пятница, 31 июля 2015 г.

Բարև ճանապա՜րհ, բարև՜


Ասո՜ւմ են
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»
Եվ ո՞ւմ է հարկավոր նման ճանապարհը,
Երբ սիրտդ չի՛ թպրտալու կյանքի ճանապարհի
խորդուբորդ լինելուց,
Երբ անվերջանալի թվացող ճանապարհն իր հարթ լինելուց
Կփակի՜ աչքերդ,
որոնց առաջ անըդհատ միապաղաղ կտատանվի
Հորիզոնի ուղիղ գիծը…

Ճանապարհները պե՛տք է լինեն ոլորաններով,
Դա՛ր ու փոսերով՝
Լի անակընկալներով
ու հաճելի արկածներով…
ամեն մի ոլորանի ետևում պետք է գտնես
աչքերի նո՛ր արտահայտություն,
ձեռքերի նո՛ր շարժում,
ոտքերի ա՜յլ օրորում,
խոսքերի նո՜ր ջերմություն…

… ամեն մի դա՛ր ու փոսից հետո
սիրտդ պե՛տք է ելնի - դուրս գա բերանովդ
կամ
ընկնի՜ ու սոված կատվի ձագի նման մլավելով
ոտքերիդ փաթաթվի …

Ճանապարհը պետք է մարմինդ
մի նո՛ր ձևով,
մի նո՛ր ուժով կոտրատի՝
քեզ տալով մի նո՛ր մարմնական ցանկություն,
մի նո՜ր հոգեկան ցնցում…

Պետք է համոզվես,
որ ճանապարհը-ճանապարհ չէ առանց քեզ՝
տգե՛ղ է և անիրատես,
վստահ լինես, որ քո ճանապարհին
չես լքում ոչ մեկին…
ճանապարհը քո՛ սլացքն է,
քո՛ գնացքն է,
քո՛ կյանքը, որին
դու՝ ճանապարհիդ միակ ուղևորը
տալիս ես  քո վերջի՜ն մի պտղունց
քնքշանքը…

Հարթ ճանապարհը լինում է վերջի՜նը,
երբ քեզ հրաժեշտ տալու համար եկած ցանկացած մարդ
իր լուման է ներդնում, որ դու առանց ցնցումների անցնես ու
հասնես քո վերջի՜ն…վերջին կանգառին…
երևի հենց այստեղ է պետք ասել.
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»


Ս.Ումառ-Հարությունյան

Հուզմունքի վազքը ...

* * *
Հուզմունքի վազքը հախուռն է լինում-
Քեզ տարածում է հեռո՜ւ, շա՜տ հեռու,
Ասես վայրի ձիերի մի երամակ է վազում
Ու հորիզոնի ծայրերը թեքում…

Չգիտես զարմանա՞ս թե՞ զայրանաս,
Երբ քո այգու ծառի միակ ճյուղը բերքատու,
Հարևանի այգու տարածքում կախված
Ծարավից իր դեմքն է ծռմռում

Չգիտես իրո՞ք լաց լինես,
Երբ քո այգում ընկած, կոտրված ճյուղն է
Աչքերիդ առաջ դադաղ մահանում…

Հուզմունքի վազքը հախուռն է լինում…

Ասես քայլում ես մի անծանոթ քաղաքի
անծանոթ փողոցով ու հանդիպում ես
թաղման թափորի՝
կանգնում ես ու ակամայից գլուխդ խոնարհում
հանուն հեռացող մարդու հարգանքի,
որին երբևե դու չես ճանաչել,
թե կարեկցանքից հարազատներին,
որոնք այդ պահին քայլում են գլուխները կախ՝
նայելով միայն իրենց ոտքերի տակ-
ասես հիշելու այն ճանապարհը, որով
պետք է որ անցնեն և իրենց համար…

Ու հորիզոնն է թեքվում աչքերիդ առաջ,
Տեղափոխվում են ճանապարհնե՜րը,
Խաչմերուկնե՜րը…
Ու հուզմունքը կարծես նոր թևեր առած
Քեզ տարածում է դեպի նոր հորիզոններ՝
Ուղիղ կամ թեքված…


Ս. Ումառ-Հարությունյան

воскресенье, 26 июля 2015 г.

Խնդրո՜ւմ եմ, ինձ դատեք,


Ինձ դատեք քանզի ես չգիտեմ հաշվել
Փորձեցի հաշվել կանանց քանակն աշխարհում
Ինչպես հաշվում եմ՝
Միշտ մեկն է ստացվում…

Եվ այդ մեկը -
վայրկյանը մեկ
Պտտվում է ծայրին  լեզվիս,
Մե՛կ քաղցրահամ ինչպես  գինի,
Մե՛կ դառնահամ ինչպես խինին,
Մե՛կ այրո՛ւմ է,
Մե՛կ սառեցնո՜ւմ…
Ո՞վ կպատկերացներ, որ դժոխքը
Այսքան մոտ է մարդուն…

Արևը միստի՜կ, անքո՜ւն,
Լուսավորում է սառը քրտինքս՝
Դարձնում արծաթագույն…
Ես հաշվել չգիտեմ և ինձ համար
Միշտ մի կի՛ն է արթուն…

«Մի դատեք, որ դատված չլինեք»
Բայց…
Խնդրո՜ւմ եմ, ինձ դատեք,
Որ հաշվել չգիտեմ….

Ս.Ումառ-Հարությունյան



Սատանայի ականջը խո՜ւլ



... Մի օր Աստծո Գործերը
Կառավարվող սենյակում
Տեսա թե ինչպես էր Նեռը
Իմ հույզերը  խմբագրում…

Բնական է, որ վեճ սկսվեց,
(Նեռը խախտել էր պատշաճը)
Սատանան իմ քիթը կծեց
Ես էլ նրա ականջը…
---------------------------------
Ինձ թվում էր թե ես ոչի՜նչ չգիտեմ,
Չե՛մ ընկալում այս աշխարհի գոյությունը անհեթեթ,
Եվ այդպես էլ չիմանալով վեճ եմ սկսել
Սատանայի  տոհմի հետ:

Ցա՜վ եմ տարել, բե՜ռ եմ տարել ամեն օր,
Չիմանալով վաղը ո՞վ
կամ ովքե՞ր են ինձ դատելու,
Քայլ եմ արել սիրո ծանր ոտքերով,
Որը վաղն ինձ ուժ ու եռանդ էր տալու…

Ո՞վ կլինի դատավորս,
Խի՞ղճս,
Հոգի՞ս,
Մարմի՞նս,
Թե՞ անապակ թղթին հանձնած
Հուշե՜րս կամ խոհե՜րս…

Ես չգիտեմ պատասխանը
Ո՛չ խելացի, ո՛չ էլ տխմա՜ր հարցերի,
Բայց վստահ եմ,  որ երբեք
Գլուխս չե՛մ խոնարհի…

Դա է պատճառն եղել արդյո՞ք
Թ՞ե պատճառի հետևանքն իմ եթերային երազի,
Այսօր երազում մի կին իր սեթևանքը
Թամբում էր աստծո ձիերին…

Խոսքե՜ր, խոստումնե՜ր իրանին փաթաթած,
Խոստումների ցոլանքներ էր ցանում աչքերիս,
Իր կանացիության մոլուցքը շրթին
Վայրի՜ ծիծաղում էր հեռվից…

Սատանայի քրոջ աղջիկն էր՝
Արգամուհին գեղեցիկ,
Չհասկացա փորձությո՞ւն էր
Երա՞զ էր,
Թե՞ մի պատկեր  արթմնի….

Ու  թվում էր թե ես ոչի՛նչ չգիտե՜մ…
Եվ այդպես էլ չիմանալով վեճ եմ սկսել
Սատանայի  տոհմի հետ:

Ս.Ումառ-Հարությունյան









понедельник, 20 июля 2015 г.

Խոսիր ինձ հետ

* * *
Խոսի'ր,
ասա՛ ինձ բառերն այն,
որ ալեկոծումներիդ պահին
հուշում է միտքդ

Տո՛ւր իմ արյանը
մեղմությունը խոսքի,
Գտի՛ր սրտիս թաքստոցը բոսոր,
ինձ հանդարտեցրո՜ւ,
Ինձ փախցրո՜ւ
ստվերից պարկեշտության,
Ինձ խաղաղեցրո՜ւ փոթորկումներից,
և խնդրիր իմ ձեռքը
բարեհաճ գիշերից:

Խոսի'ր,
Խոսի'ր քամու լեզվով,
զեփյուռների պես, շշունջների,
Ծառերի ըմբոստ համբերությամբ
ձգտիր գագաթը իմ երկինքների:

Ինձ հպվիր
անապատի ջերմությամբ-
տաք ավազների,
Ծովի փրփուրը կերած`
աղի ավազների ծարավի պես,
Ինձ հպվիր երազի պես՝
երբևէ չմեկնաբանված:
Խոսիր բարության լեզվով
Խոսի՜ր…

Ս.Ումառ-Հարությունյան