկայի բոլոր
օրենքներից դուրս է:
Ամեն օր տանից դուրս
գալուց առաջ նայում եմ, հայելին էլ ինձ է նայում:
Այսօր էլ նույնը:
- Խո´զ, ինչու՞ ես աչքերդ
չռել, մերկ ծնկներ չե՞ս տեսել, ի՞նչ է:
- Հիմա´ր,- ասաց հայելին, մնացածը
չլսվեց:
Հագնում եմ աշնանային
կիսաչոր տերևի գույնի` Նրա նվիրած աշնանային թեթև վերակուս:
Զգում եմ, որ հայելին ինձ
նայում է սոված հայացքով:
Ինձ դուր են գալիս
տղամարդկանց սոված հայացքները:
Նայում են երկար, թուքը
կուլ տալիս, հետո գլուխները կախում:
Տղամարդկանց հայացքները
սոված լինում եմ երկու դեպքում. առաջինը խաշի սեղանին` օղու բաժակից հետո` կարմիր բողկերին
նայելիս, երկրորդը` կարճ շրջազգեստ հագած աղջիկներին նայելիս:
Հիմար բաներ են անցնում
մտքովս, միգուցե հայելին ճիշտ է:
Նոր պետը կանչել էր իր
սենյակ: Դե առաջին օրն էր, պետք է իրեն ցուց տար:
Հստակ հասկացրեց իմ`
քարտուղարուհուս տեղը օֆիսում:
Մի հինգ րոպե խոսում էր, բացատրում,
ես չէի լսում, մեկ-մեկ գլխով համաձայնության նշաններ էի անում:
Հետո զգացի, որ ձեռքը
ծնկիս է դրել:
Նայեցի արդեն ուրիշ
աչքերով ու չհասկացա` ինչո՞ւ ծիծաղեցի երկա~ր, երկա~ր:
Ձեռքը մնաց ծնկիս վրա, սոված
հայացքով, աչքերը` ուղղված շուրթերիս:
Վեր կացա աթոռից:
Նայեցի ու ինձ թվաց, թե մի
անօգնական մարդ` նստած դիմացս ողորմություն է խնդրում:
Հայացքս որպես
ողորմություն գցեցի նրա ափի մեջ ու դուրս եկա սենյակից` համոզված լինելով, որ
ետևիցս կրքոտ նայելու է:
Թո´ղ նայի:
Երևի անկողնային հիվանդ կամ
էլ ֆրիգիդ կին ունի է, ի՞նչ իմանամ:
Երկու օր առաջ էր`
աշնանային մի օր:
Երբ դուրս եկա հիմնարկից,
անձրև էր` ամռանը հրաժեշտ տվող խառնակիչ անձրև, որն ինձ համոզեց իմ աշխատանքը
կորցնելու փաստը:
Ես ցանկացա խմել անձրևը,
առանց շտապելու, կում կում մեջս լցնել ինձ այդքան պակասող կաթիլների կաթկթոցը ու
բերանս բաց, գլուխս ետ գցաց վազեցի, վազեցի…
Առավոտից արդեն լավ եմ:
Տաքություն չկա:
Օրը` հիանալի:
Իմ մասին ոչ ոք չի մտածում, թերևս միայն Փիլիպոս կաթողիկոսը, որ 1635թ. կառուցել
է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին` դեղատան վարչության
հարևանությամբ:
Ես սովորություն ունեմ
հաճախակի եկեղեցի գնալու:
Մեկ շաբաթ է` չեմ եղել:
* * *
- Ինձ հինգ մոմ տվեք,-
դրամը պարզեցի, ու պատուհանի հետևում նստած կնոջ չզարմանալը սովորական էր:
Տատիկս է սովորեցրել. <Միշտ
կառնես կենտ քանակի մոմ, այդպես է ընդունված>:
- Բայց մենք չորս հոգի ենք,
տա´տ, ես, դու, մաման ու պապան:
- Ոչի´նչ, հինգերորդը
բոլորիս հաջողության համար է:
Պատուհանին մոտեցավ մի
տղա:
- Չորս հատ:
Վերցրեց մոմերը` առանց ինձ
ուշադրություն դարձնելու:
- Կե´նտ է հարկավոր առնել:
Ինչո՞ւ ասացի, չգիտեմ:
Նույնիսկ վերարկուիս տակից
ճչացող կարճ շրջազգեստս ուշադրության չարժանացավ:
Տղան մտավ եկեղեցի:
- Մոտակա հիվանդանոցից է,-
ասաց մոմ վաճառող կինը,- այն, որ Մաշտոցի պողոտայում է:
Արդեն երեք օր է` փախչում
է հիվանդանոցից, գալիս է մոմ վառում ու վերադառնում:
Ինքն է պատմել: Վաղն
առավոտյան վիրահատելու են: Ծանր օր է լինելու, խե~ղճ տղա…
Մտա եկեղեցի, աչքերով
փնտրեցի նրան: Աջ պատի մոտ գտա:
Վառում էր իր
մոմերը:Մոտեցա կանգնեցի կողքին ու ես էլ վառեցի:
Հայացքն ուշադիր մոմերին
էր հառել, ինչ- որ բան էր մրմնջում:
Աշնան եղանակին գարնան կորած
ու մոլորված, մի թեթև քամի հանգցրեց իմ
բոլոր մոմերը:
Ես նայեցի տղայի մոմերին
ու տեսա, որ մեկը չէր հանգել, իսկ մնացած
երեքը ծխում էին իմ բոլոր մոմերի նման:
Մոմամանում չհանգած մոմեր կային, մտածում էի` որի՞ց վառեմ,
երբ տղան առանց խոսքի` ձեռքը երկարեց ու իմ հանգած մոմերից վերցրեց մեկը, վառեց իր
մոմից, մեկնեց ինձ:
Նույն մոմից վառեց իր մնացած
մոմերն ու անխոս հեռացավ:
Հեռացավ այնպիսի
քայլվածքով, ինչպիսի քայլվածքով, որ հեռացավ Նա մեկ շաբաթ առաջ` գլուխը կախ, անվստահ,
կիսաօրօր, ստիպողաբար հրաժեշտի քայլվածքով:
Ի՞նչ էի արել որ…ուղղակի
հարցրեցի, թե ինչպե՞ս են կարողանում տղամարդիկ հանգիստ քայլել, երբ ոտքերի
արանքում խանգարող բան կա:
<Ի՞նչ : Եվ դու դա
հարցնում ես ի՞նձ>,-զարմացավ նա:
<Բա ու՞մ հարցնեմ` պատի
ետևում գիշերները խռմփացնող հարևանի՞ս, համ էլ ես սիրում եմ քեզ>:
<Մեր սերն ավարտվեց, մի´
նեղացիր, բայց ես էլ չեմ կարող, ես հոգնել եմ քեզնից:
Քեզ բուժվել է հարկավոր, դու
նորմալ չես, գլխումդ քամիներ են, ինչ- որ սավառնել, ինչ-որ սլանալ, քեզ ինչպես եմ
ներկայացնելու ծնողներիս, չե՞ն ասի` այս գիժն ո՞վ է: Ա´յ, ընկերուհիդ` Հասմիկը,
ուրիշ է…>
Ապտակեցի: Ինչո՞ւ, ինքս էլ
չհասկացա:
Սիրում էի, սիրեցի ավելի
շատ:
Երևի հայելիս ճիշտ է` հիմար
եմ:
* * *
Ոտքերս հասցրեցին Մաշտոցի
պողոտայում գտնվող հիվանդանոց:
Տեղեկատու <վանդակում>
նստած երիտասարդ կինն ուշադիր նայեց:
- Վերարկուն որտեղի՞ց եք
գնել:
- Չեմ գնել, նվեր է: Ընկերս
է բերել Ֆրանսիայից, որ կարճ շրջազգեստս չերևա, բայց երբեք չեմ կոճկում:
- Լավն է, երանի~ Ձեզ, հա´մ
աշնանային վերարկու, հա´մ այդպիսի ընկեր: Է~խ, ի՞նչ է հարկավոր:
- Քիչ առաջ այստեղ մտած
տղային ի՞նչ է եղել:
- Բարեկա՞մ չեք: Չե՞ք
ճանաչում: Ոչինչ չեմ կարող ասել, բժշկական էթիկայի հարց է:
Անխոս հանեցի վերակուս ու գցեցի բացված փոքրիկ պատուհանի
գոգին:
Կինը կարմրեց, սկսեց
թերթել ինչ-որ քրքրված մի մատյան:
- Սարգսյան Ռոբերտ: Վաղը
երիկամն են հանելու: Մահամերձ հոր համար է:
Ավելին չեմ կարող ասել, կներեք:
Վերարկուն չմոռանա´ք, նվերը չեն նվիրում:
* * *
- Ո՞ւր ես, մեռա քեզ
սպասելով,- ծաղրեց հայելիս:
Հայելու չորս
անկյուններում վառված մոմեր էին:
Կենտ է հարկավոր. մտածեցի
որ տանը մոմ չկա ու փորձեցի փչելով հանգցնել մոմերը:
- Ես Հանգստությա´ն մոմն
եմ, շնորհակալությո´ւն, - ասաց առաջին մոմն ու հանգավ:
- Ես Սիրո´ մոմն եմ, քեզ
այլևս հարկավոր չեմ,- մխաց, ինչպես առաջին մոմը:
- Ես Հավատքի´ մոմն եմ, մարդիկ
ինձ կորցրել են վաղուց: Ես համարյա վերջացած եմ, հանգցրո´ւ:
Չորորդը տեղի չէր տալիս:
Հայելին ծիծաղեց:
-Դու չես կարող նրան հանգցնել,-
ասաց հայելիս,- Դա Հույսի մոմն է, որից հետագայում պետք է վառել մնացած երեքը: Նա
միշտ պետք է վառվի:
Ես փարվեցի հայելուս:
<Սիրու~մ եմ, սիրու~մ
եմ, սիրու~մ եմ>,- շշնջում էի նրան:
Հայելիս էլ իր ձեռքերով
ինձ գրկեց, ամուր սեղմեց իրեն ու ասաց.
<Քո համբույրներն այնքա~ն
արևոտ են,այնքա~ն ջերմ, այնքա~ն էներգիա են հաղորդում, որ ցանկանում եմ թռչել, փախչել
քեզնից հեռո~ւ– հեռո~ւ` հետո տիեզերական արագությամբ վերադառնալ ու նորից արև~, արև~,
թռիչք, սլա~ցք…Կյանքն է այդպիսին` բումերանգի նման, քեզ վերադառնում է այն, ինչ ասում, ինչ անում ես…>
Հեռախոսը զանգեց:
- Լսում եմ,- արցունքներից
ձայնս փոխվել էր:
- Ու՞ր ես, մեռա քեզ
սպասելով, մոռացե՞լ ես, այսօր պետք է հանդիպեինք, ծնողներս սպասում են, մեկ ժամ է
հիմարի նման կանգնած եմ ՄԵՐ տեղում:
- Ես ուզում եմ, որ սկզբից
գնանք հիվանդանոց, այն որ Մաշտոցի պողոտայում է:
- Լավ, եթե ուզում ես…միայն
արագացրո´ւ….
Արագ վերցրեցի պայուսակս
ու դուրս գալուց առաջ նայեցի հայելուն:
- Հիմա´ր,- սոված հայացքով
ասաց հայելին,-մնացածը չլսվեց:
Դրսում` աշնան եղանակին
ավարտին էր մոտենում գարնան մի օր:
Комментариев нет:
Отправить комментарий