понедельник, 15 февраля 2016 г.

Դու ի՛մն ես,

* * *
Դու ի՛մն ես,
Գիտե՜մ, այլ վարկած չկա,
Բայց իմն ես միայն իմ տողերում,
Ու ամեն անգամ անունդ տալիս -
Ոչ թե շուրթերս՝ այլ
Սիրտս է դողում:

Իմ աշխարհն ա՜յլ է,
Չափվում է քեզնով՝
Վանկերո՜վ,
Հանգերո՜վ,
Տողերո՜վ…
Ու ամեն անգամ քո էջն եմ բացում -
Դողացող մատներով:

Դու ի՛մն ես,
Գիտե՜մ, այլ վարկած չկա,
Բայց իմն ես միայն իմ տողերում,-
Իսկ ես սիրելիս, հեքիաթասաց եմ
Միայն հեքիաթներ եմ գրում:


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 13 февраля 2016 г.

Ցավը…


Ցավը…

Երբ ցավդ կիսո՜ւմ է ընկերդ -
Թվում է թե ցավը կիսվե՜ց,
Փոքրացա՜վ,
Բայց իրականում կրկնապատկվում է՝
Դառնո՛ւմ երկու ցավ…

Հետո՜
Սեփական ցա՛վդ ընկերոջդ մեջ
Կիսում ես դու -
Եռապատկո՞ւմ ես ցավը,
Թե՞ քառապատկում՝
Հաշվել չի լինում:

Ցա՛վն ազգ չունի,
Չունի՛ հայրենիք,
Ոչ աթեի՛ստ է, ո՛չ հավատացյալ,
Արքայական թագի նման
Հարմարվում է ցանկացած էակի…
(Այդ ո՞ր արքան է երբևէ բողոքել,
թե թագը փոքր է կամ մեծ իր գլխին)

Սրբապատկեր ունենաս գրպանում,
Թե բանկում հաշիվդ լինի հինգ-վեց զրոյով,
Թիկունքիդ դաշույնով հարվածող մարդու
Աչքերի նման անպատկառ
Ցա՛վն իր գործն է անում քո ներսում:

Ամենաուժեղ ցավը ժպիտով լինելն է,
Երբ սրտիդ թփթփոցը լսում ես
կրունկերիդ տակ,

Ամենասարսափելին՝
Ընկերոջ հեռախոսի համար ջնջելն է,
Այն պատճառով, որ նա այս կյանքում
այլևս չկա…

Ցավ ունեցողները
Մեկուսանո՜ւմ են,
Դա՜ռը ժպիտով
Դառնում լռակյաց,

Հետքրքի՜ր է -

Մարդուն որտեղի՞ց այդքան ուժ,
Որ ցավը կրծքում
Ժպտում է դարձյալ…

Ս.Ումառ-Հարությունյան

13.02.16   Երևան

вторник, 9 февраля 2016 г.

Այն երգը ե՛րգ չէ...


Այն երգը ե՛րգ չէ ուր քամին
Փոշի ու աղբ է բարձրացնում,
Երգը - հայացքն է այն կնոջ,
Որն արտասվում է խավարում…

Այն սիրտը սի՛րտ չէ,
Որ չունի սե՜ր, խղճմտանք,
Այդ սրտերին կյանքը միշտ էլ
Բերում է ցավ ու փորձանք …

Այն աչքը ա՛չք չէ,
Որ չունի լուսաբացի զգացում…
Անբանալի մի փական է
Իր  կոպերին  համարում…

Այն ձեռքը ձե՛ռք չէ որ ունի,
Բայց փակ բռուցք է գրպանում,
Ունեցողը չունեցողին
Երբեք ընկեր չի ընտրում:

Այն շուրթը շո՛ւրթ չէ, որը միշտ
Օտար լեզվով է աղոթում,
Ողորմություն մուրացողի
Տպավորություն է թողնում…

«Ողորմություն» բառի համար
Դու ինձ ներիր ընթերցող
Քեզնից հայցում եմ ներում,

Ողորմություն ամեն խնդրող
Ողորմելի չի լինում…

Ս.Ումառ-Հարությունյան

10.02.16

воскресенье, 7 февраля 2016 г.

Մայրամուտ


Սիրո Աստվածը երևի սկզբից
Ստեղծել է Գարո՜ւն
Հետո՛ մայրամուտ՝
Հորիզոնի վրա քայլող օրո՜ր-շորոր կին-
Վարսերում ոսկի,
Արև շուրթերին,
Ու կրծքում ծիծաղ…
Հետո նոր ստեղծել է աչքերս՝
Հուզումներով տաք,
Որ նրան այդպես նայելիս
Չեն հանգստանում
Երկա՜ր ժամանակ:

Սիրո Աստվածը
Ձմե՛ռ չի ստեղծել,
Ամա՛ռ չի ստեղծել,
Չի՛ ստեղծել աշուն –
Սիրո Աստվածը սրտիս
Լեզո՛ւ չի ստեղծել -
Հոգս ու ցավ ծնող...

Մայրամո՜ւտ է ստեղծել,
Որ կարծես քամու անզգույշ
Կոտրած ճյուղի ձայնից
Հեռանում է
Ինձնից,
… Ու աչքերս են վազում
Ծնրադրելու նրան,
…Ու աչքերիս ցողն է կաթում
Նրա՝ Մայրամուտի վրա:

… Գարո՜ւն է ստեղծել,
Հետո մայրամո՜ւտ՝
Հորիզոնի վրա քայլող օրո՜ր-շորոր կին՝
Արևը կրծքում,
Ծիծաղը շուրթին…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 4 февраля 2016 г.

ՃԱԿԱՏԱԳԻՐ



Ճակատագի´ր  իմ,
Քե´զ ապավինե՜լ՝
Հավատացել եմ գոյությանը քո,
Բայց կարոտներս արդեն ծերացել,
Ու ծնկել են քո ճանկերի ներքո:

* * *
Մաքո՜ւր,
Չգրված թղթերս վկա՛,
Երդվո՛ւմ եմ, որ էլ չեմ գրի,
Եթե ճակատագիրս մեկ վայրկյանով գա՝
Թղթերս վերցնի որպես սևագիր:

Օրերը  կյանքիս սևագիր անի -
Ցո՛ւյց տա ինձ, կարդա՜մ,
Սրբագրե՜մ
Տե՛րը ես դառնամ իմ ճակատագրի -
Ինչպես ուզո՛ւմ եմ, ինչպես որ ճի՛շտ է՝
Այնպես էլ ապրեմ…

Սաղարթներին տրվող քամու
Ձայնը սարքեմ մեղեդի,
Որ կյանք առնեն ողջ աշխարհում
Շիրիմները
Անպատասխան սերերի…

Որ չլինեն աշնան նման
Օրերը կարճ ու սադրիչ,
Լուռ ու խաղաղ պատվար դառնա   
Ժամանակը`
Բռնազավթող ամեն ինչ…

Որ չլինեն կեղծ մուսաներ
Պոետներին այցելող,
Պոետներն էլ չզբաղվեն
Տարեգրությամբ ստույգ ու չոր…

Որ հնձանից Ճակատագրի
Չքամելով ոչ մի կում,
Դատարկաձեռն  չհեռանան
Տարիները լավագույն:

Ճակատագիր
Հիմա չունեմ այն հարվածը քո մոլի,
Որ կործանել կարողանամ
Օրենքները,
Ավանդույթներն աշխարհի…

Սակայն գիտե՜մ,
Որ դու ստո՛ր ես ճակատագիր,
Թշվառության նման սև ու ավերիչ,
Դու Կայենի աչքերի պես խույս ես տալիս
Արդարության հայացքից:

Ճակատագի´ր  իմ,
Բա´խտ իմ դիվահար,
Քո  ճանապարհը վերջ ունի՞ արդյոք,
Սկիզբը ես գիտեմ՝
Ցա´վ  էր ինձ համար,
Ու երկա՜ր, երկա՜ր կսկիծ էր՝ մորմոք:

* * *
Ճակատագի´ր  իմ,
Ես քեզ ստրուկ չե՛մ եղել
(Եվ երբեք էլ չե՛մ լինի)
Խոստովանե՜մ, -  վախենո՜ւմ եմ,
Որ Աբելի նման ազնիվ
Մի օր զոհդ կլինեմ…

Ս.Ումառ-Հարությունյան
04.02.16 Երևան