среда, 10 сентября 2014 г.

Ծնկի՛ր...



Պատերա՜զմ էր…
Իմ և Նրա միջև:
Ավելի ճիշտ իմ Բառերը մարտնչում էին
Նրա գեղեցկության հետ:
Մարտն անհավասար էր ու ելքը հայտնի,
այդ ի՞նչ գեղեցկություն է,
որ կարող է ոտք գցել գեղեցիկ բառերի հետ…

Իմ մարմնի ամեն մի չորս քառակուսի սանտիմետրի վրա
գրպաններ էին ու ամեն մի գրպանում մի բառ,
 նախատեսված ցանկացած դրության համար…

Նրա մարմնի ամեն մի երկու քառակուսի սանտիմետրի վրա
գեղեցկությունն էր դաջել իր հետքը,
որոնց նայելիս թուլանում են ոտքերդ,
կարճանում է միտքդ,
ձեռքերդ անզոր կախվում են մինչև ծնկներդ ու
տապալվում ես գետնին…

Դանդաղ վստահ քայլերով
իմ քառասնամյա բառապաշարն առաջանում էր
ու հարված առ հարված ձեռք բերում առավելություն՝
սպասելով Նրա դեմքի բարկության աստիճանին,
որ վերջնական հարվածով տապալի…
Կար պահեստային մեկ բառ «Ծնկիր»
և այդ բառը դեռ սպասում էր,
ճիշտ է անհանգիստ,
ճիշտ է հևասպառ,
բայց դեռ սպասում էր…

Նրա դեմքի բարկությանն ուղիղ համեմատական, գեղեցկությունը
տեղի էր տալիս ու
դա զգացվում էր աչքերի անամոթ արտահայտություններում:
Նա հասկանում էր,
որ պարտվելու է ու ավելի էր կատաղում…
Նա էլ ուներ պահեստային մեկ գեղեցկություն  «Գրկիր.
և  սպասում էր,
ճիշտ է հանգիստ,
ճիշտ է վայրի համառությամբ,
բայց դեռ սպասում էր…

Ժամն էր վերջին հարվածի,
երբ չգիտես թե որտեղից հայտնվեց տրամաբանությունն
ու սպիտակ թաշկինակը թափահարելով 
ծնկեց երկուսիս մեջտեղում:
-         Հաշտվե՜ք,
Բառը Գեղեցկությանը չի կարող հաղթել,
Գեղեցկությունն էլ անզոր է Բառի դեմ:

Պահեստային բառս մարտադաշտում էր:
- Ծո՛ւնկի,- բղավեցի ես:
Բղավոցից տրամաբանությունը մահացավ աչքերս առաջ…
գեղեցկությունը ծնկեց
ու ծնկաչոք մոտենալով գրկեց ոտքերս.
- Մի վերջին անգամ գրկեմ քեզ,
հետո ինչ լինելու է կլինի:

Նրա վայրի մեղրոտ ձեռքերը սկսեցին շոյել դեմքս,
պարանոցս,
կուրծքս,
ոտքերս…
Մեղրը ծորում էր իմ վրայից գետնին,
սոսնձել ու իրար էր կպցրել բոլոր բառերս:
Հաղթողի իմ քմծիծաղի շուրթերից
մի մեծ կաթիլ ընկավ նրա մազերին:
Կարծես մի պահ սթափվեց ու ոտքի կանգնեց:
- Այդ ո՞ւր, ծնկի՛ր:
- Ես կծնկեմ միայն ի՛մ կամքով,
Գեղեցկությանը հաղթել չի լինի,
դու պարտվեցիր:
- Ինչպե՞ս:
- Նայիր,- ձեռքը մեկնեց դեպի մեզ
ահռելի արագությամբ մոտեցող
բազմահազար իշամեղուների պարսը…

Մեղուների միլիոնավոր խայթոցներին
չկարողանալով դիմակայել՝
տապալվեցի գետնին ու փակեցի աչքերս…

Իր կամքով ծնկեց իմ անշունչ բառերի առաջ:
- Կատարում եմ քո՛ կամքը,
Ծնկեցի՛, սիրելի՜ս…


Ս.Ումառ

понедельник, 8 сентября 2014 г.

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈւԹՅԱՆ առաջին տողը






Ես փոքր էի, շատ փոքր, դեռ խոսել չգիտեի, միայն կարողանում էի ձայներ հանել:
Այդ օրը, ես մինչև հիմա չեմ կարողացել պարզել, թե ինչ խոսակցություն էր տեղի ունեցել ծնողներիս միջև…
…ես պառկած տնքում էի, հայրս օրօրվող բազկաթոռի մեջ Սովետական Հայաստան լրագիր էր կարդում:
Մայրս քիչ հեռու նստած ինչ որ բան էր կարում ու լացակումած աչքերով նայում ինձ:
Չէի հասկանում թե ինչու չի մոտենում ինձ ինչպես միշտ:
Շատ էի ափսոսում, որ լաց լինել դեռ չէի սովորել ու ձայներ էի հանում՝ հրավիրելով մեկն ու մեկին ինձ մոտենալու ու գրկելու, կամ տեղափոխելու մի այլ տեղ, քանի որ պառկած էի մանկական փայտե մահճակալից  դուրս ցցված մի փոքրիկ մեխի վրա ու անհանգիստ էի:
- Չմոտենաս, նա տղա է, թող ինքը լուծի իր հարցերը:
Մայրս անձայն արտասվում էր անկարողությունից:
Ներս եկավ տատիկս:
- Քոռանամ ես, բա չեք լսում երեխայի ձայնը, անխիղճներ:
Փորձ արեց մոտենալու ինձ, բայց հորս խիստ ձայնը նրան ետ պահեց:
- Չմոտենաս տղայիս:
- Բայց անհանգիտ ձայներ է հանում, միգուցե ինչ որ բան է անհագստացնում:
- Նա անհանգստանում է այնքան, որքան որ թույլ է տալիս անհագստությունը, երբ որևէ բան ցավեցնի, նա ստիպված կլինի լաց լինել, ինքը կտեղափոխվի, ինչպես որ կարող է, նա տղա է, թող սովորի:

* * *
Այսօր իմ կյանքում առկա են բազմաթիվ դուրս ցցված մեխեր, որոց վրայով ես զգույշ քայլում եմ, ինչ որ ձայներ հանելով, բայց լաց չեմ լինում, դեռ ոչինչ այնքան ցավալի չէ, ուղղակի պետք է դիմանալ, դիմանալ…

Ս.Ումառ

ՀՐԱՇՔ





Միշտ զարմացել եմ, թե որքան ուժեղ է կին արարածը:
Նախանձել եմ:
Պատկերացնում եք մեկ օր- 24 ժամ- 1440 րոպե- 86400 վայրկյան այդ ուժեղ արարածը քո աչքի առաջ պտտվում է ու դու՝ անզոր որևէ բան անելու:
Որտե՞ղ է ծվարել այդ արարածի Աքիլլեսյան գարշապարը:
Որոշեցի անպայման գտնել ու պատկերացնում եք իմ չորս տարվա տանջալից արդյունքն ավարտվեց հաջողությամ:
Ես գտա՜…
Բայց մինչ անցնելը նրա Աքիլլեսյան գարշապարին (չիմացողների համար նշեմ, որ գարշապարը դա կնոջ մարմնի օրգան չէ) ես արեցի մի գյուտ, որի մասին կցանկանայի կիսվել:
Մի անգամ մտա ննջարան, որտեղ առանց մակիյաժ, առանց մանիկյուր, առանց պեդիկյուր առանց էպիլյացիայի նա կիսաբաց պառկած էր, վերցրեցի ու մեր վեցամյա աղջկա բանտիկը կապեցի մազերին՝ թիթեռնիկի տեսքով…
Հրաշքը պատրաստ էր…այսպիսի բաներ:
Չշեղվենք.
Չեմ ափսոսում իմ կորցրած տարիները, արդյունքն էլ գոհացուցիչ չէ, բայց կարևորը դա իմ գտածն էր…
Եվ այսպես.
0.1916666 օր-11.5 րոպե- 690 վայրկյան կինը բացարձակ անկարող է և 100% խոցելի, դա այն ժամանակահատվածն է, երբ մանիկյուր քսելուց հետո սպասում է, որ եղունգները չորանան:

ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ







Ճանապարհները վերջ չեն ունենում, հատկապես գարնանը, նույնիսկ նրանք, որոնք քեզ տանում են փակուղի, դա վերջը չէ, որովհետև դու նորից շրջվում ես ու նորից քայլում նույն ճանապարհով:
Այս ճանապարհն էլ բացառություն չէ, ոլոր մոլոր, զառիթափ, վերելք, վայրեջք, որով քայլում են իմ հիշողության երեք քույրերը՝ Դառը հիշողությունը, Քաղցր հիշողությունը և Սերկևիլի համով հիշողությունը:
Ավագ քույրը՝ Դառը հիշողությունը, խիստ դեմքով է, հաստ ապակիներով ակնոցով, թողնում է լուրջ տպավորություն:
Միջնակ քույրը՝ Քաղցր հիշողությունը, որախ աղջկա աչքերով անընդհատ փնտրում է ինչ որ բան, երևի ճամփեզրին հաճախակի հանդիպող յուրահատուկ գույնով ծաղիկներ:
Կրտսեր քույրը՝ Սերկևիլի համով, մտախոհ է, անընդհատ նայում է ոտքերի տակ, բայց աչքի տակով կարծես հսկում է երկու քույրերին, չնայած համոզված է որ միևնույն է իրեն չեն լսելու ավագ քույրերը:

Ճանապարհը հոգնեցուցիչ էր, հուշում էր հանգիստ ու բոլորովին էլ պատահական չէր որ դիմացից երևաց ճյուղերը մինչև գետնին կախած մի ծեր, կյանքից հոգնած մի ծառ, որը շատ նման էր ինձ, մի մարդու որը ստիպված պետք է հյուրընկալեր իր հիշողություններին:

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու ապտակեցիր ինձ.
- Մի՞թե սերը այդպիսին է լինում, դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել… »

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու ասացիր.
- Կբղավեմ հաճույքից, խնդրո՜ւմ եմ, հիմա պետք չէ…»

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու.
- Լսի՛ր, երբ մտանք դահլիճ ես նկատեցի որ կոշիկներդ թաց են, կմրսես, ուզում ես հանիր, մի կերպ չորացնենք, մութ է ոչինչ չի երևա…»

* * *
- Նստենք, այս ծերացած ծառի տակ, ինչքան էլ չլինի մի քիչ հով է այստեղ:
- Ինչ գեղեցիկ են կախվել ճյուղերը,
- Այս ծառը նույնիսկ ձմռանն է կանաչ լինում, հիասքանչ է:

Ծառն իր ճյուղերով փաթաթվեց ու կուլ տվեց հիշողության երեք քույրերին:

Ս.Ումառ