четверг, 8 мая 2014 г.

Փետրվարի 30-ը




Վաղուց, շա՜տ վաղուց, (թվականն արդեն չեմ հիշում), ես մի փայտյա տիկնիկ էի, որից վախենում էին ոչ միայն փոքրիկներն այլև մեծերը:
Թե ո՞վ էր ինձ ստեղծել և ի՞նչի համար ես չգիտեի ու այդպես էլ անցնելով ձեռքից ձեռք ոչինչ չէի հասկանում իմ փայտյա ու անճոռնի ուղեղով…

Երբևե չէի կարողանում պատկերացնել թե հետո ի՞նչ է լինելու, երբ մի գեղեցիկ օր, որը ես արդեն ի տարբերություն տարեթվի, շատ լավ հիշում եմ, փետրվարի 30-ին, ինձ ձեռք բերեց մի կին, մի հիասքանչ անձնավորություն:
Այդ գիշեր ես առաջին անգամ, իմ ողջ փայտյա կյանքի ընթացքում պառկեցի կնոջ անկողնում՝ նրա բարձի վրա:
Ամբողջ գիշեր նա խոսում էր ինձ հետ, իսկ ես հմայված լսում էի…

… - Այ, եթե դու կենդանի լինեիր, ես քեզ կսիրեի այնպե՜ս, ինչպես ոչ ոք դեռ ոչ մեկին չի սիրել, կշոյեյի գլուխդ, կհամբուրեի քո շրթունքները, ես ինքս քեզ կլողացնեի ու ձեռքերիս վրա կբերեի իմ անկողին, ես քեզ կծածկեի իմ մարմնով, ես քեզ կխանդեի նույնիսկ իմ մնացած խաղալիքներին, որոնք տարիներով ընկած են մի անկյունում ու նայիր թե ի՞նչ հետաքրքրասեր հայացքով նայում են քեզ:

- Հիմա սիրիր, ի՞նչն է խանգարում, - պատասխանեցի ես ու հաստատ գիտեի, որ նա ինձ չի կարող լսել:
Նա ինձ վերցրեց բարձի վրայից, սեղմեց կրծքերին, հետո կարծես ինչ որ բան հիշելով ինձ զգույշ դրեց բարձին, հանեց կրծկալն ու այդպես սեղմեց կրծքին:
Ես որ փայտյա մի անուղեղի մեկն են այդ պահին հասկացա թե ինչ հիանալի է ապրելը, ապրելը քեզ սիրող կնոջ հետ…

Ձեռքերով ես էլ նրան գրկեցի, բայց նրան պետք էին իսկական ձեռքեր, ջերմ ու ցանկալի:
Իմ մեջ բարձրանում էր ինչ որ բան, փորձում էր դուրս գալ կոկորդովս ու ինչ որ ասելիք ուներ, իսկ ես թողած իմ ներքինը զբաղված էի նրա մարմինն ուսումնասիրելով:
Նա ինձ շարունակում էր պարբերաբար սեղմել կրծքին, հետո մի պահ անշարժանում ու նորից նորից…
Նա լաց էր լինում, ինչո՞ւ, չգիտեմ…

… Մի պահ, երբ երբ ականջս հպված էր նրա սրտից քիչ վերև, լսեցի, թե ինչպես էր նա Աստծուն շնորհակալություն հայտնում, որ ունի ինձ…
- Իմ կողմից էլ, խնդրո՜ւմ եմ, իմ կողմից էլ շնորհակալություն,- բղավում էի ես:
Գիտեի, որ միևնույն է, չի լսում ինձ:
Անզորությունիս լարեցի ողջ ուժերս…
Փետրվարի երեսունն էր, լույս երեսունմեկի գիշերը, երբ զգացի, որ ինչ որ բան իմ միջից դուրս եկավ ու ես կենդանացա:

Մի քանի վայրկյան մեր երկու մերկ մարմինները իրար գրկած նայում էին հեռո՜ւ հեռ՜ու, անսահմանության սահմանին….
Հանկարծ նա բղավեց ու դուրս փախավ անկողնուց, մերկ կանգնած դեմքով դեպի ինձ ոտքով հարվածում էր դռանն ու բղավում ամբողջ ձայնով մեկ.
- Չմոտենաս ինձ, կսպանեմ, խեղկատակ, անճոռնի, որտեղի՞ց հայտնվեցիր,
Օգնեցե՜ք, օգնեցե՜ք…
Ես վախեցած աչքերով, նույնպես մերկ, անկողնում նստած նայում էի նրան ու ոչինչ չէի հասկանում…
Ներս վազեցին նրա հարևանները՝երկու կին և մեկ տղամարդ:
Կանայք ծածկեցին նրա այդքան գեղեցիկ ու բաղձալի մարմինը, իսկ տղամարդիկ հասցրեցին կապել ձեռքերս, ոտքերս ու շպրտել հատակին:

- Միգուցե ոստիկանությո՞ւն զանգենք,- ասաց հաստամարմին հարևանուհին:
- Բայց ի՞նչ է արել որ, ի՞նչպես է հասցրել հանվել ու…, - մյուս հարևանուհին նայում էր իմ մերկությանը զգալի հետաքրքրասիրությամբ:
Ես այդ պահին նայում էի Նրա աչքերի մեջ ու զգում էի, որ ինչ որ բան այնպես չէ:
- Ոչինչ էլ հարկավոր չէ, մնացածը ինքս կանեմ, նա արդեն վտանգավոր չէ:

Երբ հարևանները գնացին, տարօրինակ շարժելով գլուխները, նա փակեց դուռն ու նորից մերկացավ աչքերիս առաջ:
- Դե ի՞նչ, խրտվիլակ, ինչ է քեզ թվո՞ւմ է թե ես կարող եմ քեզ սիրել, քո այդ ծուռտիկ բերանը, քո այդ հաստ ու կոպիտ շուրթերը համբուրե՞լ:
Անօգնական, ձեռքերս  ու ոտքերս կապած, ես ընկած էի նրա գեղեցիկ ոտքերի մոտ:
 - Խնդրո՜ւմ եմ, քանդիր կապերս, ես կհագնվեմ, ինձ անհարմար եմ զգում:
- Մի սրան նայեք, խնդրո՜ւմ է,- հիմար ծիծաղը պտտվեց օդում ու հարվածելով տան պատերին նորից վերադարձավ նստեց ականջներիս վրա:
Տանը տարիներով անխնամ ընկած բոլոր խաղալիքները լաց էին լինում:

Վիրավորանքի սուրը թրատեց գլուխս, կիսելով երկու մասի ու ոչինչ էլ չեմ հիշում…
Չեմ հիշում թե ի՞նչպես նորից դարձա տիկնիկ…
Չեմ հիշում թե ի՞նչպես նորից հայտնվել էի հատակին…
Հիշում եմ միայն, որ նորից նրա ձեռքերն ինձ բարձրացրեցին, սեղմեցին կրծքին.
Բայց ես ոչինչ չէի զգում:

- Այ, եթե դու կենդանի լինեիր, ես քեզ կսիրեի այնպես, ինչպես ոչ ոք դեռ ոչ մեկին չի սիրել…
Փետրվարի երեսունն էր, լույս երեսունմեկի գիշերը…երբ կորավ հավատը, կորավ գեղեցիկ ապրելու իմ երազանքը, կորավ գեղեցիկը գնահատելու իմ սահմանափակ հնարավորությունը…

Ս.Ումառ

среда, 7 мая 2014 г.

Այս խելակորույս, խելակորույս սև ռոմանտիկան




1
- Բարի լույս, չէ մի անհանգստացեք, ոչինչ էլ չի եղել, այո խոհանոցից եմ խոսում որ չարթնանա, ես նրան չեմ հասկանում, դուք մայրն եք, ձեր որդուն լավ պետք է իմանաք, ավելի լավ է բացատրեք, ես ուզում եմ հասկանալ:
Ամեն առավոտ արթնանում է ու.
- Ես սիրում եմ քեզ, պաշտում, այնպես եմ ցանկանում, որ քիչ է մնում…
- Եվ ի՞նչ, ի՞սկ գիշերը:
- Գիշերը - ոչինչ, ասում է, որ գիշերը դրանք անցյալի զանգեր են, պետք է քնել, որ չանհանգստացնեն, շրջվում է ու քնում, ես ոչինչ չեմ հասկանում:
- Ասում ես առավոտյան ի՞նչ է ասում, իհարկե մայրն եմ կհասկանամ, դու բառ առա բառ ասա:
- Ես սիրում եմ քեզ, պաշտում, այնպես եմ ցանկանում, որ քիչ է մնում…
- Պարզ է, աղջիկ ջան, նա քո հետ չէ, նա միշտ առավոտյան այդպես է սուրճ ուզում…

