четверг, 8 октября 2015 г.

Բարև ճանապա՜րհ, բարև՜



Ասո՜ւմ են
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»
Եվ ո՞ւմ է հարկավոր նման ճանապարհը,
Երբ սիրտդ չի՛ թպրտալու կյանքի ճանապարհի
խորդուբորդ լինելուց,
Երբ անվերջանալի թվացող ճանապարհն իր հարթ լինելուց
Կփակի՜ աչքերդ,
որոնց առաջ անըդհատ միապաղաղ կտատանվի
Հորիզոնի ուղիղ գիծը…

Ճանապարհները պե՛տք է լինեն ոլորաններով,
Դա՛ր ու փոսերով՝
Լի անակընկալներով
ու հաճելի արկածներով…
ամեն մի ոլորանի ետևում պետք է գտնես
աչքերի նո՛ր արտահայտություն,
ձեռքերի նո՛ր շարժում,
ոտքերի ա՜յլ օրորում,
խոսքերի նո՜ր ջերմություն…

… ամեն մի դա՛ր ու փոսից հետո
սիրտդ պե՛տք է ելնի - դուրս գա բերանովդ
կամ
ընկնի՜ ու սոված կատվի ձագի նման մլավելով
ոտքերիդ փաթաթվի …

Ճանապարհը պետք է մարմինդ
մի նո՛ր ձևով,
մի նո՛ր ուժով կոտրատի՝
քեզ տալով մի նո՛ր մարմնական ցանկություն,
մի նո՜ր հոգեկան ցնցում…

Պետք է համոզվես,
որ ճանապարհը-ճանապարհ չէ առանց քեզ՝
տգե՛ղ է և անիրատես,
վստահ լինես, որ քո ճանապարհին
չես լքում ոչ մեկին…
ճանապարհը քո՛ սլացքն է,
քո՛ գնացքն է,
քո՛ կյանքը, որին
դու՝ ճանապարհիդ միակ ուղևորը
տալիս ես  քո վերջի՜ն մի պտղունց
քնքշանքը…

Հարթ ճանապարհը լինում է վերջի՜նը,
երբ քեզ հրաժեշտ տալու համար եկած ցանկացած մարդ
իր լուման է ներդնում, որ դու առանց ցնցումների անցնես ու
հասնես քո վերջի՜ն…վերջին կանգառին…
երևի հենց այստեղ է պետք ասել.
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 1 октября 2015 г.

Իմ ամենաերկար պատմությունը



Իմ ամենաերկար պատմությունը -
Լռությունն է,
որը դանդաղ թերթում է էջերն օրերի,
Դանդաղ հպվելով արագ անցնում  է,
հասնում
կորցրած օրերի մացառուտներում թաքցրած
մի երգեհոնի…

Մի երգեհոնի,
որի մեղեդին ո՛չ ինձ համար է,
ո՛չ էլ լսողի…
Արևից հյուսված տառերով,
անձրևի դրված շեշտերով,
խենթացած բառերի գրկախառնումով -
Դա մեղեդի է անցած օրերի…

Դա պատմություն է
լռության մասին՝
տառերի,
բառերի,
անդեմ մի ունայնությո՜ւն…

Դա լռությո՜ւնն է՝
մի երկա՜ր պատմություն…

Ս.Ումառ-Հարությունյան


среда, 30 сентября 2015 г.

Սիրահարված պահիր ինձ ...

Սիրահարված պահիր ինձ ամեն օր ու ժամ,
ինձ օրորիր քնե՜մ -
ճերմակ կուրծքդ գրկած:
Տա՛ր ինձ ո՜ւր ուզում ես - քո աչքերում պահած,
ես քո աչքերում
պարեմ խենթացած:
Որքան սիրտդ կուզի - քմծիծաղիր այնքան,
արցունքներդ լինեն
կարոտների պես տաք:
Ընկի՛ր ճանապարհ դեպի մեր այգին…
… Աչուկները չռած ծաղկած բալենին
սպասում է ինձ ու քեզ,
ես քո՛ մեջ
դու՝ իմ…
Ս.Ումառ-Հարությունյան

Կապույտ երեկո

Այսօր երեկոն կապո՜ւյտ է հագել,
Գուցե յասամանն է լուծվել երկնքում,
Ո՜վ մարդ արարած, կարո՞ղ ես գտնել
Կապույտ երազդ
կապույտի գրկում:

Մի՞գուցե բնությունը խառնել է
Գույներն ու հույզերը իրար,
Միգուցե մանկացե՞լ է ու խաղում է
Խաղերն իր դաժա՜ն ու հիմար…

Փնտրի՛ր կապույտում քո կապույտ վարդը,
Կապույտ շուրթերին կապույտ մի ժպիտ,
Չէ՞ որ բնությունն էլ ինչպես մարդը
Հաճախ է խառնում կապույտը սևին:

Այսօր երեկոն կապո՜ւյտ է հագել,
Միգուցե վաղը լինի սպիտակով,
Միգուցե վաղը կարող ես գտնել
Կապույտ երազդ
սպիտակ թերթերով…


Ս.Ումառ-Հարությունյան

Ոտքերի ձայնը


Ամենախոսուն հատվածը
Ոտքերն են մարդու՝
Դեպի քեզ եկող ոտքերը,
Որոնք երբ լռո՛ւմ են
Ասես սի՛րտդ է պայթում,
Հոգիդ փոթորկվո՜ւմ,
Աչքերդ քո՛ւնն են կորցնում,
Լեզուդ էլ կծկվո՜ւմ,
Ատամներիդ տակ կծիկ է դառնում:

Ասո՜ւմ են,
Երբ լսում ես դեպի քեզ եկող ոտնաձայները՝
Կրկնապատկվում են սրտի զարկերը,
Ո՜չ,
Ավելանում են եռակի՛, քառակի՛ անգամ,

Լուռ ոտքը մա՛հ է կամ անտարբերությո՛ւն,
Մա՜հ-անտարբերությո՜ւն…
Ո՞վ կդիմանա:

Երբ ոտքը լռո՜ւմ է,
Սիրտը չի՛ լռում
Կանչո՜ւմ է, սպասում անդադար:
… Խոսի՛ր ինձ հետ ոտքերի լեզվով -
Ես կհասկանամ:

Չափից ավելի բաբախող սրտեր
Չե՛ն եղել, չկա՜ն,
Դա սրտի ձա՛յնն է ոտքերի ձայնին գումարվում,
Ու նմանվում  է սիրտն այդ ժամանակ
Քառատրոփ վազող անսանձ  մի ձիու,
Որ  Հեռանում է
Ու Կանգ է առնում
Հեռո՜ւ մի տեղում…

…Եվ ստացվում է,
 Որ ամենախոսուն հատվածը ոտքերն են մարդու՝
Դեպի քեզ եկող ոտքերի ձայնը,
Որը երբ չկա
Սի՛րտդ է պայթում…



Ս.Ումառ-Հարությունյան