пятница, 23 октября 2015 г.

Տունս ամպերում...

* * *
Մի՛ կասկածիր,
Ու ցավ մի՛ ապրիր,
Ո՛չ խնդության պահին,
Ո՛չ տխրության,
Մի՛ խնդրիր, այլ պահանջի՜ր,
Պահանջի՛ր, որ  քո՜նը դառնամ:

Որ սարքեմ իմ տո՛ւնն ամպերում,
Որտեղից երևա պատուհա՛նդ,
Որ ամե՜ն առավո՜տ, իրիկո՜ւն,
Աչքե՜րս լինեն պահապա՛նդ:

Որ քնքշությունդ սեղմե՜մ իմ կրծքին,
Որ վա՛խդ թաքցնեմ  իմ սրտո՜ւմ,
Որ ամեն վայրկյան հայացքի՜դ,
Հայացքս համբուրի  երկնքում…

Մի՛ ճչա  խո՜ւլ ու մոլո՜ր,
Ես ծանոթ եմ և քո՛ և ի՛մ ցավերին,
Կտեսնես դու ինձ ամեն օ՜ր,
Երբ տունս հենվի ամպերին…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 22 октября 2015 г.

Ո՞ւմ ես փնտրում Մարդ

Ո՞ւմ ես փնտրում Մարդ

- Ե՞րբ ենք մենք վերջին անգամ
Ժպտացել իրար,
- Երբ Գարունն իր շորերը հանե՜լ
Դարձել էր Ամառ…

- Ինչ-որ չեմ հիշում,
Վերջին հանդիպմանը մենք  համբուրվեցի՞նք
- Ո՜չ, չհամբուրվեցինք,
ուղղակի  ծաղիկներ չեղան,
ամեն ինչ անցավ անսովոր խաղաղ…

- Եվ ի՞նչ ես ուզում ասել սիրելիս,
Որ անփո՜րձ էինք, ջահե՞լ,
- Ո՜չ, դա նրանից էր, որ
Գարունն իր գուլպաներն էր հանել,
Դու խաղում էիր Գարնան մերկ ոտքերի հետ…

Հետո ասացիր, որ գնում ես ինչ-որ
Հույսի ետևից,
Որ սի՛րտդ է այրվում հեթանոս կրակով,
Ասացիր.  «Փորձիր առանց ինձ ապրել»
Ա՜խր Գարո՜ւն էր, սիրելի՜ս,
Իսկ ես շա՜տ ջահել…

- Քեզ լավ չե՛մ լսում կամ բա՛րձր խոսիր
Կամ քիչ մոտ արի՜
- Վաղուցվանի՞ց է:
- Կլինի մոտ տասը-տասնհինգ տարի,
Ի՞նչպես գտար ինձ
- Անընդհատ քայլում էի Կարոտի ետևից…

Գուցե համբուրվե՞նք մի վերջին անգամ,
- Հիմարություններ չանցնեն մտքովդ,
Նորից գնում ես հույսի ետևի՞ց,
- Ո՜չ, այս անգամ վերջին ճանապարհ…

… Մի մարդ էր օրորվում ձեռքերի վրա,
Ետևից թափոր էր ու մի ծեր Կարոտ
Զգեստները հանած մի հոգնա՜ծ Սպասում…

Ո՞ւմ էիր փնտրում Մարդ
Եվ ո՞ւր ես գնում…


Ս.Ումառ-Հարությունյան

Նեղացած մուսայիս

Իմ սիրտը հարմա՛ր է
(Շատերն օգտագործում են հարմարվող բառը)
Բայց ո՛չ, ես գտնում եմ, որ
Տեղին է  «հարմար»- ը…

Այնտեղ կարող ես ինչ ուզես անել՝
Պատերին ոտքերով հարվածել,
Առաստաղը ձեռքերով ճանկռել,
Հանգստանալ՝ պառկել,
Վեր կենալ քայլել,
Ուրախանալով տխուր արձագանքի
Ձայնը լսելուց -
Բղավել,
Լիաթոք լա՛ց լինել,
Մտքիդ եկած ցանկացած միտք -
Պատերին քերծել…

Իրոք հարմար է չէ՞
Եթե այո, էլ ինչո՞ւ ես ատամներովդ փորձում
Անպայման մի պատուհան կամ մի դուռ  բացել՝
Դուրս գալ ու փախչել:

Ապրի՛ր քեզ համար,
Այնքան վայելիր,
Մինչև որ սիրտս
Ինքը կանգ կառնի:

Այդպես կմնաս՝ դու իմ մեջ,
Ես՝ քո,
Սիրտս հարմա՛ր է
Ոչ թե հարմարվող:

Ս.Ումառ-Հարությունյան


среда, 21 октября 2015 г.

Թող ճախրի բազեն

Թող ճախրի բազեն

Թող ճախրի բազեն,
Գեղեցիկ է ճախրում՝ բազեյին վայել,
Ինչո՞ւ ես նրան ցած բերում,
Ընտելացնո՜ւմ,
Փորձում ստրկացնել:
Թե՞ մտածում ես, որ բազեի համար
Մարդ արարծը սողուն է թվում:

Ի՛նքդ թևեր առ, ի՛նքդ բարձրացիր,
Ինչպես հոգիդ է թռչում առանց երթուղի,
Առանց կանգառի,
Առանց ուղեկցորդ,
Թե՞ համոզվել ես, որ
Սողալու համար ծնված էակը
Թռչել չի՛ կարող:

Գե՛տն էլ է հոսում
(Կասեի սողում)
Ջրաղացներ է պտտում հսկա,
Ծայրեր չունեցող դաշտեր է ջրում
և պղտորվում է և պարզ է լինում՝
Այնքա՜ն,
Որ աչքի բիբի պես նայում է վրադ,
Մեկ ծո՛վ է դառնում,
Մե՛կ՝ օվկիան ազատ,
Մեկ հոգուդ նման հանկարծ կատաղո՜ւմ,
Ափերից ելնում
Ու ավերում է ամե՜ն սարքած բան,

Փորձի՛ր ստրկացնել՝ ճահիճ կդառնա…

Այդպե՛ս է կյանքում՝
Ստրուկ սարքելը վայել չէ մարդուն,
Ցանկացա՛ծ ստրուկ
Պահը երբ որ գա,
Դաշույնը ձեռքին
Մա՛հդ կդառնա…


Ս.Ումառ-Հարությունյան



воскресенье, 18 октября 2015 г.

Կարոտի իմ ձին

Կարոտի իմ  ձին

Ինձ ո՛չ աղավնի է պետք ու ո՛չ էլ ագռավ,
Կասկածամի՛տ չեմ,
Կասկածներ չունե՜մ,
Ես համոզված եմ,
Սիրո իմ աշխարհը
Վաղուց է պատրաստ…

Սահման չունեցող մեծ  Տիեզերքի-
Փոքրիկ մի կղզի՜, մի ցամա՜ք,
Վարգում է այնտեղ կարոտի մի ձի՝
Վայրի՜, կատաղա՜ծ, անկաշկա՛նդ:

Լազուր օվկիա՜նն է հարվածում ձիուն,
Քամի՛ն է խառնում բաշը գզգզված,
Կապույտ երազի արևն է փորձում
Սանձել կարոտս ծերացած:

Կապույտ աչքերով մի փիղ է գալիս՝
Ծնկո՜ւմ իմ սիրո աշխարհում,
Կարոտներիս ձին տրտինգ է տալիս՝
Մաղձափրփուրը բերանում:

Վիրավորանքի լեզուն դառնահամ
Ընկերացած մենակության հետ,
Մտրակում է իմ ձիուն անդադար
Սարսափի մատներով մի ձեռք:

Կողերն արյունոտ վազո՜ւմ է, փնտրո՜ւմ,                
Ա՛փ է որոնում կարոտներիս ձին
Ու վրնջալով բողոքն է հայտնում
Տարիներ տևող ժամերի մասին:

… Գրկել եմ բունը մի հին թզենու,

Հոգո՜ց եմ լսում՝
Ասես թզենին արծաթ մշուշում
Գրկին է սեղմում
Կարոտից խենթացած
Իմ ձիուն:


Ս.Ումառ-Հարությունյան