2
- Բարի լույս, չէ մի անհանգստացեք, ոչինչ էլ չի եղել, այո խոհանոցից եմ խոսում որ չարթնանա, ես նրան չեմ հասկանում, դուք մայրն եք, ձեր որդուն լավ պետք է իմանաք, ավելի լավ է բացատրեք, ես ուզում եմ հասկանալ:
- Իսկ ի՞նչ է եղել:
- Ինչ որ տեղից թևեր է գտել, ամեն առավոտ հագնում է ու ասում, որ ինքը հրեշտակ է ու իրեն չմոտենամ: 
- Ի՞նչ թևեր, սպիտակ գույնի՞, աջ թևից էլ մի քանի փետուր է պակասո՞ւմ:
- Այո, դուք որտեղի՞ց գիտեք, ախ, այո, մայրն եք ամեն ինչ գիտեք:
- Դրանք իմ նախկին ամուսնու թևերն են, ես թաքցրել էի ձեղնահարկում, նա էլ էր հրեշտակ, լսիր կարո՞ղ ես երբ նա գնա աշխատանքի այդ թևերը բերել իմ տուն:
- Ի՞նչ:
- Հասկանում ես, նոր ամուսինս բացարձակապես գաղափար չունի ռոմանտիկայից, ես ինքս կհագնեմ թևերն ու…համ քեզ լավ կլինի համ էլ ինձ:

3
- Բարի լույս, մամ ջան, չէ մի անհանգստացի, ոչինչ էլ չի եղել, այո խոհանոցից եմ խոսում որ չարթնանա, ես նրան չեմ հասկանում, նրա մորը չեմ հասկանում, ոնց որ գժանոցում ապրեմ, հա մամ ջան, ո՞նց դիմանամ, դիմանալ կլինի:
- Աղջիկ ջան սկեսուրիդ հետ խոսեցի՞ր, ի՞նչ է ասում:
- Մի գիժ էլ նա է, մամ ջան, բան չհասկացա:
- Դե լավ, լավ, մի մտածիր լավ կլինի:
- Ո՞նց չմտածեմ, ժամանակս, տարիներս ոչ թե գնում են այլ ահռելի արագությամբ վազում են չի բավականացնում վայրկյանը, րոպեն, ժամը օրը…
- Ասում ես չի՞ բավականացնում
- Իհարկե չի բավականացնում..
- Լսիր մեկը չկա՞, պատքով վերցնես:
- Մա՞մ, ի՞նչ ես ասում:
- Ի՞նչ կլինի որ, ամոթ բան չէ, հետո կվերադարձնես…

4
- Բարի լույս, Գոհար ջան, չէ մի անհանգստացի, ոչինչ էլ չի եղել, այո խոհանոցից եմ խոսում որ չարթնանա, ես նրան չեմ հասկանում, նրա մորը չեմ հասկանում, իմ մորը չեմ հասկանում, ոնց որ գժանոցում ապրեմ, հա Գոհար ջան, ընկերուհիս ես բա ո՞ւմ հետ կիսվեմ, ո՞նց դիմանամ, դիմանա՞լ կլինի: Քո մոտ ո՞նց ա:
- Է, մի բան չեն այդ տղամարդիկ, դրանց գլխում ուղեղի փոխարեն տառականներ են:
- Տառական ասեցիր հիշեցի, աղջի ջան երեկ գիշերը պորտիս կողքի խալը տեսավ  մենակ տեսնեիր ոնց փախավ մահճակալից, ասում է վրայովդ տառականներ են վազում, էլ կողքս չքնես…
- Է հա, ի՞նչ կա զարմանալու, դիխլոֆոս ցանեիր, ես էլ կարծեցի լուրջ բան է եղել…

5
- Գոհար, մայրդ ամոթ աբուռ ասած բանը չունի, ոտքերը քշտել ու բարեմասնությունները բացած ամբողջ բակի առաջ…
- Ի՞նչ ես հիմարություններ դուրս տալիս, մամայիս որտե՞ղ տեսար:
- Արի նայիր, տեսնո՞ւմ ես դիմացի շենքի տանիքին նստած, ոտքերը կախած տարուբերում է:
- Ապո՛ւշ, դա կաչաղակ է:
- Ի՜, ուրեմն ես որ ամբողջ կյանքումս Պետական Համալսարանի մոտ եմ ապրել կաչաղակը չեմ կարողանում տարբերե՞լ ագռավից…

6
- Լուսո՜, մի հատ չայ բեր:
- Ինքդ սարքիր, ձեռք չունե՞ս, զբաղված եմ:
- Ի՞նչ ես անում:
- Հագնվում եմ, մամայենց եմ գնալու, մի հատ նայիր, տես հո անձրև չի՞ գալու:
- Նայեմ ազիզ ջան, բա դու բան ասես ես չանե՞մ…
…..
- Վարդան, ի՞նչ եղար, այ մարդ:
- Չի բացվում, Լուս ջան, համբերիր:
- Ի՞նչը:
- Googl-ը, ինչը:
- Ի՞նչ Googl , գժվեցի՞ր:
- Բա՞, Yandex-ով նայե՞մ:
- Պատուհանից նայիր, այ խելապակաս:

7

Երեկ ս.Աստվածածին էի գնացել, հատուկ Ցուկենբերգի համար, 3 մոմ վառեցի իրա համար, հայկական անուն ընտրեցի՝ Շաքարսարյան ու մի լավ աղոթեցի.
Շաքարսարյան ջան կլինի որ էդ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ կամովին լինի, խփում ես ընկերանալ ու ընկերանում ես, ասենք 3 օր, հետո եթե չեն պատասխանում ավտոմատ ջնջվում են:
Միկին սխալմամբ ընկերություն էի տվել, մտածեցի դե լավ թող մնա, կհամձայնվի լավ, չի համաձայնվի դե ինչ արած:
Պատասխանը չուշացավ.
- Ոչ նույն մանկապարտեզ ենք գնացել, ոչ նույն դպրոց, ոչ նույն ինստիտուտ ինչո՞ւ ընկերանալ:
- Կներեք,- գրում եմ, - սխալվել եմ, չպատասխանեիք:
- Ներել մերել չգիտեմ, գրել ես պետք է համոզես:
- Ինչո՞ւ:
- Որովհետև ես կին եմ, դե սկսիր տեսնեմ…
Մի կես ժամ համոզեցի, տեսա չի համոզվում ինքս դուրս եկա ՖԲ-ից:

Բանաստեղծություն

* * *
Մատներիս դողից, դու շատ ես տանջվել…
արցունքս, որ երբեք գետնին չէր ընկնում,
քեզ վրա շատ է կաթացել,
հաճախ եմ խիղճս կորցրել.
ու քորեյը ելել է շալակը յամբի,
քո ներկան թողած՝ քեզ անտեսել եմ…
փախել եմ քեզնից ու հեռու կանգնել
մի օտար ափի…:

Իմ խելառ հոգին քեզ շա՛տ է տանջել,
կո՛ւրծքդ է պատռել,
հոգի՛դ ճմրթել…
Լռե՜լ ես…

Իմ խելառ հոգին քեզ դեն է նետել անտեր իրի պես,
դու դիմացե՜լ ես…
դու լուռ տարե՜լ ես,
թե՛ վայրենություն, թե՛ վիրավորանք,
թե՛ քմահաճույք…
բայց գաղտնիքներս քո նուրբ ծալքերում
պահել ես որպես սրբազան մասունք…

Արցունքս ցավից շատ է եռացել,
քարացել է՝
սոսնձվել մաքուր մարմնիդ,
քրքրել է սիրտդ սիլաբո-տոնիկան,
ամանակը՝ հարվածել դեմքիդ:

Ինձ հետ տխրել ես քո թաց շուրթերով,
(չափով ու հանգով տողս էր կիսատ)
Գիտե՜մ, մտածել ես
«Ի՞նչ է մտքինը»,
երբ բախվել են իրար գազելն ու
տերցինը:

Ների՜ր, սիրելի՜ս,
Այդպես է ստացվել,
Ինձ չե՞ս հավատում…

Քեզ շատ եմ սիրում
իմ մաքո՛ւր, պայծա՛ռ,
իմ սպիտա՛կ ու ջի՛նջ,
իմ գորովագո՜ւթ…

Իմ Գրելու Թուղթ…

Ս.Ումառ

Բանաստեղծություն



Դու սպասում էիր ինչ որ ասպետի
Չեմ հիշում սպիտա՞կ, թե՞ կարմիր ձիով,
Բայց փոխարենը եկա ես՝
Սիրո հենակով…

Մի ծանր հայացքով էլ
Մեծացավ օրս,
Գրե՜լ չգիտեմ,
Գիտեմ կամուրջներ այրել,
Ցանկապատ կառուցել,
Բարձր տանիքներ,
Գիտեմ շշնջալ
- Դե, փորձիր անցնել,
Այդ արգելքներից  փորձիր բռնվել:

Սա փորձությո՞ւն էր, թե՞ անմեղ կատակ,
Երբ դու հեռացար քո սպասման տեղից:
Ասպետներ կգան ձիով,
առանց ձի,
թե առանց հենակ,
Տեղից չեմ շարժվի
Ես տարիներով…
Նորից կասեմ քեզ
- Դե, փորձիր անցնել.
Արգելքն ի՞նչ է որ…