четверг, 28 июля 2016 г.

Բառե՜ր, բառե՜ր…



Երբ երգ ես դառնում շուրթերին կարոտ
Եվ այրում են քեզ աչքերն անծանոթ -
Նշանակում է՝ հիշողությունդ ինչ-որ տեղ հասել
Ու կանգ է առել:

Երբ խենթանում ես ուրիշի համար ստեղծված
Կյանք-ժապավենի արագությունից -
Նշանակում է՝ որ սիրտդ քաջ չէ մտքերիդ նման
Թեև անցել է մաքառման ուղի:

Երբ որ արցունքի կաթիլ ես դառնում՝
Հայելանում  ես  հոգում ուրիշի -
Նշանակում է՝ քո միջով խենթերն են անցնում
Ու ավերում են ամե՜ն,
Ամե՜ն ինչ:

… Ու ե՜րգ ես դառնում շուրթերին կարոտ,
Ու այրո՜ւմ են քեզ անծանոթ աչքեր,
Ու հիշողությունդ է ինչ-որ տեղ այրող
Անթեղված կրա՜կ ու
Բառե՜ր, բառե՜ր…

… Բառերն ո՞ւմ են պետք,
Երբ սի՜րտն է դատարկ,
Երբ արձանանում են կարոտ շուրթերը,
Երբ կաղնու ճյուղի նման  վեր ձգված
Հոգին շոյում է օտար ամպերը…

Ս.Ումառ-Հարությունյան



понедельник, 25 июля 2016 г.

Ահռելի մի Սպասում…


Դու ստիպեցիր ինձ ապրել
Առասպելի մեջ  դաժան,

Սովորեցրեցիր սպասե՜լ,
Կարոտե՜լ ու դիմանալ:

*
Անիծելով մե՛կ անգամ-
Շա՜տ անգամ են աղոթում,

Մե՛կ անգամ են գրում պատգամ-
Շա՜տ անգամներ կրկնում:

Մե՛կ անգամ են ներում հայցում՝
Տանջվելով շատ տարիներ,

Մե՛կ անգամ է բախտը ժպտում -
Լացեցնում բյուր անգամներ:

Մե՛կ անգամ է ցավն հարվածում-
Բազում անգամ գցում ցած,

Մե՛կ անգամ է աստղդ փայլում
…հետո խամրո՜ւմ նեղացած:

Մե՛կ անգամ են գալիս աշխարհ,
Մե՛կ անգամ են հեռանում,

Մե՛կ անգամ են սիրում միայն -
Շա՜տ անգամներ կարոտում:

Մի «կարոտ» է այս աշխարհը,
Մի առասպել Հույսերով,

Երբ որ անցած ամբողջ կյանքդ
Անց ես կացնում սպասելով…

*
Ավարտվում Առասպելը,
Երբ որ արդեն չես լինում

Ի՞նչ է ստացվում,

Որ ապրելը Դիմանա՜լն է
Կարոտե՜լը և
Ահռելի մի Սպասում…


Ս.Ումառ-Հարությունյան
23.07.16  Երևան

суббота, 23 июля 2016 г.

Դիմագծեր



Կյանքի և մահվան սահմանագծին
Մի պահ կա՝
Անժամանակ  մի ժամանակ, երբ
Դիմագծեր են հայտնվում դեմքիդ՝
Վախի՜,
Զարմանքի՜ ու
Սպասման…

Օրորվում է օրը ոտքիդ տակ,
Անցյալը գալիքի կոկորդն է սեղմում
Ու տարուբերվում է մի հին հարցական՝
«Աստծո կամո՞ք է արդյոք կատարվում…»

Լափո՛ւմ է մտքերդ մի անկուշտ կասկած,
Թե ուրիշ աշխարհ գույությո՞ւն ունի
Ու նորից ճոճվում է մի հին հարցական
«Այնտեղ մեկը կա՞, որ ինձ ընդունի…»

Քեզ պատասխան են տալիս դիմագծերդ
Վախի՜,
Զարմանքի՜ ու
Սպասման
Կյանքի և մահվան սահմանագծին -
Ի՛նքդ ես դառնում մի կոր հարցական:

Դու ձե՜ռք ես առնում-
Քեզ մեկնո՞ւմ են ձեռք,

Դու արհամարո՜ւմ ես-
Քեզ սիրո՞ւմ են շատ,

Քեզ դասո՜ւմ ես վեր-
Քեզ վա՞ր չեն բերում,

Ինչ որ տեսնո՜ւմ ես-
Չի՞ խաբում քեզ դա…

- Ամեն ինչ սո՜ւտ է և ունայն…
Այսպես են քեզ պատասխան տալիս
Դիմագծերդ՝
Վախի՜,
Զարմանքի՜ ու
Սպասման…

Ս.Ումառ-Հարությունյան
20.07.16 Երևան


среда, 20 июля 2016 г.

Մարդիկ-կորուսյալ…



1.

Մենք քո զավակներն ենք, կյա՜նք

Ամենազգայո՜ւնը արարածներից,

Ու չենք հասկանում մենք կա՞նք, թե՞  չկանք,

Անդա՞րձ ենք զրկվել մեր կորուստներից…

*
Մեզ  մ՛եկ անգամ ես  ստեղծել, կյա՜նք,

Մ՛եկ անգամ ես թողնում, որ քեզ վայելենք,

Մենք չգիտենք, երբ կյանքից հեռանանք -

Մեզ դիմավորող  կունենա՞նք ընկեր…

*
Խավարն ինչո՞ւ ես ստեղծել մեզ համար,

Մենք լույս աչքերի կարո՜տ ենք մնում,

Ապրո՛ւմ ենք ու դեռ համը քո չառած

Անհետ կորչում ենք պատերազմներում:

*
Ո՞վ պետք է ձգի սանձերը քո,  կյա՜նք,

Ե՞րբ պետք է դուրս գաս գրկից  ցասումի,

Որ հանգիստ խղճով քեզնից հեռանանք

Ու հանգիստ մարմնով հանձնվենք հողին…


2.

Քեզնից վայրենի ի՞նչ կա աշխարհում,

Կի՛րքն ու ցավե՜րը խառնել ես իրար,

Անցնում ես կողքից, մեզ չե՜ս նկատում,

Կյա՜նք, իրոք կյա՞նք ես, թե՞ մի ուրվական…

*
Քո խաչի գի՜նն է հիմա  բարձրացել,

Գողգոթան դարձրել անհաս մի բարձունք,

Հանուն ինչի՞ ես Մարդուց նեղացել,

Մարդուն դարձրել անսի՜րտ, անարցունք:

*
Քո դաժան շո՛ւնչն  է մեր մեջ տրոփում,

Մենք մահվան մասին ոչի՜նչ չգիտենք,

Մենք կո՜ւյր ենք՝ ինչպես պտուղն արգանդում-

Այլ կյանքի մասին գաղափար չունենք:

*
Երբ մենք չե՛նք լինի, դո՛ւ էլ չես լինի,

Մենք հյո՞ւր ենք կյանքում, դու էլ հյո՛ւր ես մեզ,

Հյուրընկալվողի նման քեզ պահիր-

Այլ ո՛չ թե Տիրոջ, որ հարի՛ր չէ քեզ:


3.

Կյա՜նք, փշրանքներով ապրել չե՛նք ուզում,

Ո՛չ էլ երազի հիմար մեկնությամբ,

Ժամանակնե՛րն ենք աչքերով չափում

Ու քայլ  ենք անում անհայտ ուղղությամբ:

*
Հետաքրքիր է թե մեզ  որտեղի՞ց

Պեղեցի՜ր, գտա՜ր, բերեցիր աշխարհ,

Հիմա քո բացված լկտի բերա՛նից -

Մի բան է լսվում, - մարդի՛կ-կորուսյալ…

*
Եվ ո՞ւր են կորչում խոհերը անհետ,

Դատարկությո՛ւնն է  դառնում կատարյալ,

Հույզե՜րը, մտքե՜րը իրար հետ մեկեն

Մեռնո՜ւմ  են շուրթի  եզրին անաղարտ…

*
Խռովյալ հոգու ճամփաներով խո՜լ

Անհետանո՜ւմ են  կույր սլացքները,

Դառնում ենք քամի՜, դառնո՛ւմ ենք անգո՜,

Թափառական են դառնում երազները…

*
Գլուխներս սեղմած ափերի մեջ չո՜ր,

Վազո՜ւմ ենք, փախչո՛ւմ և չգիտենք ուր…

Ոտնահետքերի օրերն հանցագործ

Մեր մահարձանն են գալիքի կերտում:

4.

… Ու ճնճղուկների ծերտի շերտի տակ,

… Մեր  քարե կյանքն է օրորվում քամո՜ւց,

…. Ու անձրևո՜ւմ է կյանքը չխոսկան,

Որ խորխի նման

Մեզ  թքե՛լ է դուրս…



Ս.Ումառ-Հարությունյան


суббота, 16 июля 2016 г.

ՀԱՅԱՍՏԱՆ



Առանց քեզ չկա՜մ,
Գոյությո՜ւն չունեմ,
Այսինքն կա՜մ, բայց չե՛մ կարող ապրել…

Հետաքրքիր է
Թե ինչո՞ւ ես ինձ փետուրի նման
Քամու ահավոր ձեռքերին հանձնել…

Հարազա՛տ չեն ինձ ափերը օտար,
Ես ի՛մն եմ ուզում,
Սարե՜ր ու քարեր,

Ոչ թե օտարի հողի ջերմությունը,
Որն անկարող է սի՛րտս տաքացնել…

Օտա՜ր են այստեղ կանանց աչքերը,
Եվ «Բարի լույսեր»-ը անծանոթ մարդկանց,

…Աչքիս առջև են հայուհու կոպերը,
Որոնք փակվում են ամոթխածությամբ…

Հայուհու աչքին անփույթ տատանվող
Մե՛կ մազափունջը
Սո՜ւրբ է ինձ համար,

Այստե՜ղ, այս օտար աշխարհի շունչը
Հոգեվարքի պես տխո՜ւր է, դաժա՜ն…

Ես իմ հայկական Լուսի՛նն եմ ուզում,
Աստղե՛րն եմ ուզում ցնորված երկնի,

Ես մի հասարակ «Բարև՜» եմ ուզում՝
Այլ ոչ օտարի
«Bonjour,  mon ami»-ին

Այստեղի լույսը ուրի՛շ է, խավա՜ր,
Իմ ապրած կյանքն էլ ուրիշ է արդեն,

Ես, արդեն ե՛ս չեմ,
Ե՛ս չեմ, Հավատա՝
Տարաբախտ որդիդ խելագար ու խենթ…

Առանց քեզ չկա՜մ,
չե՛մ կարող ապրել…
… Դու ինչո՞ւ ես ինձ փետուրի նման
Քամու ահավոր ձեռքերին հանձնել…

Ս.Ումառ-Հարությունյան