понедельник, 11 августа 2014 г.

Այրու նամակը


Մաս առաջին

Մանե
Համակարգչի մկնիկը շարժվում էր ծուլորեն, բայց նպատակին հասնելու ցանկությամբ:
Էկրանին տղաների լուսանկարներ էինիմար մականուններով ու կասկածելի որակներով:
-
Է´դ կոմպ հնարողի ի´նչն եմ ասել: Աչքերդ ափսո՞ս չեն:
-
Մա´մ, կինո եմ նայում`գիտաֆանտաստիկ:
«Ի~նչ լավ է, որ մայրը չի հասկանում համակարգչից»,- մտածեց ու շարունակեց «Ծանոթությունների» կայքում իր  «ճամփորդությունը»:
Մայրն անաղմուկ մոտեցել ու նայում էր:
-
Էս ովքե՞ր են, Մա´ն ջան:
-
Դե´, կինոյի դերասաններն են` իրենց մասին տեղեկություններով:
-
Բոլորը տղանե՞ր են, աղջիկ չկա՞ կինոյում,- կասկածանքով հարցրեց մայրը:
-
Սկզբից տղաներին են ցույց տալիս….
Մանեն մտածեց, որ երևի կարմրեց ու ձեռքերով գրկեց այտերը:
Հ
աղորդագրություն եկավԲարև´»:
Մայրը հանեց ակնոցներն ու գնաց խոհանոց:
«
Բարև´: Մաման մոտս էր, դրա համար ուշ պատասխանեցի»:
«
Խնդիր չկա: Մամայի՞ցդ ես քաշվում, թե՞ տարիքդ ես սխալ գրել»:
«
Չէ´, իրոք 28 եմ: Բայց, ա´յ, անունս ճիշտ չեմ ասել»:
«
Բա, քեզ ո՞նց դիմեմ, ինչպես մի՞շտ, ինչպես «Նիկ»-ո՞ւմ է գրված` Stella 28»:
«
Հա´, Ստելլա: Իսկ քո տվյալները ճի՞շտ են:» «Նիկդ»` Aktiv, իսկ անո՞ւնդ, ընտանեկան դրությո՞ւնդ»:
«
Չէ´, անունս Գևորգ է: Դե, իրավաբանորեն եմ ամուսնացած: Ապրում ենք առանձին-առանձին, 49 տարեկան եմ, մեծ եմ քեզ համար»:
«
Երիտասարդներից պրծում չկա, համ էլ դատարկ են, խոսել չի լինում, մտքերում էլ նույն բանն է
«
Միգուցե հանդիպե՞նք, խոսե՞նք»:
«
Չգիտեմ, ախր չենք ճանաչում…»:
«
Կծանոթանանք, մի շաբաթ գրում ենք իրար, բավական չէ՞: Հրավիրում եմ սուրճիհավատացնում եմ, որ անկեղծ ու ազնիվ եմ»:
«
Լա´վ, բայց միայն մեկ ժամով կարող եմ»:
«Ժ
ամը 19.00 հարմա՞ր է, Իսահակյանի արձանի մոտ: Եթե դուրդ չգամ, կգնաս, երբ ուզես: Հակառակ դեպքում` կգնանք Մոնումենտից գիշերային Երևանը դիտելու»:
«
Լո՞ւրջ»:
«
Այո´, մորաքույրս այդտեղ է ապրում: Հա´մ լավ սուրճ է պատրաստում, հա´մ էլ իր պատշգամբից տեսարանը գժվեցնող է: Չասացիր` հարմա՞ր է, թե՞ ոչ»:
«
Եթե մորաքրոջ տուն է հրավիրում, ուրեմն լուրջ մարդ է, վախենալու բան չկա»,- մտածեց Մանեն:
«
Հարմար է: Ես կապույտ շրջազգեստով կլինեմ` սպիտակ երիզներով»:
«
Ես էլ` սև շալվար ու սպիտակ վերնաշապիկով: Կգտնենք իրար: Այսքան, որ ման ենք, եկել հիմա իրար բաց չենք թողնի»:
