суббота, 19 марта 2016 г.

Աչքը…



Թա՜ց է,
Բայց օձի խայթոցի նման
Կարող է այրե՜լ,
Կարող է ժպտա՜լ,  արտասվե՜լ,
Կարող է ուշաթափ հիշողությանը
Ոտքի՛ կանգնեցնել,
Կարող է խանդե՜լ,
Կարող է քանդե՛լ,
Կարող է սաստե՛լ,
Կարող է իր մեջ ձևե՜լ ու չափել…

Չի՛ լինում անգույն -
Սև՜,  կանա՜չ,  կապո՜ւյտ…
Ո՛չ կրոն ունի, ո՛չ էլ ազգություն,
Ունի իր գիրկն առնելու
Մի սովորություն -
Երբ քեզ գրկում է,
Էլ բաց չի՛ թողնում:

Մայրական սրտի նման ունի ջերմություն,
Նախանձի նման ունի սառնություն,
Ոչ տա՛ռ ունի,
Ո՛չ էլ բառ,
Ո՛չ սեռ ունի,
Ո՛չ հոլով,
Բայց կարողանում է հանգիստ զրուցել
Քեզ հետ՝ քո լեզվով:

Մե՛կ ցնծո՛ւմ է մանկան նման,
Մե՛կ արտասվում կնոջ պես,
Մե՛կ էլ փակված կոպերի տակ
Հեռուներն է տանում քեզ …

Մութ չի՛ սիրում
Սրտում Լույս է՝
Պա՜րզ, թափանցիկ հատակով
…Հին հուշերից մեկ ամպում է
Մե՛կ էլ փայլում ժպտալով…

Եվ ինչպիսի՜ բերկրանքներ է հաճախ բերում
Թե փա՜կ, թե բաց վիճակում,
Ասես Աստծո հետ ես խոսում
Կամ էլ անխոս աղոթում:                        

Ասես քո մեջ բնակվում է
Լո՜ւռ  ու խոնարհ մի էակ,                 
Կոպերի տակ թաքցնելով
Մի ողջ աշխարհ բովանդակ:

Ս.Ումառ-Հարությունյան

17.03.16   Երևան   

воскресенье, 6 марта 2016 г.

Գարուն



Մի ձմե՜ռ էլ անցավ,
Ծնվեց մի նո՜ր գարուն,
Սիրտս էլի անհանգիստ
Տրոփո՜ւմ է տեղում:

Ու այնքա՜ն է աշխույժ,
Որ թվում է արագ
Իր մենակ լինելուց
Կմնա միայնակ…
Չի՛ որոնի քեզ,
Չի՛ քնի հանգիստ,
Չափման միավորը
Հոգո՜ցը կլինի:

Սրտիս հետ տրտում
Ես «Դուք»- ով եմ խոսում,
Գիտեմ, որ մի տեղ թաքուն
Քեզ իր մեջ է պահում:

Թպրտո՛ւմ է, չի՛ պարում
(Առանց սեր ի՞նչ պար)
Ծովափնյա ավազի նման
Չգիտի թե ալիքը իր մոտ
Ինչքան կմնա…

Թող հուզվի՜, փոթորկվի՜,
Չմնա՛ կծկված,
Ի՞նչ իմանաս, ի՞նչ կբերի
Գարունը սպասված:

…Մի ձմե՜ռ էլ մեռավ
Ծնվեց մի նոր գարուն,
Ձյունը անձրև՜ դարձավ,
Սի՜րտս…
Տրոփո՜ւմ է տեղում…


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 2 марта 2016 г.

Դու կարո՛ղ ես խեղդել ճի՛չը...


* * *
Դու կարո՛ղ ես խեղդել ճի՛չը
Կրքից քրտնած ափերում,
Երբ սպասումից հանկարծ վի՛շտը
Բռնկվո՜ւմ է, հրդեհվո՜ւմ:

Դու կարո՛ղ ես այդպես մեռնել
Աչքերի մեջ մի կնոջ,
Որին երկա՜ր ես սպասել
Սփոփանքի մուտքի մոտ…

Ու Սպասումդ  դառը համով
Երազի պես երկնային,
Մինորային ակորդներով
Կհեծեծա դառնագին:               

Կրծքից Նրա, կսահի վար,
Ուր հոգո՜ցն է ծին առնում,
Կանհետանա վայրկենաբար
Գիշերվա մութ երախում:

Շողի վրա շո՜ղ կծնի,
Առագաստն արյունամած,
Աչքերումդ պա՛ր կպարի
Կի՛րքը – Սպասմանը գրկած…

… Դու կարող ես այդպես մեռնել
Աչքերի մեջ մի կնոջ,
Որը քեզնից քունդ է խլել
Ու երազներդ բոլոր…

Ս.Ումառ-Հարությունյան




воскресенье, 28 февраля 2016 г.

Հոգնել ես, գիտե՜մ...

Հոգնել ես, գիտե՜մ,
Ինձնի՛ց ես հոգնել…

Մնացել է ահելությունս հարգելու
Քաղաքավարությունդ,
Մոռացել ես կամ
Գուցե չգիտե՞ս,
Որ տարիների հետ հասունանում է
և Սերը և Խանդը…

Մարդը դառնում է լռակյաց,
Ինքն իր մեջ բորբոքվո՜ւմ, կռվո՜ւմ,
Ինչպես սարերից իջնող հորդանքը
Որը չգիտի թե ո՞ւր է գնում –
Այգի՞ կջրի
Թե՞ տուն կքանդի,
Ուրախությո՞ւն թե՞ ցավ կբերի,
Իր ճանապարհին ծառե՞ր կկոտրի՝
Հույսի՜, հավատի՜…

Մարմնի բույրից դեռ չկշտացած
Ահելությունը՝ այդ բոբոքվող քուրան
Ցավից տոչորվող,
Անկուշտ ձեռքերով
Վիժող լավայի ձեռքերով կոփված,
Կիտրոնի համով ու հոտով օծված
Դեռ ինչե՜ր կարող է անել,
Ավերե՜լ,
Ստեղծել-արարել
Դու ի՞նչ իմանաս…

Մարդն ահելությունը անկում է կարծում-
Մանկական զավեշտ կամ
Պատանու կատակ,
Ու մոռանում է, որ
Թե ունեցել է սիրո ժամանակ
Չի կարող ոչի՜նչ,
Ոչի՜նչ մոռանալ…
Կոտրած ծառերը այրելով իր մեջ
Ինքն այրվում է իր ներքին կրակից…

Իսկ դու՞…
Հոգնե՜լ ես, գիտե՜մ
Հոգնե՜լ ես ինձնից …

Ս.Ումառ-Հարությունյան

28.02.16  Երևան

понедельник, 15 февраля 2016 г.

Դու ի՛մն ես,

* * *
Դու ի՛մն ես,
Գիտե՜մ, այլ վարկած չկա,
Բայց իմն ես միայն իմ տողերում,
Ու ամեն անգամ անունդ տալիս -
Ոչ թե շուրթերս՝ այլ
Սիրտս է դողում:

Իմ աշխարհն ա՜յլ է,
Չափվում է քեզնով՝
Վանկերո՜վ,
Հանգերո՜վ,
Տողերո՜վ…
Ու ամեն անգամ քո էջն եմ բացում -
Դողացող մատներով:

Դու ի՛մն ես,
Գիտե՜մ, այլ վարկած չկա,
Բայց իմն ես միայն իմ տողերում,-
Իսկ ես սիրելիս, հեքիաթասաց եմ
Միայն հեքիաթներ եմ գրում:


Ս.Ումառ-Հարությունյան