четверг, 3 апреля 2014 г.

Կյանքն ապակու ետևում




Ի՞նչ է զգում մարդը, երբ հոգին անջատվում է մարմնից:
Մեկը տեսնում է երկար, շատ երկար թունել, վերջում` անպայման պայծառ լույսի մի շող, մյուսը` հրեշտակների երգը`կանչող ու ջինջ ձայներով, մեկն ընկնում է ինչ-որ մութ ու խոր մի անդունդ ու անընդհատ ընկնում, ընկնում...
Մեկը թռչում է վեր,անընդհատ պտտվում` տարակուսելով իջնի՞ իր մարմնի մեջ, թե՞ միգուցե պետք չէ…
… Ես ոչինչ չզգացի ու սկսեցի պտտվել, պտտվել` իջնելու տեղ գտնելու հույսով, քանի որ չէի գտնում մարմինս…
Ինձ, ավելի ճիշտ` իմ հոգուն քշում ու տանում էր մի անծանոթ երևույթ` մերթ` հաճելի, մերթ` տհաճ, մերթ` ուրախ, մերթ` տխուր, ու չէի հասկանում, ինչ է կատարվում և ուր եմ գնում:
Հետո կարծես հեռվից լսեցի.
<Անցնում ենք քո կյանքի բոլոր օրերով, ամիսներով, տարիներով..>
<Ինչու՞, ես չեմ ցանկանում, վերադարձրո´ւ ինձ իմ մարմինը , ես ետ եմ ուզում..>
Ես չէի լսում իմ ձայնը, ձայն չկար, բայց պատասխանը լսեցի.
<Երբ երկու ձեռքերով գրկես գլուխդ, կանգ կառնեմ>:
Ե՞րբ պետք է բռնեի գլուխս, ես չգիտեի, իսկ այդ ընթացքում անցնում ու անցնում էինք ժամանակի մեջ` մերթ` հաճելի, մերթ` տհաճ, մերթ` ուրախ, մերթ` տխուր, ու չէի հասկանում…
Ընթացքն այդ ինչ-որ բութ երևույթի հետ, որը հետո չպատասխանեց իմ ոչ մի հարցի, դանդաղեց, թե՞ արդեն սկսեցի հարմարվել, երբ տեսա Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթը:
Գլուխս բռնեցի ձեռքերով:
Երևույթն ինձ գցեց գմբեթի վրա ու ասես անհայտացավ:

Բավականին թեք գմբեթի վրա նստած եմ ու չեմ ընկնում:
Փորձ արեցի իջնելու, ու կարծես ստացվեց:
Թռչում եմ ցանկացած առարկայի վրայով` մոտ 2-3 մետր հավասար հեռավորության վրա:
Հետո նորից բարձրացա, նստեցի գմբեթին, որի քարերի արանքներից խոտեր են աճել:
Փորձեցի պոկել խոտերից,  ստացվեց, ու ասես մի էլեկտրական հոսանք անցավ իմ միջով:
´յ, դա չպետք է անես, ո´չ մի առարկայան գործողություն, հակառակ դեպքում կկորչես անհայտության մեջ` հավիտյան հրաժեշտ տալով մարմնիդ: Ժամանակդ սահմանափակ է:
Ընդամենը` այսքանը: Դե´, քեզ հաջողությո´ւն:>

