вторник, 10 февраля 2015 г.

Տատիկը


Մի տատիկ էր մեջքով հենվել
Դեղատան հին դռանը,
Դեղ գնելու փո՛ղ չուներ -
Դա էր ցավի պատճառը:

Դեղատոմս էր ափի մեջ,
Արժեքը՝ իր կյանքի  չափ,
Իսկ փողոցում անտարբեր
Դարն էր՝ խիղճը կորցրած:

Թղթե մի Հավատ էր բռնել,
Թղթում- Հույսի երկու բառ,
Մի՞թե վերջն էր եկե՜լ, չոքե՜լ,
Խեղճ տատիկի սրտի տակ:

… Հեռվից կարծես մի ձայն լսեց՝
Մաքո՜ւր, պայծա՜ռ, կանչո՜ղ, ջի՜նջ
« Մի՞թե Տերը ինձ չանտեսեց,
Գո՞ւցե հիմա կօգնի ինձ…»

Փոքրիկ մի տղա էր  կանգնել
- Տատի՛կ, էլ լաց չլինե՛ս,
Մայրս հացի՜ է ուղարկել,
Կուզե՞ս, կեսը կտամ քեզ:

Թաթիկը կնոջն էր պարզել,
Տալիս էր նրան իր հացը,
Բոլորին մարտի էր կանչել,
Տասնամյա այդ դյուցազնը:

Հազարամյա ծունկը չոքեց,
Ցա՛վը մարմնում նվնվաց
Ու փոքրիկին գրկին սեղմեց
Դեղատոմսը մոռացած

Ցավերն անցան մի հրաշքով,
Հավատն իր գործը արեց,
Աշնան քամին սառը շնչով,
Դեղատոմսը փախցրեց

Ս.Ումառ


Կարոտ



Բարձրանում է հոգնած ձե՜ռքը կարոտի,
Հեռացնում է իրարից թարթիչներս-
Աչքե՛րս բացում,
Կարոտի աչքերն այնքա՜ն հարազատ
Տեղավորվում են հայացքիս ներսում…

Պահարանի կիսաբաց դռնից,
Քո շրջազգեստն է ոտքերը կախել
Միայնա՜կ,
Կարոտս չի՛ հոգնում սպասելուց,
Կարոտս սպասում է համակ

Մի ցա՛վ է ճչում ժամանակի մեջ,
Իմ ետևից կանչում է մի ձայն,
Դանդաղ հեռանում եմ ներկայից՝
Կարոտս գրկումս սեղմած…

Հուշերիս անոթը դատարկ է՝
Վշտաբեկ,
Սիրտս՝ նվաղած – կարկամած,
Անոթի հատակում  կանացի մի ձեռք,
Մատներն է սեղմում դառնացած…

Վազում է կարոտս
Սենյակից-սենյակ,
Հպվում է դռան դիտանցքի ապակուն,
Հեռավոր հուշերի երազ-քաղաքում
Մի կին  է կրծքով
Կերակրում պատանուն…

… Կարոտս - հրաժեշտի չափ երկար,
Անխի՜ղճ,
Անավա՜րտ,
Անաստվա՜ծ
Իր կիսադեմով աչքով է անում,
Համբուրում է կոպերս հոգնած…

… Արևն անհոգի, աչքերս է բացում,
Ամոթխած կարոտս - շշնջում
«Բարև՜»…
Ծաղկած հոների փոքրիկ մի այգում,
Ժպիտդ է թռչում
Տերևի՜ց-տերև՜


Ս.Ումառ

Անձրև, անձրև...


понедельник, 9 февраля 2015 г.

Սերը արվե՞ստ է


Հեռանո՜ւմ ես

Ոտքերիդ տակ հիմա խոտը չի՛ լալիս,
Ցո՜ւրտ է՝
Սառը ձյունն է ճռճռո՛ւմ,
Գիտե՜մ, քայլում ես, քայլում դեպի ի՞նձ
Թե՞ ինձնից ես ավելի հեռանում…

Հեռանո՜ւմ ես՝
Իմ վերջ չունեցող նրբություն,
Ափերիդ մեջ դողում է համբույրս վերջին,
Ձմե՞ռ է, թե՞ ամառ, ես չեմ հասկանում,
Կարծես օրորվում եմ անդունդի եզրին…

Մի տխո՜ւր մեղեդի է, այստեղ՝ իմ սրտում
Առանց քեզ - սառը հուլիսյան օրեր,
…Մի ծեր խմբավար ձեռքն է բարձրացնում,
Ու լաց են լինում հազար ջութակներ:

Գնո՞ւմ ես,  գիտեմ ՝ հոգու թռիչք է,
Ոչի՜նչ սիրելիս, հեռացի՜ր…
…Հոգու ձմեռը փչացած խաղալիք է,
Մի օր անպայման կաշխատի:

Մի քիչ զգույշ քայլիր, հանկարծ չգցես
Հիշողությունդ սառը ձյան վրա,
… Ու երբ պատահմամբ փակուղի հասնես,
Քեզ կտաքացնի նա՝ կրակի նման:

Գիշերվա շոյա՜նք…
Իմ անվերջ քնքշությո՜ւն…
Աչքերիս վրա առավոտյան ցո՜ղ…
… Ինձ «Բարի լույս» է քինոտ շշնջում -
Փետրվարն իր սառը շնչով:

Ս. Ումառ-Հարությունյան