Մանեն անջատեց համակարգիչն ու վեր կացավ:
«
Դեռ երեք ժամ կա: Կհասցեմ ցայվել, մազերս կֆենեմ»,- մտածեց ու մտավ իր սենյակը:
-
Մանե´, հա´ց եմ դնում,- լսվեց խոհանոցից:
-
Մա´մ, ցայվեմ, դուրս գամ, նո´ր:
-
Տե՞ղ ես գնում:
Մոր թափանցիկ հայացքից միշտ խուսափում էր:
-
Հա´, Նարինեի տուն: Ժամը յոթին հավաքվում ենք:
Մայրը մտավ ննջարան:
-
Կապույտի տակից կապո´ւյտ լիֆ հագիր:
-
Ես սպիտակն եմ սիրում: Մա´մ, տակից պետք է ամեն ինչ սպիտակ լինի:
«
Ես բախտ չունեցա, գոնե դու լավ լինես: Աստվա´ծ քեզ պահապան: Լա´վ է դեռ, որ ինձ նման կրքոտ չէ, օղորմածիկ հորն է քաշել»,- մտածեց մայրը:
Մանեն դուրս եկավ սենյակից` հարդարված, գեղեցիկ: Կապույտ շրջազգեստը լավ էր նստած մարմնին: Կրծքերը` ձիգ, հայացքը` հպարտ, ինչպես մայրը` երիտասարդ ժամանակ:
-
Ո՞ւշ ես գալու, Մա´ն ջան: Հեռախո´սդ չմոռանաս:
-
Չգիտեմ, մա´մ ջան, դե, հավաքվում ենք, էլի´:
Մայրը դուռը փակեց Մանեի հետևից, բանալին դիտմամբ թողեց փականի մեջ:
«
Հիմա նրա աշխատանքի ավարտի ժամն է»,- մտածեց ու վերցրեց իր բջջայինը:
Անհասանելի է, ինչո՞ւ:
Մի քանի անգամ զանգելուց հետո, երբ հասկացավ, որ անիմաստ է, մոտեցավ համակարգչին:
Մատների վարժ շարժումներով միացրեց Outlook-ը, հավաքեց Aktiv@mail.ru:
«
Բարև´, Գև´, որտե՞ղ ես, չես պատասխանում հեռախոսով»:
Պատասխանը չուշացավ. «Աշխատանքի: Այսօր երկար եմ մնալու, հեռախոսիս ակկումուլյատորն է նստել»:
«
Կարոտել եմ, քեզ եմ ուզում: Գնա՞նք մորաքրոջդ տուն`Մոնումենտ: Ե´ս չէ, մարմինս է քեզ կանչում»:
«
Այսօր` չէ, թոռանս խոսք եմ տվել այգի տանեմ: Համ էլ, կարծեմ`մորաքույրս վերադարձել է գյուղից»:
«
Ուղղակի կզբոսնենք»:
«
Չէ´, հաստատ չի ստացվի: Լա´վ, Նո´ն ջան, ուշանում եմ»:
«
Ինչ-որ բա՞ն է եղել: Արդեն մեկ շաբաթ է` չենք տեսնվել»:
Պատասխան չեկավ:
Փակեց Outlook-ը:
Կանչող մարմինը կատաղել էր, բարձրացել նստել ուսերին ու իր երկար, կատաղի մատներով ճանկռում էր ուղեղը, կուրծքը, փորը, փորատակը…:
Միացրեց «Ծանոթություններ» կայքն ու մկնիկի շարժանիվով անիմաստ սկսեց պտտվել հիմար մականունների ու հիմար նկարների վրայով:
«
Անիմաստ է»,- մտածեց ու ծալեց էջը:
Հետո որոշեց հանգստանալու համար գրել նրան, ուղղակի գրել:
Բացեց մի Word ու ստեղնաշարին սովոր վարժ մատներով սկսեց գրել
Էկրանի տակ թարթող հաղորդագրություն էր: Բացեց.
«Բարև, ծանոթանա՞նք, ես Աշոտն եմ
»:

* * *
Մանեն բացեց դուռը, նայեց ժամացույցին:
«Քնա՞ծ կլինի, թե՞ սպասել է»:
- Մա՞մ:
«Երևի քնել է:
Ավելի լավ, կասեմ շուտ եմ եկել»:
Մտավ սենյակ: Մայրը գլուխը դրած համակարգչի սեղանին` քնած էր:
Էկրանին մի բացված էջ էր, ինչ-որ տեքստ…
Աչքերին
չէր հավատում:
Զգույշ նստեց մոր կողքը ու սկսեց կարդալ:

Մաս Երկրորդ 

Նամակը
Գիրկս լաց է լինում ձագը կորցրած կատվի նման:
Թրջվել է հիշողությունների՞ց, թե՞ արցունքներից: Արդեն չեմ հիշում:
Շուրթերս ձգվում ու ցանկանում են խաչվել շուրթերիդ, բայց հանդիպում են սիրո հիշողությանը, համբուրվում նրա հետ երկա~ր-երկա~ր ու հավատում եմ, որ աշխարհի բոլոր նյարդերը հանգուցավորվում են իմ կրծքերում:
Մարմինս բղավում է բոլորին, թե` եկե~ք, եկե~ք, երկրաշարժ է, Մեծ ջրհեղեղն է իր սկիզբն առնում, երբ ծովափի ավազների մեջ եփած ձեռքերով վերցնում ես կրծքերս կամ դեմքդ թաղում աշխարհի հանգույցում:
Մի կողմ շպրտված տխրությունը թանձր հարսնաքողի նման իջնում է մարմնիս ու դանդաղ չորացնում իմ գիրկը խոնավ, շուրթերը իմ թաց:
Ոտքերով տրորում եմ ու բյուր կտորների վերածում կրքին դիմակայելու պատրանքը, ցրում անկողնովս մեկ, պատկառանքով ու հարգանքով, մերկ, բայց զուսպ պառկում վրան:
Նոյան ագռավի բոլոր սերունդները լցվում են իմ մեջ, լափում են մարմնիս բարեպաշտ զսպվածության վերջին մասնիկները:
Մարմինս այրվում, դաղվում է ներսից ու զգում, որ բարձրացել է հաճույքի ամենազոր բաժինն ստանալու խարույկի վրա:
Շուրջն անապատ է արևից կիզիչ:
Քրտինքի ծով է: Ու օրո~ր-օրո~ր, և լոկ ութ վայրկյան, նավդ կգնա դիվահար մի տեղ, կխարսխի` դանդաղ մորթելով օրորը:
Սատկած ձկան աչքի նման միակ աչքդ կխամրի, կդողա, կփափկի, կփակվի
Մի՞թե չես լսում, նորից եմ կանչում:
Ես քեզ եմ կանչում վայրի կարապի տնքոց-կռինչով…Ա~րի, լացում է գիրկս կատվի պես` մարտյան օրերի բութ գիշերներով ձագին ման գալիս:
Դե լա´վ, նորից չես գալիս, բայց գոնե մնա´, մնա´ երկտակված մարմնիս ծալքերում, որ վայելեմ վերջը վայրկյանի:
Ծվարա´ծ մնա մարմնիս ծալքում, մնա´, որ պոռնիկ կեցվածքով կանգնեմ աչքերիդ առաջ, գլուխս թաղեմ մերկությանս մեջ, նայեմ քո ձկան կուրացած աչքին, բղավեմ վրադ.
-
Ո՞ւր է ձագը իմ….
Հետո լաց լինեմ, ու արցունքներս թափելով կրծքիդ` շշնջամ սիրով.
-
Սերը ոչ միայն հոգով է լինում, այլև` մարմնով:
Հեռացի´ր հիմա: Կրծքերս տաք ափերով բռնած`տա´ր, թո´ղ ջերմացնի երկնքից սանձած ճնճղուկի ձագերին: Ու սիրի´ր այնպես, ինչպես սիրեցիր մի պոռնիկ այրու:
Ու սիրիր այնպե´ս, որ նորից սուտն ականջ պայթեցնի, լեզու չորացնի:
Որ չկարողանաս մեկ էլ բարբաջել պապանձված լեզվով.
-
Սերը ոչ միայն հոգով է լինում,այլև` մարմնով:

Մաս Երրորդ 

Լուսաբաց
Գրկախառնված` լալիս էին երկու կին:
Մեկը լալիս էր անկարողությունից, որ չպահպանեց ձագին կամ չցանկացավ պահպանել  ու կենգուրուի նման փորապարկից դուրս շպրտեց, երբ վայրի գազանն էր փորձում հոշոտել իր մարմինը: Ու ինքը դեմ չէր:
Մյուսը լալիս էր` հիշելով իր կուսությանը հրաժեշտ տալու վայրկյանին ականջին հնչած ադամախոսքերը.
-
Սերը ոչ միայն հոգով է լինում, այլև` մարմնով:

Մանեն նայեց մոր աչքերին, որոնք թաքցրել էին միտքը:
«
Ես նման եմ մորս` կրքոտ ու արևահամ»:
Մանեն կռացավ անջատելու համակարգիչը: Արցունքների մի քանի կաթիլներ ընկան ստեղնաշարին, որով գրվել  էին նամակի վերջին տողերը.
«
Սերը ոչ միայն հոգով է լինում, այլև` մարմնով»:


Ս.Ումառ

воскресенье, 10 августа 2014 г.

Չգիտեմ…


 
Լռությունը, այդ վաստակավոր Ուսուցիչը - սովորեցնում է սիրել երաժշտությունը
Մթությունը, փորձառու այդ  Փիլիսոփան - սովորեցնում է սիրել գույները
Պատերազմը, կյանքի այդ դաժան Դահիճըսովորեցնում է սիրել խաղաղությունը
Ծիծաղի բացակայությունը՝ Ճակատագրի քմծիծաղը - սովորեցնում է հասկանալ Կյանքի Հումորը

- Հանդիպո՞ւմ, պատահակա՞ն էր:
- Ո՜չ, պատահական ոչինչ չի լինում:
- Նրանց ծանոթացրե՞լ էին:
- Ո՜չ, ուղղակի հանդիպել էին, դա Ճակատագրի քմահաճույքն էր:
- Նմա՞ն էին իրար:
- Ցավոք թե բարեբախտավար ո՜չ:
- Հասկանո՞ւմ էին իրար, կես խոսքի՞ց, կես հայացքի՞ց:
- Ո՜չ, անընդհատ վիճում էին ու նեղանում իրարից:
- Ոչինչ չէ՞ր կապում նրանց:
- Նրանց կապողը միայն այն էր, որ խելակորույս էին իրար նկատմամբ:
- Եվ ի՞նչպես է դա կոչվում:
- Չգիտե՜մ
Լռության լեզվով դա կոչվում է Սեր
Մթության լեզվով դա կոչվում է Ներդաշնակություն
Պատերազմի լեզվով դա կոչվում է Կիրք
Ծիծաղի բացակայության լեզվով դա կոչվում է Թախիծ
Չգիտե՜մ, չգիտե՜մ, չգիտե՜մ

Ս.Ումառ


Դավաճանության աչքերը…



Թաց արտևանունքներս սառցակալել են…
Այդպես չի լինո՞ւմ,
լինում է, երբ վիրավորանքից սիրտդ սկսում է դանդաղ սառչել…
Մի կերպ դիմանում ես, փորձ ես անում լաց չլինել,
բայց չի ստացվում, այսինքն լաց չլինելը ստացվում է, իսկ այ արցունքների դեմ դառնում ես անզոր…
Այդ դավաճան կաթիլները չեն դիմանում քո մեջ ու
դուրս են ելնում ի լուր աշխարհի հայտարարելու,
որ ոչ թե իրենք են դավաճաններ այլ դուրս են գալիս դավաճանությունը զգացողի աչքերից:
Աչքերդ չեն բացվում ու տեսնում ես այլ պատկերներ,
ցուրտ ու մոխրագույն…
Տեսնում ես Նրա արյունոտվելու աստիճանի կրծոտած շուրթերը,
որոնք մոտենում են ու համբուրում ճակատդ ի նշան ներման:
Ներե՞լ…
Դավաճանությունը ներել չի ստացվի
ու քո բոլոր փորձերը ներելու  կավարտվեն անհաջողությամբ…
քանի որ դա մի պահ է, որ կարողանում ես գողանալ տիեզերքից
ու գիտես, որ այդ սիրտ սառեցնող պահը կսկսի տաքանալ ու հասնել մի ջերմային աստիճանի ու քո մինչ այդ սպիտակ զգացմունքը կայրվի, կմոխրանա…

Այդ մոխիրների միջից մի կերպ ոտքի կկանգնես,
անօգնական,
ձեռքերդ կիջնեն ծնկներիդ,
հայացքդ անպայման կուղղվի դեպի երկինք ու…
ասելու բան չես ունենա:
Այդ պահի միակ ու անբաժան ընկերդ՝ լռությունը իր բռունցքով կհարվածի ուղիղ սրտիդ…
Սիրտդ ցավից կբղավի.
- Ո՞ր մեղքիս համար…
Աչքերիցդ գետին ընկող սառցե կտորները կարձագանքեն.
- Դու զբաղվա՜ծ էիր, դե Նա էլ գնաց ուրիշի հետ, նրան զվարճանք էր հարկավոր, իսկ դո՞ւ…
Դու ստիպած կլինես նայելու նրան միայն նկարներում
ու նույնիսկ փակ աչքերով կտեսնես նրա դավաճան աչքերը…

Ս.Ումառ






пятница, 8 августа 2014 г.

Լռության ձայնը



Լինո՜ւմ է, չի լինո՜ւմ…
Դե իհարկե լինում է,
ինչպես կարող է չլինել, հետո ինչ որ հեքիաթ ես,
 չէ որ իմ հեքիաթն ես…
և ինչպես միշտ բարի ավարտով…

Ավարտ…
ավարտն անցյալ է, որը միակն է ողջ տիեզերքում,
որ կարող է վերակենդանանալ, բայց միայն քո հուշերում
ու ծիծաղել քեզ վրա,
կամ բռնել կոկորդիցդ ու համոզել որ քեզ իր անվերջ գոյության մասին…

Մի՞թե հեքիաթ չէ ընթրիքը երկու հոգով մոմի լույսի տակ,
երբ լուռ ծամում ենք սովորական մակարոնը ու նայում իրար,
վստահ որ շարունակությունը բարի ավարտ է…

Դու իմ հեքիաթի հերոսն ես ու կարևոր չէ թե ինչպիսին ես,
կարևորը, որ լինում են մարդիկ, որոնք կան, եղել են քո կյանքում ու անպայման թողել են իրենց հետքը…
Հիմա դու հեռու ես, իսկ ես տեսնում եմ քեզ,
շնչում եմ քեզնով,
լաց եմ լինում,
ուրախանում եմ քեզնով,
քեզ հետ անցկացրած ամեն մի ժամը- տարի է,
որ շան քոթոթի նման նայելով դեմքիդ սպասում է մի փաղաքշական խոսքի, մի նուրբ շոյանքի…
դրսում մութ է, բայց երևում է արևը,
դրսում աստղեր են, բայց այրում են արևի նման,
…հեքիաթ է, որովհետև հուշերումս դու ես ու հեքիաթ ես,
հեքիաթ՝ բարի ավարտով…

Իսկ ավարտը կլինի այսպիսին՝
Կանցնեն տարիներ, ես իմ սպիտակ մազերը կխոնարհեմ քո՝ անցյալիս ուսիդ ու կշնջամ
Իմ բարի՜, բարի՜ ավարտ…

Դու կլռես…
Լռությունը դատարկ աշխարհ է, անկյանք մի հայացք ուղղված առաստաղին:
Լռությունը անկեղծություն է, սառը ինչպես անցյալի մատները:
Լռությունը չորացած ծաղիկներ են՝ մոռացված պատուհանագոգիս, երբ վերջին անգամ հեռացար…
Առանց հեքիաթի չես կարող զրուցել լռության հետ, ցավոտ կլինի:

Լսվում է քայլերի ձայն… անցյալիս մեջ մխրճվող պողպատե մեխեր, դա ես եմ քայլում իմ իսկ անցած ճանապարհով…
Իսկ հեքիաթը կլիներ քո մոտեցող քայլերի ձայնը – բարի ավարտով:
Հեքիաթներում չեն սպանում, իսկ ես ուզում եմ սպանել լռությանը,
բայց չի ստացվում, որովհետև կխախտեմ տիեզերական օրենքներից մեկն ու ու կստիպեմ լռությանը խոսել…
կամ ինքս խոսել բարձրաձայն անցյալիս լռության հետ…
Ես դեռ չգիտեմ այդ լեզուն  

Մի մորեգույն ծաղկաթերթիկ ընկավ առաստաղից ու խախտեց լռությունը:
Մեկնեցի ձեռքս ու մատով կպա նրա նուրբ մարմնին…
Չորացա՜ծ էր, փշրվե՜ց…

Լինո՜ւմ է, չի լինո՜ւմ…
Պետք չէ ո՛չ լինելը, ո՛չ չլինելը – ամեն դեպքում ցավո՜տ է:
Պետք է խոսել սովորել ու զրուցել լռության հետ…

Պետք է ուղղակի վեր կենալ  ու զգույշ քայլերով մոտենալով վառել լույսը…


Ս.Ումառ

среда, 6 августа 2014 г.

Մտըքեր,մտքեր, մտքեր... ընթերցողներիս համար

* * *
- Մի բաժակ սուրճ եփիր, ինձ մի քիչ ծանր եմ զգում:
- Ուզում ես այդքան սուրճ խմելով թեթևանա՞ս, չի՛ ստացվի:
- Դու դա չես հասկանա, ծանր եմ զգում, մի տեսակ:
Կինը մոտեցավ ու կախվեց տղամարդու պարանոցից:
- Հիմա ի՞նչպես, թողնեմ գնամ սո՞ւրճ պատրաստեմ:
- Ո՛չ, ա՛յ հիմա չգիտես ինչու ինձ շատ թեթև զգացի…

* * *
Տատիկը, որ զգում էր Աստծո ներկայությունը,
Դուրս եկավ բակ նայելու անձրևին:
Հովանոցը ծաղկավոր էր:
Շքամուտքից էլ առաջ չգնաց:
Անձրևն էլ աստղաթափ էր, տակով կաներ նրան:
Աչքերը լավ չէին տեսնում, բայց առաջ չգնաց:
Մթությունը հարցրեց.
- Ի՞նչ ես ուզում այս ժամին, ո՞ւմ ես սպասում:
- Ուզում եմ տեսնել մահը, բայց չեմ կարողանում:
- Ավելի լավ է գնա տուն, քնիր ու երազ տես, ոչ թե…
- Այս, աչքերո՞վ, համարյա չեմ տեսնում…
- Ի՞սկ զգում ես և ի՞նչ ես զգում:
- Զգում եմ ներկայությունն ինչ որ մեկի…
- Զգում ես ու վախենո՞ւմ առաջ գնալուց:
- Այո: Վախենում եմ:
Աստղաթափ անձրևը թեքեց ուղղությունն
ու թափվեց տատիկի վրա,
որը զգում էր Աստծո ներկայությունը:

* * *
Դո՞ւ…
Դու ապրում ես իմ մեջ՝ բռնված
պատռված հոգուս մի կախված ծվենից,
գիտես հոգուս բոլոր փողոցները, որոնք անուն չունեն,
ուղղակի համարակալված են,
քեզ ծանոթ է իմ յուրաքանչյուր քայլ՝
սրտիս բաբախոցը, որը չգիտես ինչու փոխել է հաճախությունը,
Ծանոթ ես իմ պարունակությանը՝ միայն սուրճ, որն արդեն այնպես
Չի բուրում ինչպես նոր աղացածը,
Շնչում ես իմ մտքերով,
Կարդում ես իմ զգացմունքները,
Ու ես քեզ հենց այդպիսին էլ սիրում եմ այսօր,
ավելի շատ
քան երեկ
ավելի քիչ
քան Վաղը…

* * *
Միայնությո՜ւն…
Դու այնքան մեծ ես ու կարծես անծայրածիր,
Որ չես տեղավորվում ոչ մի բացված աչքի մեջ:
Եվ ի՞նչպես ապրել,
Ինչպես օվկիանոսը, որին ծանոթ չեմ,
Թե լեռնապարի նման, բարձր ու խրոխտ,
Հպարտ ու անսասան, բայց
Միայնությունն ուժեղ է ու
Տրված է ուժեղ մարդկանց:
Ուժեղ մարդիկ էլ են մի օր ուժասպառ լինում …

* * *
Հիմա թվում է թե
աշուն է,
Թվո՜ւմ է…
Դերձակուհի՞ է կարում նրա շորերը թե դերձա՞կ,
Այսքան անփույթ, անտարբեր,
Որ կարծում ես թե գարուն է,
Ու համբուրում ես չեղած ձյունը սպիտակ:
Թվում է գարուն է, որովհետև նորից
Զգացմունքներս չեն հասցնում
Լինել համահունչ երկրի շարժմանը,
Ու ես սիրահարվում եմ ցանկացած կնոջ,
Որն անցնում է պատուհանիս մոտով…
Բայց ոչ,
ոչ ցանկացած, այլ այն կանանց
Որոնք նման են քեզ,
ոչ աշուն, ոչ գարուն
Ու ոչ էլ ձյան նման սառը ու սպիտակ:

* * *
Դու լրիվ թրջվել ես,
անձրևի՞ց, թե՞ արտասուքներից:
Մի՞թե հնարավոր չէր թաքնվել հովանոցի տակ – անձրևից,
կամ  իմ իրար հայհոյող երազանքների տակ…արտասուքներից:
Բայց ես նախանձում եմ քեզ, որովհետև դու նորից խոսել ես ամպերի հետ:
Դե եղածն էլ ետ չես բերի:
Ես հիմա չկամ, ես միայն հիշողություն եմ,
Ու
Դու ստիպված ես հանվելու ու նստելու կողքս,
Ես կտաքացնեմ քեզ , մի անհանգստացիր՝
Ափերովս կրունկներդ,
Աչքերովս մազերից պարանոցիդ վրա
թափվող հազարավոր կաթիլները,
Համբույրներովս ուսերդ,
Կրծքերդ…
Մի՞թե չես հիշում ինձ, որ ամաչում ես…
Ու կարմրելով ամբողջ մարմնով՝ ինքդ
Տաքացնում ես քեզ…
Գիտեմ, որ ես հիմա մի  քար եմ ընկած
Բոլորի աչքից հեռու ու անտիրական,
Բայց
Փառք եմ տալիս Բարձրյալին, որ
Հենց իմ վրա նստեցիր հանգստանալու…
Կմրսես…տուն գնա ես այնտեղ էլ կամ:

* * *
Մթնշաղ է, բայց պարզ, շատ պարզ երևում է
Դիմացի շենքի պատուհանագոգին նստած
ու անտեր շան նման կաղկանձող ինչ որ մեկի թախիծը,
Ներս չեն թողնում…

Մթնշաղ է, բայց պարզ, շատ պարզ երևում է
Տրոլեյբուսի հաղորդալարերի վրա կիսանստած
Մի կաղ հրեշտակ, որն ինչ որ բան է ասում երկնքին,
Երկինքը ներս չի թողնում նրան…

Մթնշաղ է, բայց պարզ, շատ պարզ երևում է
Կանգառում՝
Գետնին ընկած լորենու մի տերև,
որի հետ խաղում են ոտքերդ,
Դու այլ կերպ չես կարող, սպասելուց հոգնել ես:
Ուշանում է դեպի դրախտ գնացող տրոլեյբուսը…


* * *
Ես երազում տեսա մանուշակագույն թրաշուշանի
բուրող երկնային կոկոնը,
Ինձ հունից հանեց նրա բույրը՝ անուրջների բույրը,
Կարծես ամբողջ կյանքս անցկացրել էի ծաղկաթերթերի մեջ
Ու պարելով ծաղկաթերթիկները փաթաթվում էին ինձ:

Բայց դա ընդամենը երազ էր…
Իսկ…

Ես կյանքում տեսել եմ սովորական սպիտակ մեխակի
Մեկ, ընդամենը մեկ թերթիկ, որին մոտեցնելով աչքերս տեսա
մի ամբողջ աշխարհ,
Տեսա…
…Անպաշտպան ու նուրբ Նրա դողդողալը…
Եվ աչքերս հասկացան, որ վերջապես տեսնում են այն՝
Ինչ հարյուրավոր տարիներ չի հաջողվել տեսնել
Հազարավոր մարդկանց…
Ընդամենը մեկ մեխակի հասարակ թերթիկ…
Հասարա՞կ…

* * *
Մետրոյի շարժասանուղքը երբ հասավ հենահարթակին
ես տեսա մի համբուրվող զույգ…
Կնոջ հայացքն իմ կողմն էր ու զարմացավ, որ ես չեմ զարմանում:
Հանդիպեցինք հայացքներով:
Մի քիչ ետ քաշվեց տղամարդուց:
Այդպես էլ ծանոթացանք՝ հայացքներով:
Ձեռքով ողջունեցի օդում:
Նա էլ զգույշ, որ տղամարդը չզգա, ձեռքով
ողջունման շարժում արեց:
Հանդիպման սկիզբը բաժանման ավարտն էր…
ու ես գնացի դեպի մոտեցող վագոնը, իսկ նա նորից դեպի
իր տղամարդու շուրթերն ու մետրոյի նախանձ պատը:


* * *
Դե ի՞նչ, ավարտենք …

Անտարբեր անցորդներից, իմ սոված ու ցրտից դողացող բառերը
Անապաստան կատվի նման թաքնվում են պատի ետևում:
Անցորդներն իրենց խնդիրներով շրջանցում են պատը…
Բառերս հազվադեպ մլավում են խղճալի,
Հուսալով, որ ինչ որ մեկը կլսի,
Ինչ որ մեկի զգայուն սիրտը:
Հույսը չի թողնում, նրան վախճանվելու,
Ինչպես որ նախատեսված է
Ու շշնջում է

- Դե ի՞նչ, ավարտենք զգացմունքների շքերթը, արդեն մութ է…