воскресенье, 6 апреля 2014 г.

Կարմիր թևերով իմ երազ




Բարձրահարկ շենքի տանիքը հարթ է:
Մաքուր ավլած:
Վերջին հարկում ապրող Տղան ամեն առավոտ բարձրանում է տանիք` օրվա իր առաջին սուրճը վայելելու:
Քանի անգամ է մայրը զգուշացրել, որ ուշադիր լինի:
Ամբողջ Երևանն իր առջև է լինում:
Հաճախակի աղավնիներ են թռչում-գալիս: Սպիտակ , գեղեցիկ, նազելի այդ թռչուններն ամեն առավոտ հույզ են առաջացնում:
Առավոտյան իր մենակությունը միշտ խախտում է փոքր քույրը, երբ բարձրանում է տանիք, նստում քիչ հեռու ու իր նման դիտում լուսաբացն արդեն դիմավորած, արթնացող Երևանը:

-
էլի՞ եկար, քանի անգամ եմ ասել:
-
Քեզ խանգարո՞ւմ եմ, մի հարց ունեմ, կպատասխանե՞ս:
-
Գնա´, դպրոցից կուշանաս:
-
Դու Մարիին էլ չե՞ս սիրում: Արդեն քանի օր է, չեմ լսում, որ բարի լույս ասես նրան այստեղից:
-
Դու հետևո՞ւմ ես ինձ: Կորի´ր աչքիցս:
Տղան փորձ արեց տեղից բարձրանալու, քույրը փախչեց:
Մի աղավնի նստեց քիչ հեռու: Մնացածից տարբերվում էր իր կապտագույնով ու կարմիր թևերով:
Երկա~ր նայեց աղավնուն: Ու աղավնին աչքին մեծացա~վ, մեծացա~վ, ընդունեց մարդկայինին մոտ կերպարանք:
-
Նայո՞ւմ ես: Գեղեցի՞կ է:
-
Այո, շատ: Իսկ Դու ո՞վ ես:
-
Բոլորն ինձ կոչում են ԻՄ Սեր: Մի բան ասեմ քեզ, եթե կլսես: Պետք է ոչ միայն նայել, այլև տեսնել: Այդ ժամանակ միայն կզգաս, թե գեղեցիկն ինչ է:
-
Տեսնում եմ, չէ՞, որ լույս է, մութ չէ, - Տղան ծիծաղեց:
-
Տեսնո՞ւմ ես ,- մատով ցույց տվեց հեռո~ւ- հեռո~ւ, որտեղ միայն ամպերն էին,- այն շենքը, որի պատերն ապակուց են:
-
Ո´չ, այնտեղ ոչինչ չկա, չեմ տեսնում:
-
Իսկ ես տեսնում եմ: Նայիր, վեցերորդ հարկի պատուհանի գոգին մի ծաղկաման է` երկու ծաղիկներով, տեսա՞ր:
-
Ո´չ, - Տղան տխրեց, որ չի տեսնում:
-
Ծաղիկներից մեկի մի տերևը շոշափում է մյուս ծաղիկի ցողունը, մի՞թե չես տեսնում: Նա գրկել է մյուս ծաղիկին, դա Սերն է, որ շատ պարզ երևում է:
Ես տեսնում եմ նաև, որ քո մեջ էլ կա սեր, բայց ինչպես հարկն է արտահայտված չէ:
-
Ինչպե՞ս, չէ՞ որ իրոք ես նրան սիրում եմ, ուղղակի մի քիչ վիճել ենք:
-
Ո´չ, դա ուրիշ է: Նայի´ր, նայի´ր Ճարտարագիտական համալսարանի հինգերորդ մասնաշենքի ուղղությամբ, քիչ ձախ և երկու շենք այն կողմ: Տեսա՞ր պատուհանի մոտ կանգնած աղջկան, որի` հեռո~ւհեռո~ւն սևեռված աչքերը թաց են: Նա՞ է:
-
Ո´չ, չեմ տեսնում: Դու իրակա´ն չես: Տանջում ես ինձ : Ու չեմ հասկանում ինչու:
-
Լա´վ, մի բան գրիր թղթի վրա, ես կտանեմ նրան, բայց էլ ինձ չես տեսնի, եթե նա չպատասխանի:
Տղան արագ իջավ ու բերեց թղթի մի կտոր, որի վրա գրված էր. <Ի՞նչ ես անում>:
Կերպարանքը վերածվեց աղավնու, կտուցով բռնեց թուղթն ու թռավ:
Երկար սպասեց Տղան, բայց ոչինչ տեղի չունեցավ:
Երբ ցանկացավ վեր կենալ ու գնալ, տեսավ հեռվից դեպի իրեն թռչող կարմրաթև աղավնուն:
Ավետաբերը նստեց տանիքին, կտուցից բաց թողեց թուղթը:
<
Սպասում եմ, որ զանգես, սիրում եմ>:
Տղան աչքերին չէր հավատում, Մարիի ձեռագիրն էր:

-
Ուզո՞ւմ ես քեզ թևերիս Նրա մոտ տանեմ:
-
Իսկ եթե ընկնե՞մ: Կընկնե՞մ:
-
Դե, դեպքեր եղել են, բայց սիրո՞ւմ ես չէ:
-
Սիրում եմ, բայց վախենում եմ:
-
Դա վերջի՞ն խոսքդ է:
Տղան չպատասխանեց:
Աղավնին թռավ-գնաց:

* * *
Պատուհանի գոգին նստեց Կապույտ երազների գույնի, Սիրո կարմիր թևերով աղավնին:
Մարին ձեռքի ափում ցորենի հատիկներ պարզեց նրան:
-
Չբերեցի՞ր Նրան, - Մարին տխրեց:
-
Չէ´, չստացվեց:
-
Ես էլ եմ ուզում քեզ պես ուժեղ լինել, թռչել, գնալ Նրա մոտ:
-
Դու գիտե՞ս որն է իմ ուժեղ լինելու գաղտնիքը:
-
Դու պետք ես մարդկությանը: Առանց Սիրո ի՞նչ Մարդկություն:
-
Ո´չ, որովհետև ես կարող եմ Ներել:
-
Ներե՞լ, նույնիսկ Դավաճանությո՞ւնը:
-
Այո, որովհետև դավաճանությունը անիմացությունից է, ոչ թե չար մտքից:
-
Կարո՞ղ ես ներել Սուտը:
-
Դա ամենահեշտն է, որովհետև սուտն անելանելիությունից է , կամ առանց ցավ պատճառելու միտումի
-
Բայց կան սուտասան մարդիկ
-
Նրանք ինձ հետ կապ չունեն, այդպիսիք սիրել չգիտեն:
-
Էլ ի՞նչ կարող ես Ներել:
-
Կարող եմ ներել Չարիքը, քանի որ նրա կյանքը կարճ է: Կարող եմ ներել Վշտից առաջացած վիրավորանքը, քանի որ նա մաքրում է հոգին: Կարող եմ Ներել Հիասթափությունը, քանի որ նրան հետևում է Տառապանքը, որն ամոքում է բոլոր ցավերը:
-
Այսինքն` ամեն ամեն ինչ, ես ճի՞շտ հասկացա քեզ:
-
Ո´չ, ո´չ ամեն ինչ: Կա մի բան, որի հասցրած ցավը ստիպում է դառնալ ինքնամփոփ ու մեկուսի, նույնիսկ հրաշքը չի կարող ապաքինել: Այն ուժեղ է Դավաճանությունից և բազմիցս հզոր` Ստից ու Վիրավորանքից:
Ա´յ, նրա առաջ ես անզոր եմ ու միշտ պարտվում եմ:
-
Ի՞նչ է, կասես ինձ:
-
Անտարբերությունն է, որի դեմ սպեղանի չկա:
Ուզո՞ւմ ես քեզ թևերիս Նրա մոտ տանեմ:
-
Այո´, ուզում եմ:
-
Դու չե՞ս վախենում ընկնելուց:
-
Քո թևերին ես վախ չունեմ:
-
Դա վերջի՞ն խոսքդ է:
-
Այո,- ասաց Մարին ու բարձրացավ աղավնու թևերին:
Աղավնին թռավ ու տարավ:


