понедельник, 10 августа 2015 г.

Վերջին սերը (բանաստեղծություն)


 Երբ ամեն անգամ ես սիրահարվում եմ
(Անկեղծանամ մի քիչ 
Ու ասեմ, որ)
Համոզված եմ լինում,
Որ դա է իմ Սերը վերջին…

Գիտե՜մ, որ կանայք
Չեն սիրում բառն այդ
«Վերջին» ՝
Մահվան պես ձանձրալի՜,
Կյանքի պես դաժա՜ն,
Մեկնման նման չնչի՜ն…

Մի քիչ էլ անկեղծանամ
ու ասեմ որ
Երբ ամեն անգամ ես սիրահարվում եմ՝
Սիրահարվում եմ մեկին՝
Հենց նույն կնոջը, որը միշտ լինում է
«Վերջին»
… Ձանձրալի՜,
… Դաժա՜ն,
… Չնչի՜ն,
Որ դա է իմ Սերը՝
Ի՞նչ նշանակություն ունի
Առաջի՞ն,  թե՞
Վերջին …



Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 9 августа 2015 г.

Լավագույն օրը (բանաստեղծություն)


Ես կտամ քեզ ա՛յն ինչ ունեմ,
Կարող եմ նաև խոստանալ,
Որ կտամ նույնիսկ ա՛յն
Ինչ երազե՜լ եմ, բայց չե՛մ ունեցել,
Ու ի՞նչ կփոխվի,
Ոչի՜նչ…

Ես ընդամենը կխաբեմ թե քե՛զ և թե ին՛ձ,
Կնմանվեմ ես այն խենթ սիրահարին,
որն իր խոսքերին հաշիվ չի տալիս՝
Նվիրում է աստղե՜ր, արև՜, լուսի՜ն
Խոստման կատարելը թողնելով
Ճակատագրի հույսին…

Ես կտամ քեզ ա՛յն ինչ ունեմ,
Ա՛յն, ինչ կարող եմ տալ հիմա-
Ինչ կա՛ իմ սրտում,
Կներե՜ս, սակայն
Չեմ կարող քեզ տալ
Օրն  իմ լավագույն …

Ո՜չ, դա այն օրը չէ,
երբ ծանոթացանք,
Ո՛չ էլ այն օրը երբ,
համբուրվում  էինք և անձրև եկավ,
Դա այն օրն է,
երբ դու հեռացա՜ր
Ու ես հասկացա…



Ս.Ումառ-Հարությունյան

среда, 5 августа 2015 г.


Քամին խաղում է կարմիր գինու մեջ -
Ասես արյունս է իմ մեջ պղտորվում,
Այս աշխա՜րհն աշխա՛րհ չէ առանց քեզ…
Դեղի՜ն մի ամիս է արտասվում…

Լացին ձայնակցում է մեղմիկ մի տեմբր,
(Հիշողությունս ձայնն է կորցրել )
Ամառն այրել է իր տաք փեշերը
Ինձ էլ է մնում միայն  լաց լինել…

Դարձել եմ ուրի՜շ՝  ցա՛վ կա կրծքումս,
Ցավո՛վ քայլում եմ անհայտ մի ճամփով,
Անձրև՜ է անընդհատ մտքումս,
Որն ինձ խեղդում է անունդ տալով…

Դեղի՜ն մի ամիս է արտասվում…
Մի նո՛ր ջրհեղեղ է պատում երկիրը,
Իրոք մենակ եմ ամբո՜ղջ աշխարհում,
Լռել է նույնիսկ ամռան բամբիռը:

Ամռան այս շոգին ձյո՛ւն է ծնկներիս,
Չե՛մ կարողանում քայլել դեպի քեզ,
Ներսից մի ձեռք է հարվածում սրտիս,
Ասա՛, առանց քեզ, ի՞նչպես ապրեմ ես…





вторник, 4 августа 2015 г.

Ձեռքս կպավ կրծքիդ…

* * *
Ձեռքս կպավ կրծքիդ…
(Կրակի հետ չեն խաղում գիտեի ես վաղուց)
Ու մատներս այրեցի՝
Ափերումս գարուն…

Սրտումս ամառ՝ մի հիմար բառարան,
Տո՜թ,
Կիզի՜չ,
Եռացող արև՜…
Լցվում է իմ մեջ օգոստոսն առանց անձնագիր
Ու բղավում է
- Բա՜րև…

Բո՞ց ես բերել ինձ, բոցը ի՞նչ անեմ,
Երբ հրդեհվել է մարմինս,
Բոցը հո սե՞պ չէ, որ սեպով հանեմ:

Կրակի հետ չեն խաղում գիտեի ես վաղուց
Ու մնացել եմ այսպես
Ափերումս գարուն…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 1 августа 2015 г.

Ուղեկցողը





Մուգ դարչնագույն կաշեփոկը ձգվեց:
Հասկացավ, որ պետք է կանգնել, հասկացավ, որ լուսակիրի կարմիր գույն է վառված:
Երբեք չէր տեսել կարմիր գույն, շատ անգամ էր լսել, բայց տեսնե՜լ…
Կարմիր գլխա՜րկ…
Կարմիր արև՜…
Կարմիր երազնե՜ր…
Կարմիր կայծա՛կ…սրա մասին ինքն էր հորինել՝ դա այն կայծակն է որ հարվածում է ճակատագրով նախատեսված կայծակից կուրացած մարդկանց մասին:
Անցնող մեքենաների հռնդյունից  որոշեց, որ արագությունները մոտ 65-70 կմ-ժամ են:
Փողոցի անցումը բազմամարդ էր ու ոչ ոք ոչ մի ձայն չհանեց:
Ո՛չ մեկը չմոտեցավ նույնիսկ այն ժամանակ, երբ լուսակիրը անցավ կանաչ գույնի:

Չարացե՜լ է մարդկությունը, ինչի՞ց, ինչո՞ւ համար, բայց դա կարևոր չէ, կարևորը որ այդ պահին ձախ սրունքին զգաց փափուկ մի հպում:
Հասկանալի՜ էր, պետք է  քայլ անել ձախ ոտքով:
Քայլ արեց, զգաց մուգ դարչնագույն կաշեփոկի դեպի աջ ձգվելը, հետո ուղի՜ղ, հետո դանդա՜ղ…
Շունն անվրեպ նրան անցկացրեց, նույնիսկ հասկացնելով շրջանցել փողոցի ջրափոսերը:
Երկու ոտքերին միաժամանակ զգաց փափուկ հպում, հասկացավ, որ հասել է մայթ ու պետք է ոտքը բարձրացնի…

Մարդիկ չարացե՞լ են, անտարբե՞ր են դարձել, ո՜չ, անսպասելի լսվեցին այդ տեսարանին հետևող մարդկանց ծափահարությունները…
Ո՞ւմ էին ծափահարում, անհասկանալի էր.
Իրենց փոխարեն գործը կատարող շա՞նը թե՞ հենց իրենց, որ չխանգարեցին տղային անցնելու անցումը…

Ծափահարե՛ք մարդիկ, որ այսօր լուռ մնացիք, հեռու կանգնած:
Ծափահարե՛ք մարդիկ, որ լուռ կմնաք վաղը՝ անտարբեր շրջապատին:
Ծափահարե՛ք մարդիկ, որ վաղը չէ մյուս օրը կկարդաք էլեկտրական սյուներին փակցված հայտարարությունը՝
«Գողացել են ուղեկցող շանս, Խնդրում եմ օգնեք գտնելու…»
Ծափահարե՜ք…

Լո՛ւռ մնացեք մարդիկ –
Գողացե՛լ են աչքե՜րս,
Գողացե՛լ են կյա՜նքս
Գողացե՛լ են տեղաշարժվելու հնարավորությո՜ւնս…
Գողացել են Ձե՜զ – ծափահարե՛ք…լո՜ւռ…հոտնկա՜յս…


Ս.Ումառ-Հարությունյան