вторник, 28 ноября 2017 г.

Աշունը ծե՜ր ու տխուր


 Ծերացե՜լ է նոյեմբերը,
Հոդացավերը սրվե՜լ…
Ծա՜փ են տալիս ծառերը՝
Մե՜րկ, անամո՜թ, անվայել…
***
Ինչպես կնոջ մերկ  մարմին
Իրիկունն արևաքամ
Գիշերվա սև պատգարակին
Ծավալվե՜լ է ուժասպառ:
***
Ծեր Լուսի՜նն է թափառում
Հեռուներում ամպամած,
Տեսնես թե ի՞նչ է փնտրում
Սառն աչքերով կիսափակ:
***
Աղավնինե՜ր են կարծես
Ծվե՜ն-ծվեն ամպերը,
Աստղիկներին են հառել
Կարոտով լի աչքերը:
***
Թափառո՜ւմ է քամին
Աշնան անձրևը տանո՜ւմ,
Հարվածո՛ւմ է ժայռին
Ու սուլոցո՜վ ոռնում:
***
Ու լքո՜ւմ են մեկմեկու
Տերևները թափված,
Ցրտից եղյա՜մ է ծնվում -
Ասես մթան աղվամազ:
***
Չկա ո՛չ մի պատուհան,
Որ բա՜ց լինի այս ժամին,
… Հո՜ւշն է այրվում մոռացման՝
Այրում տերև՜ը վերջին:
***
Գիշերն ինչպես իջևա՜ն
Աներաշխիք հավատի՜,

… Ու սպասվում է մի խավար
Երազների՜ ավարտին:


вторник, 21 ноября 2017 г.

Մորս գիրկը մի արև՜… (ԵՐԱԶ)



Եկա՜վ…ու ասաց. «Եկե՜լ եմ»
Եկա՜վ, գալարվեց ճակատիս,
Արդյո՞ք շուտ չէր աճապարել
Ծերությունը ինձ այցի:

- Շո՜ւտ ես եկել ճակատս, տե՜ս,
Կնճիռներով պատեցիր:
- Շուտ չի՛,
Թե որ սիրտդ ցույց տամ ես քեզ-
Կսարսափես նայելիս:

Իրար վրա կնճի՜ռ-կնճի՜ռ
Սիրտդ կծիկ է դարձել,
Ծերությունը – ճակա՜տը չի…
Սի՜րտդ տարիքն է խոցել:

Այդ պահին էր՝ խոցված սիրտս
Մորս երգերը հիշեց,
Պա՜հ էր, հանկարծ մանկությո՜ւնս
Ճիչն իր վերջին արձակեց:

Երբ ճչացի՜-
Մայրս եկավ,
Վերցրե՜ց, կրծքին ինձ սեղմեց,
- Ի՞նչ է հոգիս, քեզ ի՞նչ եղավ,
Ո՞վ էր, որ քեզ վախեցրեց:

Մորս գիրկը մի արև՜ էր
Արև՜, որ մայր չի՛ մտնում,
… Մորս սիրտը լռությո՜ւն էր,
Մա՜յրս օրոր էր երգում…

Մորս տա՜ք ու ոսկեգո՜ւյն
Վարսերն ընկան ճակատիս,
Համոզվեցի՝ աշխարհում
Չունե՜մ ուրիշ սրտակից:

… Մա՜մ ջան, խո՜րթ է այս աշխարհը,
… Մա՜մ ջան,  օրորդ եմ ուզում,
… Մա՜մ ջան, սրտիդ խո՜սքն ու բառը
Թող գլորվե՜ն իմ սրտում…

* * *
Բացվող տխուր մի նոր օ՜ր էր
Իր լռությամբ անսովոր,
Մայրս չկա՜ր,
Առավո՜տ էր

Բիրտ ու դաժան շողերով…   

пятница, 17 ноября 2017 г.

«Աղո՜թք»



Անունդ «Աղո՜թք»  եմ դրել,
Աղոթելն այդպես հարմա՜ր է,
Դու շա՜տ լավ գիտես, սիրելի՜ս,
Որ աղո՛թք լինել - դա շատ բարդ բան է…

Թե ինչո՞ւ աղոթք, ի՛նքս էլ չգիտեմ,
Չէ՞ որ, ո՛չ մի աղոթք չի՛ իրականացել,
… Այս հույզի՜, մտքի՜ անողոք դարում
Սրբերը փախե՜լ,
Սուրբ չի՛ մնացել…

Շուրթերիս եզրին անդո՜ւլ ու անքո՜ւն
Աղոթքիս բառերը հարցականնե՜ր են,
Որ հավաքվել են մի ամբո՜ղջ կյանքում
Ու նաև՜… պատասխաննե՜ր են…

Ասե՜մ, որ աղոթքս նաև լռությո՜ւն է՝
Խո՜րն, անհատա՜կ, անսահմա՜ն…
…Դու ճի՛շտ ես, աղոթքս կրկնությո՜ւն է,
Իսկ քեզ հարկավոր է մի Նո՜ր
Մի Նո՜ր բան…

Բառերս մոլո՜ր,
Քայլե՜րս ակամա,
Աչքերս մթնա՜ծ,
Քո գլխին կարոտ կրծքով դառնահամ
Ես իմ աղո՜թքն եմ ասում.
- Արի՜, քո գրկում խաղալի՜ք դառնամ:

Անունդ աղո՜թք է դարձել,
Շուրթերիս հպված մի կարո՜տ,
… Ու համբուրում են սիրո հիշողությանը
Բառո՜վ
Բախտատավոր…


четверг, 16 ноября 2017 г.

Մարդ-Աչք


Աշխարհից պոկված փոքրի՜կ մի պատառ
Տեղավորվել է մարդու աչքերում,
Եվ ով փորձո՜ւմ է պատառն այդ կարդալ
Հայտնվո՛ւմ է մի օտար աշխարհում:

Տիեզերքի են նման աչքերը մարդու-
Ի՜նչ ասես որ չկան այնտեղ՝
Էլ ցա՜վ,  էլ երկյուղ…
Ու թե փորձո՜ւմ ես մինչև վերջ կարդալ-
Հայտնվում ես մի շնչող թակարդում:

Հառաչող մարդու աչքերը «սև՜» են
Արտասվող մարդու աչքերը «կապո՜ւյտ»
Ծիծաղող մարդու աչքերն ուրի՜շ են
Անհո՜գ, անտարբե՜ր մարդու աչքերը՝
Դատա՜րկ ու անգույն:

Սիրող աչքերը ուրի՜շ գույն ունեն-
Այդ գույնն անհա՜յտ է, դեռ չունի՜ անուն,
Ասես տխրությունն իր գույները քամել՝
Բազմագույն բերկրանք է լցրել աչքերում:

Ո՛չ ոք չգիտի թե ո՞ւր կտանի
Սիրո բիբերով գծած ճանապարհը,
Ո՛չ ոք չգիտի թե ո՞ւր կհասնի
Աչքերի միջով քայլող Մարդ-Աչքը:

Սիրո աչքերը՝
Ալեբախության մի ալիք հզոր…
Լեռնապարերով փակված փակուղի…

…բայց ափ կելնես եզերքում մի նո՜ր
Ուր  ցա՜վ չի լինի,
և արթնացումնե՜ր ահեղ տագնապի…



Երե՜կ-այսօր

* * *
Ասո՜ւմ են
երեկ եղել եմ հարբա՜ծ՝
Հայհոյե՛լ եմ բոլորին…
Երե՜կ
Մի կին ինձնից հեռացավ -
Տառապանքս ուսերին:

Իսկ ինչո՞ւ եմ ծա՜նր այսօր
Թե տառապանք էլ չունեմ,
Հիմա հարբած նրանով
Տառապանքս կհիշեմ…

Երեկ լա՜վ էր՝
Կանաչ արև՜.
Կապույտ դաշտե՜ր,
Ամպե՜ր, ամպեր վարդագույն,
Այսօր կարծես սև՛ են հագել
Երազներս անցավոր…

Խառնվել են
Երե՜կ-այսօր,
Այսօ՜ր- երեկ
իրար հետ,

Չե՛մ հասկանում - ես երե՞կ եմ
Թե՞ այսօր եմ առհավետ: