воскресенье, 25 февраля 2018 г.

Ստվերը

* * *
Մի՜ սլացիկ բարդի կանգնած
Նայո՜ւմ էր իր ստվերին,
Սև՜ էր, երկա՜ր, մահասարսո՜ւռ-
Շո՜ւրջը աճած թփերին:
Աշո՜ւն էր խոր… կայծակը կո՜ւյր,
Բարդու սրտի՛ն հարվածեց,
Այրվեց բարդին ոտքի՜ց գլուխ -
Կիսամոխիր տապալվեց:
Հրդեհվեցին և թփե՜րը
Շուրջը ոչի՜նչ չմնաց,
Ո՛չ բարդին կա՜ր, ո՛չ ստվերը,
Ո՛չ թփերը- սև՜ ստվերից վախեցած:
Գարո՜ւնն եկավ արևածին,
Թփարմատից փոքրի՜կ ծիլեր ծնվեցին,
Ո՛չ բարդին կար, ո՛չ ստվե՜րն իր…
Ու թփերի ստվերնե՜րը
Իրենց հսկա՜ կարծեցին:

воскресенье, 18 февраля 2018 г.

ՀԱՅԱՍՏԱՆՍ


Ուր ուզո՞ւմ եք ինձ տարեք՝
Պեկի՜ն,
Մադրի՛դ,
Լո՜ս-Անջելես,
Լյովե՜ն տարեք կամ
Ջակարտա,
Տոկիո՜ տարեք կամ էլ
Մոսկվա՜…

Բրոդվեյում սեղան գցեք,
«Յախուշտայի»  ձայնը քոքեք,
«Բերդ» պարի պես բերդ ցույց տվեք,
Ու «Գայանե» բալետից
Հարյո՜ւր-հարյո՜ւր սուսեր հանեք-
Սի՜րտս խոթեք,

Տա՜սը, հարյո՜ւր,
Հազա՜ր-հազա՜ր հայ հավաքվեք՝

«Քելե՜,  քելե լաո»  երգեք,
«Կռո՜ւնկ» երգեք,
«Նուբա՜ր-Նուբար»
«Կաքավի՜կ» կամ «Անտունի»
Գլո՜ւխ կախեք խոնարհաբար
Տերյանի կամ Թումանյանի
Հիշատակին-
Վիետնամո՜ւմ
Հոլանդիայո՜ւմ
Ավստրալիայո՜ւմ
Հունաստանո՜ւմ…

Միևնո՜ւյն է

Ի՛մ պարերը,
Ի՛մ երգերը,
Ի՛մ բառերը,
Հայերե՜նը՝
Ինձ հուզում են միա՜յն-միա՜յն
Հայաստանում:

* * *
Թե ի՜նչ-որ մեկը կասի, որ
Փո՜քր ենք-
Թող որ համարի Մասիսը օտար:

Մենք մեր արյունով ներծծված
Հո՜ղն ենք՝
Լեռան պես ամո՜ւր,
Քարերից ծնված,
Լեռան ծաղկի պես վայրի՜ գեղեցիկ,
Լեռան լանջի պես բա՜ց ու հյուրընկալ,

Այսօր մի քիչ նե՜ղն ենք,
Հոգով քիչ ավեր,
Բայց մենք փո՜քր չենք՝
Մեր հո՜ղն է փոքր-
Ոչ թե սիրտը մեր:

Եվ Աստված չանի՜
(Մեղա՜ քեզ, Աստված)
Տրորված մեր ո՜տքը
Բարձրանա հանկարծ:

Այնժամ կտեսնե՛նք
«Յախուշտան»  Վանում,
«Բերդը»  Կարինում,
«Քոչարին» Բաքվում…

Ա՜խ, ի՜մ երազանքը՝
Ռեհան ու թարխուն վայելել Ղարսում,
Գրոհե՛լ  այդ մինարեթ կոչված  սյունը,
Բարձրանալ  ու
Ո՜ղջ Ստամբուլով մեկ երգել
«Ով, սիրո՜ւն-սիրուն»-ը:

Ուր ուզո՞ւմ եք ինձ տարեք՝
Պեկի՜ն,
Մադրի՛դ,
Լո՜ս-Անջելես,
Լյովե՜ն տարեք,
…Ջակարտա…
Մե՜կ է կասեմ, ո՜ղջ աշխարհում
Կարմի՜ր-կապո՜ւյտ-ծիրանագո՜ւյն
Մի դրախտ կա՝
Հայաստան:

* * *
Հիմա՜ այս պահին
Հայի բախտի պես,
Կիսաչոր գինին
Ծածկված է հացով՝
Հացե գլխարկով-
Ի հիշատակ գնացա՜ծ,
Հողին պահ տված ջահել
Կյանքերի…
… Ու նաև հո՜ղը (չեմ ասում լքած)
Թողա՜ծ, հեռացա՜ծ
Ջահել այրերի…

Ասածս հի՜ն է՝
Նորություն չկա…
Մի պատմությո՜ւն է
Պա՜րզ ճշմարտության
Ու արյան կանչի…

Հո՜ղը,  թող թեթև լինի Ձեզ վրա՝

Այստեղ - շիրմաթումբը կանաչի,
Այնտեղ՝
Ձեր այգին…




ՏԱՐԵ՜ՐՔ



Թե պետք է գայիր տարերքի նմա՜ն,
Ու տարերքն այդ գազան իմ սի՜րտը լցվեր,
Ի՞նչու դու չեկար այն օրը-հեքիաթ,
Երբ  ո՛չ քամի կա՜ր
Ո՛չ  ձյո՜ւն, ոչ անձրև՜…
*
Երբ ոչի՛նչ չկա՛ -  դա՛ էլ է տարերք՝
Տարերք ոչնչի՜ կամ դատարկության,
Բայց շատ է նման  հեքիաթի մի խե՜նթ,
Որտեղ  ո՛չ  չար կա,  ո՛չ բարի էակ:
*
Հիմա ձմե՜ռ է ու սա՜ռը քամին
Հյուսո՜ւմ է ձմռան ծամերը սառած,
Սիրելի՜ս, շուտով գարո՜ւն կլինի-
Կի՜րքը սիրո հետ չխառնե՜նք  հանկարծ:
*
Չէ՞ որ տարե՜րք ենք հոգով ու մարմնով՝
Փոթորկվո՜ւմ ենք, հուզվո՜ւմ ամեն պահ,    
Միգուցե իրո՜ք ի՜նչ-որ հրաշքով
Մարգարիտ գտնենք իմ տողերի տակ:    
*
Մարգարիտը քե՜զ, իսկ ինձ թող մնա
Այն դատա՜րկ խեցին,
Որին բացել են  քո նուրբ  մատները,
Մե՜կ էլ օ՜րը այն, երբ  հանդիպեցինք
Ես ու դու,  քամի՜ն

Ձյո՜ւնն ու անձրև՜ը…

Ցավի լեզուն

Ասո՜ւմ են,  հե՜շտ է,
Շա՜տ հեշտ է սովորել ամե՜ն մի բանի՝
Դավաճանությա՜ն, կեղծիքի՜, դավի՜…
Բայց արդեն քանի՜ հազար դար է
Մարդն ունակ չեղավ
Սովորել ցավին…

Մարդուն վերից լա՜ց է տրվել՝
Արտասվելու հմտություն…

Լա՛ց եղիր մարդ,
Մա՜րդ արարած
Միայն դո՛ւ ես ի զորու
Սև գառների երթի նմա՜ն
Գիշերվա մեջ արցունքներդ թափելու-
Ցա՜վն արցունքով մեղմելու:

Ցավն ապրում է քո մեջ՝
Ուղղակի քնա՜ծ է կամ էլ մահացած,
Այդ դո՛ւ ես քո
Աղաչանքո՜վ,
Հառաչանքո՜վ,
Բողոքներո՜վ…
Փո՜րձ անում արթնացնե՜լ
Կամ հարություն տալ նրան:

Ու հետո երկա՜ր, երկա՜ր ժամանակ,
Կռացած նրա սնարի առաջ-
Փորձում քնեցե՜լ
Կամ խա՛չ բարձրացնել՝
Բազմակի անգամ կյա՜նք տալու համար:

Այդպես եղել է հավիտենաբար,
Այդպես կլինի՜
Քանի որ բնության մեջ
Ծառը դիմում է ծառի՜ն լեզվով տերևի,
Քարը քարին՝ լեզվով ցեմենտի,
Թռչունը թռչնին՝ լեզվով փետուրի
Գազանը գազանին՝ լեզվո՜վ բաժանման…
Ու միայն մա՜րդն է մարդու հետ խոսում
Լեզվով կործանման:

Ասո՜ւմ են հե՜շտ է,
Շա՜տ հեշտ է սովորել ամեն մի բանի՝
Մա՜րդ
Ե՞րբ կսովորես մարդու հետ խոսե՜լ

Իր լեզվով՝ ցավի՜…

пятница, 16 февраля 2018 г.

ԵԹԵ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ



Ինձ ոչի՜նչ պետք չէ գրել  հենց այնպես,
Երբ սիրտդ լո՜ւռ է, բայց լեզուդ կայտա՛ռ,
…Լեզվի կծածը երբե՜ք չի բուժվել,
Սրտի լռությունը պատի՜ժ է դաժան:

Եվ ո՛չ էլ պետք է խոստանալ իզուր,
Երբ որ ուզում ես գլո՜ւխդ ազատել,
… Անիմաստ տված ամե՜ն մի խոստում
Հի՜ն շորի նման կարող է կառչել:

Պե՜տք չէ բառերով հեռու տանել ինձ,
Ենթատեքստերով անել խեղդամա՛հ,
… Քո կողմից գրված ամե՜ն մի բառից-
Բացվում է մի նո՜ր փակված պատուհան:

…Ու ծաղիկնե՜ր են պատուհաններին,
…Ու ծաղիկների ամե՜ն մի թերթիկ՝ մի պատրա՜նք,

Ա՜յլ կերպ են բուրում նվիրված ծաղիկները,

Չնվիրվածնե՜րը՝ չե՛ն բուրում իսպառ: