пятница, 30 ноября 2018 г.

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (2)




Երբևե, գոնե մի՜ պահ, թռուցի՜կ, մտածել եք թե աշխարհում ինչքան միայնակ մարդիկ կան:
Դիմացս մի գեղեցկադեմ կին է նստած ու ինչ-որ շարժումներով խոսում է կողքը նստած մի աղջկա հետ:
Դեմքին, հատկապես աչքերի ծայրերին նոր ծնվող կնճիռներ են երևում ու նաև նրանց ինչ-որ կերպ թաքցնելու անհաջող փորձեր:
Երևի շատ հետաքրքիր բան են քննարկում, դա երևում է միմիկաներից:
Կնոջ շուրթերին մեկ երևում է ժպիտ, մեկ ծիծաղելու պատրաստ շարժումներ, բայց կնոջ աչքերից չի հեռանում թախիծը, ասես թե ինչ-որ բանից պաշտպանվելու զգացում է պակաս, որը պարզ երևում է աչքերում:
Չկա ներքին կրակ, որը ստիպի իր ներսում բղավելու որ սիրում է ու հատկապես սիրված է…
Միգուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց աչքերը, որոնք իրոք հոգու հայելին են, լի են թախիծով:

Հ.Գ.
Փառք Աստծո, որ ես միայն վերոգրյալի հեղինակն եմ այլ ոչ թե նման սկիզբ ունեցող պատմվածքի, նովելի կամ մանրապատման վերջաբանը գրողը, քանի որ նման մանրապատումը կավարտեի այ այսպես.

« Վիճում-քննարկում էին իրենց հարաբերությունները ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ  իր նախկին ամուսնու ԴՍՏԵՐ հետ, որն ամեն կերպ փորձում էր բացատրել, որ հայրը լքել հեռացել է միայն այն պատճառով որ կինը չի կարողացել երեխա ունենալ… »

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (1)




Վերջապես հեռվից երևաց սպասված երթուղային տաքսին, քրքրված ու տանջված մի մեքենա սիմվոլիկ 13 համարով:
Մինչ կմոտենայի մեքենային, մոտեցավ մի երիտասարդ կին մի հինգ-վեց տարեկան տղայի ձեռքը բռնած:
Տղան ձեռքը բաց թողեց ու մինչ բարձրանալը գրպանից հանեց ինչ-որ կոպեկներ դրամներ:
- Մա՛մ, ե՛ս կվճարեմ:
- Ի՞նչու ես հետդ վերցրել, չէ ո՞ր զգուշացրեցի:
Տղան չպատասխանեց ու բարձրացավ մեքենա:
Կինը մեջքով էր, լավ չէր երևում դեմքը, կիսադեմ էր, բայց պարզ երևաց անանուն մատը, որն առանց մատանի էր:
Միգուցե՞ մոռացել էր մատը դնել,
Միգուցե՞ վաղուց վաճառել էր,
Միգուցե՞ ուղղակի շպրտել էր մի կողմ կամ
իրեն նվիրողի երեսին…

Աչքերը չէին երևում, բայց զգացումն այնպիսին էր, որ տղային դաստիարակում է մենակ- առանց տղամարդ:
Մտքովս անցավ, որ տղան ինչքան էլ նման լինի մորը, ամեն դեպքում ունենալու է հոր դիմագծերից և մայրը միշտ մեծ սիրով է նայելու նրան գուցև հիշելով իր երբեմնի սիրած էակին, որը նրան պարգևել է հրաշք մանուկ և որին ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ նայելիս չի կշտանալու մայրական հայացքը:

Կանցենեն տարիներ, մանուկը կմեծանա, ի հայտ կգան հայրական սովորություններ այս կամ այն հագուստը հագնելու առավելություններ, սափրվելու սովորություններ, կոշիկները հանելու-հագնելու և այլն:
Կգա ժամանակ ու տղան տուն կբերի իր սիրած էակին, որը շատ ընդհանուր դիմագծեր կունենա մոր հետ և դա միայն մայրը կտեսնի իր ներքին աչալուրջ հայացքովկգրկի երկուսին, կթրջի աչքերն  ու մտքում կշշնջա.
- Լինեք երջանիկ:


среда, 21 ноября 2018 г.

Գիշերվա բանալին


Մեղավո՜ր  չեմ,
Որ գիշերն ինձ նվիրեց մի բանալի,

Որ բացեցի՜ մութով փակված
Գաղտնիքները գիշերային աշխարհի:

Այս աշխարհում արև՜ չկա-
Զույգ աչքե՜ր են լուսավոր,

Աստղեր չկան՝ լո՜կ բառեր են-
Այն էլ միայն մեղավոր…

Չկատարված խոստումնե՜ր են,
Չո՜ր ու ցամաք կարոտներ,

Չե՛ն երևում ո՛չ ժպիտներ,
Ո՛չ էլ թափվող արցունքներ…

Սևազգեստ են ծա՜ռ ու ծաղիկ,
Մարդիկ՝ մթոտ դեմքերով,

Ու …մի պոե՜տ-Լուսատիտիկ
Գիշերային հանգերով:

Այստեղ Ձա՜յնն է տեր Աստվածը՝
Արձագա՜նքը հեռո՜ւ, մո՜տ,

Եվ անլույս այս առեղծվա՜ծը,
Որ բանալի ինձ նվիրեց գիշերով…

четверг, 15 ноября 2018 г.

Քո անո՜ւնը


« Էլ ո՞ւմ անունը կտա՜
Քո խենթ լեզուն աղոթելիս,
Քո աչքերը ո՞ւմ մոտ կգա՜ն
Աչքերի մեջ որոնելիս…»

Երազա՜նք է՝ ուրիշ ոչի՜նչ-
Խելացնո՜ր պատկերացում,
Պղտորվե՜լ են աչքերս ջինջ
Ու շփոթվել արցունքներում…

Զրուցո՜ւմ եմ ինքս ինձ հետ,
Հարցնո՜ւմ եմ – ի՛նքս էլ հարցիս պատասխանում,
…Իմ լեզո՜ւն էլ աղոթելիս
Քո անո՜ւնն է  միշտ կրկնում:

вторник, 6 ноября 2018 г.

Մեզ փրկիչ պետք չի


Փրկիչնե՞ր, շա՜տ են եկե՜լ- գնացել
Մեր Հողը դարձրել զբոսավայր,
Խոստումնե՞ր, շա՜տ ենք լսե՜լ – զարմացել
Եվ հավատացել ենք լռելյայն…
*                                                      
Հայտնվել ենք մի խոսո՜ղ թակարդում՝
Սևի՜, Սպիտակի ճիրանների մեջ,
Եվ հոգինե՜րն են մեր անվերջ քրքրում
Փրկիչի դեմքով դերվիշներ:
*
Խաղադրո՜ւյք է դարձել Բախտը մեր
Կամ աճպարարի ա՜րկղ մոգական,
Արկղից թռչում են սև՜ աղավնիներ՝
Ծափահարում ենք ինչպես երեխա:
*
Ո՞ւր էինք գնում, ո՞ւր հայտնվեցինք՝
Աշխարհի բեռը ուսներիս բարձած,
Ինչի՞ց սկսեցինք, ի՞նչ կառուցեցինք,
Որ հիմա լքո՜ւմ ենք դառնացած:
*
Քարտեզ ունեի՜նք՝ աշխա՜րհը չուներ,
(Վարդանի հոգի՜, Կոմիտասի սի՜րտ)
Մի բո՜ւռ էլ չկանք,  ո՞վ կմտածեր,
Որ ներելու ենք «արքաներին» բիրտ:
*
Հո՜ղը հայրենի դարձա՛վ մի սենյակ-
Առա՜նց պատուհան ու տանի՛ք,
Վերևո՜ւմ էինք - ընկանք ներքնահարկ՝
Առնետաժողովին մնացինք գերի:
*
Միգուցե՞ ժա՜մն է բռունցքոտվելու՝
Առնետավազքի հոսքին հակառակ,
Միգուցե՞ ժա՜մն է մաքրազարդելու
Եվ Հո՜ղը մեր Սո՜ւրբ  և Տո՜ւնը մեր Տաք…
*
Փրկիչնե՞ր, շա՜տ են եկե՜լ- գնացել
Մեր հողը դարձրել զբոսավա՜յր,
Բա՛վ է, մե՜նք ենք փրկիչներ դարձել,
Մե՜նք էլ կփրկենք Հո՜ղը մեր նախնյաց: