суббота, 15 августа 2015 г.

Սովորական տղամարդ

      
 Ինչպե՞ս է ստացվում, երբ աչքերդ բացում ես, անպայման ցանկանում ես տեսնել լույսը բացվե՞լ է թե՞ ոչ:
Դա վաղո՜ւց էր, արդեն կլինի երեք տարի:
Հիմա սովորությունն այլ է, բացում է աչքերն ու ցանկանում տեսնել կողքը պառկած, քնած իր տղամարդուն, նոր միայն աչքը գցում պատուհանին՝ վստահ, որ լույսը բացվելու վրա է:
         Աչքերը բացեց, չնայեց տղամարդու կողմը, զգացել էր, որ կա, բայց լավ հիշում էր, որ աչքերը փակելիս դեռ չէր եկել:
Վեր կացավ անկողնուց ու գնաց դեպի պատշգամբ, գիտեր որ այդ ժամին փողոցում մարդ չի լինում ու իր     կիսամերկ լինելը հետաքրքիր է միայն դանդաղ բացվող լուսաբացին:
Մատները տարավ շուրթերին ինչ-որ բան շշնջաց ընկերոջը՝ նոր ոտքի կանգնող արեգակին ու վերադարձավ սենյակ:
Հատակից բարձրացրեց վերնաշապիկը, հոտ քաշեց, զգաց թարմ խնձորի բուրմունք.
«Ինձ չէր հետաքրքրի այս հոտը, ես յասամանն եմ նախընտրում» - մտածեց, դառը ժպտաց ու տարավ լվացքի մեքենայի մեջ գցելու:
Ժամը 7.30 րոպե, գիտեր, որ հնչելու է ամուսնու հեռախոսի զարթուցիչը, իր ճղճղան ձայնով արթնացնելու է  ամուսնուն:
Գիտեր, որ խոհանոց կմտնի, ետևից կգրկի կասի.
- Բարի լո՜ւյս, - կամ ոչինչ չի ասի, ինչպես վերջերս է անում, հետո կասի.
- Գիտե՞ս գործուղման էի մոտակա շրջան, ուշացա՜, չցանկացա արթնացնել, այնտեղ էլ բջջային հեռախոսները լավ չեն աշխատում…

Զարթուցի՜չը…
Լսվեց զգույշ մոտենալու ոտքերի ձայնը:
Ետևից գրկեցին պիրկ մարմինը:
- Գիտե՞ս, գործուղման էի…
- Գիտե՛մ, հասկացա՜:
- Աշտարակո՛ւմ էի:
- Ի՞նչու հեռուստատեսային աշտարակի վրա խնձո՞ր է աճում:
- Ի՞նչ խնձոր, ի՞նչ հեռուստատեսային, քաղաք Աշտարակում էի:
- Ա՜, նստիր հիմա պատրաստ  կլինի նախաճաշը:
- Գիտես, որ սիրում եմ քեզ,- տեղավորվելով աթոռի վրա ասաց ամուսինը:
- Գիտե՜մ, դու նախաճաշիր ես պատշգամբում կլինեմ:
- Ի՞նչու:
- Չգիտե՜մ:
Քիչ հետո լսվեց դռան փակվելու տհաճ բայց սպասելի ձայնը:

«Նույնիսկ չհամբուրեց գնալուց առաջ»
«Ի՞նչ անեմ»
«Ուզում եմ նայել նրան վերևից»
«Խոսե՜լ, պահանջել ճշմարտությո՞ւնը, կցավեցնեմ նրան»
«Ինքը մեղավոր չէ, որ ես սիրում եմ»
«Ես մեղավոր չեմ, որ կորցրել եմ հետքրքիր լինելս»

Աչքերը շքամուտքից չկտրելով, խոսում էր խուլ ու համր ապակու հետ, որը դեռ մի տարի առաջ  կիսաբաց լինելով, արտացոլում էր իր մարմինը, որն այնքան դուր էր գալիս ամուսնուն:
Շքամուտքից դուրս գալով ամուսինը չնայեց վեր, ձեռքով չարեց, մոտեցավ իր մեքենային:

Նայում էր մի մարդու ետևից, որին իրոք սիրում էր, վստահում ամեն ինչ:
Մի պահ թվաց, թե նա հնարովի մի կերպար է, որին նա կարող է խաղալիքի նման հավաքե՜լ, քանդե՜լ, բայց դա ընդամենը պահ էր, քանի որ նրա հետ իրեն զգում էր ապահով ու վստահելի ձեռքերում:
Հետո ապակուն ասաց.
- Նա ընդամենը տղամա՛րդ է, սովորակա՛ն, մի քիչ ոչ հավատարիմ, բայց ի՛մ տղամարդը:
Ապակին լուռ էր որպես համաձայնության նշան:
- Երկա՞ր կարող եմ ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է, որ ամեն օր պատերազմ է իմ մեջ՝ սիրելի, անփոխարինելի լինելու ու ներքին սառը միայնության միջև…
Այս անգամ ապակին ուղղակի արձագանքեց.
- Նա ընդամենը տղամա՜րդ է, սովորակա՛ն…
- Բայց ես սիրո՜ւմ եմ նրան, - ձեռքով հարվածեց ապակուն, նույն ձեռքով մաքրեց արցունքներն ու պատշգամբից մտավ սենյակ…

Ս.Ումառ-Հարությունյան





пятница, 14 августа 2015 г.

Չգիտեմ, պատգա՞մ, թե՞...

Հեռացող ոտքերը նման են
Խեղանդամի սայլակի՝
Ամենատխո՜ւր պատկերն աշխարհում,
Սխալները ուղղելու ուղին դեպի անցյալն է,
Երբ ըմբոստ հոգին մա՛հ է աղերսում…

Ամենադաժա՜նը բանաստեղծի Խի՜ղճն է,
Նույնիսկ գեղեցիկ ոտքերով  տրորված …
Ամենաարդար Մահը կարիճի՛նն է,
Երբ մահանում է ինքն իրեն խայթած…

Ամենագեղեցիկ երազը Կույրի տեսա՛ծն է՝
Պատկերներ՝ գունավո՜ր ու պայծա՜ռ,
Ամենաչասված բառը Կոկորդում խցանվածն է՝
Ե՜րգ է, սիրե՜րգ երբևե չերգված…

Ամենացավո՛տը Սպասո՜ւմն է,
Ամենաագա՛հը Կի՜րքը չսպասված,
Ամենասպասվա՜ծը Բախտն է անաստված…
Ամենաանխիղճը Սերն է հեռացած…

Ամենակատարյալը Վիշտն է
Իր բոլոր արցունքոտ աչքերը բացած,
Ամենաանկատարը Հանգիստն է
Եվ հիշողությունը բզկտված…

 Ամենաստորը անստորագիրն է՝
Ոտնաթաթերդ լիզող շրթունքն է բացված,
Ամենահիմարը Ճակատագիրն է
Մի ճղճիմ ձեռքով քեզ ամրագրված…

Ամենաբարձրը Լռության ճի՛չն է,
Ամենացածրը Սո՛ւտն է բարձրաձայն ասված,
Քո հրեշտակը՝ քո Մայրը Ամենահմայի՜չն  է՝
Խո՜ւլ,
Հա՜մր,
Կո՜ւյր,
Քո բոլոր գործած մեղքերի առաջ…



Ս.Ումառ-Հարությունյան

Հոգիս խելագա՜ր, բարբարո՜ս ու խե՛նթ…


 Պատիվս է թառել ճակատիս,
Արքայական ձեռքերով
Քաշո՜ւմ է, սանձում օրերը կյանքիս-
Հոգիս թողնելով
Խե՜նթ ու բարբարոս:

Չի՛ լինի անել Պատվիս գահընկեց՝
(Ճանապարհ է անցել շատ երկար)
Լիլիթների հետ բոց ու հրակեզ
Թրծել է Հոգիս
Խե՜նթ ու խելագար:

Հոգիս Դյութանքից, Վայելքից  հարբած
Ջահել կույսերի մոտ պատանդ է եղել      
(Շատ է փորձության ենթարկել Աստված)
Եվ Մահացե՛լ է և
Հարությո՛ւն առել…

Այդպես հոգուս հետ՝ բոցով հրաշքի,
Նա ինձ-բալասան ես նրան-իմաստ,
Կարծես թե ելած հաղթական վազքի
Ելնում էինք վեր-
իրարով հարբած:

…Ինչպես Լիլիթը լքեց Ադամին,
Այդպես էլ Հոգիս մի օր ինձ լքեց,
Գնաց հանձնվեց խև Սատանային
Ու սատանաոտք
Վերադարձավ ետ:

Հենց այդ օրվանից Մարդակեր հողի
Եվայածնունդ հետնորդների հետ,
Կռիվն է սկսել իր բի՛րտ, կատաղի՛
Հոգիս՝ բարբարո՜ս,
Խելագա՜ր ու խե՛նթ…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 13 августа 2015 г.

Հոգիս ու Խիղճս (բանաստեղծություն)


 Հոգիս ու Խիղճս
Վիճեցին մի օր,
Բախտին կարգելով որպես դատավոր,
Հետո էլ կարծես ձայն-ձայնի տված
Կո՜ւշտ ծիծաղեցին՝
Բախտից դատավո՞ր…

Պարզվում է Հոգիս
Շատ է լեզվանի
(Ուր էր թե Հոգիս հումոր ունենար …)
Խիղճս էլ կուշտ փորով
ծիծաղել գիտի
(Լավ կլիներ, որ ներքինի դառնար)

Հասկացանք իրար՝ քիչ է պատահում
Համահունչ լինեն Խիղճը ու Հոգին,
Օրինակ Խիղճս խնձոր է սիրում,
Հոգիս նախընտրում է
Որթը խաղողի…

Բաղե՛ղն է սիրում,
Ոտքերից մինչ վեր
Գինու վերածվող ավի՜շը արյան,
Սիրուց արբել է անընդհատ սիրում,
Խո՛րքեր է սիրում՝
Խո՜ւլ կառափնարան…

Սիրում է դեմքը թաղած կորերում
Մեկ ուրիշ հոգու մեջ
մեռնելու պա՜հը,  
(Խիղճս այդ պահին աչքերն է փակում)
Հոգիս այդպես է
Հասկանում մահը:

Խի՜ղճ, որ դու վերջ չունես,
Այդպես արդար չէ,
(Օվկիանը չի կարող երբեք վերջ լինել)
Իսկ Հոգուս վերջն ահա բարդու կատարն է՝
Միշտ գլխիկոր է
Քեզնից հեռացել …

Ո՜վ Խիղճ արարած,
Դո՞ւ ես կատարյալ
Թե՞ Հոգիս՝ հնազանդ բայց կրքոտ մի այր,
Հարի՛ր չէ հոգուս և քե՛զ անընդհատ
Կամակոր Բախտի առջև կռանալ…

Ս.Ումառ-Հարությունյան




среда, 12 августа 2015 г.

Վարդափշի հետքը


Կարծո՜ւմ էի թե
Թփից վաղուց պոկված վարդի նման
Էլ չես բուրում,
Սխալվո՜ւմ էի -
Վա՜րդը միշտ էլ Վա՛րդ է մնում…

Հո՛ւշն էլ վարդի փշի նման սո՛ւր է լինում
Եվ թվում է թե սերն արդեն էլ չի բուրում՝
Սրտի վրա թաց վերքի պես
Էլ չի բուժվում…

Թվո՜ւմ է թե
Մարդն էլ վաղուց հույսը կորցրած
Չի՛ արարում,
Էլ չի՛ ապրում,
Սխա՜լ է թվում-
Մա՜րդը միշտ էլ Մա՛րդ է մնում…

Մարդու խիղճն էլ վարդի նման սուր է բուրում,
Երբ որ սերը սրտում կքած
Լա՜ց է լինում…

… Համոզվա՛ծ եմ
Որ սրտումս ինչ-որ բա՜ն է փշրվել,
Ու փշրանքներն ըմբոստացե՜լ,
Վայրենացե՜լ
Քաոսային շարժման նման
Դո՛ւրս են թռել,
Ասես սիրտս կոտրատել են որձաքարով,
Որ էլ երբե՜ք չնվագի ոչ մի լարով…

Ես չգիտե՜մ,
Փշրվե՞լ  է հույսը իմ մեջ,
Սփռվել սրտիս պատերո՞վ,
բայց ըզգում եմ՝
Վարդի փշի թողած հետքի նման
Տարածվում է ավելի խոր…


Ս.Ումառ-Հարությունյան