вторник, 30 августа 2016 г.

Բա՛ռը


Բառը կարո՛ղ է սրտիդ հարվածել,
Քեզ իր մեջ Ճզմե՜լ, քամե՜լ մինչև վերջ,

Կարո՜ղ է սիրտդ ամպերին հպել,
Հոգիդ թաղանթով 
Անթեղել իր մեջ:

Կարող է Լուսնի արծաթափառը
Դարձնել մեռյա՜լ կամ էլ կենդանի,

Կարո՜ղ է հանգիստ փնովել մահը
Կամ փառաբանե՜լ
Ինչպես էակի:

Կարող է ինչպես մի խո՜լ ներշնչանք
Քեզ բուժե՜լ կա՛մ էլ հրել անկողին,

Բառը - պատեհ կամ անպատեհ հնչած,
Այնքա՜ն համակող,
Այնքա՜ն անձկալի:

Բառը կարող է անցյալ ու գալիք
Դարձնել ներկա հարուցյալ

Բա՛ռն ինչպես մի փոթորկո՛ղ ալիք…
Բա՛ռն ինչպես մի խոսո՜ղ ննջեցյալ…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 27 августа 2016 г.

Երբ խոսում են դիմակները


Հավաքիր մի տեղ օրերդ
Անցած,
Նայիր օրերիդ դեմքերին  
Բոլոր,
Կտեսնես,  թե որքա՜ն սպասումներ կան
Թաց,
Եվ որքա՜ն օրեր ծածկված  
Դիմակով…

Փորձի՜ր հիշել, թե որտե՞ղ ես
Տեսել,
Ի՞նչ դիմակներ են և ինչո՞ւ են
Թաց,
Ակունքն այդ վճիճ մի՛ փորձիր
Ջնջել,
Քո անցած կյա՛նքն է՝ քեզնից
Քողարկված…

Քո սե՜րն է քեզնից երեսը
Փակել,
Ամաչո՜ւմ է, որ ապրում է
Երկար,
Իսկ դու կարծես թե
Հուղակավորել,
Կամ ենթարկել ես դաժա՜ն
Փորձության…

Ու արթնացո՛ղ են հուշերը
Գերող…
Տունդարձի ճամփի նման
Անհամբե՜ր,
Իսկ դո՞ւ՝ մարդ Աստծո
Ամենակարող,
Փորձե՜ր ես անում անցյալդ
Ջնջել…

Փորձիր մե՛կ առ մեկ էջերդ 
Թերթե՛լ,
Ա՜խ, որքա՞ն ցավ կա՛, որքա՜ն կիրք ու
Դավ,
Ա՜խ, այս ի՞նչքան է սերդ
Դիմացել,
Կասկածանքներիդ ծանր բեռան
Տակ…

Քեզ շատ դժվա՛ր է թվում
Ծնվելը…
Իսկ սե՜րը, սպասո՜ւմը, կի՜րքը՝ - հասարակ մի
Բան,
Սակայն սխալվո՜ւմ ես,
Ծնվելը հե՛շտ է,
Դժվա՛րն ապրելն է դիմակների տակ…


Ստեփան  Ումառ-Հարությունյան

Մուսանե՜ր


* * *
Կույր գիշերների խենթացո՜ղ լեզվից
Ես արարեցի Ձեզ,
Իմ հա՜յ  Մուսաներ,
Իմ անստե՜ղ, անլա՜ր նվագարանից
Հյուսեցի բառե՜ր ու երգեր:

Երգերս անանուն չե՜ն եղել,
Բառերս էլ չե՛ն եղել անավարտ…
Որտե՞ղ եք հիմա
Իմ հայ Մուսաներ
Մութ Գիշերներս կարճելու համար:

Ցնորքներս փո՜շի են դարձել՝
Հաստ շերտով նստել ինչ-որ արխիվում,
Կույր-պատրանքներս խիտ ճյուղավորվել-
Ցրիվ են եկել
Օտար երկնքում…

* * *
Հայոց երկնքի աստղերն ուրի՜շ են՝
Միայն այստեղ են  մեր մեջ սերտաճում,
Այստեղի Սերը - մահից ուժեղ է,
Օտար երկինքը Մեզ չի՛ ճանաչում:

Այստե՛ղ են ներծծվում երազնե՜րը վառ-
Հողի՜,
Ջրի՜,
Քարերի մեջ խենթ,
Այստե՛ղ է ցոլքը դառնում ճառագայթ
Ու մահակռվում խավար ոտքի հետ:

Արտագաղթո՜ւմ եք սիրելի  Մուսաներ,
Փնտրո՜ւմ եք Երկինքներ անաղարտ,
Իսկ ես  բառեր եմ մոգոնում ոսկեղեն
Ձեզ հետ Մուսաներ խոսելու
համար…

Ձեր աչ՛քն ու շուրթը ո՞ւմ եք տանելու,
Ձեր սի՛րտն ու քո՜ւնքը,
Ձեր անցյալը թա՜նկ,
Օտարից նույնիսկ Լույս եք մուրալու,
Որը ստեղծված է բոլորի համար:

* * *
Եվ մի օր կգա՜, կգա՛ անպայման
Անցյալ քրքրող մի օտարական,
Ձեռագրերս կհանի փոշու ամպերից
Ու կվերծանի
Ինչպե՜ս կամենա…


Կասի. թրքուհու ոտքն եմ գովերգել,
Թաթարի՛, ռո՛ւսի շուրթերը պղերգ,
Քրդուհու կո՜ւրծքն եմ լեզվով շոշափել -
Քանզի հայ Մուսա չի՛ եղել երբեք:

Այդպես է օրենքն ամբողջ աշխարհի,
Երբ Մուսա չկա էլ ի՞նչ հայրենիք,
Երբ հո՜ղը,
Ջո՜ւրը,
Քա՜րը հայրենի
Սմքո՜ւմ դառնում են կարոտի կծիկ…

* * *
Արտագաղթո՜ւմ եք սիրելի  Մուսաներ,
Փնտրո՜ւմ եք երկինքներ անաղարտ,
Իսկ ես  բառեր եմ մոգոնում ոսկեղեն,
Ո՞ւմ հետ Մուսաներ խոսելու
համար…


Ս.Ումառ-Հարությունյան

Քո սիրո աշխարհը

Դու քո աշխարհն ունես Սիրո,
Գիտես զարտուղի  ճանապարհները նրա,
Իսկ աշխարհն այս բի՜րտ,
Անբարո՜,
Քեզ չի ընդունում որպես հարազատ…

Փո՛ս ես փորում, որ ծառ տնկես -
Իրականում դու երկրի արգանդն ես քչփորում,
Ի՞նչ դուրս կգա
Դեռ չգիտե՜ս
Չէ՞ որ հյուր ես այս կյանքում:

Հյո՜ւր ես,
Հյո՜ւր ես, մի՛ կասկածիր -
Քեզ հյուրի պես չես պահում…
Մեկ աստղին ես ձեռքդ գցում,
Մեկ լույս փնտրում  խավարում…

Մի սիրտ ունես, այն էլ հիվանդ,
(Չգիտես ե՞րբ կանգ կառնի)
Դու՛ռն ես փնտրում հավերժության
Մոռանալով՝
Տիեզերքում մի ստվեր ես մրջյունի…

Քեզ անծանո՜թ է երկրի կյանքը…
Եվ առանց Սեր՝
Երեկոն է անծանոթ…

Խաբվում ես բախտի նվերի
փաթեթավորմանը -
Նվերն առանց բացելու շպրտում մի կողմ:


Ս.Ումառ-Հարությունյան


понедельник, 22 августа 2016 г.

Ճշմարտությունը

* * *
Ճշմարտությունը
Էժա՜ն չի լինում…
Եվ ոչ էլ թա՛նկ ցորենի մեն մի հատիկից.
Ճշմարտությունը Մի՜շտ դա՜ռն է լինում
Կախված երկնքից…

Ճշմարտությունը
Ստի ոտքի պես մի՛շտ կարճ է լինում,
Աղոթք մրմնջող շուրթերի նման
Միշտ ցա՜ծր է լինում,
Մահախուճա՛պ է լինում
Փոթորկի նման,
Մահե՜րգ է լինում
Անթիվ կյանքերը կլանող
Բառերի նման…

Դեպի տուն կանչող շեփո՛ր է լինում,
Հնչե՜րգ է լինում
Նաև՝
ճանապարհ…
Ճշմարտությունը
Էժա՜ն չի լինում
Թույնով է լցված «խո՜ւլ» «հա՜մր»  ու «կո՜ւյր»
Անձերի համար…

Ճշմարտությունը -
Բառն իր տեղում չգրող պոետի համար
Դահճի կացնի պես լինո՛ւմ է Դաժան,

Ճշմարտությունը ներողամիտ է լինում
Անառակ որդու կամ
Դստեր համար:


Չէ՜…
Ճշմարտությունը
Չի՛ լինում Էժան…

Ս.Ումառ-Հարությունյան