вторник, 21 апреля 2015 г.

Բանաստեղծություն



Երկա՞ր գնացի,
Չե՛մ հիշում
Հոգնեցի՞
Չգիտե՜մ,
Բայց հասա վերջապես:

Կախարդական աշխարհի դուռը
Փակված է փականով:
Դռան կողքը -
Կիսահանգա՜ծ, կիսավա՜ռ,
Մի օջախ է ծխահոտ,
Ինձնից առաջ ինչ որ մեկն է երևի,
Երկար սպասել դռան մոտ:

Նե՞րս է մտել
Ե՞տ գնացել
Ես չգիտե՜մ…
Ինչ էլ լինի ամեն դեպքում
Ես կսպասեմ
Գոնե մինչև առավոտ…

Այլ ելք չկա՝
… Տաքանում եմ ուրիշի
ձեռքով վառած կրակով:

Ս.Ումառ-Հարությունյան


Բանաստեղծություն



* * *
Ոտքերի տակ սայթաքող ասֆալտ
Ու հեռո՜ւ գնացող ճանապարհ…
Հասկանա՜լի է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝ Աստծուն,
Կեսարինը՝ Կեսարին,
…Անձրևի տակ հաշմանդամ մի տղա
Այտն է սեղմել ջութակին:

Փողոցը դատա՜րկ,
Հոգին՝ հաշմանդամ,
Բառերն ո՞ւմ համար են
Աստծո՞ւ,
Կեսարի՞ թե՞
Հաշմանդամի՞…
Ոչ մեկին հարկավոր չեն բառերը -
Այրված ձեռագրերով
Իրենց կոկորդն են լցրել
Դեպի Վե՛ր ձգված ծխնելույզները:

Թաշկինակն արյունոտ է հազից,
Ուսերին կարծես աշխարհի բեռը,
Ու փախել է անձրևից
Ո՞վ
Նվագող տղա՞ն թե՞  Տերը…

Նվագում է տղան -
Ոտքերի տակ սայթաքող ասֆալտ,
Հասկանո՜ւմ է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝ Աստծուն,
Կեսարինը՝ Կեսարին,

Անձրևի տակ մի տղա է հույսը դրել ջութակին:

Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 20 апреля 2015 г.

Բանաստեղծություն



* * *
Ես ապրում եմ «արքայի» հետ
Վանդակավոր մի տուփում,
Ո՛չ, կներե՜ք՝ «արքաների»…
Ինձ «արքա»  եմ երազում,
Կողքս պառկած սև «թագուհին»
Ինչ-որ բան է մրմնջում…

Ի՞նչ աշխարհ է, չես հասկանում -
«Արքան» փախչում է «թագուհուց»,
«Ձին» ցատկո՛ւմ է,
«Փիղը»՝ թռչում,
«Նավակներն» էլ առանց «զինվոր»
նավարկո՜ւմ:

Արքաները ծեր են լինում,
Վավաշո՜տ,
Քինախնդի՜ր,
Թե ուզում ես արքա լինել
Պետք լինես դավադիր:

Էհ, «զինվո՛ր» եմ, «զինվո՛ր» մնամ՝
Կողքս՝ երկու «թագուհի»,
Սև են, կարմիր թե սպիտակ,
Ամեն դեպքում
Կի՛ն են, կի՜ն…

… Լինես սպիտա՞կ թե՞ սև «արքա»
Վերջդ «մատ» է լինելու,
Դու «զինվո՜ր» ես,  «զինվո՛ր» մնա
Ի՞նչ ես  այդպես բողոքում…

Ս.Ումառ-Հարությունյան

Բանաստեղծություն



* * *
Ինչո՞ւ ես հավատում
Կիթառի պղնձյա լարերի ձայնին  ու
Չես ընդունում  ծնկիդ վրա ավարտվող
Մատներիս ճանապարհը,
Ինչո՞ւ ես սիրում հինգշաբթին կամ
Տատիկիդ մաշվա՜ծ, բրդյա շալը:

Ինչո՞ւ չես սիրում խա՛նդը,
Անիմաստ վեճե՛րը,
Կոտրվող ամանեղե՜նը,
Բարձիդ ծաղկավոր երե՜սը…
- Ես Կի՛ն եմ,- ծիծաղում ես դու,

…Երբ քեզ պատմում եմ իմ երազը…

- Ես կին եմ  «Ճակատագիր» անունով,
Իսկ դո՞ւ՝ տղամարդ՝
Սատանան քո մեջ,
Ես գիտեմ ինչ եմ սիրո՜ւմ-չսիրո՜ւմ
Իսկ դո՞ւ… չգիտես:

Ս.Ումառ-Հարությունյան

Բանաստեղծություն



Դու ինձ հուշում ես ապրելու մասին,
Ես մտածում եմ
Ի՞նչպես հրաժեշտ տալ քեզ,
Պատռել բոլոր նկարներս, ձեռագրերս,
Ջնջել հուշերս…
Չտեսնել, արհամարել երևակայությանը,
Չլսել երևակայության
Բոլոր դռների բացվելու ու փակվելու ձայնը…
Կոտրել  քո անհարդար մազերն արտացոլող
Բոլոր հայելիները,
Աշխարհի բոլոր անհասկանալի աղոթքներով
Ծածկել արցունքոտ աչքերդ…
Հարբել, հարբել, հարբել…

Դու ինձ հուշում ես ապրելու մասին…
Ես մտածում եմ
Ի՞նչպես հրաժեշտ տալ քեզ:

Դու հարցնում ես.
- Բայց դու կգաս չէ՞…

Ու ապրում եմ դեռ…


Ս.Ումառ-Հարությունյան