* * *
Տանիքում մարդ չկար:
Երբ իջան, աղավնին ասաց.
-
Ես քեզ չեմ կարող հետ տանել, շտապում եմ, ինձ դեռ շատ սպասողներ կան: Քեզ հաջողություն:
Մարին մի ապարդյուն փորձ արեց բացելու դեպի աստիճանավանդակ տանող տանիքի դուռը:
Նստեց հենց տանիքին`Տղայի տեղում:
Հավաքվեցին աղավնիներ տարբեր գույների`սպիտակ, գորշ շագանակագույն, սև….
Կարմրաթև, կապտավուն աղավնին չկար դրանց մեջ:
Աղավնիները սկսեցին կտցահարել ինչ-որ թղթի կտոր, որը ծանոթ թվաց Մարիին:
Քշեց աղավնիներին, բարձրացրեց բազմիցս կտցահարված իր փոքրիկ նամակը` բերված Սիրո թևերով:
Հազիվ կարողացավ կարդալ սեփական ձեռագրով գրված երկտողը, որի վրա երևում էին միայն < Սպասում ………… սիրում….. > բառերը:
Սկսեց լաց լինել:
<
Մի՞թե չզգացիր, ես գալու էի, ես չեմ կարող լինել քեզ պես անտարբեր, ես անպայման կպահեմ ինձնից հեռանալու փորձ անող սերը, ես կշրջանցեմ ամեն խոչընդոտ իմ ճանապարհին, … ես իմ փխրուն ձեռքերով կփշրեմ ամեն արգելք…..>
Հետո վեր կացավ, ուղղեց մազերը, շրջազգեստը, մոտեցավ տանիքի ծայրին, գրպանից հանեց հեռախոսը: Զագեց, ու չսպասելով որ տղան խոսի, ասաց.
-
Գալի~ս եմ:
Շպրտեց հեռախոսը մի կողմ:
Ձեռքերը պարզեց երկինք ու քայլեց տանիքից

* * *
Հեռախոսի զանգն արթնացրեց:
Կիսափակ աչքերով Տղան վերցրեց հեռախոսը:
-
Մարի՞, - չէր սպասում, որ առաջինը կզանգի:
-
Քնա՞ծ ես, վաղուց լուսաբաց է, այսօր չե՞ս եղել տանիքում:
-
Ո´չ, գիշերը ուշ եմ եկել, վթար կար աշխատանքի տեղում:
-
Չգիտեմ, ինձ չի հետաքրքրում: Վեր կաց, գալիս եմ…..

* * *
Բարձրահարկ շենքի տանիքը հարթ է:
Մաքուր ավլած:
Երեկո է:
Տանիքին նստած են Տղան ու Մարին:
Մարին գրկել է Տղայի ուսը:
Տղայի քույրը սկուտեղի վրա (դանդաղ որ չթափվի) բերում է սուրճի երկու բաժակ:
-
Մարի´, մի բան հարցնե՞մ, եղբայրս ինձ չի պատասխանում:
-
Հարցրո´ւ, եթե կարողանամ….
-
Ի՞նչ է Սերը:
-
Քեզ դեռ շուտ է նման հարցեր տալը, սուրճը բերեցի´ր, գնա´:
Մարին նայեց աղջնակին:
-
Սերը Ոչինչ է:
-
Ինչպե՞ս, չէ՞ որ այդքան գրում են: Մեկ գրում են հավերժություն է, մեկ գրում են ակնթարթ է, գրում են, որ այրում է կրակի նման կամ սառեցնում ձյան պես: … Բարձրացնում է քեզ, իջեցնումտանջում, ուրախացնում, թևեր է տալիս, կտրում թևերդ
-
Դա որ նկարագրում են, ամեն ինչն է, Մարդը:
-
Այսինքն Սերն Ամեն ի՞նչն է:
-
Այո´:
-
Չհասկացա´: Մեկ ասում ես Ոչինչ է, մեկ ասում ես Ամեն ինչ է, ինձ ծաղրո՞ւմ ես:
Աղջնակը կախեց շրթունքը:
-
Ո´չ, չեմ ծաղրում: Կամ Ամեն ինչ, կամ Ոչինչ, դա է Սերը:
-
Նայի´ր, նայի´ր, ի~նչ գեղեցիկ աղավնի է,- աղջնակը ցույց տվեց դեպի վեր:

Գլխավերևում պտտվում էր մի կապտագույն աղավնի` կարմիր թևիկներով:
Մարին ու աղջնակը հիացմունքով նայում էին ճախրող աղավնուն ու ձեռքով էին անում:
Տղան գլուխը կախ նայում էր ոտքերի մոտ դրված սուրճի բաժակին:

Ս.Ումառ





















Գիշերային (բանաստեղծություն)




* * *
Բնությունն էլ ինչպես մարդը
Իր կեսին է ման գալիս,
Հրաշագործ այդ կախարդը
և հուզվում է
և լալիս

* * *
Պահը կարծես թվում է մահ՝
Գուժել է ու քարացել,
Կարծես
Երկիր իր գործուղման
Ժամանակն է լրացել:

Ճա՛յն է խրվել ալիքի մեջ,
Վա՛րդը տրվել գիժ քամուն,
Շրթունքները քո շառագույն
Շուրթերիս են փաթաթվում:

Տիեզերքի արծաթ ջա՛հը
Մուգ ամպերն է օրորում,
Արթնանում է կարծես պահը,
Քմծիծաղով մոտենում:

Հովը այնքան մեղմ է շոյում,
Քամին աղմուկ չի բերում,
Համբույրները քո կրծքերում
Մեղեդու են վերածվում:

Մարմնումդ եռ են գալիս
Կրակե նոր օջախներ,
Մի հեծյալ է կռիվ տալիս
Թեյավարդի թփի հետ:

Պահը ձգված, դառնում է նյարդ,
Սա՛նձը քրտինք է, արյո՛ւն,
Ու հեծյալն է գլխով հպարտ
Հյուրընկալվում սրբուհուն:

Բացել է երախը աշխարհը,
Հուզմունքից փքվել, մեծացել,
Նորից մա՛հ է թվում պահը
Կանգնել է ու քարացել:

* * *
Կախարդանք է այս աշխարհը,
Մարդ, բնություն,
սեր ու կիրք,
Բաց մի թողնիր երբեք պահը,
Մահն էլ է շատ գեղեցիկ:

Ս.Ումառ

Ճանապարհ Բարի… բանաստեղծություն



Բռնել եմ ձեռքդ:
Այն սառն է ինչպես ձյան տակ մնացած
Ճնճղուկի կմախքը՝ մսից ազատված…
Սառն, ինչպես ձուկը այն հազարամյա...
Ես հերթի մեջ եմ,
Ինձ բաժին չկա...
Արկղի մեջ, քնա՜ծ…
Սովոր եմ քեզ տեսնել
Վերարկու հագած,
Կոճակներն արձակ,
Օձիքը բաց:

Միշտ ասում էիր
- Սպասիր, սկզբից ես:
Սպասում եմ, ի՞նչ է պետք է համբուրես,
Թե՞ ես կռանամ
Ոչ թե Կապույտներ հագած շուրթերիդ,
Այլ ձեռնեղունգներիդ,
Ու ինքս զգամ համը
Անկարողության
սեղմած Մատների…

Գնո՞ւմ ես, ի՞նչ արած,
Ճանապարհ Բարի…
Միայն թե ձեռքս այդպես մի սեղմիր…
Իհարկե, կգամ,
Թող քի՜չ էլ մնամ:
Կգա՛մ անպայման …

Հեռու գնացող ճանապարհներից
Սա է միակը
Ու անցանկանալին:
Ինձ սպասիր,
Կգամ,
Կգամ, սիրելիս:







Դու՝ դա ես եմ (բանաստեղծություն)



* * *
Գիտեմ չկաս,
դու՝ դա ես եմ,
քեզ գիշերով եմ հնարել,
անքնությունը կատվի նման
ուսերիս է փաթաթվել

Կարծես վհուկի հետ եմ՝ 
անտառում,
որ հեքիաթներ է ինձ պատմում,
գուշակում է ապագան,
գիտեմ մենակ եմ մնացել
իդեալի հետ,
որ չկա:

Հալվում է դեմքը ու լողում,
շողերի մեջ վայրկյանի,
գիտեմ - չկա այս կյանքում,
գիտեմ - անուն էլ չունի…

Գեղեցկությունը բավական չէ
Ազատությունը - մարմնի ցավ,
Շուրթը - խոսքեր անհեթեթ…
Իմ երազը որտեղի՞ց է,
և ի՞նչ անեմ նրա հետ…