понедельник, 20 апреля 2015 г.

Բանաստեղծություն



Դու ինձ հուշում ես ապրելու մասին,
Ես մտածում եմ
Ի՞նչպես հրաժեշտ տալ քեզ,
Պատռել բոլոր նկարներս, ձեռագրերս,
Ջնջել հուշերս…
Չտեսնել, արհամարել երևակայությանը,
Չլսել երևակայության
Բոլոր դռների բացվելու ու փակվելու ձայնը…
Կոտրել  քո անհարդար մազերն արտացոլող
Բոլոր հայելիները,
Աշխարհի բոլոր անհասկանալի աղոթքներով
Ծածկել արցունքոտ աչքերդ…
Հարբել, հարբել, հարբել…

Դու ինձ հուշում ես ապրելու մասին…
Ես մտածում եմ
Ի՞նչպես հրաժեշտ տալ քեզ:

Դու հարցնում ես.
- Բայց դու կգաս չէ՞…

Ու ապրում եմ դեռ…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 19 апреля 2015 г.

Գիշերային բլյուզ




Ինձ թվում էր շատ թեթև ես-
Ինչպես մտքերս բոլոր,
Ծանրությամբդ ինձ ճնշում ես
Հրեշտակ ի՛մ,  թևավոր:

Ցավեցնո՜ւմ ես, մի՞թե չես զգում
Գոնե թևերդ հանիր,
Գիշերն ինձ համար է երգում
Իր տխո՜ւր, լացեցնո՜ղ մեղեդին:

Ինչ-որ կապույտ բարձրունքից
Սի-մինոր է ցած ծորում,
Գիշերվա կեղծ գույներից
Բեկվելով արձագանքում:          

Առանց այդ էլ շա՜տ է տխուր
Ամբառ երգը գիշերվա,
Ի՞նչպես քարշ տամ բեռն իմ երկու
Մեղք չեմ արդյո՞ք, Հրեշտակ:

Շա՜տ տխուր է գիշերվա
Ցայգին հարող պահը,
Իջի՛ր, ինձ հետ լա՛ց եղիր,
Ինձ հետ կուլ տուր ցավը:

… Հրեշտակը ցած իջավ,
Թեթևացավ ու՜սս,
Չքվե՜ց, գնա՜ց, անհետացա՛վ
Գիշերային բլյուզը…


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 15 апреля 2015 г.

Խնդրանք իմ բոլոր ընթերցողներին

Խնդրում եմ
Այստեղ տեղադրված ցանկացած գործը կարդալուց հետո Անպայման արձագանքել այստեղ կամ իմ Ֆեյսբուքյան էջում
https://www.facebook.com/StepanUmar

Հարգանքներով Ձեր Ումառ-Հարությունյան

Կոչ - Խնդրում եմ մի քիչ ՆՐԲԱԶԳԱՑ եղեք

Խնդրում եմ մի քիչ զգոն եղեք

Այսօր Հայստանաբնակները իրենց լավ օրերը չեն ապրում և դրան գումարած, երբ արտասահմանի մեր հայրենակիցներից գալիս են Ցուցումներ.
Սա այսպես չէ, Սա այնպես չէ,
Ասյսպես մի արեք, Այնպես մի արեք,
Սերիալներ մի նայեք
Մտավորականությունը կույր է,
Մշակույթը աղավաղված է….
Կարելի շարունակել ու ժամերով գրել այս թեմայի մասին, բայց

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԻՉ ՆՐԲԱԶԳԱՑ ԵՂԵՔ

Մի մոռացեք, որ ցանկացած պարագայում Հայաստանում առաջին ու հուժկու հարվածը ՛՛ուտելու՛՛ ենք «և ուտում ենք» մենք՝  այսօրվա Հայաստանաբնակներս ու մենք ենք, որ այսօր ՛՛Լավ՛՛ կամ ՛՛Վատ՛՛ պահում ենք Հայրենիքը, որը գտնվում է ՛՛Լինել – Չլինելու՛՛ սահմանագծին:
Պետք չէ անընդհատ քարկոծել, մեղադրել…
Պետք չէ պատեհ, անպատեհ օրինակ բերել թե ինչպիսին է կյանքը ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում…
Մենք գիտենք թե ինչպիսի կյանքով եք ապրում Դուք այդտեղ, ապրե՛ք,
Աստված Ձեզ Երկար կյանք տա,
մեզ էլ՝ Համբերություն:
Վաղ թե ուշ, ես չգիտեմ, բայց ՀԱՍՏԱՏ ամեն ինչ ընկնելու է իր տեղn ու այն ժամանակ Հայրենիքը վայելելու հաճույքը տրված է լինելու Ձեզ, Ձեզ, որ հնարավորություն ունեք Աշխատելու, գումար ետ գցելու, մարդավայել  հանգստանալու… իսկ մենք այն ժամանակ պայքարելուց ու ներվային սթրեսներից արդեն սպառված ենք լինելու:
Այնպես որ
Խնդրում եմ հաշվել, որ ամեն ինչ այստեղ՝ Հայաստանում, մեր ձեռքերով, մեր առողջության հաշվին,  կատարվում է  Համայն Հայության համար, ու մի քիչ
ՆՐԲԱԶԳԱՑ ԵՂԵՔ

Հ.Գ.
Կանադահայ մի գործարարի (Հասկանալի պատճառներով չեմ գրում անուն ազգանունը), որը շատ էր հավանում իմ գործերը, առաջարկեցի իր հովանավորությամբ տպագրել իմ գործերից մի քանի գիրք ու ողջ հասույթը Իր անունից փոխանցել Հայաստանի որբանոցներին, մանկատներին (չնայած ինքս երկար ժամանակ է, որ չեմ աշխատում):
ՉԵՄ ԿԱՐՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԴԵՄՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ԿԱՐԴԱՔ ՆՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ
« Հարգելի Ս.Ումառ-Հարությունյան, Ձեր առաջարկը շատ հետաքրքրեց ինձ բայց և զարմացրեց, քանի որ Ձեր առաջարկության մեջ ես նույնիսկ մոտավոր չտեսա ինձ հասանելիք հասույթի չափը: Կատարեք ճշգրիտ հաշվարկներ, որ հնարավոր լինի քննարկել այդ հարցը
Հարգանքներով     Շ. Հ. »

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԻՉ ՆՐԲԱԶԳԱՑ ԵՂԵՔ


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 13 апреля 2015 г.

Աչքերը տխո՜ւր

* * *
Դու բարկացե՛լ ես, գուցե նեղացե՜լ
Կամ էլ երեսդ թեքե՛լ ես ինձնից
Որ փորձ եմ արել մոտենալու քեզ՝
Օգտվել բարձյալիդ սեղանից…

Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ այս մոլորակում
Այդքա՜ն տխուր են աչքերը մարդկանց,
Ինչո՞ւ է ցավը - մեզ տրված կյանքում
Այսքան ահռելի ծանրացած…

Ինչո՞ւ է կյանքը այսքան կարճ տևում՝
Իրիկնային ցողի նման գեղազարդ
Երբ ամեն մի տապից հետո, ցավեցնո՜ւմ
Գլորվում է, ընկնում  ցած…

Մարմինները մեր  ինչո՞ւ են թոշնում,
Երբ Հոգիները  մնում են ջահել,
Շատ խնդիրներ կան, որոնք չես տեսնում
Բայց բարկացե՜լ ես, նեղացե՜լ…

Հա՛ցն հանապազօր ինձ էլ չուղարկե՛ս,
Ո՛չ էլ պարտքերս ներիր անվարան,
Մի խնդրանք ունեմ, գուցե կատարես
Հետո ինձ տանես փորձության…

Վերցրո՛ւ աչքերիս կաթիլը փայլող                  
(Ուրիշ էլ ոչինչ չունեմ աշխարհում)
Նրանով օծիր շուրթերն իմ Սիրո
Հավատա, դա է մնայուն…

Ս.Ումառ-Հարությունյան