понедельник, 9 февраля 2015 г.

Սերը արվե՞ստ է


Հեռանո՜ւմ ես

Ոտքերիդ տակ հիմա խոտը չի՛ լալիս,
Ցո՜ւրտ է՝
Սառը ձյունն է ճռճռո՛ւմ,
Գիտե՜մ, քայլում ես, քայլում դեպի ի՞նձ
Թե՞ ինձնից ես ավելի հեռանում…

Հեռանո՜ւմ ես՝
Իմ վերջ չունեցող նրբություն,
Ափերիդ մեջ դողում է համբույրս վերջին,
Ձմե՞ռ է, թե՞ ամառ, ես չեմ հասկանում,
Կարծես օրորվում եմ անդունդի եզրին…

Մի տխո՜ւր մեղեդի է, այստեղ՝ իմ սրտում
Առանց քեզ - սառը հուլիսյան օրեր,
…Մի ծեր խմբավար ձեռքն է բարձրացնում,
Ու լաց են լինում հազար ջութակներ:

Գնո՞ւմ ես,  գիտեմ ՝ հոգու թռիչք է,
Ոչի՜նչ սիրելիս, հեռացի՜ր…
…Հոգու ձմեռը փչացած խաղալիք է,
Մի օր անպայման կաշխատի:

Մի քիչ զգույշ քայլիր, հանկարծ չգցես
Հիշողությունդ սառը ձյան վրա,
… Ու երբ պատահմամբ փակուղի հասնես,
Քեզ կտաքացնի նա՝ կրակի նման:

Գիշերվա շոյա՜նք…
Իմ անվերջ քնքշությո՜ւն…
Աչքերիս վրա առավոտյան ցո՜ղ…
… Ինձ «Բարի լույս» է քինոտ շշնջում -
Փետրվարն իր սառը շնչով:

Ս. Ումառ-Հարությունյան



пятница, 6 февраля 2015 г.

Օրոր...



Տանջո՜ւմ ես,
Տանջվո՜ւմ,
Թվում է հանցա՞նք,
Մի՞թե չգիտես, որ իմ մեջ լինելդ
Երանությո՜ւն է,
այլ ոչ թե տանջանք…

…Որ ամեն մի քայլս ես զգույշ եմ դնում
այս Երկիր կոչված խորթ մոլորակին,
Որ իմ մեջ հանկարծ ցավ չպատճառեմ, քեզ՝
իմ մեջ ապրողին…
Որ ամեն անգամ այլ աչքով նայեմ
ես արեգակի՜ն,
քամո՜ւն,
անձրևի՜ն,
լուսնի՜ն,
աստղերի՜ն,
Որ գիշերները օրոր ասեմ քեզ
տղամարդկային…

- Մի՛ քնիր այդպես՝ անխռով ու հեզ,
Օրորվիր դանդա՜ղ, բայց մնա արթուն՝
Ի՛մ մեջ, ի՛մ սրտում-
այդ փական կոչված դռները սրտիս
փակվո՜ւմ են, բացվո՜ւմ
միայն քո շնչից…

Ես էլ կօրորվեմ համահունչ քեզ հետ,
Ինչպես որ կյանքում՝
Դու առաջ, ես՝ ետ,
Դու ետ, ես՝ առաջ
Դու ձախ, իսկ ես աջ…

Չքնե՜ս հանկարծ…թե չէ կանգ կառնի
Սիրտս՝
Քեզնով լրացված…
Ու թող արյունս անընդհատ հոսի
Բիբերիդ հառնած…

Եղի՛ր անհանգիստ, ի՛մ մեջ, ի՛մ սրտում…
Նոր ոչինչ չկա այս երկիր կոչվող
խորթ մոլորակում….

Ս.Ումառ




Տոն մարմինների



Մեր մարմինների
Իրար համբուրելը՝
Տոն է իսկական,
Գուրգուրելն իրար՝ Հույզերի աղոթք,
Մեր համբերելը մեղք է մի դաժան,
Իրար վանելը՝
Ցա՜վ է անողոք:

Երբ չեմ գրկում քեզ,
Պատժո՜ւմ եմ ես ինձ,
Չե՛մ զգում գրկումս գալարներդ տաք,
Սպասվող վայրկյանը քա՜ր է շուրթերիս,
Ու լույս չի քամվում քո տաք կրծքի տակ:

Մարմնիս կանչերից
Ուշքի չե՜մ գալիս,
Անցնո՜ւմ եմ վարսերիդ ցանցե կամուրջով,
Շունչ տալ եմ ուզում Իմ երազներին,
Քո համբույրների համը կուլ տալով:

Փակի՛ր աչքերդ, ինձ ամուր գրկի՛ր,
Ձուլվի՛ր  ճգնավոր երազներիս հետ,
Խուլ Կարոտներիս ճաղերին փռիր
Ինձ սպասեցնելու Պահը  անհեթեթ:

Ու փորձիր խոսե՜լ, խոսե՜լ  սրտիս հետ,
Մարմնով հպվիր հոգուս անկենդան,
Մեր մարմինների
Իրար համբուրելը,
Տոն է իսկական:

Ս.Ումառ