Լավ երևում է դիմացի շենքը, բայց ես տեսնում եմ միայն մեկ պատուհանի ներսը:
Հասկացա, որ իմ օրերից մեկն է այդտեղ:
Բայց ո՞ր:
Մեջքով դեպի պատուհանը, համակարգչի մոտ մի աղջիկ է նստած:
Երկար մազերը գցված են աջ ուսին:
Պարզ երևում է համակարգչի էկրանին գրված տողը.
<Դու էլ ինձ ես դուր գալիս>
<Հանդիպե՞նք>
<Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ >:
<Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է սպասելո~ւ եմ>:
<Դե, հաստատ չեմ կարող ասել>:
<Գրիր համարս` 091329198>
Իմ հայացքն այդքան հիմար չի եղել երբեք. իմ բջջային հեռախոսի համարն էր:
Աղջիկը շրջվեց` վերցնելու իր հեռախոսը, ու տեսա նրա դեմքը:
Աստվա´ծ իմ, մի՞թե լինում է այդպես:
Ասես  ինչ-որ զվաճասեր  կախարդ իմ դեմքը վերցրել, գեղեցկացրել, նրբացրել, սարքել էր աղջկա  դեմք ու հրամցնում էր
Համակարգչին մոտեցավ մի կին, երևի` մայրը: Արդեն ամեն ինչ պարզ էր:
Դանիելյան Հասմիկն էր` իմ առաջին սերը:
Տարիները վատ դիմահարդարի ձեռքերով իրենց գործն արել էին նրա դեմքին:

* * *
Տարիները:
…Չեմ հասցնում պատասխանել նամակներին:
Միաժամանակ <խոսում > եմ երկու աղջկա հետ:
Մի կողմից հեշտ է, քանի որ բոլորին նույն բանն եմ գրում,  մյուս կողմից էլ`  դժվար, քանի որ կարող է երկուսն էլ համաձայնեն հանդիպման:
Մեկին ես կմոտենամ, երկրորդի մոտ Թորոսյան Արմենին կուղարկեմ, պարզ թվաբանություն է:
Կարևորը ճիշտ ընտրեմ, որ լինի ամենագեղեցիկը ու չափերը` պաշտպանված` 24-60-165:
Իմ ու Արմենի հնարած չափերն են`տարիք, քաշ, հասակ`90-60-90-ի փոխարեն:
 Ծալված կայքը թրթռաց:
<Բարև, ես էլ Հասմիկն եմ>
Սա արդեն երրորդն է, բարդացավ գործս…
Անցավ մեկ շաբաթ:
…<Դու էլ ինձ ես դուր գալիս, ժամանակակից մտքերով, Պոլիտեխնիկի՞ց ես, չէ՞, ես էլ` Համալսարանից>…
…<Կարելի՞ է քեզ Հաս ջան ասել:  Հանդիպե՞նք, Հա´ս ջան >:
<Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ,լա՞վ >:
<Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է , սպասելու եմ>:
<Դե, հաստատ չեմ կարող ասել>:
<Գրիր համարս` 091329198>…

* * *
Տարիները:
… - Հա´ս ջան, ինձ ճիշտ հասկացիր, դու` ուսանող,  ես` ուսանող, մեր ինչի՞ն է պետք երեխան, ազատվի´ր նրանից:
- Դու  ինչ ստոր մարդ ես, թե՞ կատակում ես:
- Ի՞նչ կատակ, ուզո՞ւմ ես խայտառակվել, համ էլ ինձ մի´ մեղադրիր, մեղավորը դու ես…ես հարբած էի ու ոչինչ չեմ հիշում:
- Քեզ սիրում էի ու տրվեցի, ես չեմ ափսոսում իմ…
- Չգիտեմ, մոռացի´ր ինձ ,եթե այդպես ես մտածում, ինձնից ի՞նչ հայր, ես շարունակելու եմ ուսումս ինստիտուտից հետո:
- Դա քո վերջի՞ն խոսքն է:
- Հա´ս ջան,  ազատվի´ր երեխայից , ու մնա´նք առաջվա պես, էլ ի՞նչ է քեզ պետք: Մենք սիրում ենք իրար,  չէ՞: Հակառակ դեպքում…
- Քեզ տեսնել չե´մ ուզում, զզվա´նք:

* * *
Հասմիկն ու աղջիկը կարծես վիճում են, ես չեմ լսում:
Աղջիկն ինչ-որ բան է համոզում, մայրն էլ կարծես չի համաձայնում:
Միգուցե կոտրե՞մ պատուհանի ապակին, կոտրե՞մ համակարգիչն ու թույլ չտամ աղջկաս գնալու այդ հանդիպմանը: Ինչպե՞ս թույլ չտամ:
Ես լավ եմ ճանաչում Հասմիկին,նա թույլ չի տա ,մի բան կմտածի հաստատ, բայց չեմ ճանաչում աղջկաս, եթե իմ աղջիկն է, ուրեմն …
Մյուս պատուհանում լույս վառվեց:
Երևի ննջարանն է:
Աղջիկը, Ի´մ աղջիկը սկսեց փոխել շորերը:
Դեմքս շրջեցի: Մյուս սենյակում  Հասմիկը դեմքով դեպի պատուհանը լալիս էր:
Ուրեմն չստացվեց:
Դեմքս մոտեցրի  պատուհանին ու նայում եմ նրա ձեռքի ժամացույցին:
18.30 րոպե:
Դեռ ունեմ 30 րոպե ժամանակ: Ես միշտ ժամադրվում էի 19.00-ին:
Վստահ գիտեմ, որ տղան , ում հետ աղջիկս պետք է հանդիպի, երկու հոգու է ժամադրելու, կսպասի մինչև առաջին եկողն ու կհեռանա նրա հետ:
Վերադարձա, տեղավորվեցի  գմբեթին:
Սկսեց ձյուն գալ:

Եթե որևէ մեկը գմբեթի բարձրությունից չի տեսել, թե ինչպես է հարսնաքողի նման ձյունն իջնում քաղաքի վրա, ապա ասեմ, որ բոլոր հրաշալիքները անգույն նկարներ են այս տեսարանի համեմատությամբ:
Երևանն է, ու փաթիլ-փաթիլ իջնող սպիտակ գեղեցկությունը:

Զգույշ սողոսկեցի շենքի մուտք ու բարձրացա Հասմիկենց հարկն այն ժամանակ, երբ դուռը բացվեց ու Նա դուրս եկավ բնակարանից:
Ու՞մ հայրական աչքերը չեն փայլել հպարտությունից իր գեղեցկուհուն տեսնելիս:
Հայրական ո՞ր սիրտը չի բաբախել րոպեում 150 անգամից ավել, երբ տեսել է իր աղջկան տղայի հետ թևանցուկ:
Հայրական ո՞ր սիրտը չի կծկվել խանդից դեպի հարազատ աղջիկը:
Ես ինձ երբեք նրա հայրը չեմ համարել, չեմ իմացել նրա գոյության մասին, քանի որ իմ ու Հասմիկի վերջին խոսակցությունից հետո նրանք ընտանիքով հեռացել էին քաղաքից:
Իսկ հիմա~:
Ես զգում եմ, որ իմ աղջիկն է: Գիտեմ, որ ի´մն է, ի~մը:
Ես չունեմ մարմին, բայց սիրտս բաբախում է րոպեում 1500 անգամից ավել:
Ես զգում եմ, որ աչքերս փայլում են հպարտությունից:
Ես զգում եմ, որ աղջիկս կրկնում է իր մոր տարիներ առաջ թույլ տված սխալը ու չգիտեմ ինչպես օգնել:
Ես զգում եմ, թե Հասմիկի սիրտն իմ սրտին ինչքան համաչափ է զարկվում :
Ես եկա ուշացումով, բայց եկա : Այստեղ եմ, և այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել:

Աղջիկը նստեց երթուղային տաքսի ու անհետացավ:
Բարձրացա նորից պատուհանի մոտ , որտեղ դեռ լալիս էր Հասմիկը:
Ես այստեղ եմ, ինչու՞ ես լալիս:
Հետո՞ ինչ, որ այստեղ եմ:
Ափոս չեմ կարող ծնկել քո առաջ ու ոչ մեկին պետք չեկող ներողությամբ գրկել քեզ, համբուրել այն շրթունքները, որոնք տարիներ առաջ արտաբերեցին. <Քեզ տեսնել չե´մ ուզում, զզվա´նք>:
Կներե՞ս արդյոք իմ` քեզ  այսքան ժամանակ տանջելը,  ես չգիտեմ, բայց թույլ չեմ տա, որ դու լաց լինես, ինչպես ժամանակին քո մայրն է թաքուն լաց եղել:
Քեզ հաջողություն, սիրելի~ս,  մնաս բարո~վ, աղջկաս լավ կնայե~ս:

Սլացա Թումանյան-Խանջյան խաչմերուկ:
Անկյունի շենքի մոտ հիմա մի ապակեպատ խանութ է:
Ներսում մի մանեկեն է կանգնած: Կնոջ մանեկեն:
Նայում է ինձ, ժպտում:
Դեռ ոչ ոք չկա:
Ես կտարբերեմ հազարավորների մեջ ինձ նմանին:
18.45 րոպե:
Իմ աղջիկը չի ուշանա, նա Ի´մ աղջիկն է, ճշտապա´հ, վստահ եմ:
Իսկ ի՞նչ եմ անելու ես:
Պտտվում եմ խանութի շուրջբոլորն ու հետազոտում, ոչ մի բան մտքովս չի անցնում:
18.50 րոպե:
Երևաց տղան :Ծաղիկները` գլուխները ներքև պահած մոտենում է:
Ես միանգամից ճանաչեցի տղային` ինձ երիտասարդ ժամանակ:
Նրան երկու տարբեր կողմերից մոտենում էին եկու աղջիկ:
18.57 րոպե:
Ժամանակ չկա, ո՞ր մեկը առաջինը կմոտենա:
Մոտեցա խանութի ապակուն ու ձեռքով հարվածեցի:
Ապակին հաստ էր ու տեղի չտվեց:
18.58 րոպե:
Հավասարաչափ  հեռավորությամբ` տարբեր կողմերից տղային մոտենում էին երկու աղջիկ` հետագայում դժբախտանալու համար:
Մեկն իմ աղջիկն էր,մյուսն իմ կինը` երիտասարդ ժամանակ:
Երկուսից ո՞ր աղջկան փրկել ինձանից, քանի որ տղային չկարողացա մեկուսացնել:
Մնում էր մոտ 20 մետր` տղային հասնելու:
Որոշումը կայացված էր:
Խանութի օդանցքից սահեցի ներս, անցա ամբողջ սրահով,  թափով ետ եկա ու հարվածեցի մանեկենի մեջքին, որը, ընկնելով ապակուն, փշրեց:
18.59 րոպե:
Փշրված ապակիները թափվեցին աղջկաս ոտքերի մոտ:
Ետ քաշվեց վախեցած:
Սկսեցին հավաքվել հետաքրքրասերները` փակելով աղջկաս ճանապարհը:
19.00
Կինս մոտեցավ տղային:
Մի քանի բառ փոխանակելուց հետո միասին հեռացան:

* * *
Նայում էի հեռվում կանգնած միայնակ աղջկաս:
Հանգիստ էի:
Լսվեց Երևույթի բամբ ձայնը.
<Ես քեզ զգուշացրել էի` ոչ մի առարկայական շփում:
Դու այլևս մարմին չես վերադառնա:
Դու հիմա  մի անզոր թափառական հոգի ես ու դեռ երկար կթափառես, այդպես էլ հանգրվանդ չգտնելու պայմանով: Գնացի~նք>:
Արդեն ծանոթ Երևույթը փաթաթվեց ինձ ու տարավ:








Աչքերս կարոտ (Բանաստեղծություն)

* * * 
Հիմա ես չկամ,որ քեզ գուրգուրեմ,
Աչքերս չկա՜ն` աչքերիդ կարոտ,
Հիմա մազերդ անփույթ կխառնեն,
Քամու ձեռքերը ամեն առավոտ:

Տխուր նստած ես շուրթերդ սեղմած,
Կարծես թե սի՛րտգ էլ չի աշխատում
Կարծես ի՛մ սիրտն է տեսքիցդ նեղված
Որ թափառում է քո սրտի ներսում: 

Խնդրո՜ւմ եմ, միայն դու ինձ մի մերժիր,
Ամեն նոր տարվա գիշերամուտին,
Նկարիս առջև սպիտակով կանգնիր,
Ու մի մոմ վառիր իմ հիշատակին:

Քո վառած մոմի կրակի լույսից,
Ես կգա՛մ քեզ մոտ,ես քեզ կգտնե՛մ,
Թիթեռնիկի պես մի օրվա կյանքից,
Ես իմ կարոտը քեզանից կառնեմ:

Ս.Ումառ


среда, 2 апреля 2014 г.

Երեք Լուսանկար - Լուսանկար երրորդ


Սպիտակ աղավնիներ

Պատուհանի գոգին նստած է մի աղավնի:
Աղավնին մոխրագույն է:
Շատ կցանկանայի, որ սպիտակ լիներ, բայց…
Աղավնու կտուց
ին ոչինչ չկա, ոտքին էլ` ո´չ նամակ կա, ո´չ երկտող:
Կցանկանայի, որ լիներ, բայց…
Գո
՞ւցե սոված է, թռել,եկել է հացի փշուրնե՞ր կտցահարելու: Հակառակ դեպքում հեքիաթի նման կլիներ: Բայց հեքիաթ չէ, ու ես էլ չեմ կարող հացի փշուրներ հյուրասիրել:
Երեկ գիշեր վերջին կտոր հաց
ն ուտելիս փշուրները ջանասիրաբար հավաքեցի ու լցրեցի բերանս:
Ավելի կշտացա, քան հացի մի ամբողջ կտորից:

Հեքիաթ չէ: Հակառակ դեպքում կլիներ այսպես:

Իմ պատշգամբից դեպի հակառակ շենքի համապատասխան պատշգամբ ձգվում է լվացքի մետաղալարը: Այդ պատշգամբից երկար մազերի միջ
ից ինձ են նայում զույգ աչքեր, հավանաբար` գեղեցիկ, ես չեմ տեսնում, չեն երևում:
Թղթե սպիտակ աղավնին, որի թևի վրա գրված է` <Բարև´, ես եմ>, ամրացնում եմ մետաղալարին ու հրում այնքան, որ հասնում է դիմացի պատշգամբ:
Աղջիկը ժպտում է, վերցնում աղավնին ու հեքիաթի արագությամբ անհետանում:
Վերադառնում է, ամրացնում աղավնին ու հրում դեպի ինձ:
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ է գրված նամակում`սիրո խոստովանություն, քանի որ արդեն մեկ ամիս է,
ինչ ամեն առավոտ անխոս իրար ենք նայում:
Աղավնին տեղ հասավ:
Վերցնում եմ: Աղավնու մյուս թևին գրված է` <Բարև´, գիտեմ>, և վերջ:
Հեքիաթն ավարտվե
՞ց, թե՞..
Ավարտվեց իհարկե, քանի որ ես էլ եմ ժպտում:
Բայց հեքիթներն այդպես չեն ավարտվում, այլ` ա´յ այսպես:
Երկնքից ընկան երեք խնձոր…
Մեկը ինձ :
Ես իմ խնձորը սուրճի հետ կուտեմ, թե չէ արդեն երկար ժամանակ է, տանը շաքարավազ չկա, ու ես սուրճը դառն եմ խմում, տհաճ` ինչպես դեղը:
Աղավնու թևի իմ մասում գրում եմ` <Դու քո խնձորը ինձ կտա
՞ս> և ուղարկում եմ`համաչափորեն հրելով մետաղալարը:
Պատասխանը չի ուշանում`<Մեր տանն այսօր խնձոր չկա, թուզ կա`առանց տերևների:
Թե չէ կուղարկեի, որ ծածկվեիր>:
Նայում եմ ինձ`լողազգեստով եմ:
Չէ, չհասկացավ:
Թե չէ կկանչեր թզով սուրճ խմելու: Բայց ինչո՞ւ պետք է կանչեր որ..
<Հայրս երկրաբան է,այստեղ չէ:
Ես ժամանակավորապես բնակվում եմ իր տանը` մինչև վերադառնա>:
Թղթե աղավնին բումերանգի նման վերադարձավ`<Մայրս ակնաբու
յժ է, հիմա տանը չէ`աշխատանքի է: Ուրի՞շ”:
<Ավելի լավ կլիներ, որ մայրդ օրթոպեդ լիներ, քանի որ հիմա աղավնու փոխարեն ես եմ մետաղալարով գալու դեպի քեզ: Եթե ընկնեմ ու ջարդուփշուր լինեմ, ավելի լավ կլինի մայրդ ինձ <հավաքի>>:
Ուղարկում եմ թղթե թռչնակին ու տխրում…
Աղավնին տեղ չհասավ:
Հեքիաթի չար, աշխույժ քամին քշեց, տարավ:
Թե ուր, միայն քամին կիմանա:
Ես խոսք տվածիս համաձայն` կանգնում եմ մետաղալարին ու կամաց շարժվում առաջ:

Սա հեքիաթում է լինում, իսկ իրականում…

Երբ նրա նուրբ ձեռքերրը վախից փակեցին գեղեցիկ բերանը, մետաղալարը կտրվեց:
Կես ժամ հետո շտապօգնության մեքենան ինձ կտանի դիահերձարան, իսկ վաղը դիակիս կողքը կհավաքվեն գլ
ուխներին սպիտակ աղավնիներ թառած ապագա բժիշկ-բժշկուհիներն իրենց պրոֆեսորի հետ:
Իմ դին նրանց համար գյուտ կլինի, քանի որ իմ բոլոր օրգանները նորմալ վիճակ
ում չեն:
Պրոֆեսորը կսկսի.
-Սա սիրտն է` պայթած, քանի որ նրա ցանկություններն ու երազանքների չափը գերազանցել են սիրտ մտնող արյան հոսքին…
-Սա լյարդն է`մեծացած, քանի որ նա իր դառն ապրած տարիները փորձել է քաղցրացնել գինով, օղիով, կոնյակով, գարեջրով…
-Սրանք թոքերն են`սև ագռավի գույնի, քանի որ նա իր կյանքի սև գույները փորձել է քողարկել ծխախոտի ծխով..
-Սա..
-Սա..
-Իսկ այ այս օրգանը` թզի տերևով ծածկված, թո´ղ մնա վաղը:
Գուցե պրոֆեսորը տեղի կտա անհամբեր ուսանողուհիների բողոքին`ցույց տալու թզի տերևի տակ թաքնված կարողությունները գերազանցած օրգանը:

Սա ցերեկվա հեքիաթ է... Իսկ գիշերը…

Կգան աղավնու սպիտակ թևիկներով գեղեցիկ տղաներ ու
աղջիկներ, իրենց հրեշտակապետի հետ և նա կսկսի.
-Սա սիրտն է`բացված ծաղիկի նման, քանի որ նրա ցանկություններն ու երազանքները եղել են ծաղիկների նման գեղեցիկ:
-Սա լյարդն է`մեծացած, քանի որ մեծ հոգին պետք է մեծ մաքրության աղբյուր ունենա:
-Սրանք թոքերն են`թթվածնի կարոտ ,քանի որ նա չի հասցրել շնչել իրեն հասանելիք կյանքի բույրը:
-Սա..
-Սա..
-Իսկ թզենու տերևի տակ թաքնված տղամարդու վարդագույն հոգին մենք կտանենք:
Ի նշան համաձայնության` հրեշտակները կթափահարեն թևիկներով:

Աղավնին, որը սպիտակ չէր, թափահարեց թևերը ու թռավ առանց հացի փշուր ստանալու:
Մոտեցա լվացքի պարանին:
Մետաղալարի վրա նստած էին բազմաթիվ սպիտակ աղավնիներ`գուցև սոված, գուցե..
Ինձ տեսնելով`բոլորն էլ թռան, գնացին:
Երև
ի զգացին, որ չեմ կարող կերակրել իրենց:
Դիմացի պատշգամբն էլ դատարկ էր, բայց փոքրիկ սեղանիկի վրա պարզ երևում էր սպիտակ ափսեի մեջ հյութալի թզերի եռանկյուն բուրգը: