Այգում միայն աղավնիներ են ու…երկամյա թոռնիկս՝ Աննան:
Վազում է, փորձում է
բռնել կարմիր թևերով ու կարմիր տոտիկներով աղավնուն – չի ստացվում:
Ինչու հենց նրան,
որովհետև տեսնում է, որ ամենագեղեցիկն է:
Բնական երևույթ
է ձգտել ամենագեղեցիկին,
ունենալ ամենագեղեցիկը,
գրկե՜լ, գուրգուրե՜լ,
սիրե՜լ ամենագեղեցիկին…բնական
է նաև որ ամենագեղեցիկը ամենաանհասանելին է – ինչպես և հասուն կյանքում:
Բայց այս
ամենը ընդամենը լիրիկա է…
Կանցնի մի
քանի տարի, կմեծանա թոռնիկս, կդառնա օրիորդ,
հիշողության մեջ ունենալով այն գեղեցիկ կարմիր թևերով ու կարմիր տոտիկներով
աղավնուն ու նրան անպայման կթվա, որ աշխարհի ամենագեղեցիկը հենց այն աղավնին էր,
որին չկարողացավ բռնե՜լ…ունենա՜լ:
- Պապի՛կ,
ամենագեղեցիկը աղավնի՞ն է:
- Ո՛չ:
- Կարա՞պը:
- Ո՛չ:
- Սիրամա՞րգը:
- Ո՛չ:
- Թութա՞կը:
- Ո՜չ:
- Ի՜…կատա՞կ
ես անում:
- Ո՜չ,
ամենագեղեցիկը Սպիտակ Ագռավն է:
Ես կտեսնեմ
նրա մի քիչ նեղացկո՜տ, փքված շուրթերը, արցունքոտվելու պատրաստ ու անվստահություն
արտահայտող աչքերը, կշտապեմ պատասխանել դեռ կյանք չմտած այդ անեմեղ արարարածին, որ
արտաքին գեղեցկությունը դա միայն ժամանակավոր խաբկանք է, որ կան ավելի գեղեցիկ
երևույթներ, որոնք կարող են փոխել մի ամբողջ կյանք…
- Ագռա՞վը:
- Ո՜չ, Սպիտակ
ագռավը:
- Ինչո՞ւ…
- Որովհետև
բացառությո՜ւն է, դու կտեսնես կարապների երամ, սիրամարգի ընտանիք, թութակների խումբ, աղավնիների՝ տարբեր
գունավորմամբ, բայց երբեք չես կարող տեսնել սպիտակ ագռավների երամ, ոչ ոք
աշխարհում նման բան չի տեսել: Հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնի իմաստը:
Ցանկությամբ սպիտակ ագռավ չեն լինում, դա կոչո՛ւմ է, դա տաղա՜նդ է, այդպես ծնվում են:
Հաճախ կյանքում
սև ագռավները թավալվում են ալյուրի կամ կավիճի մեջ, ներկվում են սպիտակ գույնով բայց
դրանից նրանք սպիտակ չեն դառնում:
Սպիտակ ագռավին
կարելի է սևացնել, բայց դրանից նա սև չի դառնա,
նա Սպիտակ է ու կմնա սպիտակ: Նա ամենահրաշալին է քանի որ նրան ամենադժվարն է հասնում,
նա Բացառություն է:
Նա ամենաերևացողն
է ամբողջ երամում ու հենց այդ պատճառով էլ դառնում է թիրախ բոլորի համար, ոչ ոք նրան
չի սիրում, և ցանկացած երամի մեջ որտեղ որ լինում է հենց այդպես էլ ասում են, երամ
որտեղ Ստիպակ ագռավն է:
- Որովհետև
բացառությո՞ւն է:
- Ո՜չ, որովհետև
ամենամեծ պատասխանատվության զգացումով է ու դա ինքը գիտի: Իրենով հիշում են ամբողջ
խմբին կամ երամին ու դա նա շատ լավ գիտակցում է:
Լինել
բացառություն բոլոր կանոններից - դա մեծ
զգացում է:
- Կյանքում
նման բաներ չե՞ն լինում, պապիկ:
- Կյանքո՞ւմ, միգուցե, չգիտեմ, կամ հազվադեպ է
լինում, բայց այ արվեստում առանց նրանց կյանք չկա…
- Լավ, Աննա
ջան, մի հատ սուրճ սարքիր ու ուշադիր նայիր թե ինչպես է մի գդալ սուրճը հասարակ
ջուրը դարձնում հոյակապ, բուրումնավետ խմիչք:
Կան նման
մարդիկ, որոնք ոչ մի դրության մեջ չեն փոխվում,
իրենք են փոխում դրությունը դարձնելով մի նոր հաճելի դրություն, կյանքը դարձնելով
հետաքրքիր:
Հիշիր Աննա
ջան, կյանքից չի հեռանում նա ով մահանում է, այլ նա՝ ով մոռացվում է:
- Պապիկ,
նայում եմ քեզ, քո սպիտակ մազերին, սպիտակ մորուքին, սպիտակ վերնաշապիկին ու
մտածում եմ, որ միգուցե դո՞ւ էլ ես Սպիտակ Ագռավ:
Ծիծաղում
եմ:
- Ո՜չ, ե՛ս
ոչ, այ օրինակ դիվան (բազմոց) հնարողը սպիտակ ագռավ է:
- Ինչո՞ւ:
- Հնարեց
բազմոց, վրան պառկեց ու էլ ոչինչ չհնարեց:
Ծիծաղում
ենք երկուսով:
Գրողի ծոցը
բոլոր ագռավները՝ սպիտա՜կ, սև՜, դարչնագո՜ւյն, կարմի՜ր, նարնջագո՜ւյն…
թոռնիկի հետ
միասին ծիծաղելը մի առանձին հաճույք է՝ վեր ամեն ինչից,
նույնիսկ
Սպիտակ Ագռավից…
Ս.Ումառ-Հարությունյան