вторник, 18 сентября 2018 г.

Կառամատույցո՜ւմ անորոշության




*
Տե՜ղն իմ ես չունե՜մ կյանքի գնացքում,
Դո՛ւրս է շպրտել արագությունն այդ,
Գնացքը շարժվե՜լ է, ես մնացե՜լ եմ
Կառամատույցո՜ւմ
Անորոշության:
*
Խոսելը դժվա՜ր է, լռել չե՛մ կարող,
Ճշմարտությո՜ւնն եմ սիրել շուրթերի,
Արածս ընդամենը մի կաթիլն է լո՜կ
Մինչ այժմ եղած
Արարումների:
*
Եվ կանգնած մենակ - առանց տարիներ,
Չե՛մ ուզում քայլել գլխիկոր,
Ինձ երբե՜ք ոչինչ այսպես չէր ծալել,
Ինչպես գնա՜ցքն այս
Ինձնից հեռացող:
*
Ճչո՜ւմ է փախչող գնացքը հեռվում,
Ասես թե սի՜րտս է տանում փորձության,
Անձրև՜ է թունոտ՝ թախիծի խոստում -
Կառամատույցո՜ւմ
Անորոշության:


суббота, 15 сентября 2018 г.

Գիշերային մենախոսություն» շարքից




Եվ գիշերը կո՜ւյր
Ինձ ընկեր դարձավ,
Տեսողությունը կորցրած ա՜յն կնոջ նման,
Որը տեսնում է ամե՜ն, ամե՜ն ինչ,
Բայց չի՛ տեսնում ինձ
Ասե՜ս ես չկամ…

Եվ գիշերը կո՜ւյր մխիթարեց ինձ՝
Պատմեց ա՜յն մասին
Թե քանի՜ միլիոն կո՜յր կին է տեսել…
Եվ նրանց միջից գեղեցիկները՝
Կո՜ւյր աչքով սպասող կանայք են եղել:

Գիշերային մենախոսություն» շարքից




Երբ որ պոետը կրկնո՛ւմ է մի Բա՜ն
Դրանից ավել էլ ի՞նչ նորություն,
Դա նշանակո՜ւմ է, որ ապրում է նա
Նշանակո՛ւմ է դե՜ռ
Տանջվո՜ւմ է, տանջվո՜ւմ…

Գիշերային մենախոսություն» շարքից




Մի տեղ կարդացի՜
«Գեղեցիկները դժբախտ են լինում…»
(Գոնե գրեին ապրում են երկա՜ր)
«Դժբախտ»  բառի վրա ծիծաղս եկավ,
Արագ վազեցի, նայեցի՜ հայելուն
Ու…լա՜ցս եկավ…


«Գիշերային մենախոսություն» շարքից




Անխուսափելի՜ն աչքերիդ խորքում
Ո՛չ մի կերպ սրտիս հանգիստ չի՛ տալիս,
Աղոթք չգիտե՜մ,
Բա՜յց աղոթում եմ
Անճարությունից:

Տարօրինա՜կ են բառերն աղոթքիս,
Բառե՜րն աղոթքիս – նոտաներ,
Աղոթքս դառնում է մեղեդի՜,
Որը ո՛չ մի տեղ
Ո՛չ ոք չի լսել…