суббота, 27 октября 2018 г.

Մի գրոշ երջանկություն




Թե ժլա՜տ եմ խոսքերիս մեջ
Ապա ճո՜խ եմ, շռա՜յլ  տխրությամբ,
Կարդա՛ հոգնած ճամփորդի պե՜ս
Ու հեռացի՜ր լռությամբ,

Մի՛ հարցրո «Ինչո՞ւ»  «Ինչպե՞ս»
Մեկ անգա՜մ էլ տողս կարդա,
Թե տողերում քեզ չգտնե՜ս
Քեզ երջանի՜կ պիտի զգաս…

Դժբախտները չե՜ն հասկացվում՝
Բարդ է նրանց կյանքուղին,
Միշտ արմա՜տն են ծառի փնտրում
Մի՜շտ հայտնվում չոր ճյուղին:

Ու թվո՜ւմ է դժբախտ մարդը
Սև ագռա՜վ է կռկռան,
Քանզի տանջող ցա՜վն ու դարդը
Բղավո՜ւմ է  բարձրաձայն:

Գուցե՞  Տե՜րն է ժլատ եղել՝
Զրկե՜լ մի բուռ հաճույքից,
Կամ… դժբա՜խտն է հրաժարվել
Երջանկության իր հերթից:

Քե՛զ է հասել, մեկ ուրիշի՜
Կա՜մ ժամկետն է  լրացել,
… Դժբախտ մարդը նմանվում է գրոշի,
Որին կորցրե՜լ, բայց կորուստը
Չե՛ն զգացել:

четверг, 25 октября 2018 г.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ



Դանդա՜ղ մոտենում էր առավոտը ու ոչ մի արտասովոր բան չէր զգացվում բացատում:
Բոլոր նախորդող առավոտներից այս մեկն առանձնանում էր անսովոր ձայնով, թնկթնկացող լացի ձայնով:
Բարդին, Կեչին ու Թխկին զարմացած իրար էին նայում:
Լաց էր լինում երեքամյա Մասրենին, ավելի ճիշտ լացի ձայնով ինչ-որ բան էր ասում, անհասկանալի բառերով:
Բացատի չքնաղ բնակիչին միայն քամին կհասկանար, որը չուշացավ:
- Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ ես տխուր այս գեղեցիկ առավատվա ներկայությամբ:
- Չգիտե՜մ, այսօր ծնո՜ւնդս է, անհասկանալի է տխրությանս պատճառը:
- Միգուցե՞ երգենք, բոլորով:
- Ո՜չ,  չի՛ օգնի, ես ուզում եմ բոլորի նման, որ նաև տորթ լինի, երեք մոմերով, որ ես ցանկություն պահեմ, փչե՜մ հանգցնեմ, հետո իրականություն դառնան ցանկություններս:
Քամին, որ շատ էր սիրում մասրենուն, տխրե՜ց, հետո դիմեց մասրենու շրջակայքում աճած Բարդուն, Կեչուն ու Թխկենուն:
- Ի՞նչ անենք, չէ՞ որ նա չի հանգստանա, մտածե՜ք…
Երեքն էլ միաբերան  ասացին:
- Մտածի՜ր ու կատարիր ցանկությունը, դա այնքա՜ն էլ դժվար չէ:
Ծառերն իրենց փարթամ ճյուղերով սկսեցին ավանդական մի երգ.
«Ծնունդդ շնորհավո՜ր, ծնունդդ շնորհավո՜ր…»
Մաասրենին ավելի տխրեց ու ուժեղացրեց լացը:
Քամին հեռացավ:

Քիչ հետո քամին չգիտես որտեղից կայծեր բերեց ու հրդեհեց Բարդու ճյուղերից մեկը, բռնկվեց Բարդին ու նմանվեց մոմի:
Հրդեհը քամու ձեռքերով անցավ Թխկենուն ու Կեչուն:
Քիչ ժամանակ ա՜նց երեք հրդեհվող ծառերը, որ նմանվել էին մոմերի, կտրեցին իրենց աղեկտուր ձայներն ու լռեցին:
Քամին ասաց.
- Դե փչի՜ր սիրելիս ու քո ցանկությունները կիրականան:
Մասրենին փչել չգիտեր:
Ծառերը դանդա՜ղ վերանում էին - վերածվելով ծխի ու մոխրի:
Քամին փորձեց հանգցնե՜լ, բայց ավելի բորբոքեց ու ստիպված հեռացավ: Քամին անձրևաբեր ամպեր բերեց ու մի կերպ հանգցրեց կրակը, բայց արդեն ո՜ւշ էր՝ մնացել էին այրված ծառերի բները…

Անձրևից թրջված Մասրենին  կախել էր իր ճյուղերը, դատարկված բացատում ավելի ընդգծելով իր գեղեցկությունը:
Իսկ քամի՞ն,
Իսկ քամին հեռացա՜վ,
հեռացավ գտնելու մեկ ուրիշ ծառերով շրջապատված մասրենի…

Դրսում աշո՞ւն է…




Դրսում աշո՜ւն է
Ձմե՜ռ կամ ամա՜ռ
Դա ոչի՜նչ, ոչի՜նչ չի՛ փոխում,
Կյանքն ամեն դեպքում մի վա՜ռ Գարուն է՝
Սավառնող մի ե՜րգ,
Երգեցիկ թռչուն…

Դրսում աշո՜ւն է՝
Ընկեցիկ ու խե՜նթ ծանո՜թ եղանակ,
Չգիտես ինչո՞ւ մեկուսացե՜լ ես
քո մութ սենյակո՜ւմ
Ու ամո՜ւր փակել դո՜ւռ ու պատուհան:

Դրսում աշո՜ւն է -
Ասե՜ս թե գարնան սոնա՜տը Լուսնի,
Եվ տերևներով  ծառերից հոգնած
Քո թափուր տե՜ղն է լցնում
Գիժ քամին…

Դրսում աշո՜ւն է
Անձրև՜ է գալիս
Ուղղակի անձրև՜ և ուրիշ ոչինչ,

Հիմա թե գրեմ արցո՜ւնքն է աշնան-
Ես կնմանվե՜մ չարաչար սխալվող
մի բանաստեղծի…



воскресенье, 21 октября 2018 г.

Տողատակերում…



                                           
Սերը Պոետի  Բա՜նն է ու Բա՜ռը
Դառը բառը ոչի՜նչ,
Կծո՛ւն է դաժան,
Երբ որ գրում են.
- Թե տողում այսի՜նչ
Տա՛ռ ես բաց թողել, գուցե պատահմա՞մբ…

Այդ «գուցե»-ն դառնո՜ւմ է իններորդ ալիք՝
Ահարկո՛ւ, կործանիչ մի հարվա՜ծ,
Պոետը իրեն զգո՜ւմ է խաղալիք
Ապաշնո՜րհ, կոպի՜տ ձեռքերում սարքված:

Բա՜նը բաց թողա՜ծ Բա՛ռ են ման գալիս,
Բա՜ռը գտնո՜ւմ են, տառախեղդ անում,
Ասես պոետի մազերից բռնած
Կախաղան հանում…

Ընկնո՜ւմ է պոետը «հիվանդ» իր տողին,
Դողացող ձեռքով տա՜ռ է որոնում,
Բան-ի պես խորը, բառի պես տեղի՜ն
Տողատակերո՜ւմ…
Տողատակերո՜ւմ…