среда, 22 августа 2012 г.

“Դրախտի նախամուտքը”



Սենյակը` արվեստանոցը, լուսավորված էր բուխարու թրթռացող,վայրենի ու կրքոտ լույսով:
Կրակը կարծես աֆրիկյան բնիկներին հատուկ  մի պար էր պարում` ճարճատյունով ու խայտալով:
Հատակին արջի մորթի էր գցված`գորշ արջի, որ յուրահատուկ տեսք էր տալիս պատից կախված բազմաթիվ կտավներին:
Սենյակի աջ կողմում աստիճաններն են, որ տանում են ննջարան:
Կնոջ գլուխը տղամարդու ձախ ուսին է,բայց կարծես իրեն զգացնել չի տալիս:
Տղամարդը մտազբաղ ծխում է:
- Էլի ոչ մի նկար չվաճառվեց,ես քեզ խոսք էի տվել տանել ծով,չի ստացվում:
Նելլ,միգուցե քո բացատրություններն են վատ, որ նկարները չեն վաճառվում:
Ծխախոտի մոխիրն ընկավ անկողնուն:
Կինը ձայն չհանեց,անիմաստ համարելով ամեն օր կրկնելու նույնը:
- Կարեն, միգուցե Իմ նկարը վաճառենք,- զգույշ շշնջաց կինը ձեռքով շոյելով տղամարդու մազոտ կուրծքը:
- Ոչ մի դեպքում,դա Իմն է,իմ երազանքը,դա քո մարմինն է,դա դու ես  և երբեք չի դառնա ուրիշի աչքերի  սեփականությունը:Դու ի՞նչ է ուզում ես ցնդե՞մ:
 - Բայց ծովը քեզ է անհրաժեշտ, բայց հիշու՞մ ես ինչ ասաց բժիշկը:
Քեզ միայն ծովի օդը կբուժի:Իսկ նկարը հետո նորից կնկարես:
- Կնոջ հիմարությունը սահմաններ չունի:
Հրեց կնոջ ձեռքը,վեր կացավ անկողնուց ու իջավ արվեստանոց:
Արվեստանոցին կից սենյակում պատերի տակ շարված են նկարներ,ավարտված,կիսատ,փչացրած…
Փնտրեց,գտավ սպիտակ սավանով փաթաթած մի նկար:
Բերեց բուխարու մոտ,բացեց սավանը:
Սավանը հեշտ տեղի տվեց,բայց դժվարությամբ անջատվեց նկարից:

* * *
Դեռ անցած տարի էր երբ հերթական անհաջող ցուցահանդեսից հետո նոր ընդունված նկարների գիդը` Նելլին, գիշերը մնաց նրա մոտ:
Անհաջող անցած օրը լցվեց նրանով:
Ստացավ այն ինչ չէր ստացել իր ապրած ողջ տարիների ընթացքում:
Գիշերը քունը չէր տանում,երջանկությունից էր թե՞ …չգիտեր:
- Դու միշտ կքնես այդպես, լա՞վ, լրիվ մերկ:
- Դու գիժ ես,- ծիծաղեց Նելլին:
Հետո իջան արվեստանոց,Նելլին բազկաթոռին մերկ նստած շամպայն էր խմում:
Շամպայնի մեջ վեր ու վար էին անում շոկոլադի մանր կտորներ:
Ոտքը գցել էր ոտքին,ոտքի մատներով բռնել էր մի պոչը կարճ կարմիր վարդ:
Ոտքը`ծնկից ներքև վեր ու վար էր անում,համահունչ շամպայնի մեջ գցած շոկոլադի մանր կտորներին:
Տեսարանը խենթ էր:
Նելլին կարծես դա զգաց ու արձակուրդ տված ամոթխածությանը  վերջնական հրաժեշտ տվածի նման, վեր կացավ ու պառկեց արջի մորթու վրա:
- Նկարիր:

* * *
Նկարում արջի մորթու վրա շողշողում էին լույսի նրբերանգ, ֆոկուսից դուրս ճառագայթները, ու կարծես դա լույսի ու ավազահատիկներով հագեցած քամու պար էր:
Լույսի բղավոց,քամու չկամեցողություն:
Նելլիի մերկ մարմնի ամեն մի հատված պատմում էր, թե ինչպես է անփորձ մարմինը հմուտ ձեռքերում վերափոխվել ցանկությունների,զգացմունքների ու կրքի մի փոթորկի:
Նկարի կիսամթի մեջ մեջ նույնիսկ կույր  աչքը կտարբերեր ոտքերի արանքում տեղավորված ամոթույքի եռանկյան մազափնջի  կարծես թեթև  թրթռոցը:
Կիսափակ աչքերում մաքուր սիրո արտացոլումն էր լուսախաղերի տեսքով:
Քրտինքի մի թափանցիկ կաթիլ էր ձախ կրծքի վրա:
Կրծքերի հպարտ կանգնած, հրավիրող գլխիկները,  իրենց մուգ գույնով միաձուլվում էին արջի մորթու գույնին, ստեղծելով մի պատկեր, որից անհնար էր հայացքը կամավոր հեռացնել:
Շուրթերը կիսաբաց պատմում էին սրտի ու կրքի անիմաստ  ճակատամարտը,որտեղ հաղթողներ չեն լինում կամ հաղթում  է երրորդ կողմը`Սերը:
Նկարի անվանումն էր “Գտնված ավազահատիկը”:

- Ես սա կյանքում չեմ վաճառի,-նորից փաթաթեց սավանով և վերադարձրեց տեղը:

* * *
 Բարձրացավ վերև:Նելլին քնած էր:
Զգույշ մտավ անկողին,ձեռքը դրեց նրա կրծքին,ինչպես սովոր էր քնելու ու փորձեց քնել:
Զնգաց հեռախոսը:
Մինչև հասավ լիցքավորման դրած ու մոռացած հեռախոսին,Նելլին արթնացավ:
- Լսում եմ, ո՞վ,հա՞,Աբո,ասա ի՞նչ է եղել,այս ժամի՞ն…ո՞վ…լուրջ ես ասու՞մ..լավ եղավ,մաղարիչ ունես,եթե ստացվի:
Նելիի հարցական հայացքը չէր կտրվում նրանից:
- Ի՞նչ,ո՞վ էր:
- Նախկին կնոջս եղբայրը` Աբոն`քաղաքապետարանից:
- Հետո՞:
- Ասաց, որ վաղը նոր քաղաքապետը կնոջ հետ գալու է, ինչ որ պաշտոնյայի ծննդյան են հրավիրված,երևի նախագահի, ուզում են նկար ձեռք բերեն:
- Սա ճակատագիր է Կարեն, ոչ բոլոր նկարների տակ կա քո ազգանունը, հարկավոր է գրել և ինչքան արագ այնքան լավ:
- Գիշերվա տասներկուսն է,դու ինչ է գժվե՞լ ես,ի՞նչ կապ ունի գրված ազգանունը:
- Դու չես հասկանում,քնիր ես կգրեմ,մոռացե՞լ ես, որ ես էլ եմ նկարիչ:
- Միևնույն է ոչինչ չի ստացվի,թող այդ անշնորհակալ գործը:
Նելլին արդեն մերկ մարմնի վրա էր գցում գիշերանոցը:
- Դու քնիր:

* * *
Առավոտյան երբ Կարենն իջավ արվեստանոց,Նելլին գիշերանոցով քնած էր արջի մորթու վրա,մատները յուղաներկոտ,վրձինը բուխարու մոտ ընկած:
Նայեց պատի նկարներին:
Բոլոր նկարների տակ յուղաներկով գրված էր “Կ.Վահունի”:
Նախկին կնոջ դիմանկարը պատից հանված դրված էր հատակին,հենված պատին,առանց մակագրության:
Պատի դատարկ մեխը կարծես կրկնում էր նախկին կնոջ խոսքերը.
<Դու անհաջողակ ես,իմ դժբախտության պատճառը,փինաչի նկարիչ,գոնե եղբորիցս`Աբոյից սովորիր փող աշխատել,հասարակ բաժնի վարիչ է,բայց ինչպես է հագնվում կինը>:

* * *
Նոր քաղաքապետը քառասունին մոտ մի տղամարդ էր,կինն ավելի երիտասարդ:
Եկել էին չորս հոգով այդ թվում և Աբոն:
Հերթով անցնում էին կախված նկարների մոտով:
Գլուխները թեքում աջ,ձախ,լուրջ հասկացողների նման տարուբերում:
Շամպայնի բաժակները ձեռքով բռնած նայում էին նկարներին,լսում Նելիի բացատրությունը,նկարների անվանումները:
Կարծես դուր էին գալիս նկարները,բայց պարզ զգացվում էր քաղաքապետի կնոջ ավանգարդ ու որոշիչ դերը:
Երբ ավարտվեց դիտումը,քաղաքապետի կինը թեքվեց ու կիսաձայն Նելիին ասաց:
- Ես ինչ որ արտառոց բան եմ ուզում,Էքստրավագանտ, հասկանու՞մ ես սիրելիս:
Այնպիսի մի բան, որ ցնցի բոլորին: 
- Միթե՞ ոչինչ չընտրեցիք,այսքան նկարների մեջ:
- Սրանցից բոլորի տներում էլ կան,սրեդնյակ են:
- Լավ,տիկին ես հիմա մի նկար էլ ցույց կտամ:Նկարը Հունգարիայում կայանալիք մրցույթի համար է,- ստեց Նելլին,- ձեզ նման հյուրերին…հուսամ կհասկանաք ինձ:
Նելլին անսխալ հասկացել էր դիմացինի քաղքենիության աստիճանը և…
Նելլին անցավ ու կողքի փոքրիկ սենյակից բերեց սպիտակ սավանով փաթաթված մի նկար:
Կարենի ձեռքը դողաց:
- Այդ նկարը չի վաճառում,դա իմ…
- Այդպիսի բան կա՞, որ չվաճառվի,- քաղաքապետը ձեռքն ընկերաբար դրեց Կարենի ուսին:
- Դուք,արվեստագետներդ վատ բիզնեսմեններ եք:
Կարենի ձեռքից ընկավ բաժակը:
Նելլին հանգիստ բացեց սավանը,նայեց նկարին ու կախեց Կարենի կնոջ նկարի տեղը`ազատ մեխից:
Նկարից Կարենին էր նայում Նելիի այլանդակված մարմինը:
Աչքերի տեղը կծիկ դարձած վառ գույնի օձեր էին,մարմինը տձևի հասցրած գծերով կարծես մի հին դարչնագույն տակառ լիներ,ձախ կուրծքը աջից մեծ… ոտքերի արանքում տեղավորված ամոթույքի մազափունջը չգիտես ինչու քառակուսի:Կրծքի վրա սև գույնի քրտինքի կաթիլ:
- Մոգակա~ն է,-շշնջաց քաղաքապետի կինը,- սա իմ ուզածն է:
Կարենը չէր կարողանում խոսել,ուղեղը մթագնած,ձեռքերը դողալով փորձ արեց մոտենալ Նելլիին,խեղդել սեփական ձեռքերով…
- Նելլի սիրելիս, դու ինձ որոշ բաներ բացատրիր,որ կարողանամ ես էլ բացատրել,դե գիտես չէ, սա նվեր է լինելու մի բարձրաշխարհիկ կնոջ:Ինձ այս նկարի արվեստի լեզուն է պետք:

Քաղաքապետի առաջարկով տղամարդիկ քաշվեցին քիչ հեռու:
- Ի՞նչ է այդ նկարի գինը:
Նկարիչը կորցրել էր խոսելու ընդունակությունը:
- Սա հազար դոլլարի մոտ գործ է,-մեջ ընկավ Աբոն,- Կարեն, ի՞նչ ես լռում:
- Ես դա չեմ կարող վաճառել,- մի կերպ արտասանեց նկարիչը, - դա գին չուներ,հիմա չգիտեմ:
- Նարեկ,վերցնում ենք,հաստատ,որոշված է,- հեռվից ասաց քաղաքապետի կինը:
- Լավ, մի թանկացրու,մենք էլ ենք արվեստից հասկանում,տալիս եմ երեք հազար ու վերջ:

Կողքից լսվում էր Քաղաքապետի կնոջ հարցերը և Նելիի կիսաձայն բացատրությունը:
Կանանց թվում էր, թե իրենց չեն լսում:
- Ուշադիր նայեք կնոջ աչքերին,որոնք մատնանշում են,թե նկարիչը որ կողմ է թեքում դիտողի հայացքը  դեպի մառախլապատ մարգարտահովիտները թե դարչնագույն հարթավայրի բարդիները:
- Ինչո՞ւ է մի կուրծքը մեծ մյուսից,ձախը..
- Տիկին ձեր ամուսինը ձախլիկ է՞:
- Ոչ:
- Դե ուրե՞մն…
- Մոգակա~ն է:Ի՞սկ այս քրտինքի կաթիլը…
- Դա աչքերից ծորած թախծոտ արցունքի կաթիլն է, որ սահելով այտերի վրայուվ իջել և կախվել է շրթունքի ծայրից,հասկանու՞մ եք,փոխաբերությունը կրծքերի և շրթունքների:
Նելլին հնարում էր առանց կանգառի,համոզիչ ու հաստատուն ձայնով…
- Մարմինը տակառի….
- Այո տիկին,ես շատ արագ կարողացա ընբռնել ձեր արվեստին մոտ լինելը,դուք ճիշտ եք,դա Դիոգենիսի տակառն է:
- Ես էլ հենց դա էի ուզում ասել:
- Նայեք կնոջ պորտին, դա  Դիոգենիս աչքն է,Դիոգենիսի, որը բռունցքները սեղմած ներսից նայում է աշխարհին:

Կնոջ խորամանկությունը մարդկային հիմարության նման սահմաններ չունի:
Կարենի ոտքերը Նելիի անհեթեթությունների տարափից ծալվում էին:
Մոտեցավ իր նկարին: Նելլին, նկարի կնոջ պորտին ձեռք չէր տվել ի՞նչ աչքի մասին էր խոսում,չհասկացավ:
Որտեղ են  մառախլապատ մարգարտահովիտները,որտեղ են դարչնագույն հարթավայրի բարդիները`չէր հասկանում:

