понедельник, 3 декабря 2018 г.

Հիշողությո՞ւն




Նկուղում
Հնամաշ իրերի միջից
Մի տաբատ գտա՝
Մանկության մի ճի՜չ…
Չափեցի՝  ծնկներիցս էր,
Որ մի ժամանակ երկար էր եղել վրաս
Ուղիղ երեք մատ՝
Փոշոտ ճմրթված
Մի հրավիրատոմս էր դեպի իմ անցյալ…

Միգուցե՞
«Հի՜ն շոր, հի՜ն կոշիկ» ձայնից վախեցել,
Փախել մտել էր ներքնահարկ,
Կամ էլ տատիկիս հսկող աչքերից
Կծկվե՜լ, թաքնվե՜լ էր թթվի տակառի տակ:

Գտա՜ մանկությունս՝
Գրպանում փոքրիկ փայտե պարսատիկ
Ու…անեծքները մայր-ճնճղուկների:

Երկու խոսք


Եվ նա ունի՞ իրավունքը
Հարվածելո՜ւ
Ցածրացնելո՜ւ
Բարձրացնելո՜ւ կամ գցելո՜ւ,
Նա՜, որ իրեն Կյա՜նք է կոչում
Է՜հ, այդ ո՞վ է ուժեղի մոտ
Իրավունքը իր պահանջում…

Խելացնո՜ր
Խելապակա՜ս մարդ արարած,
Քեզ թվո՜ւմ է թե միայն դո՛ւ լեզու ունես
Աստվածներից պահանջելու
Ու փախչո՜ւմ ես ինքդ քեզնից
Առյուծ տեսած եղնիկի պես,
Մոռանալով, որ առյուծն իր առյուծ-լեզվով
Աստծուց եղնիկ է պահանջել…

Եվ ի՞նչ ստացվեց.
Հանդիպեցին եղնիկ-առյուծ
…Մնացածը ինքդ գիտես:

Արցունքի վերջը



Արցո՜ւնքն է էլի
Արցունքի վերջը-
Մի քիչ հուսախա՜բ, թուլացա՜ծ,
Արցունքով չի՛ փակվում տխրության էջը
Այլ հիշողությո՜ւն է դառնում
Դառնացած…

Արցունքից հետո անձրևի նմա՜ն
Մի ծիածան է կապվում աչքերում,
Որտեղ կապո՜ւյտն է իշխում գույներին
Կապո՜ւյտն է մնում բիբերում…

Փակված տխրության էջը խունացած
Արևի նման ամեն իրիկուն
Ծալվո՜ւմ է ասես մի հի՜ն պատմուճան,
Որի կարիքը էլ չի՛ զգացվում:

Արցո՜ւնքն է էլի
Արցունքի վերջը-
Մի քիչ հուսախա՜բ, թուլացա՜ծ,
Հիշողությո՜ւնն է ամե՜ն ինչի Վերջը,
և նաև Սկի՜զբը մոռացված…



пятница, 30 ноября 2018 г.

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (3)




Այսօր մի սովորական օր է,
Սովորական առավոտ,  
Սովորակ առավոտյան սուրճ,
Սովորական կանգառ,
Սովորական, շտապող մարդիկ  ու մի սովորական տղա, ականջակալներն ականջներին, ամեն ինչին անտարբեր…

Նա չգիտի, որ քիչ հետո կհանդիպի մի սովորական թվացող գեղեցիկ աղջկա և մի սովորական օր առաջարկություն կանի ու չի մերժվի:
Նա չգիտի, որ հետո կխնդրի այդ աղջկան իր համար աշխարհ բերելու մի հրաշք և այդ աղջիկը կկատարի իր խնդրանքը ու բացի հրաշք աշխարհ բերելուց ինքը կդառնա հրաշք՝ մայր ….ու տղային կդարձնի կրկնակի հրաշքների պահապան-հրեշտակ:

Մի պահ անտանելի ցանկություն առաջացավ ներկա լինելու այդ ամեն ինչին անտարբեր տղայի հարսանիքին ու տեսնել թե ինչպիսի բերկրանքով կբռնի իր հարսնացուի ձեռքը ու կմոտենա հյուրերին, իր գեղեցկուհուն ծանոթացնելու կամ օրհնանք, բարի ցանկություններ լսելու համար…

Մի սովորական կանգառ էր՝ իմ կանգառը ու տղային թողնելով  իմ երևակայական աշխարհում, սրտի դողով իջա մեքենայից:
Շուրջս սովորական մարդիկ էին ու անսովոր դեմքերով նայում էին իմ ժպտացող հայացքին…

Շատերին թվում էր թե մի հիվանդ մարդ եմ, որն ինքն իրեն ժպտալով ուղղակի քայլում է…առանց իմանալու, որ քայլում է դեպի դատարան, որպես փաստաբան ներկա լինելու ամուսնական բաժանման մի զզվելի դատի:


ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (2)




Երբևե, գոնե մի՜ պահ, թռուցի՜կ, մտածել եք թե աշխարհում ինչքան միայնակ մարդիկ կան:
Դիմացս մի գեղեցկադեմ կին է նստած ու ինչ-որ շարժումներով խոսում է կողքը նստած մի աղջկա հետ:
Դեմքին, հատկապես աչքերի ծայրերին նոր ծնվող կնճիռներ են երևում ու նաև նրանց ինչ-որ կերպ թաքցնելու անհաջող փորձեր:
Երևի շատ հետաքրքիր բան են քննարկում, դա երևում է միմիկաներից:
Կնոջ շուրթերին մեկ երևում է ժպիտ, մեկ ծիծաղելու պատրաստ շարժումներ, բայց կնոջ աչքերից չի հեռանում թախիծը, ասես թե ինչ-որ բանից պաշտպանվելու զգացում է պակաս, որը պարզ երևում է աչքերում:
Չկա ներքին կրակ, որը ստիպի իր ներսում բղավելու որ սիրում է ու հատկապես սիրված է…
Միգուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց աչքերը, որոնք իրոք հոգու հայելին են, լի են թախիծով:

Հ.Գ.
Փառք Աստծո, որ ես միայն վերոգրյալի հեղինակն եմ այլ ոչ թե նման սկիզբ ունեցող պատմվածքի, նովելի կամ մանրապատման վերջաբանը գրողը, քանի որ նման մանրապատումը կավարտեի այ այսպես.

« Վիճում-քննարկում էին իրենց հարաբերությունները ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ  իր նախկին ամուսնու ԴՍՏԵՐ հետ, որն ամեն կերպ փորձում էր բացատրել, որ հայրը լքել հեռացել է միայն այն պատճառով որ կինը չի կարողացել երեխա ունենալ… »