пятница, 27 июля 2018 г.

Մենություն...



Իսկ դուք ծանո՞թ եք Մենությանը,
Եթե ո՜չ,
ցավո՜ւմ եմ Ձեզ համար,
Նշանակում է ծանո՜թ չեք ձեր բնությանը
Եվ գաղտնիքներին անհամար:

Նշանակում է
Խոսե՜լ  չգիտեք, լսե՜լ  չգիտեք ինքներդ Ձեզ,
Նշանակում է
Գիշե՜ր ու ցերե՜կ անծանոթ մի ձայն է
զրուցում ձեզ հետ:

Նշանակում է
տեսնե՜լ  չգիտեք
Ի՞նչպես են ուռենու կախված վարսերը
համբուրում վազող գետակին,
Ի՞նչպես է բացված ծաղիկն իր շուրթե՜րը
Հպում հեռացող թիթեռին:

Չգիտեք ի՞նչպես է լռում ջութակը,
Ի՞նչպես է Լուսինը փա՜յլն իր կորցնում,
Երբ միլիո՜ն տարեկան իմաստուն արեգակը
Մենության առաջ գլո՜ւխն է կախում…

Չգիտեք գիշերվա անթափանց գո՜ւյնը
Ի՞նչպես է քսվում աչքերին,
Ի՞նչպես է մո՜ւթը գտնում իր բո՜ւյնը
Սև կոչված սրտի պատերին:

Չգիտեք ի՞նչպես է ընկնում զարկերակը՝
Ուղղվո՜ւմ, դառնում ճառագայթ…
Ի՞նչպես է մահվան դատարկ պատգարակը
Դանդա՜ղ օրորվում աչքերի առաջ:

Մենությունը դարձել է խարա՜ն-
Եվ հոգո՜ւ և մարմնի՜ կառափնարանը,
Ի՜նքս էլ չգիտեմ,  ցավե՞մ ձեզ համար
Թե՞ նախանձեմ,  որ ծանո՜թ չեք
Մենությանը…


суббота, 21 июля 2018 г.

Մտորումներ (շարք)


* * *
Շատ է տանջում  սի՛րտն իմ խելառ,
Մեկ ասում է «Հեռացի՛ր»,
Մեկ ասում է  «Մնա՜, տանջվի՜ր»,
Մեկ ասում է  «Մոռացի՛ր»:

Սի՛րտ,  միակն ես,
որ ինձ հանգիստ չես տալիս,
Մեկ խնդո՛ւմ ես,
Մեկ հիմարի պես լալիս:

Սի՛րտ իմ, եթե մի օր  ձե՛ռքս ընկնես,
Շարունակես քո վե՛ճը,
Վստա՛հ եղիր,  քեզ կպատռե՜մ
Տեսնեմ թե ի՞նչ կա մեջդ:

Ս.Ումառ-Հարությունյան

Մտորումներ (շարք)


* * *
Ուզում եմ գրե՜լ,
Բայց գրել այնպե՜ս - ինչպես սիրո՜ւմ եմ,
Ու բարկանում եմ, որ չի ստացվում այնպես-
Ինչպես ուզում եմ…

Բարկանալը հե՜չ –
Անցնո՜ւմ, գնում է…
Զավեշտը` զարմանալն է,

Ու…զարմանո՜ւմ եմ –
Սիրում են ինձ այնպես –
Ինչպես գրո՜ւմ եմ…

Ս.Ումառ-Հարությունյան

Մտորումներ (շարք)



* * *
Չե՛մ հասկանում
Թե ի՞նչու ես ինձ ատում…

Ուրիշի հետ ուրախանո՜ւմ,
Ուրիշի հետ սեղա՜ն նստում,
Ուրի՛շ ձեռք է մազդ խառնում,
Ուրի՛շ աչք է առագաստդ
Բացո՜ւմ-փակում,
Ուրիշ ծովի ալիքին ես նստած թևում…

Բայց վշտե՜րդ,
Ա՜խ, վշտերդ
Միա՜յն-միա՜յն
Ինձ հետ կիսում…

Ս. Ումառ-Հարությունյան


суббота, 7 июля 2018 г.

N-ին (բանաստեղծություն)




«Մոնա Լիզայի» նկարի առաջ
Հավաքված  գաճաճներ խղճի՜ ու մտքի՜,
Դուք գեղեցիկ եք համարում նրան,
Երբ  դեռ չե՜ք տեսել պատկերն իմ N-ի:

Դուք դեռ չե՛ք տեսել ժպի՜տը նրա,
Մատնե՜րը սեղմած իր կրծքին,
Ազդրե՜րը, ողորկ ալիքի նման
Քեզ ձգող դեպի խորքերը կրքի:

Գաճաճնե՜ր խղճի,
Գաճաճնե՜ր մտքի,
Դուք համարում եք նրան խորհդավո՞ր,
Նաև գրավի՜չ, գեղեցի՜կ այնքան,
Չէ՞ որ չեք զգացել շուրթերն իմ N-ի,
Գի՜րկն իր ձգելու ո՜ւժը կատարյալ:

Չէ՜, իմ N-ի աչքերը ա՜յլ են,
Ավելի խորո՜ւնկ պատկերով,
Իսկ այս  նկարում նկարչի մա՜յրն է
Նկարչի «Էդիպի բարդույթ»  զգացումով:

Հիացե՜ք խնդրեմ
Դել Ջակոնդոյի կնոջ ժպիտով,
Կամ Բելլա  դ՛Էստենի  պարանոցով հաստ,
Նկարում գուցե՞ հենց նկարիչն է
Կամ երիտասա՜րդ մի տղա:

Հիացե՛ք ինչքա՜ն որ կամենում եք,
Դրանից «Լիզան» չի դառնա ձե՜րը,
Մտքի գաճաճներ դուք ձե՜րն ունեցեք-
Ինչպես ես ունեմ  իմ  N-ը:

Միգուցե՞ լավ է, որ դուք չե՜ք տեսել
Իմ   N-ի մարմինը այնքա՜ն կատարյալ,
Միգուցե՞ լավ է, որ
Չե՜ք խենթացել՝
Ինձ նման  դարձել խելագար…