- Մոգակա~ն է:Ի՞սկ այս …
Մատը ցույց տվեց նկարում կնոջ ոտքերը միացնող տեղը:
- Ինչու՞ քառակուսի…
- Ես գիտեմ, որ հասկացել եք տիկին,բայց ուզում եք ճշտել,այդպես չէ ՞:
- Օ,այո իհարկե, ես ուզում եմ արվեստի լեզվով լսել:
- Նկարչի պատկերացմամբ կնոջ մարմինը դրախտն է,իսկ դա  քառակուսի է, որովհետև խորհրդանշում է աշխարհի չորս կողմերում պաշտամունք դարձած դրախտի նախամուտքը…
- Մոգակա~ն է,ի՞սկ նկարի անունը..
- “Դրախտի նախամուտքը”,- վայրկյանական հնարեց Նելլին:
- Այդպես էլ գիտե~ի,- ասաց քաղաքապետի կինը և մտածեց,
<Նկարը այդ գեղացուն չեմ նվիրի,ի՞նչ պետք է հասկանա Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի դպրոցն ավարտածը,թող իմ տանը կախված  լինի>:

* * *
Հյուրերի գնալուց հետո Կարենը ձեռքի եղած 3000 դոլլարը գցեց սեղանին ու առանց խոսքի,անտրամադիր բարձրացավ ննջասենյակ:
Նելլին մոտեցավ,այդ գումարի վրա ավելացրեց քաղաքապետի կնոջ կողմից ծածուկ իր ձեռքը դրած  երեք հատ հարյուր դոլլարանոց թղթադրամները:Ժպտաց:
<Նեղացած է,ավելի լավ է վաղը կխոսեմ> - Նելլին մոտեցավ գետնին դրված Կարենի նախկին կնոջ նկարին:
<Սա կարելի է Մանեի <Օլիմպիայի> փոքրիկ սեվ կատու  վերափոխել:Քաղաքապետի տանը նկարը տեսնելուց հետո նախագահի կինը անպայման կայցելի մեզ,դե իսկ ես իրեն լեզվով խոսել գիտեմ արդեն>:
Հիշեց քաղաքապետի խոսքերը <Դուք,արվեստագետներդ վատ բիզնեսմեններ եք>
Շուռ տվեց նկարը,հետևի մասում կապույտ մարկերով գրեց`8500 $:

* * *
Սենյակը`արվեստանոցը, լուսավորված էր բուխարու մարող,հանդարտ մահացող  լույսով:
Սենյակի աջ կողմում աստիճաններն են, որ տանում են ննջարան:
Մեջքով իրար պառկած ձևացնում են թե քնած են:
<Ինչու՞ այլանդակեցիր իմ երազանքը,դա իմ ամենօրյա աղոթքն էր,իմ թափառական մուսան:
Ինչու՞:
Չէ՞ որ ես քեզ վստահում էի:>
<Քեզ ծովի օդն է հարկավոր սիրելիս,իսկ այդ քաղքենիները թող գրողի ծոցը կորչեն իրենց դրախտի նախամուտքերով,
դու ինձ շատ ես պետք,
շա~տ>:

воскресенье, 19 августа 2012 г.

Սպասումի գույնը



Դուռը երկու ամպի կտորից է` կապո~ւյտ-կապո~ւյտ:
Նրա դուռն է:
Միշտ փակ է, երբ  զբաղված է:
Հովտաշուշանների համաստեղության Տիրուհու դուռն է:
Ես հեռվից տեսա, երբ  Հերուվիմը` Նրա լրաբերը,  մտավ ներս:
Նա ինձ շատ է հետաքրքրում , և անընդհատ հետևում եմ գաղտագողի:
Ամեն անգամ Նրա` Երկրից վերադառնալու օրը ինձ զարմացնում է նրա թարմացած գեղեցկությունը:
Այդ Դժոխք կոչված Երկիր մոլորակից գալ գեղեցկացա՞ծ, ես չեմ հասկանում:
Ինքս էլ երբեք չեմ եղել այնտեղ, Նա չի թույլ տալիս:
Չեմ կարողանում գտնել դեպի Երկիր տանող ճանապարհը:
Գիտի միայն Նա, Հերուվիմը և այն Հրեշտակները, որոնք իջնում են Երկրից ջուր հավաքելու ամպերի համար:

Դուռն այս անգամ կիսաբաց էր ու ես պարզ լսեցի.
- Նույն ճանապարհո՞վ  եկար,  Հերուվի´մ:
- Այո, Ծիածանով: Բայց դժվարանում է ճանապարհը, ես միշտ իջնում  ու բարձրանում եմ  Դեղին` Հույսի  գույնով: Կարմիրը` Սիրո գույնը, խամրել է, հարկավոր է թարմացնել, Տիրուհի´:
- Հրեշտակները որո՞վ են իջնում ու բարձրանում:
- Հավատի` մանուշակագույնով իջնում են, Երազանքի` կապույտով  բարձրանում:
- Իսկ Նարնջագու՞յնը, Կանա՞չ ը և հատկապես Երկնագու՞յնը:
- Դե, Տիրուհի´,  գիտես,  դրանք Գեղեցկության,Բարության ու Կրքի գույներն են:  Քո հրամանով փակել եմ այդ ճանապարհները:
- Ուշադիր կլինես Դակուելի նկատմամբ: Նա Մեզ նման չէ, նրա մեջ մարդկային հոգի է,բայց մաքուր ինչպես արցունքի կաթիլ: Նրան կարող է ձգել Երկիր մոլորակը: Ես շատ եմ սիրում ու չեմ ցանկանում զրկվել նրանից:
- Ես քեզ հասկացա, Տիրուհի´:
Հերուվիմը կախեց գլուխը: Ուրեմն `  սիրում է Դակուելին, իսկ ե՞ս, ես,  որ կյանքս չեմ խնայի նրա համար…լավ, Դակուե´լ ,ես քեզ դեռ ցույց կտամ:
Հերուվիմն այնքան արագ դուրս փախավ սենյակից,  որ դռան մոտ կանգնած Դակուելը չհասցրեց ետ քաշվել:
- Դակուե´լ, դու՞, ակա՞նջ  էիր դնում:
- Ո´չ,- ստեց Դակուելը,- ես նոր մոտեցա դռանը, կարո՞ղ եմ մտնել ներս:
- Ճիշտն ասած, ես գործ ունեի քեզ հետ, իսկ Նա թող հանգստանա, կգաս քիչ ուշ, եթե ցանկանաս:
- Չեմ հասկանում քեզ:
- Արի´ իմ հետևից, կհասկանաս:
 Մոտեցան բազմիցս այդտեղով անցած, Դակուելի կողմից չնկատված մի քանի փոքրիկ ամպերի թմբի:
Հերուվիմը ձեռքի ափը մոտեցրեց  ու մի պտույտ արեց ամպիկների շուրջը:
Ամպիկները տեղի տվեցին:
Բացվեց  յոթգույնի մի հիասքանչ տեսարան, այնքան գեղեցիկ, այնքան ակնահաճո:
Դակուելը կարմիրից սկսած շոյեց գույները :  Գժվեցնող, հաճելի, ցանկալի, տրփող ու խելքահան անող մտքերը պտտվում էին ողջ մարմնով, ուղեղով,  ու երբ հասավ երկնագույնին, ասես հեռվից լսեց Հերուվիմի ձայնը:
- Կարող ես գնալ: Երկու ժամ  Երկնագույն ճանապարհը բաց է լինելու, կհասցնես:,Դու ուզում ես, չէ՞ գնալ:
- Ուզում եմ, բայց…
- Պահը մի´ կորցրու, այլևս  չի կրկնվի երբեք:
Դակուելը մի քայլ արեց դեպի նշված գույնը, սահեց ու կլանվեց անհայտության մեջ…
Հերուվիմը ժպտաց:  <Դու չես կարող վերադառնալ>,-մտածեց ու ձեռքերով փակեց դուռը:

Կեսգիշեր  էր, երբ այգում հայտնվեց մի տղա:
Քայլում էր դանդաղ, ասես զսպանակների վրա` նայելով չորս կողմը:
Հետո տեսավ այգու խորքի նստարաններից մեկի վրա նստած մի աղջկա:
Մոտեցավ, նստեց: Նայեց ավելի ուշադիր. <Ի~նչ նման է Իրիդային>:
- Ի՞նչ ես նայում, չտե՞ս ես:
- Ի՞նչ,- հարցրեց տղան,- չհասկացա:
- Փող ունե՞ս, ի՞նչ կա չհասկանալու:
- Չգիտեմ,-ասաց տղան,- Ես Դակուելն եմ Հովտաշուշանների համաստեղությունից:
- Իսկ դա որտե՞ղ է`  Նորքո՞ւմ, թե՞Ավանում:
Աղջիկը ծիծաղեց` ցուցադրելով գեղեցիկ ատամները:
- Ի՞նչ,- հարցրեց տղան,- չհասկացա:
- Ի՞նչ ես անում այստեղ գիշերով: Տուն չունե՞ս:
- Ունեմ,տեսնում ես այ այն աստղը`աջից յոթերորդը, այդտեղից պետք է  երկու ժամ գնալ դեպի հյուսիս արևելք ու…
- Դու գժանոցի՞ց ես փախել: Լավ, ես Իռան եմ:
- Իրի՞դա: Տղան հիշեց Սերաֆիմներից մեկին` Իրիդային:
- Ո´չ, Իրի´նա, կարող ես Իռա ասել: Գնանք իմ տուն, միևնույն է այսօր էլ ոչինչ չի կպնի: Ուզու՞մ ես:
- Ես պետք է լուսաբացին լինեմ մի որևէ բացատում, մենակ, որ կարողանամ վերադառնալ , ես բացատ եմ փնտրում:
- Գիտեմ, գիտեմ, այդ բացատը իմ անկողնում է, կհամոզվես, ինչպե՞ս էր անունդ:
- Դակուել:
Աստիճանավանդակում`պայուսակի մեջ, երկար փնտրեց, բանալին չգտավ ու անհույս նայեց տղային:
- Դու ի՞նչ է ուզում ես բացել դուռը: 
- Բանալին երևի կորցրել եմ այն վավաշոտ ծերուկի տանը, փողն էլ չտվեց, քաֆթառ բիձեն, դուրս արեց տնից կիսամերկ…
Տղան ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց փականի շուրջը:
Փականը տեղի տվեց:
- Դու կարո՞ղ ես բացել ցանկացած դուռ,- աչքերին չէր հավատում աղջիկը:
- Այո, բայց միայն մինչև առավոտ ես պետք է վերադառնամ տուն:
Սենյակը փոքր էր, կահույքը` քիչ, ամեն ինչ հավաքած էր, բացի այս ու այն կողմ շպրտված` կնոջ շորերից:
- Ի՞նչ ես ցցվել, նստի´ր մի տեղ:
Տղան նստեց բազմոցին:
- Ես հիմա փոխվեմ, մի բան կուտենք, ինչ որ գտնենք, լա՞վ:  Մի տասը րոպեով քեզ մենակ եմ թողնում, ցայվեմ ու գամ:
Ձայնը դարձավ սիրալիր ու շոյող:
Դակուելը չռված աչքերով նայում էր, թե ինչպես են անհայտանում աղջկա վրայի շորերը` սկզբում` շրջազգեստը, հետո` ինչ -որ երկգլխանի մի մորեգույն լաթի կտոր կրծքերի վրայից, ոտքերից ազատված մի ուրիշ անթև  լաթի ծաղկավոր կտոր: Երբ աղջիկը մերկ էր, Դակուելի սիրտը սկսեց աշխատել եռակի արագ,  արյունը լցվեց գլուխը` հաճելիորեն պտտացնելով այն:
Մի տաք ու հաճելի  զգացողություն  գլուխ էր բարձրացնում  ոտքերի արանքում ` նեղելով շալվարը: Նայեց շալվարի նեղող տեղին, հետո հայացքը բարձրացրեց ու տեսավ,  որ նա էլ է նայում:
Աղջիկը մոտեցավ, նստեց տղայի ծնկներին ,այնպես, որ կրծքերը հավասարվեցին վերջինիս շրթունքներին:  Տղային ոչ ոք չէր սովորեցրել, բայց նա երկու ափով վերցրեց կրծքերը, համբուրեց ու հիշեց իր Երկնագույն ճանապարհը, երբ  գալիս էր Երկիր, նույն զգացողությունն էր այդ Կիրք կոչված ճանապարհով սահելիս:
Ուշքի եկավ այն ժամանակ, երբ ցնցուղի տակ` գրկած աղջկան զգաց տաք ու հաճելի ջրի թափվելը, հետո կարծես ինքն աղջկա մարմնի մեջ լիներ` տաք,ապահով:
Ու հասկացավ, որ այստեղ, այս մոլորակի վրա լավ է, շատ լավ:
Աղջկա անկողնում գրկախառնված պառկած տղան լավ էր զգում, ինչպես երբեք չէր զգացել:
Աղջկա ձեռքերը սկսեցին նորից սիրել տղայի մարմինը: Տղան արդեն իրեն չէր պատկանում: Հիշեց Ծիածանի բոլոր գույները մեկիկ-մեկիկ ու հասկացավ, թե ինչու էին իրենից մինչ այդ գաղտնի պահում այդ ճանապարհը:
Մարմնի վրա ձեռքերի սիրած տեղերն սկսեցին ծածկվել աղջկա շրթունքներով: Ասես  Ծիածանն էր փաթաթվում մարմնով` մարմինը  դարձնելով    Հույսի,   Սիրո, Հավատի, Երազանքի, Գեղեցկության,Բարության ու Կրքի յուրօրինակ մի  խառնարան:
Եվ այդ խառնարանի համար արժեր մինչևիսկ մահանալ:

* * *
- Դու կօգնե՞ս ինձ, պետք է բացել մի դուռ, ես այնտեղ բանալիս եմ թողել:
- Իհարկե, կօգնեմ, իսկ ի՞նչ էիր անում այնտեղ` այդ ծերուկի մոտ:
- Նույնը` ինչ քեզ հետ, միայն թե`փողով: Այդ  ծերուկը իմպոտենտ էր ու ինձ ստիպում էր ձեռքերով անել…հետո…վերջում փող չտվեց ու դուրս շպրտեց անպետք շան նման:
- Հարկավոր է շտապել, մնաց երկու ժամ լուսանալուն;
Մոտեցան ծերուկի դռանը:
Դուռը կաշեպատ էր,երկաթյա:
- Կարո՞ղ ես, սա ամուր դուռ է:
Տղան ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց փականի շուրջը:
Փականը տեղի տվեց:
Զգույշ մտան ներս:
Ծերուկը քնած էր` ձեռքը դրած իր…կարծես կարող են գողանալ:
Աղջիկը արագ մոտեցավ պահարանին, անաղմուկ բացեց, ձեռքը մտցրեց դարսված սպիտակեղենի տակ ու այնտեղից հանեց թղթի կտորների մի մեծ տրցակ`թղթադրամներ:
Մոտեցավ սեղանին ու երբ վերցրեց  բանալին, բանալին ընկավ հատակին:
Ծերուկը վեր թռավ տեղից:
Աղջիկը վազեց դուրս` հետևից շրխկոցով փակելով դուռը:
Տղան չգիտեր ինչ անել, երբ փորձեց տեղից շարժվել, ծերուկը աթոռով հարվածեց գլխին:
Աղջիկը դիմացի շենքի շքամուտքում սպասում էր:
Անձրև էր:
Երբ մոտեցավ ոստիկանության մեքենան`աղջիկը հեռացավ:

* * *
Լուսացավ:
Տղան աչքերը բացեց:
Անձրև էր մաղում:
Վանդակաճաղերի  ետևից տղան տեսավ սպասված Ծիածանը:
Բոլոր գույները տեղում էին: Վառ,կանչող ու հիասքանչ:
Տղան լուսաբացից ուշացել էր: Արդեն կարոտեց Իրինային:
Նրան հարկավոր էր մեկ այլ, լրացուցիչ գույն, որը չկար:
Դա Սպասումի գույնն էր` անհույս Սպասումի գույնը:

четверг, 16 августа 2012 г.

Թմբիր





Սա Բարձրյալի դատարանն է,այստեղ և մեղավորը և դատախազը նույն մարդն է ուրեմն.
- Ոտքի, դատարանն է գալիս:
Դատավորների սև, երկար հագուստները մեկ-մեկ տեղավորվեցին երկար թիկնակներով բազկաթոռների մեջ:
Հայցքները սառը,թափանցելու ընդունակ:
Նրանք երեքն են`երկու կին և մեկ տղամարդ:
- Մեղադրյալ ոտքի~:
Ես եմ:
- Անուն,հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ:
- Ս.Ս. Հարությունյան,ծնված 1963 թ հոկտեմբերի 22-ին..
- Մեղադրյալ,այստեղ գրված է 28 հունիսի 1955 թ.
- Պարոնայք դատավորներ,դա իմ աշխարհ գալու տարեթիվն է,իսկ իրականում ես կյանք եմ մտել երբ “Կյանքի հարցեր կարգավորող հանձնաժողովից” մի ծերակույտ ինձ զրկեց իմ սեփական հորից, իսկ “Կյանքի ճանապարհի ուղեգրեր բաշխող  վարչությունը”` զրկեց մորից, դա 1963 թ. Հոկտեմբերի 22-ն էր:
- Մեղադրյալ,խոսեք ըստ բնույթի,մոռանում եք որ սա ուրիշ ԿՅԱՆՔ է և ձեզ այստեղ տեղավորելու համար մեզ պետք է միայն ճշմարտությունը:Ուրեմն այսպես,դուք մեղադրվում եք մի քանի զանցանքների համար որից`
ԱՌԱՋԻՆ բողոք.(բողոքող Տաթևիկ Պողոսյան) 1976 թ ապրիլի 4-ին ձեր կողմից կատարված գողությունն է:
- 1976թ ապրիլի 4-ին ես ոչ թե գողացել այլ վերցրել եմ ինձ պատկանող Տաթևիկ Պողոսյանի հայացքը,այն ինձ էր ուղղված:
Տղամարդ դատավորի դեմքին ժպիտի նման մի բան փայլեց ու նրա ձեռ.քի շարժումներից հասկացա,որ թղթի վրա ավելացան դրական նշաններ,իսկ կին դատավորների աչքերը զարմանքից մեծացան ու նրանցից մեկը չկարողացավ չհարցնել:
- Առանց Տաթևիկ Պողոսյանից թույլտվություն հարցնելու՞,բայց չէ՞ որ դա մեղմ ասած գողություն է:
Կին դատավորները իրենց մոտ ինչ որ բան նշեցին:
Գրիչների շարժումներից հասկացա որ նշանները նման էին բացասականի:
ԵՐԿՐՈՐԴ բողոք ( բողոքող Սիլվա.Վարդերեսյան) 1985 թ. Օգոստոսի 16-ին դուք յուրացրել եք Սիլվա Վարդերեսյանի սիրտը,նույնպես առանց նախապես թույլատվություն ստանալու:Ընդունում եք :
- Ոչ, ես գտել եմ փողոցներն անօգնական ընկած թափառող մի սիրտ:
Իմ կոպիտ ձեռքերով այն փայփայել եմ,իմ ծխախոտ շնչով կյանք եմ տվել,մաքրել ու փայլեցրել եմ ամեն մի մասնիկ:Ես այն գործի եմ գցել:
Հետո երբ հայտնվել ե Ս.Վարդերեսյանը և ետ պահանջել իր սիրտը,ես զարմանքից այն պատահմամբ ձեռքիցս վայր եմ գցել:Սիրտն ընկել է ոտքերիս մոտ պտտվել իմ շուրջն ու նայելով կրունկներիս,փախել է Ս.Վարդերեսյանից: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:
Տղամարդ դատավորն ինչ որ նշաններ ավելացրեց,կանայք նույնպես:
Կարծես գործերս լավ են գնում,ինձ կարող են թողնել այստեղ:
Ես այնտեղից չափազանց հոգնած եմ եկել և չեմ ցանականում վերադառանալ:
Ինչու՞ են բողոքել իմ դեմ չեմ հասկանում:
Ինչևէ,մնաց մեկը,թե ինչ բողոք է չգիտեմ:
Ես այնտեղ պետք չեմ ոչ մեկին:Թողնեիք հանգիստ,Բարձրի այս դատարանի առաջ լինեի մենակ ու առանց բողոք թող դատեին:
Միևնույն է թե ուր կուղարկեն:
Ինչու՞ եմ պայքարում,փորձում ինչ որ բան պարզաբանել,արդարանալ,ես էլ չեմ հասկանում:

* * *
Մի անգամ անձրևի ժամանակ կոշիկներս հանեցի ու ձեռքս բռնած գժի նման վազում էի կաթիլների ետևից,ցանկանում էի կուլ տալ ինձ այդքան տանջող վերից թափվող կաթիլներին,բոլորին,անխնա:
Ինձ մի գնչու-գուշակ էր ասել,որ եթե ես դա անեմ ապա կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Փողոցում անձրև էր ու մարդ չկար:
Ձեռքիս կոշիկները խանգարում էին,ես նրանց դրեցի մի ավտոմատ հեռախոսախցիկում ու երբ կուլ էի տվել բոլոր կաթիլները,անձրև էլ չկար,ես վերադարձա,կոշիկներս չկային:
Ես թաց,գլխիկոր,ոտաբոպիկ քայլում էի:Գիտեի որ պատժվելու էի և չկար ոչ տղամարդու ոչ էլ կնոջ ձայն,որ ասեր “Ոչինչ,տղաս,այդպես էլ է պատահում,երբ ցանկանում ես ամբողջը վերցնել,շատ հաճախ զրկվում ես նույնիսկ քչից:Երբ ուզում ես ամբողջը տալ,զրկվում ես ոչ միայն քչից այլև ամեն ինչից:Չես բողոքում,որովհետև տալիս ես մեկին,որին դու ընտրել ես արդեն,որն ընտրել է քեզ”:

* * *
ԵՐՐՈՐԴ բողոք (բողոքող “Կանանց շահերը պաշտպանող հատուկ ծրագրերի վարչություն”)  2003 թ. Ապրիլի 28-ին ծանոթանալով առայժմ մեզ անհայտ Ս.Մարգարյանի հետ,համոզել եք, որ ողջ մարդկության կողմից ընդունված “Աշխարհի Արարումը” սխալ է մեկնաբանվում,տվել եք մի այլ տեսակետ,որի արդյուքում անօրինական ճանապարհով ձեռք եք բերել Ս.Մարգարյանի ազատությունը,ժամանակը,հայացքը,սիրտը,տիրել եք հոգուն ու հեռացել Ս.Մարգարյանին անհայտ ուղղությամբ:
Հիմա դահլիճին ենք ներկայացնում ձեր տեսակետը.
“Սերը մենակ էր տիեզերքի մեջ,
Իսկ տիեզերքը խավար ու անձև
Տանջում էր Սիրուն,հալածում անվերջ:
Սերն էլ խավար էր,Սերն էլ էր տձև:
Սերն ասաց –Աստված թող արդար լինի,
Թող որ խավարը լույսից անջատվի:
Ու մութ խավարը լույսից անջատվեց,
Առաջին օրը այսպես արարվեց…
Ու չէր գովերգվում Աստված երկնքում,
Չէր փառաբանվում արարվածն անգամ,
Ու կավահողի փոքրիկ կտորից
Արարվեց մարդը ու կոչվեց Ադամ:
Սերը ուզում էր իրեն էլ հիշեն,
Որ իր արածն էլ երկրում երևա,
Սերը նախանձ էր ու մի մութ գիշեր
Ադամի կողից արարեց Եվա:”
- Բայց ես իրոք այդպես եմ մտածում և Ս.Մարգարյանին...
- Դատարանի որոշումը ձեզ կներկայացվի 30 րոպեից:

- Ոտքի, դատարանն է գալիս:
Դատավորների սև, երկար հագուստները մեկ-մեկ տեղավորվեցին երկար թիկնակներով բազկաթոռների մեջ:
Հայցքները սառը,թափանցելու ընդունակ:
Նրանք երեքն են`երկու կին և մեկ տղամարդ:
- Դատարանն ընդհանուր կարծիքի չեկավ,բայց որոշեց ընտրելու իրավունքը թողնել մեղադրյալին,կամ վերադարձ Երկիր,կամ Ս.Մարգարյանին այստեղ-Բարձրյալի դատարան:
Ունե՞ք վերջին խոսք:
- Այո ունեմ:
Կգա՞ս իմ անգույն մոլորակը,կլինե՞ս արդյոք իմ մուգ ու անշուք օրերի սպիտակը:
Կկանգնե՞ս արդյոք մեկ հոգու համար նախատեսված պատվանդանի վրա`իմ կողքին:
Կհավատա՞ս արդյոք որ իմ կողից ստեղծածը միայն դու ես:
Կտա՞ս ինձ արդյոք սեփական կողս երկու ձեռքերով  ամուր բռնելու ու հոշոտելու գերմարդկային այն հաճույքը,որը ես անվանել եմ քո անունով:
Եթե սիրել ես կգաս:
Եթե չես սիրել,ապա ես կգամ ու այնտեղ ինձ ՆՈՐԻՑ ասող չի լինի “Սիրելիս քեզ ի՞նչ է պետք,ի՞նչ անեմ քեզ համար”:
Ես չեմ տալիս քո անունը:Ես չեմ ուզում քեզ տեսնել այստեղ:
Ինձ այստեղ էլ չեն հասկանում:Քեզ էլ չեն հասկանա:
Ես ուզում եմ որ դատավորներ չլինեն,ոչ տղամարդ,ոչ կին:
Ուզում եմ, որ ամեն անգամ մարդիկ չմտածեն.
“այն աշխարհում մեզ չեն հասկանա”
“այս աշխարհում ո՞վ է մեր ձեռքը բռնելու”
“ինչու՞ պետք է կյանքում լիաթոք չծիծաղած փոքրիկը ձեռքով հող լցնի սեփական մոր գերեզմանին”
“այս փոքրիկը ինչու՞ պետք է ծամի ու կուլ տա միայնության կարծր,դառը,արցունքներով ցողված կյանքի կաթիլները”…
Բայց մի րոպե,պարոնայք դատավորներ ես ձայն եմ լսում,սա Նրա ձայնն է,եղեք ուշադիր:
Հեռվից,կարծես ինչ որ թունելի միջից իրոք ձայն էր լսվում:
- Ուր՞ ես սիրելիս,
- Սիրելիս քեզ ի՞նչ է պետք:
- Սիրելիս ի՞նչ անեմ քո համար:
- Գալի~ս եմ,սիրելիս:

Դատավարտին ինձ մոտեցան դատավորները,դատավորներին հատուկ երկար ու սև շորերով:
Նրանք երկուսն են`երկու կին:

- Կարող ես մեզնից որևէ բան վերցնել,գողանալ ժամանակ,հայացք,սիրտ,տիրել մեր հոգուն մենք չենք բողոքի:
- Հիմա չեմ կարող,հիմա ես ունեմ ամեն,ամեն ինչ:
Հիմա Նա կգա:

среда, 15 августа 2012 г.

Առանց սխալվելու իրավունքի



* * *
- Մամ,գնում եմ,- դռան մոտից բղավեց ու ներս մտավ:
- Բայց տարեկետում ունեիր  չէ՞,հայրդ էլ փող չուղարկեց:
- Մամ,ամեն ինչ լավ կլինի,ես սերժանտ եմ լինելու,հեշտ կանցնի,մի մտածիր:
- Ամեն ինչ այդ փչացածից սկսվեց,քի՞չ աղջիկ կա Արման ջան, ինչու՞ սխալվեցիր…
- Լավ էլի մամ ջան,ճակատագիր է,դե ուրիշին ընտրեց,ես ի՞նչ անեմ:Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք:
- Ե՞րբ ես գնում,- կոտրված էր ձայնը:
- Տասնութին,ամեն ինչ լավ կլինի:
- Երկու օրի՞ց…

* * *
- Փարիշա,ոչխարը գոմն արա,ինչ ես շշմել կանգնել,հիմա էլ եղբայրդ չկա,դու ես ամեն ինչ անելու:
Պատերազմ կոչված մահվան վկայականը գրանցվել էր նաև Հայ-Ադրբեջանական սահմանի  այս քրդական գյուղում:
Բեհմենիքենդից միայն երկուսը չկային,Փարիշայի հայրը` Դինդարը և եղբայրը` Ազոն:
Հոր մահվան բոթը ստացել էին երեք ամիս առաջ` մահացել էր հայերի դիպուկահարի գնդակից,իսկ եղբոր մասին լուր չկար:
- Օ, հո~ հո~, օ հո~ հո~,- լուռ,հնազանդ ոչխարները մեկիկ մեկիկ մտնում էին փարախը:
Փարիշայի ձայնը արձագանքվում էր մոտակա լեռներից ու մոտենում աղջկան եղբոր ձայնով: 
Օ, հո~ հո~, օ հո~ հո~….
Վերջին ոչխարը դեռ չէր մտել փարախ,երբ նկատեց հեռվից փոշու ամպ բարձրացնելով մոտեցող մի զինվորական մեքենա:
Մեքենայից իջան երկու ադրբեջանցի սպաներ,փայլուն ,շողշողացող կոճակներով համազգեստներով:
- Ազոյենց տու՞նն  է,- ադրբեջաներեն հարցրեց նրանցից մեկը:
- Հա,-չգիտես ինչու հայերեն պատասխանեց Փարիշան:
Երևաց մայրը:
- Աչքերս քոռանան,բա՞ն է պատահել տղայիս:
- Դու Ազոյի մերն ես,այ լիրբ,Բեյզա՞ն ես-հարցրեց մյուսը:
Հետո,արդեն տանը պատմեցին, որ Ազոն ինքնաձիգը անզգույշ օգտագործելուց վիրավորել է մի ազեր զինվորի ու հիմա ռազմական ոստիկանությունում է, երկու հազար դոլլար փող է հարկավոր ազատելու համար:
Ոչ Փարիշան, ոչ էլ մայրը այդքան փող երբեք չէի ունեցել:
- Ախչի,դու խի՞ հայերեն պատասխանեցիր,գիտե՞ս գյավուրների լեզուն:
- Գիտեմ,մեզ մոտ քրդական դպրոց չկա,ես հայկական եմ գնացել,մինչև  յոթ դասարան:
- Լավ է,խոսելու բան կա…պտի չսխալվես,հասկացա՞ր:

* * *
Պատերազմական գործողությունների  այդ տեղամասը  մեծ նշանակություն ուներ:
Հիսուն երկու հոգի էին:
Պահում էին Սպայակույտի թիկունքը միաժամանակ  և Իրանի և Ադրբեջանի կողմից ու պատահական չէր որ հրամանատարի մականունը զինվորների մոտ “Մառոզ”  էր,իր խստության համար:
Հինգ կիլոմետր շառավղով բնակչություն չկար,եղեգնուտներ էին ու անտեր գերեզմաններ:
Ամբողջ գիշեր հերթապահ զինվորները պտտվում էին տեղամասի շուրջը երեք կիլոմետր շրջանագծով,  չորս հոգով,երկու  զույգով իրար հակառակ ուղղությամբ,մինչև առավոտյան ժամը չորսը:Հետո նրանց փոխում էին մյուսները:
Սխալվելու իրավունք չկար:
Գինը չափազանց մեծ էր` հիսուներկու կյանք:
Օրն այստեղ սկսվում և ավարտվում էր ոչ սովորական`ժամը 20.00 –ին: 
- Շարվիր:
Այստեղ շարվելը ուղիղ գծով չէ,այլ ծառերի տակ,քողարկված:
- Կիրակոսյան, այսօր գնում ես Վաչիկի հետ,ժամսլաքի ուղղությամբ,հակառակ ուղղությամբ գնում են Ասլանյանն ու  Գարիկը:
- Պարոն մայոր,այսօր Մարջանլիից սնունդ բերելու օրն է,Գարիկը Ձեզ հետ է գալու:
- Ասլանյան Աշոտի հետ կուղարկես նորեկներից մեկին արդեն երեք օր է այստեղ են:
- Արմանին ուղարկե՞մ:
- Հատուկ կզգուշացնես,որ սխալվել չկա:

* * *
Գիշերով ամայի տարածքով շրջելը դա նման է գաղտագողի դժոխքի միջով քայլելուն,ականջներդ սրած,աչքերդ չորս արած ու ամբողջ մարմինդ ձգված ու պատրաստ ցատկելու կամ հետ,դեպի յուրայիններ – ու հաստատ մեջքիդ գնդակ կստանաս,կամ առաջ - դեպի առյուծի բացված երախը…
Առաջին օրը ամենածանր օրն է նորեկների համար,չնայած վախից ու լարումից, կարող են տեսնել այն, ինչ  հին ծառայողը կարող է և չնկատել:
<Լավ է ցույց չտամ, որ վախենում եմ,միգուցե սուլեմ ինչ որ եղանակ>-Արմանը չգիտեր ինչպես քողարկեր վախը:
- Հո հիմար չե՞ս, ի՞նչ ես սուլում,գիտե՞ս քանի կիլոմետրից է լսվում:
- Դե լավ,Աշ,ինչ լարվել,չե՞ս զգում որ մարդ չկա:
Անցնում էին գերեզմանների մոտով:Լուսինը պարզ լուսավորում էր - սարսափելի էր:
Հանկարծ Արմանը ստվեր նկատեց գերեզմանաքարերից մեկի մոտ,քաշեց Աշոտի թևն ու ցույց տվեց դեպի գերեզմանի խորքը:
- Կարող է ոզնի՞ էր,կամ մոլորված ոչխար,-շշնջաց Աշոտը:
- Մոտենա՞նք:
Պետք չէր ցույց տալ որ վախենում է,բայց իրոք որ սարսափելի էր Արմանի համար:
Մոտեցան:
Մի աղջիկ էր կքանստած քարի մոտ,գյուղացի մի աղջիկ:
Ինքնաձիգը ուղղած առաջինը մոտեցավ Աշոտը:
- Վեր կաց,այնպես որ ձեռքերդ երևան:
Արմանը շուրջն էր նայում:
Աղջիկը կանգնեց,մուգ, շատ մուգ գույնի աչքեր ուներ,սև մազեր խնամքով հավաքած ծործրակին:
Վայրի գեղեցիկ էր:
-Չսպանես,ես մամայիս գերեզմանին եմ եկել,- ցույց տվեց գերեզմանաքարը,-այսօր մահանալու տարին է,գիշերով եկա որ չհանդիպեմ ոչ մեկին:
Արցունքները թափվում էին:
- Ես հաճախ եմ լինում այստեղ: Բեհմենիքենդից եմ`Դինդարի աղջիկը:Հայրս էլ եղբայրս էլ զոհվել են…քանի~ անգամ եմ եկել,բայց դեռ ոչ ոք չէր նկատել ինձ:
Երբ երեքով մոտեցան ուղեկալին,հերթապահ զինվորը աշտարակից ցած իջավ,հեռվից տեսել էր որ երեք հոգի են մոտենում:
- Լրտես եք բռնե՞լ,-ծիծաղեց,- մեդալ եք ստանալու Աշոտ:
- Լավ քիչ խոսա ամեն դեպքում թող մնա,առավոտյան կթողնենք կգնա,համ էլ Մառոզը եկած կլինի,բեր կապյորկայի բանալին,թող գիշերն այնտեղ մնա,դուռը կփակենք,մեղք է թող քնի:
Աղջիկը հեծկլտում էր:
Արմանը բացեց պահեստի դուռը,դե պահեստում կարտոֆիլից ու կեղտոտ սպիտակեղենից բացի ոչինչ չկար:
Աշոտն աղջկան հրեց ներս:
- Ես վախում եմ մթությունից,խնդրում եմ…
- Լավ,Արման միացրու քողարկված լույսը,դեռ չորս ժամ կա լուսանալուն,գեներատորը կհերիքի:Դու էլ դռան մոտից չհեռանաս ես քեզ մի երկու ժամից կփոխեմ:Բանալին չկորցնես:
Լռությունը մեռած մարդու նման սուս էր ու տանջալից տխուր ձեռքերով փակում էր Արմանի աչքերը,շոյում քունքերը ու լուռ օրօր էր ասում ականջին:
… Բացեց դուռը,թույլ լույսի տակ տեսավ աղջկան,կեղտոտ սավանների վրա պառկած:
Մոտեցավ,պառկեց կողքը,աղջիկն իր սև ածուխ աչքերով նայում էր:
Հետո սկսեցին խոսել,պատմում էր աղջիկը,հետո Արմանը սկսեց պատմել,հետո էլ չգիտես ինչու սկսեցին միասին լաց լինել:
Արմանը չհասկացավ թե ինչպես ձեռքը ձգվեց ու շոյեց աղջկա կուրծքը,հետո սահեցրեց ձեռքը…աղջիկը մերկ հայտնվեց իր գրկում,համբուրեց վայրի մեղրի համ ունեցող շրթունքները,ձիգ ու բաղձալի կրծքերը,փորը…լսեց աղջկա շշնջոցը <Էլի եմ ուզում,էլի>…
Հասկացավ թե ինչ քաղցր բան է կյանքը,երբ սավառնում ես,սավառնում ու վայրեջքդ լինում է կնոջ գրկում,հետո էլի ես սավառնում…ու հաճույքով փակեց աչքերը:
Երբ արթնացավ չհասկացավ թե ինչքան է քնել,ձեռքը պարզեց դեպի…
Փարիշան չկար,պահեստի դուռն էլ բաց:
Վազեց արթնացրեց Աշոտին:
Չգիտեր թե ինչ է կատարվում,ամեն ինչ մշուշի մեջ էր:
- Հարցրեց զուգարանի տեղը,գնաց այն կողմ մի քսան րոպե առաջ,-ասաց աշտարակի վրայի զինվորը:
- Արման քաշվանք,շուտ արա մի երկու երեք ժամից Մառոզը կգա,կորանք:Ես վազեմ դեպի գետը դու դեպի գերեզմանների կողմը:Կհանդիպենք խաչմերուկում:
Լուսանում էր:
Գերեզմաններին չհասած լսեց ցածր խոսակցություն:
Կռացավ,զգույշ մոտեցավ,գլուխը գետնից բարձրացրեց ու տեսավ Փարիշային մի զինվորականի  հետ խոսելիս,մեջքով դեպի իրեն:Խոսում էին ադրբեջաներեն:
Արմանը բան չէր հասկանում,բայց սպասում էր:
- Դե ասա,քանի՞ հոգի են,փողը չես ստանա թե որ խաբես:
- Հիսուներկու հոգի են,ամեն չորս ժամը մեկ պակասում են ութ հոգով:
- Խաբու՞մ ես,տո պոռնիկ գիշերով ո՞նց իմացար:
- Պահեստում հարյուր չորս սավան էր,մեկը տակը գցելու մյուսը վրան,հիսուներկու բարձի երես,ինքդ հաշվիր:Դե տուր փողը,ես պետք է դեռ հասնեմ  ռազմական ոստիկանություն,դու խոսք ես տվել:
Սպան գրպանից հանեց փողի տրցակը,հետո ձեռքը գցեց ու աղջկա ուսի կողմից քաշեց պոկեց շորը:Աղջիկը ձեռքով ծածկեց բաց կուրծքը…
- Դու որ չտաս բա ես քեզ կտա՞մ,ծիծաղեց սպան ու ընկավ աղջկա վրա փորձելով բարձրացնել շրջազգեստը:
Ձեռքի փողերը թափվեցին գետնին:Աղջիկը դեռ դիմադրում էր, երբ վրա հասած Արմանը ինքնաձիգի կոթով հարվածեց սպայի գլխին ու ոտքով հրեց:
Սպան գլորվեց կողքի:Գոտուց ատրճանակն էր կախված ու զինվորական դանակը:
Աղջիկը վեր թռավ պառկած տեղից,փաթաթվեց տղային,արագ-արագ սկսեց համբուրել այտերը,վիզը,շրթունքները…տղայի ձեռքից ընկավ ինքնաձիգը:
Փարիշան արագ կռացավ,սպայի գոտկատեղից քաշեց դանակն ու բարձրանալիս խրեց տղայի սիրտը:
Փարիշան հավաքեց գետնին թափված փողերը.<Ազո ջան,ցավդ տանեմ,դու կգաս տուն>,հեռացավ առանց ետ նայելու:

* * *
Երբ հրամանատարը զինվորների հետ մտավ գերեզմանոց, միայն տեսավ արյան մեջ ընկած զինվորին:
Լուռ էին,
- Ո՞րն է այդ աղջկա մոր գերեզմանը, Ասլանյան:
- Սա էր,- մատով ցույց տվեց Աշոտը:
Գերեզմանին գրված էր <Ակմուխամեդով,Նուրմուխամեդ Աբդուլ Սադիկ օղլի>
- Քանի անգամ եմ ասել սխալվելու իրավունք Չկա, սա տղամարդու գերեզման է,-դառնացած ասաց հրամանատարը:

   * * *
Հաջորդ օրը նամակ եկավ Արմանին:
<Արման ջան, ցավդ տանեմ,տղաս,իմ միակ մխիթարանք,չպետք է գրեի բայց չեմ կարողանում հանգստանալ,երեկ հայրդ փող էր ուղարկել ու նամակ,որ փողը հասցնենք ինչ որ Գուրգենի քեզ բանակից ազատելու համար….
…Քեզ լավ նայիր,Արման ջան,հանկարծ չհիվանդանաս…
…Չէի ցանկանում գրել բայց պետք է որ իմանաս,հայրդ կապվել է մի ռուս կնոջ հետ,էլ չի վերադառնալու,հանկարծ չսխալվես ու գրես հորդ,դու իմ միակ հույսը մնացիր…
Աստված իմ,ե՞րբ ես գալու տուն…
Համբուրում եմ տղաս,չտխրես, կապրենք,ի՞նչ է եղել որ…>