суббота, 5 апреля 2014 г.

Ուզում եմ համբուրվել (բանաստեղծություն)

* * *
Թույլ տուր խնդրում եմ,
այսօր քո երազում,
խաղաղ ու զգույշ հայտնվել,
միթե չգիտես որ ինչ որ մեկի համար
հունվարը կարող է գարուն լինել:

Նորից կլինենք մենք միասին,
կարծես երբեք չենք բաժանվել,
այսօր գտել եմ կորած մի ժպիտ
անընդհատ ուզում եմ համբուրվել:

Ինչո՞ւ ես լռում,
Ի՞նչ որ ձայն ես լսում,
Ոչ, դա ես չեմ, ճիշտն ասած
ինչ որ հիմար մի հրեշտակ է հորանջում,
մարմնավաճառի ծնկները գրկած:

Տես ինչ դանդաղ է իջնում արցունքի
կաթիլը անագե աչքից,
տես, թե ինչպես է դուստրը զգացմունքի
ազատվում թախիծի զգեստներից …

Դե լավ, լռո՞ւմ ես, ի՞նչ արած,
Մնում է իմ աշխարհում առանց քեզ լինել,
մնում է համբուրել երազս երազած…
Անընդհատ ուզում եմ համբուրվել…


Ս.Ումառ

Ստվերդ

* * *
- Դո՞ւ ես ծանր,
Թե՞ ստվերդ,
Թե՞, սիրտ մաշող մի հառաչ,
Թե՞ թարթիչիդ մի սուր մազն է,
Սրտիս պատի մեջ ցցված:
- Շատ դյուրին է ինձ ապրելը սրտիդ մեջ,-
Հոգիս գրկած շշնջում են
Շրթունքներդ կարմրաթերթ:
Ես կուռքի պես աղոթում եմ միայն քեզ,
Պատառոտում մի կողմ գցում
Համբերության իմ շորերը աներես:
Սվաղում եմ հոգիդ կրծքիս,
Սիրտս՝ սրտիդ հետ զոդում,
Դո՞ւ ես ծանր, թե՞ ստվերդ,
Ես ոչինչ չեմ հասկանում:


Ս.Ումառ

Բանաստեղծություն

Դու պոռիկ էիր, երբ սիրեցի քեզ:
(Մ՞իթե սիրտը կարիք ունի կառավարման)
Բնության դեմ, դեմ հանդիման…
Ես սիրեցի
Ոչ մի բան:
Դու պոռնիկ էիր, բայց շատ սիրելի,
Կյանքս թողած մտա քո կյանքն անվարան,
Առանց վախի ու ամոթի բարձրաձայն
Ես սիրեցի
Ոչ մի բան:
Դու պոռնիկ էիր, բայց հետքերդ այրող հուշ,
Վայրի աղմուկ, քաղցր մոլուցք,
գողտրիկ կտոր բնության,
Կարող էիր դևին սարքել հրեշտակ,
Կույսին սարքել անամոթ,
Հրեշ սարքել քահանայից սրբազան,
Փախարենը չպահանջել ոչ մի բան:
Հենց այդպես էր, հենց այդպես էլ,
Ես սիրեցի
Ոչ մի բան:
Դու պոռնիկ էիր, իսկ ես քո մեջ պարփակված,
Քո մեջ ապրում, չէր մահանում  քո  ներկան,
Կարելի է մի՞թե, երբ վսեմ է սերն այդքան,
Մարդկանց ատել, քինոտ, նախանձ,
Ու անկողին մտնել միայն լույսը մարած:
Միթե սերն էլ կարիք ունի կառավարման,
Եթե այո, ինչ որ մի տեղ սխալ կա արված,
Ես սիրել եմ…
Ու սիրել եմ ոչ մի բան:




пятница, 4 апреля 2014 г.

Քո հրեշտակի անունը



Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
- Ես չգիտեմ, թե ինչու եմ աշխարհ գալիս:Ես  ի՞նչ պետք է անեմ այնտեղ:
Աստված պատասխանեց.
- Քեզ հետ կուղարկեմ մի Հրեշտակ, որը միշտ կողքիդ կլինի: Նա քեզ ամեն բան կբացատրի:
- Ինչպե՞ս կհասկանամ ես նրան, երբ լեզուն չգիտեմ:
- Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն, կպահպանի քեզ չարից:
- Իսկ ի՞նչ է նրա անունը:
- Կարևոր չէ, նա շատ անուններ ունի,բայց դու նրան կանվանես ՄԱՅՐԻԿ
                                                                                                           Լեգենդ


* * *
Արդեն երկար տարիներ է,  որ նյարդերի վրա սպիտակ գույնն  ազդում է:
Սպիտակ պատեր,   սպիտակ պատուհանափեղկեր, սպիտակ մահճակալներ…
Ամենաանտանելին ռենտգենյան նկարների վրա երևացող սպիտակ կետերն են, որոնք ցույց են տալիս հիվանդության հետևանքով ոսկորների վրա առաջացած վերքերը:
Վերցրեց ձեռքի հերթական ռենտգենյան նկարը:
Պահեց  դեպի պատուհանը` լույսի դիմաց:
Կետերի քանակն ավելացել էր այնքան, որ շնչառությունը մի պահ ասես հեռացավ  դեպի անծայրածիր  հեռուներ,  դեպի լիակատար տխրություն:
Անցավ  հարցաթերթիկին:
Ինչպե՞ս է հույս տալու, ի՞նչ խղճով, խաբել հերթական անգամ` արդեն բարոյական չի լինի:
Հիվանդը  միշտ ջանասիրաբար հաշվում էր ամեն մի սպիտակ կետ, հետո գրանցում իր ծոցատետրում:
Բժիշկը  բազմիցս էր  նկատել այդ տեսարանը:
Քանի~-քանի~ անգամ էր նա նոր ռենտգենյան նկարի փոխարեն ցույց տվել հներից մեկն ու տեսել, թե ինչպես է կինն ուրախանում,  որ սպիտակ կետերը չեն ավելացել:
Այսօր կանչել էր հիվանդի որդուն:
Պետք է վերջ դրվեր այս ամենին:
Զանգ:
- Ալլո, հաա~, իհարկե ճանաչեցի, տիկի´ն Վարդուհի, հեց հիմա նայում եմ ձեր նկարը, լավ է, շատ լավ, ճիշտ է, չեմ հաշվել, ինչպես դուք, բայց կարծես թե նույնիսկ պակասել են, օգնեց երևի վերջին դեղը, դուք ինչպե՞ս եք, դե´, տեսնո՞ւմ եք, հրաշալի է:
Այդ պահին ատում էր ինքն իրեն` անզորությունից,  հարկադրաբար ստելուց ու ախտի դեմ անճարակությունից:
- Այո´, կանչել եմ Գեղամին, որ նոր դեղատոմս տամ: Գերմանական է և շատ արդյունավետ:
Այո´, իհարկե, տիկի´ն Վարդուհի, նկարն էլ կտամ, այս անգամ թո´ղ բերի տուն, հետո կվերադարձնեք, դե ,պետք է գործերում լինի, հասկանում եք, չէ՞:
Այո, այո, առողջությո´ւն Ձեզ:
<Միևնույն է մինչև սեփական աչքերով չտեսնի, չի հանգստանա>, -մտածեց բժիշկն ու նորից նկարը պահեց լույսի դիմաց.- <Սա վերջն է>:
Երկար ժամանակ էր, որ բուժում էր Տիկին Վարդուհուն: Նրա  տղայի հետ, որ Փրկարար ջոկատից էր,  արդեն ընկերացել էին:
Գրեթե  հասակակիցներ էին:
Գիտեր,  որ սպասում են   երեխայի,  որ աղջիկ է լինելու, որ անունն էլ` Վարդուհի:

* * *

- Արի´, Գեղա´մ ջան,  արի´:
Բարևեցին հին ընկերների նման:
Երկու ձեռքեր, որ երկար ժամանակ պայքարում էին մի կյանքի համար, որոնք շատ անգամ էին հույս տվել հիվանդին, զարկվեցին իրար ասես հրաժեշտի ծափով: Տխուր հրաժեշտի: Եվ ամեն մեկն իր մտքում որոշեց, թե վերջին անգամ են հանդիպում այստեղ` հիվանդանոցում:
Երկուսն էլ լուռ նստեցին` ամեն մեկն իր մտքերով:
- Գեղա´մ ջան, ո´չ մի հուսադրող բան: Վերջին նկարն  ահավոր է:
- Տեսնեմ, հա՞:
Տղան նայեց: Նկարը դրեց սեղանին, հանեց ակնոցները, սրբեց ապակիները:
Հետո երևի մոռացավ մոռացավ ակոնոցը, թողեց սեղանին:
- Ի՞նչ անենք, - ձայնը մայրամուտի նման հանգող էր ու հուսահատ:
- Չգիտեմ, էլ չեմ կարող խաբել: Քո մայրը շատ հասկացող կին է, միգուցե հասկանա…
- Չէ, ի՞նչ ես ասում, չ ի լինի, շատ ներշնչող է, իսկ մոտավորապես կարո՞ղ ես ասել….
- Մեկ շաբաթ կամ լավագույն դեպքում` տասը օր:
- Չի հասցնի աղջկաս տեսնել, մի բան արա´, խնդրում եմ… մի բան մտածիր,լա՞վ:
- Կարող եմ ավելի հին նկարներից տալ, միայն հույսը կփրկի: Ես գիտեմ, մինչև հիմա հույսն է պահել նրան, բայց…
- Ի՞նչ բայց:
- Այսօր եմ նկատել, ավելի ճիշտ բուժքույրն է նկատել, որ բոլոր հին նկարների վերևի  աջ անկյունը փոքրիկ քերծվածք ունի, հավանաբար եղուգով մայրդ է նշան արել վերջին այցելության ժամանակ:
- Նրանից հեռու չէ: Լա´վ, տո´ւր նկարը, ուրիշ տարբերակ չունենք: Գոնե մեկ ամիս դիմանար

* * *
Փրկարարի հագուստով տղան մոտեցավ մետրոյի կրպակներից մեկին:
- Սև ներկամատիտ ունե՞ք:
- Սև չունենք, դիմացը հարցրեք: Ի՞նչի համար եք ուզում,  տուփով ունենք, մեջը կա:
- Հնարավո՞ր է ներկամատիտով ռենտգենյան նկարի վրա նշում անել:
- Չեմ փորձել,- ծիծաղեց վաճառող կինը ,- և ինչի՞ համար, միևնույն է` կջնջվի:
Անցորդները զարմացած նայում էին մետրոյի պատին հենած ռենտգենյան նկարի վրա ներկամատիտով մեծ ջանասիրությամբ կետեր ներկող տղային:
Երբ սպիտակ կետերից շատերը մեծ դժվարությամբ ծածկվեցին սևով , Գեղամը դուրս եկավ կայարանից:

* * *
Տուն մտավ:
Մի կերպ ձայնին ուրախ երանգ տալով` բղավեց.
- Մա´մ, եկա´, քեզ լավ լուր եմ բերել:
Մայրը  խոհանոցում էր, նստած էր աթոռին` անօգնական հայացքով:
- Տո´ւր, տեսնեմ, Գեղա´մ ջան:
Երկար նայեց նկարին, շուռումուռ տվեց, ասես ինչ- որ բանում համոզվելու համար, նոր միայն պահեց դեպի լույսը:
Ձեռքի ռենտգենյան նկարն էր, այն ձեռքի, որն արդեն թեյնիկ էլ չէր կարողանում բարձրացնել:
Աչքերով երևի հաշվում էր կետերը` երկար, ուշադիր:
Հետո, կարծես թե գոհ, նկարը  սեղմեց կրծքին:
- Փա~ռք Աստծո, Գեղա´մ ջան, կտեսնեմ,  չէ՞, թոռնիկիս, ես նրա ցավը տանեմ:
- Մա´մ, տեսնո՞ւմ ես, արդեն կամաց-կամաց քչանում են: Իհարկե կտեսնես, դեռ պետք է գրկես ու քո ձեռքերում քնացնես:
- Չէ´, Գեղա´մ ջան, գրկել չեմ կարող, բայց աչքովս տեսնեմ, սիրտս փառավորվի, ինձ հերիք է:
Խոհանոց մտավ Գեղամի կինը:
- Մա´մ, լսեցի լավ նորությունը, այսօր տրամադրությունդ բարձր կլինի, չէ՞:
Ուրախությունից մայրը սկսեց արտասվել ու համբուրել իր փրկարար նկարը:
Նկարի վրա կաթացող արցունքները մեկիկ -մեկիկ մաքրում էին  ներկամատիտով արված կետերը:
Կինը չէր նկատում շրջազգեստի վրա կաթացող սև գույնի վերածված արցունքները:
- Ես կտեսնեմ քեզ, իմ փոքրի´կ հրեշտակ, անպայման կտեսնեմ, ես լավ եմ արդեն:
Հետո ուշադիր նայեց տղային:
Տղան չէր կարողանում առանց կսկիծի, առանց կոպերի այրող խոնավությունը զգալու նայել մորը:
 Հանկարծ սարսռաց տղան` նայելով մոր աչքերին:
Սիրո, ներման ու հրաժեշտի ինչպիսի~ արտահայտություն,  ինչպիսի~ վսեմ պատկերներ էին հաջորդում իրար այդ աչքերի մեջ, աչքեր, որոնք չէին ուզում ընդմիշտ փակվել, բայց գիտեին, որ արդեն ժամն է, և ասես լուսանկարում էին որդուն հավերժական անեզրության  ճանապարհին`նրանից բաժանվելու վճռականությամբ:
Աչքերը հույսի մի շող գցեցին որդու սրտի վրա, և փոխարեն՝ որդու պատկերն առան իրենց մեջ՝ իբրև հրաժեշտ:
Ո´չ, հնարավոր չէր երկար նայել  կսկիծով ու կարոտով, ափսոսանքով ու սիրով, աղերսագին օրհնանքով լեցուն  Պահապան Հրեշտակի աչքերին, որոնք լացակումած նայում էին տղային:

* * *
Մայրը կյանքի թթվածինն է,  և երբ չի լինում` կտրվում է շունչդ, զգում ես քեզ միայնակ համայն տիեզերքի մեջ:
Մորից բաժանումը մի խստաշունչ քամի է, որ հանգցնում է հույսի վերջին վառվող մոմը:
Մայրն է կյանքի նկատմամբ սիրո  կրակը բորբոքում քո սրտում:
Մոր սիրտը միշտ լեցուն է արյունով, որ կաթում է քեզ համար դժվար պահերին:
Մոր սիրտը միշտ պատրաստ է դիմագրավելու քեզ սպառնացող ցանկացած վտանգ:
Մոր արցունքները մաքուր ու թափանցիկ ցող են, որ նստում են հոգուդ պատերին ու ներծծվում քո մեջ`մաքրելով  կուտակված ցավերն ու վշտերը:

* * *
Կփոխի՞ արդյոք Եհովան իր վճիռը` նայելով կնոջը`որդու աչքերով:
Մոր ձեռքերում գտնվող ռենտգենյան նկարը խորտակում էր ամեն պատրանք ու երազ:
Գեղամը հիշեց վաճառող կնոջ խոսքերը. <... և ինչի՞ համար, միևնույն է` կջնջվի >:

Գեղամն ու կինը երկյուղով հետևում էին ռենտգենյան նկարից տիկին Վարդուհու շրջազգեստին կաթացող` ներկամատիտից սև գույն ստացած արցունքներին:




Տատիկն իմ բարի



Կնոջ փոքրիկ ձեռքը ժամացույցի սլաքի ուղղությամբ շոյում էր փորը:
Աչքերը կիսափակ խոսում էր ինքն իր հետ, համոզում, քթի տակ երգում:
Ցավեր էր զգում, բայց այնքան երջանիկ դեմք ուներ, որ կողքից նայողին կթվար մի կիսախելագար արարած, որը ցավերի հետ խոսում էր, բացատրում, ուրախանում նրանց ներկայությունից:
- Սիրելիս, չէ՞ որ ընդամենը հինգ շաբաթական ես ու արդեն քեզ զգացնել ես տալիս, ինչո՞ւ ես խփում, ի՞նչն է քեզ անհանգստացնում, մի՞գուցե խաղում ես, բայց խնդրում եմ զգույշ, ցավեցնում ես, ա՜խ դու չարաճճի, չգիտեմ էլ տղա՞ ես թե՞ աղջիկ, բայց դա ի՞նչ կապ ունի, ես քեզ արդեն երկու տարի է սպասում եմ…
Զգույշ, հանկարծ չընկնես, այսինքն ուր ընկնես, հիմարություններ եմ չէ՞ խոսում, բայց դա երջանկությունից է, երջանկությունի՜ց:

Երջանկությունը թանկագին ակնթարթները վայելելու կարողությունն է:
Միգուցե սրտումդ թախիծ է, չիրականացված երազանքների, կորցրած երիտասարդ տարիների, կորած գաղափարների համար… որից էլ սկսում ես բղավել ու չգիտես գլուխդ ուր խփել, բայց դրանք  ընդամենը մանրուքներ են սպասվող, նոր աշխարհ բերող Արարիչ քո կարողությունների հանդեպ:
Դու գիտես հարյուրավոր անպետք փաստեր, տարօրինակ իրական դեպքեր, անխուսափելի մահեր… քո կյանքը դժվարացնելու, բայց այն մտքից, որ աշխարհ ես բերելու մի նոր, անմեղ արարած, որը կարող է լրացնել քո  մթնոլորտը դու դրանից երջանկանում ես ու գրողի ծոցն ուղարկում այն հիմարներին, որոնք ասում են թե դա ժամանակավոր երջանկություն է:

Մի պահ կարծես վախեցավ դռան զանգից, ցանկանում էր բղավել, որ կամաց, կարթնացնեք երեխայիս, հետո հասկացավ, որ պետք է մոտենալ ու բացել դուռը:
Մի կերպ հասավ դռանը, աջ ոտքը, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել, քաշում էր:
Մայրն էր:
- Սա ի՞նչ է վիճակդ, քո անբանը էլի տա՞նը չէ, քեզ այս վիճակում թողե՞լ է:
- Մա՛մ, վերջացրու, բան չկա, կանցնի, ինչո՞ւ ես անընդհատ նրան անբան ասում, հիմա կանգնած այս արևի տակ փորձում է մի նկար գոնե վաճառել…
- Լավ, էլ մի պաշտպանիր, նկարչիս նայեք, ինչո՞ւ գնացիք մեր տանից, այսպես վարձով ապրելն ավելի լա՞վ է, առանց փող, առանց…
Մայր ու դուստր նստեցին բազմոցին:
- Լավ լուր եմ բերել աղջիկս:
- Ի՞նչ մամ ջան:
- Լսի՛ր, քո ամուսնու համար դեռ Սովետ Միությո՞ւնն է, դեռ կոլխոզ-մոլխո՞զ, կուլտուրայի տո՞ւն:
- Մամ ի՞նչեր ես խոսում, քեզ ի՞նչ եղավ, ի՞նչ լուր էիր ասում:
- Հետո կասեմ,- ձեռքով ցույց է տալիս պատի տակ դրված մի նկար,
- Մի բան հարցնեմ, բա սա ինչո՞ւ է նկարել, որտե՞ղ ես տեսել սև շորերով կթվորուհի, այս կովի ծիծիկներն ինչո՞ւ է նկարել, գյուղ է ուղարկելո՞ւ այս շեդեվրը:
- Մա՛մ, դա կանացի ձեռք է, որ փորձում է սև ձեռնոց հագնել, ի՞նչ վառ երևակայություն ունես:
- Ունեմ բա ի՞նչ, ես էլ հայրդ էլ ամեն ինչից էլ ունենք, դուք եք որ…
- Մա՛մ: Բան էիր ասելու:
- Հա, վերջապես կազատվեք վարձով ապրելուց, աղջիկ ջան, բոլոր գործերս թողեցի ու վազեցի եկա ասեմ:
- Մենք ետ վերադարձողը չենք, նա չի ցանկանում քո հետ մի բնակարանում ապրել, դա արդեն անցած էտապ է, ես էլ իմացա մի նոր բան ես ասելու:
- Չէ, դա չէ, հիմա ուրախությունից կպարես, որ ասեմ: Էն չբեր Ռուզանը զանգեց, ասաց առավոտյան ժամը վեցին Սաթենիկն է մահացել:
- Մա՞մ, բա ասում ես ուրախ լուր, Սաթենիկն ո՞վ է:
- Ո՞նց թե, ուրախ չէ՞, Սաթենիկն աղջի, ամուսնուդ տատը, այն պառավը:
- Մա՛մ, ի՞նչեր ես ասում, խելքդ գցե՞լ ես, Սաթենիկ տատի՞կը:
- Ա՜յ քեզ բան, պառավ կին էր, մեռավ էլի, ամուսինդ այնտեղ է չէ՞ գրանցված: Որ ասում էի կպարե՜ս…
- Մամա՛…

Շտապօգնության աշխատակիցները դեռ սենյակում էին, երբ  Վահանը մտավ ներս:
- Անի, ի՞նչ է եղել,- արագ մոտեցավ կնոջը:
- Մի անհանգստացիր, հիմա կանցնի, մի քիչ թույլ էի, մաման շտապօգնություն կանչեց:
Ճանապարհիր նրանց, Վահան:
Երբ նորից վերադարձավ սենյակ դիմեց կնոջը, առանց նկատելու, կամ երևի չնկատելու տալով զոքանչի ներկայությունը:
- Անի ջան, վերջապես վաճառեցի երկու նկար, հիմա կարող ենք փոքրիկի համար և մահճակալ և շորեր և խաղալիքներ…դու լա՞վ ես հիմա:
Անին սկսեց լաց լինել:
- Ի՞նչ եղավ, չեմ հասկանում:
- Ուրախությունից է լաց լինում, Վահան, կանցնի, երեխային վտանգ չկա, մի բան հարցնեմ դու տատիկիդ մոտ ես չէ՞ գրանցված, Բանգլադեշում:
- Այո, դուք չգիտեք, որ մորս մահից հետո նա է ինձ պահել, մեծացրել, ուսումի տվել, Անիին էլ այնքան է սիրում որ…
- Մահացել է առավոտյան, մի մտածիր պառավ կին էր, օղորմի իրեն, հիմա պետք է որ…
- Ո՞նց թե մահացել է, երկու օր առաջ եմ եղել նրա մոտ: Իսկ ի՞նչ հանգիստ ես ասում այդ մասին տիկին Սեդա, կարծես մի ափսե է կոտրվել:
- Լավ, տրագեդիա մի սարքեք, հիմա պետք լուրջ մտածեք, որ աշխատածդ փողերը ճոխ բաների վրա…
Անին գլուխը թաքցրեց բարձի մեջ:
Անին լաց չէր լինում, լալիս էր վիրավորանքը:
Ամուսնուն հասցրած վիրավորանքը մեկ այլ հարազատ մարդուց:
Վիրավորա՜նքը…

Վիրավորանքը դա մի փոքրիկ կրծող կենդանի է: Տեսքից անվտանգ ու համոզող, որ եթե նրա հետ վարվես նուրբ և ճիշտ քեզ վնաս չի բերի:
Վիրավորանքին եթե չսարքես տնային կենդանի նա շատ հանգիստ կարող է ապրել ազատության մեջ ոչ մեկին ձեռք չի տա:
Բոլոր փորձերը կառավարել նրան, դարձնելով քոնը կավարտվեն ողբալի վերջաբանով:
Նա կարող է քո մեջ հայտնվել պատահականորեն ու բղավել ներսից.
- Կներես, ես միամիտ եմ հայտնվել այստեղ, բաց թող ինձ, ուզում եմ դուրս գալ…
Բայց չէ՞ որ մենք դեռ չենք սովորել կենդանիների լեզուն, հատկապես այսպիսի տեսքից փոքր կենդանիների:
Քեզ մոտ սկսում է ցավել մեկ այս մեկ այն տեղը, քանի որ վիրավորանքը պտտվում է քո մեջ, տեղ է ման գալիս դուրս գալու ու…առանց քո օգնության երբեք չի գտնի ելքը…
Դե քանի որ նա կենդանի է սովածանում է ու սկսում է քեզ ներսից ուտել, կրծել…
Սովորում ես նրան, նա էլ քեզ, եթե ժամանակին բաց չթողնես:
Մարդը թուլանում է, նվաղում իսկ նրա մեջ նստած վիրավորանքը չաղանում է մեծանում…
Վիրավորանքը դա մի փոքրիկ կրծող կենդանի է…
Եթե հանկարծ հանդիպում ես նրան, անցիր կողքով, մի նայիր աչքերի մեջ:
Եթե զգում ես, որ արդեն քո մեջ է՝ բաց թող նրան, թող գնա ուր ուզում է, իր համար վազվզի ազատության մեջ, չէ՞ որ այդպես անվտանգ կլինի…

Դու քնած ես վառվող մոմերի ու վառ ծաղիկներով լցված սենյակում… արդեն բավականին ժամանակ ու ես էլ ինչպես միշտ քո քնի մեջ եմ:
Վերադաևձնել քեզ քնից կարող են միայն իմ համբույրները քո ճակատին, սիրելի տատիկ, մի՞թե հեքիաթները սուտ են ու չես արթնանա:
Ես կբռնեմ քո ձեռքն ու դուրս կհանեմ սենյակից, սենյակում գտնվող մարդիկ էլ կանհայտանան:
Անընդհատ ինչ որ մարդիկ են մոտենում, բան են հարցնում չեմ հասկանում ինչ, որտե՞ղ պետք է թաղվի, ժամը քանիսին՞, հոգեհացը որտե՞ղ է լինելու:
Հիմա էլ Անին է մոտեցել համբուրում է ճակատդ,տեսնում ես նրա աչքի արցունքը, ախ, տա՜տ, տա՜տ…
- Վահան ջան, ասում եմ, որ հանկարծ աղջիկ ծնվի, ի՞նչ եք որոշել անունը դնել, տղա ջան անունը կարևոր է, ես էլ գիտես, որ քո հոր տեղն եմ եղել…
Աներն է, որը խոսելու էլ ինչ պետք է ունենա:
- Անունը դնելու եմ Սաթենիկ, որոշված է, այդ հարցով էլ չխոսենք:
- Այ տղա այսքան ժամանակակից անունների մեջ, այ քեզ բան…դեռ նկարիչ ես…
Միգուցե իրոք մի հրաշք լինի ու արթնանա տատիկս, արդեն կարոտեցի:
Հրա՜շք…

Հրաշքները դրանք կյանքի պատահական երջանիկ կադրեր են, դու ուրախանում ես, ծիծաղում այնքան, որ արցունքներ են երևում աչքերիդ, բղավում ես ու ականջներդ պայթում են շրջապատի գեղեցկության ձայներից, բայց ավա՜ղ…

Տատիկի սիրտը երբեք չէր ցավացել, միայն հիշում է, որ շատ անգամ էր ասում Անիին, որ սիրտը ցավում է մեր համար, սիրտն այդպես էր ցավում, բարի ու անհանգիստ…
- Վահան ջան, երբ պիտի ազատ ժամանակ գտնես, Անիին տանես Նորավանք…ուխտ եմ արել, բալա ջան:

Քո մահը ամպրոպ էր այս պահին իմ և Անիի համար, որի շարժումներն աչքիս կարծես քո շարժումներն են:
Մենք այնքան անպաշտպան էինք քո կորստով, ինչքան ծառից պոկված երկու տերև, որ պտտվելով դանդաղ իջնում են գետնին, չունենալով կառչելու տեղ:
Մի քանի օրից կդատարկվի այս տունը, մարդիկ կսկսեն ավելի հազվադեպ երևալ:
Կսկսվեն նոր օրեր, առանց քո խնամող ձեռքերի ու բարի, լուսավոր աչքերի…
Միգուցե նոր ծնվող իմ հրաշքը փոխարինի քեզ:
- Նրա անունը Սաթենիկ է լինելու, բարձր բղավեց երբ դագաղը ձեռքերի վրա դուրս էր գալիս բնակարանից: