пятница, 14 августа 2015 г.

Հոգիս խելագա՜ր, բարբարո՜ս ու խե՛նթ…


 Պատիվս է թառել ճակատիս,
Արքայական ձեռքերով
Քաշո՜ւմ է, սանձում օրերը կյանքիս-
Հոգիս թողնելով
Խե՜նթ ու բարբարոս:

Չի՛ լինի անել Պատվիս գահընկեց՝
(Ճանապարհ է անցել շատ երկար)
Լիլիթների հետ բոց ու հրակեզ
Թրծել է Հոգիս
Խե՜նթ ու խելագար:

Հոգիս Դյութանքից, Վայելքից  հարբած
Ջահել կույսերի մոտ պատանդ է եղել      
(Շատ է փորձության ենթարկել Աստված)
Եվ Մահացե՛լ է և
Հարությո՛ւն առել…

Այդպես հոգուս հետ՝ բոցով հրաշքի,
Նա ինձ-բալասան ես նրան-իմաստ,
Կարծես թե ելած հաղթական վազքի
Ելնում էինք վեր-
իրարով հարբած:

…Ինչպես Լիլիթը լքեց Ադամին,
Այդպես էլ Հոգիս մի օր ինձ լքեց,
Գնաց հանձնվեց խև Սատանային
Ու սատանաոտք
Վերադարձավ ետ:

Հենց այդ օրվանից Մարդակեր հողի
Եվայածնունդ հետնորդների հետ,
Կռիվն է սկսել իր բի՛րտ, կատաղի՛
Հոգիս՝ բարբարո՜ս,
Խելագա՜ր ու խե՛նթ…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 13 августа 2015 г.

Հոգիս ու Խիղճս (բանաստեղծություն)


 Հոգիս ու Խիղճս
Վիճեցին մի օր,
Բախտին կարգելով որպես դատավոր,
Հետո էլ կարծես ձայն-ձայնի տված
Կո՜ւշտ ծիծաղեցին՝
Բախտից դատավո՞ր…

Պարզվում է Հոգիս
Շատ է լեզվանի
(Ուր էր թե Հոգիս հումոր ունենար …)
Խիղճս էլ կուշտ փորով
ծիծաղել գիտի
(Լավ կլիներ, որ ներքինի դառնար)

Հասկացանք իրար՝ քիչ է պատահում
Համահունչ լինեն Խիղճը ու Հոգին,
Օրինակ Խիղճս խնձոր է սիրում,
Հոգիս նախընտրում է
Որթը խաղողի…

Բաղե՛ղն է սիրում,
Ոտքերից մինչ վեր
Գինու վերածվող ավի՜շը արյան,
Սիրուց արբել է անընդհատ սիրում,
Խո՛րքեր է սիրում՝
Խո՜ւլ կառափնարան…

Սիրում է դեմքը թաղած կորերում
Մեկ ուրիշ հոգու մեջ
մեռնելու պա՜հը,  
(Խիղճս այդ պահին աչքերն է փակում)
Հոգիս այդպես է
Հասկանում մահը:

Խի՜ղճ, որ դու վերջ չունես,
Այդպես արդար չէ,
(Օվկիանը չի կարող երբեք վերջ լինել)
Իսկ Հոգուս վերջն ահա բարդու կատարն է՝
Միշտ գլխիկոր է
Քեզնից հեռացել …

Ո՜վ Խիղճ արարած,
Դո՞ւ ես կատարյալ
Թե՞ Հոգիս՝ հնազանդ բայց կրքոտ մի այր,
Հարի՛ր չէ հոգուս և քե՛զ անընդհատ
Կամակոր Բախտի առջև կռանալ…

Ս.Ումառ-Հարությունյան




среда, 12 августа 2015 г.

Վարդափշի հետքը


Կարծո՜ւմ էի թե
Թփից վաղուց պոկված վարդի նման
Էլ չես բուրում,
Սխալվո՜ւմ էի -
Վա՜րդը միշտ էլ Վա՛րդ է մնում…

Հո՛ւշն էլ վարդի փշի նման սո՛ւր է լինում
Եվ թվում է թե սերն արդեն էլ չի բուրում՝
Սրտի վրա թաց վերքի պես
Էլ չի բուժվում…

Թվո՜ւմ է թե
Մարդն էլ վաղուց հույսը կորցրած
Չի՛ արարում,
Էլ չի՛ ապրում,
Սխա՜լ է թվում-
Մա՜րդը միշտ էլ Մա՛րդ է մնում…

Մարդու խիղճն էլ վարդի նման սուր է բուրում,
Երբ որ սերը սրտում կքած
Լա՜ց է լինում…

… Համոզվա՛ծ եմ
Որ սրտումս ինչ-որ բա՜ն է փշրվել,
Ու փշրանքներն ըմբոստացե՜լ,
Վայրենացե՜լ
Քաոսային շարժման նման
Դո՛ւրս են թռել,
Ասես սիրտս կոտրատել են որձաքարով,
Որ էլ երբե՜ք չնվագի ոչ մի լարով…

Ես չգիտե՜մ,
Փշրվե՞լ  է հույսը իմ մեջ,
Սփռվել սրտիս պատերո՞վ,
բայց ըզգում եմ՝
Վարդի փշի թողած հետքի նման
Տարածվում է ավելի խոր…


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 10 августа 2015 г.

Վերջին սերը (բանաստեղծություն)


 Երբ ամեն անգամ ես սիրահարվում եմ
(Անկեղծանամ մի քիչ 
Ու ասեմ, որ)
Համոզված եմ լինում,
Որ դա է իմ Սերը վերջին…

Գիտե՜մ, որ կանայք
Չեն սիրում բառն այդ
«Վերջին» ՝
Մահվան պես ձանձրալի՜,
Կյանքի պես դաժա՜ն,
Մեկնման նման չնչի՜ն…

Մի քիչ էլ անկեղծանամ
ու ասեմ որ
Երբ ամեն անգամ ես սիրահարվում եմ՝
Սիրահարվում եմ մեկին՝
Հենց նույն կնոջը, որը միշտ լինում է
«Վերջին»
… Ձանձրալի՜,
… Դաժա՜ն,
… Չնչի՜ն,
Որ դա է իմ Սերը՝
Ի՞նչ նշանակություն ունի
Առաջի՞ն,  թե՞
Վերջին …



Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 9 августа 2015 г.

Լավագույն օրը (բանաստեղծություն)


Ես կտամ քեզ ա՛յն ինչ ունեմ,
Կարող եմ նաև խոստանալ,
Որ կտամ նույնիսկ ա՛յն
Ինչ երազե՜լ եմ, բայց չե՛մ ունեցել,
Ու ի՞նչ կփոխվի,
Ոչի՜նչ…

Ես ընդամենը կխաբեմ թե քե՛զ և թե ին՛ձ,
Կնմանվեմ ես այն խենթ սիրահարին,
որն իր խոսքերին հաշիվ չի տալիս՝
Նվիրում է աստղե՜ր, արև՜, լուսի՜ն
Խոստման կատարելը թողնելով
Ճակատագրի հույսին…

Ես կտամ քեզ ա՛յն ինչ ունեմ,
Ա՛յն, ինչ կարող եմ տալ հիմա-
Ինչ կա՛ իմ սրտում,
Կներե՜ս, սակայն
Չեմ կարող քեզ տալ
Օրն  իմ լավագույն …

Ո՜չ, դա այն օրը չէ,
երբ ծանոթացանք,
Ո՛չ էլ այն օրը երբ,
համբուրվում  էինք և անձրև եկավ,
Դա այն օրն է,
երբ դու հեռացա՜ր
Ու ես հասկացա…



Ս.Ումառ-Հարությունյան