суббота, 4 ноября 2017 г.

ԼԵՐԴՈՒԿ




Քունքիս զարկի պես համաչա՜փ
Մեկ մոտենո՜ւմ եմ քեզ, մե՛կ էլ  հեռանում,
Փաստորեն ստացվում է մի կարճ Ճանապարհ,
Որը ո՛չ մի կերպ չե՛մ հաղթահարում:

*
Կյանքը դահի՜ճ է, ստիպո՜ւմ է սողալ,
Դո՜ւրս գալ իր կացնի հարվածի տակից,
Բայց ես ո՜տք ունեմ, չգիտե՜մ սողալ
Եվ ամե՜ն նյարդով կախված եմ կյանքից:

Կյանք-դահիճ խնդրո՜ւմ եմ դիմակդ հանի՛ր,
Ուզո՜ւմ եմ աչքերդ տեսնել,
Ինչո՞ւ է դիմակդ մի տեսակ կարմիր-
Ինձ թվո՜ւմ էր որ պե՛տք է սև լիներ:

Ձեռքիս մի ճաքած գա՜վ է հայտնվել,
Հոգուս մածուցի՜կ, թո՜ւնդ գինով լցված,
Արդեն սկսել եմ կարմիրը ատել-
Իմ երազների արյունով հարբած:

Քունքիս զարկի պես դողո՜ւմ են ձեռքերս,
Մեկ մոտենո՜ւմ եմ, մե՛կ էլ հեռանում,
Կյա՜նք, քո կացնի տակ սիրե՜լ եմ, սիրո՜ւմ եմ,
Բայց ձուլված եմ մնում դատարկում:
*
Ների՜ր ընթերցող, հարբե՜լ եմ մի քիչ՝
Սեփական հոգուս ծո՜ւծքն եմ կուլ տվել,
Մի դա՜ռը լերդուկ է, որ իմ կոկորդից
Չե՛մ կարողանում

Ո՛չ մի կերպ հանել

Իմ քաղաքում Հաց չունեցո՜ղ Ինչքա՜ն ասես…

Իմ քաղաքում
Հաց չունեցո՜ղ
Ինչքա՜ն ասես…

Ի՞սկ ես…
Իսկ ես հիմարի պե՜ս
Բան եմ գրում աղքատությա՜ն
Սովածության մասին-
Այնպե՜ս՝
Ասես հա՜ց եմ տալիս սովածներին:

Մեկը լինի՜ ասի անկեղծ.
Դե՜ գրածդ վերցրո՜ւ ու կեր,
Տես կդառնա՞ կո՜ւժը կուլա,
Խեժը արդյո՞ք խունկ կդառնա,
Սուրբը արդյո՞ք սուրբ կմնա-
Փորդ արդյո՞ք կկշտանա…

Հա՜ց ես տալիս
Առանց ցորե՜ն, առանց հասկի՜,
Ջո՜ւր ես տալիս առանց թասի.
- Ա՛ռ,  քեզ սնո՜ւնդ հոգևոր:

Իսկ քաղաքո՜ւմ՝
Ի՛մ քաղաքում
Ինչքա՜ն ասես հա՛ց չունեցող,

… չքավոր…

ԱՂՄՈւԿ


Ամենաբա՜րձր աղմուկը սրտի՜նն է,
Երբ բղավում է
Թափառող ներկան  կամ
Գալիքը թաքուն,
Տեսնես աշխարհում ուրիշ էլ ի՞նչ կա,
Որ մեզ բոլորիս իրա՜ր է կապում…

Աղմուկով ծնվո՜ւմ ենք, մահանո՜ւմ,
Աղմուկով սիրո՜ւմ ենք
Աղմուկով ատո՜ւմ
Նույնիսկ հոգով խուլ մարդն է
Պատե՜հ անպատեհ
Հաճախ աղմկում…

Ամենահետքրքիրը սիրելու աղմուկն է,
Ամենադաժանը՝ խանդը աղմկող,
Մահվան աղմուկը ամենատաղտո՜ւկն է
Լռելու աղմուկը՝
Ամենակարող:

Դե ե՜կ ընթերցող, միասին լռենք
Ծիծաղի՛ աղմուկով,
Աղմուկով վշտի,
Ե՛կ չարհամարենք պոետի ստեղծա՜ծ

Աղմուկը սիրո՜ ու հրաժեշտի…

Լեզուն աստղերի…



*
Ակնթարթները ձգվո՜ւմ են
Դառնում պա՜հեր,
Պահերը ձգվո՜ւմ դառնում են ամի՜ս,
Կյանքի ընթացքին լրիվ անտարբեր

Դու քո պատյանից դեռ դուրս չե՛ս գալիս:

*
Ամե՜ն մի աստղ
Մի սպիտակ մեղու,
Լուսինը՝ մայր-մեղու արծաթից,
Գիշերվա շուրթից մի քա՜ղցր է ծորում

Դու քո պատյանից դեռ դուրս չե՛ս գալիս:

*
Խոհդ քնած է պատյանում-խեցի
Քնով համակո՜ղ,
Քնով անձկալի՜,
Ասե՜ս գալիքը գրկել անցյալին

Ու քեզ չի՛ թողնում դուրս գալ պատյանից:

*
Եվ հանկարծ երկնից
մի աստղ է ընկնում
Գիշերվա խորունկ պարտեզի վրա,
Քեզ թվո՜ւմ է թե մի լո՜ւր ես ստանում
- Գիտե՞ս,
Ճամպրուկս կապե՜լ եմ հիմա:

*
Դու քո պատյանից
շպրտվում ես դուրս,
Վազո՜ւմ գալիքին ընդառաջ,
Դու շա՜տ լավ գիտես լեզուն աստղերի,
Աստղապարսերի պա՜րը խենթացած:

*
Գիշերվա կպչո՜ւն ու մերկ ձեռքերով,
Փորձում ես գրկել խո՜հդ կարոտի,
Կարոտի շուրթից ծորում են քաղցրով
Ակնթարթնե՜րը
Սպասվող պահերի…

*
Եվ ստացվո՜ւմ է, որ այն ա՜ստղ-մեղուն
Սայթաքե՜ց ընկա՜վ, մահացավ,
… Չէ՞ որ գիտեի՜ր աստղերի լեզուն,
Ուղակի չուզեցար հավատալ:

*
Ակնթարթները դառնում են պահե՜ր,
պահերը օրե՜ր…
տարինե՜ր…

Դու նորի՜ց փակված խեցի-պատյանում
Լրի՜վ
Անտարբեր…



ԹՈՌՆԻԿ-ԲԱԼԻԿՆԵՐԻՆ



Ավելի նուրբ բան չկա՛ աշխարհում,
Քան թաթի՜կը նուրբ թոռնիկ-բալիկի,
Ինչքա՞ն բերկրանք է բերել մեզ կյանքում
…և դեռ կբերի՜:

* * *
Ուզում եմ փա՜ռք տալ, բայց չգիտեմ ո՞ւմ,
Որ իմ թոռ-բալի՜կը, երբ որ մեծանա,
Իմ ձեռագրերը պահի ձեռքերում՝
Շուռումո՜ւռ տա՜, կարդա՜, զարմանա:

- Ա՜խ, պապի՜կ, պապիկ վի՜շտ ու ցավ ապրած,
Այս ի՞նչ դժվար ես ապրել աշխարհում,
Պապի՜կ ջան, ինչո՞ւ փոքր ժամանակ
Ես դա չե՛մ տեսել քո պարզ հայացքում:

Սեղմե՜լ ես գրկումդ, գլուխս  շոյե՜լ,
Սրտումդ հազա՜ր ու մի երազանք,
Ինձ հիմա՛ է պետք քո կրծքին փարվել
Ասել. «Պապիկ ջա՜ն, տես ո՜նց մեծացա»

Հիշո՜ւմ եմ, պապի՜կ ջան, ծոցումդ տաքուկ
Քանի՜- քանի՜ հատ հեքիաթ եմ լսել,
Հիմա քո գի՛րն եմ քեզ համար կարդում,
Բայց դու չե՛ս լսում,  քնե՜լ ես հավերժ:

Հիմա դու չկա՜ս և տողերը քո
Սահո՜ւմ, ընկնում են մատներիցս ցած,
Արևի բուռ-բուռ ոսկի շռայլող
Այս ի՞նչ մտքեր ես թողել ինձ ընծա:

Շա՜տ-շատ բառեր կան, որ չե՛մ հասկանում,
Մտքեր կա՜ն խո՛րթ են ինձ համար,
Քի՜չ էլ մեծանամ քո ձեռագրերում
Գիտե՜մ, կգտնեմ մի նոր ճանապարհ:

Պապի՜կ ջան, այս ի՞նչ բաներ ես գրել,
«Սրտումս դատա՜րկ, սրտումս տխո՜ւր»
Բա՞ ես, պապի՜կ ջան,  ո՞ւր էի կորել-
Միշտ ասո՜ւմ էիր, որ կա՛մ քո սրտում:

Այս ի՞նչ ես գրել,  բան չե՛մ հասկանում,
Մեկ գրել ես «սիրո՜ւմ եմ» ու մե՛կ էլ «ատում»,
Պապի՜կ, նման բա՜ն չկա՛ աշխարհում-
Սիրող սրտերը ինչպե՞ս են ատում:

Միգուցե շո՞ւտ է քեզ ընկալելը,
Դու էլ այսքան շո՜ւտ հեռացար ինձնից,
Մեր դասարանի բոլոր տղաները
Խոսում եմ միայն իրենց պապիկից:


Իսկ ես ձեռագրերդ եմ սեղմում իմ կրծքին՝
Ինձ հետ դպրո՜ց եմ տանում,
Ինձ հետ բերո՜ւմ տուն,
Մի բան եմ հասկացել, որ Ժամանակի՜ն
Կանգնեցնել չկա՛, դադար չի՛ լինում:

* * *
Աշխարհում սուրբ բան քան սի՜րտը մանկան,
Չի՛ եղել երբե՛ք, չկա՛ նման բան,
Ինչքա՞ն բերկրանք են բերել մեզ կյանքում
Նրանց թոթովա՜նքն ու թաթիկները տաք: